Շնորհավոր Բաբերդցի նահատակ՝ մահապարտ, բայց ոչ ուրացող

Շնորհավոր Բաբերդցի նահատակ՝ մահապարտ, բայց ոչ ուրացող 21.10.2026

Հայ սրբախոսական գրականությունը հարուստ է այնպիսի անուններով, որոնք, հանուն Քրիստոսի և Նրա նկատմամբ ունեցած հավատի, իրենց կյանքը զոհել են՝ ենթարկվելով ամենադաժան տանջանքների: Այդպիսիներին ընդունված է անվանել վկա, նահատակ, մարտիրոս: Նրանք նահատակության պսակն ընդունել են՝ անկախ տարիքից, սոցիալական դիրքից, սեռից և այլն: Նահատակների սրբագործված աստղաբույլի մեջ զգալի թիվ են կազմում նաև կանայք, որոնք ոչ միայն հավատի անձնազոհ պաշտպաններ էին, այլև բարոյականության անխախտ օրինակներ՝ Ս. Աստվածածնի կերպարին և ավանդներին հավատարիմ: Ահա այդպիսի մի կնոջ կյանքի պատմության, սոցիալական խնդիրների, գոյության պայքարի, բարեհամբավ կին լինելու կամ այդպիսին մնալու մաքառումների, այլակրոն տղամարդկանց վավաշոտ ոտնձգություններից ազատվելու համառության և, վերջապես, Քրիստոսի նկատմամբ անսասան հավատարմության մասին է Շնորհավոր Բաբերդցու վկայաբանությունը:

Շնորհավորի նահատակության պատմությունը, որի բարոյախրատական օրինակն արդիական է մինչ օրս, շարադրված է «Յայսմաւուրք» կոչվող սրբախոսական, ինչպես նաև «Հայոց նոր վկաներ» ժողովածուների էջերում: Այս կին նահատակի վկայաբանությունն ունի երկու տարբերակ, որոնք միմյանցից չնչին տարբերություններ ունեն, այն էլ՝ անկարևոր տեղեկություններում:

Առաջին տարբերակում վկայուհին Խաղտյաց կամ Խաղտիք գավառից էր, որն ավելի ուշ Բաբերդ է կոչվել, Վերին Խայիք գյուղից: Ամուսնացած էր քրիստոնյայի հետ, ուներ երկու զավակ՝ որդի ու դուստր: Չարի ազդեցությամբ՝ մի պիղծ, վավաշոտ տաճիկ (թուրք կամ մահմեդական) ուզում է նրան տիրանալ, սակայն կինն ամեն կերպ ընդդիմանում է և մերժում նրան: Այդ հետապնդումներից ազատվելու համար՝ նա եղածը հայտնում է իր եղբորը, և վերջինս թաքնվում է նրանց տանը, որ հարկ եղած դեպքում պաշտպանի քրոջը: Երբ մի գիշեր թուրքը գալիս է նրանց տուն՝ բռնությամբ իր ուզածին հասնելու, Շնորհավորի եղբայրը թաքստոցից դուրս է թռչում և սպանում նրան: Սպանված թուրքի ազգականները բռնում են կնոջը, սակայն Շնորհավորը չի մատնում իր եղբորը և մեղքն իր վրա է վերցնում, ինչի պատճառով նրան տանում են ամիրայի մոտ: Ամիրան հրամայում է տանել ղատիի (դատավոր) մոտ, որն էլ կնոջը մեղավոր է ճանաչում մարդասպանության համար: Ինչպես սովորաբար նման դեպքերում է պատահում, այս անգամ ևս մահմեդականություն ընդունելու և թրքանալու դիմաց առաջարկում են ոչ միայն ներում, այլև ոսկի, արծաթ և շատ այլ օգուտներ՝ տանջանքներով մեռնելու փոխարեն: Բարոյական բարձր արժանիքներով օժտված Շնորհավոր Բաբերդցին պատասխանում է, որ իր Աստծուն՝ Քրիստոսին, չի ուրանա և պատրաստ է Քրիստոսի համար մեռնելու: Այդ խոսքերից հետո գազազած ամբոխը հարձակվում է կնոջ վրա և դաժանորեն սպանում՝ մաս-մաս կտրատելով մարմինը: Այսպիսի սարսափելի եղանակով հաշվեհարդարի զոհ է դառնում բարեպաշտ կինը՝ կամովին հանձն առնելով նահատակության պսակը և դառնալով պսակակից Քրիստոսի անվան համար իրենց կյանքը զոհած մյուս նահատակների:

Շնորհավոր Բաբերդցու նահատակության պատմության երկրորդ տարբերակի համաձայն՝ նա մարերի երկրից էր, հայազգի, քրիստոնյա այրի, անզավակ և իր եղբոր հետ ապրում էր նույն տանը՝ ձեռագործությամբ հոգալով օրվա ապրուստը: Այս տարբերակում կնոջ հետ կենակցելու նպատակով նրան հետապնդող տղամարդը ոչ թե թուրք էր, այլ ազգությամբ քուրդ: Վերջինս կավատ կանանց ուղարկում է, որ համոզեն Շնորհավորին, սակայն նա վռնդում է այդ կանանց: Ապա քուրդն անձամբ է գալիս՝ նրան համոզելու, բայց կինը զգուշացնում է, որ հեռանա, քանի դեռ եղբայրը չի տեսել այդ ամենը: Օրերից մի օր քուրդը դարձյալ փորձում է տիրանալ կնոջը, բռնությամբ համբուրել նրան, վերջինս ջանում է ճանկռելով ազատվել նրա ձեռքից: Այս ամենը հեռվից տեսնում է եղբայրը և վրա հասնելով՝ դանակահարում ու սպանում քրդին, հետո փախուստի դիմում: Ականատես քուրդ վկաները պատմում են իրենց տիրոջը՝ քուրդ պարոնին, և նա իր մոտ է բերել տալիս Շնորհավորին, պահանջում հայտնել մարդասպան եղբոր տեղը: Կինը պնդում է, որ ոչ թե եղբայրը, այլ ինքն է սպանել: Նրան առաջարկում են կրոնափոխություն և մեղքի հատուցում՝ Քրիստոսին ուրանալով: Շատ ուշագրավ են Շնորհավորի խոսքերը, որոնք այս ողջ պատմության մեջ առանցքային դեր ունեն:

Հավատուրացության պնդումներին ի պատասխան՝ Շնորհավորն ասում է. «Աստված չանի, քանի որ սպանել եմ, մահապարտ եմ, իսկ եթե ուրանամ Քրիստոսին, կլինեմ աստվածուրաց և ատելի Քրիստոսին»: Այսինքն՝ մեռնելն ավելի գերադասելի է հավատացյալ կնոջ համար, քան աստվածուրացությունը: Այս ամենը տեսնելով՝ զայրացած քուրդ պարոնը մտածում է, որ եթե կինը ողջ մնա, իրենք բոլորը ծաղրի առարկա կդառնան, և հրամայում է մյուս քրդերին՝ ծեծելով սպանել Շնորհավորին: Քրդերը փայտերով և խանչալներով հարձակվում են կնոջ վրա և գազանաբար սպանում նրան (1494 թ.): Նահատակությունից հետո բարեպաշտ այլ քրիստոնյաներ պատվով թաղում են կնոջ մարմինը, որ նահատակվեց հանուն Քրիստոսի և Նրա նկատմամբ ունեցած անսահման սիրո ու հավատի:

Շնորհավոր Բաբերդցի կին նահատակը պատմության մեջ մնաց որպես սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող խիզախ օրինակ, առ Աստված անսասան հավատի, վստահության ու մաքրամաքուր սիրո ուսուցանող վկա, ինքնապաշտպանության համար մարդասպանության մեղքի տակ ընկած մահապարտ, բայց ոչ ուրացող կամ դավաճան։ Ահեղ դատաստանի ժամանակ Քրիստոսի առաջ լավ է կանգնել որպես հանցագործ-մեղապարտ, քան ուխտադրուժ…

(Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած ֆինանսավորմամբ՝ 25RG-6D196 ծածկագրով գիտական թեմայի շրջանակում)։

Նոննա ՍԱՐԳՍՅԱՆ