Լինում է, չի լինում

Կար-չկար մի հին-հինավուրց քաղաք: Քաղաքը երկհարկանի էր, ներքին ջրերը հոսում էին տուֆաշեն, կամարակապ ջրուղիներով, իսկ ստորգետնյա անցուղիներով քաղաքի յուրաքանչյուր բնիկ իր տան գաղտնի դռնով կարող էր տեղաշարժվել, հասնել Արփաչայ, Սև բերդ, Ղարս, Սարիղամիշ... Քաղաքի վերին հարթակում եկեղեցիներ ու իրար երբեք չնմանվող, հավիտենական քուն մտած սրբատաշ տներ էին՝ իրենց վաղեմի փառքով, առատությամբ ու շքեղությամբ: Քաղաքի կենտրոնում կար մի ամրոց՝ նման նավի։ Ամրոցն ուներ ոլորուն աստիճաններ ու կամարաձև սենյակներ: Այնտեղ փակված ապրում էր առաջնորդը: Այնտեղ՝ այդ ամրոցի գոց ու խուփ վերնահարկում, հորդում էր ազատ միտքը, որը սառնաշունչ գիշերով, երբ չարը խրախճանքի մեջ էր, դուրս էր հորդում երկփեղկ փակ պատուհաններից ու տարածվում ամբողջ քաղաքով:

***

Հայոց աշխարհի հինավուրց քաղաքները միստիկ են, որ պետք է զգալ հոգու աչքով. անզեն, կենցաղային աչքով տեսանելի չէ: Տեսանելի չէ նաև այդ ուժի՝ միստիկայի ներգործությունը անհոգի, հարթաուղեղ արարածների համար: Տիեզերական այս շնորհը Վանից, Էրզրումից, Ակոռիից, Խծկոնքից՝ Մեծ Հայքից քշված հոգևոր էներգիան է, և այն բնականաբար չի ենթարկվում բռի, տգետ ուժի ճնշմանը: Այն երբեմն-երբեմն առկայծում է, հետո դառնում անտեսանելի...

Երբ հոգևորականներին արգելվեց ֆիզիկապես լինել իրենց առաջնորդարաններում, այդ շենքերը մեզ երևացին անբնակ և դատարկ: Այսօր այդ առաջնորդարանների կողքով բազմամարդ հոսքը, թող որ ենթագիտակցորեն, հաղորդակցվում է ներսում փակված հզոր հոգևոր շնչի հետ: Եկեղեցիների բակում նրանց ներկայությամբ այնքան խորհրդավոր, հզոր, ներգործուն չէր լինի այդ ոգին, ինչքան այս պահին:

Սկսած Մհերի դռնից մինչև քարանձավում շղթայված Արևամանուկի պատումը՝ ազատությունը միշտ բանտարկված է եղել: Այդ հրաշալի կառույցները դարձել են խորհրդավոր կղզիներ, որտեղ փակված են ոչ թե մեր առաջնորդները, այլ մեր ՍՐԲԱԶԱՆ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ, մեր ԿԵՆՍԱԿԱՆ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ...

Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ