Դժվարությունների հաղթահարումը՝ հոգևոր աճի ճանապարհ
21.10.2026
Մարդկային կյանքը պատմություն է վերելքների ու անկումների, տկարանալու և առողջանալու, վերջապես՝ մահանալու և հարություն առնելու մասին։ Արարչագործության ժամանակներից մինչև այսօր մարդու կյանքը լի է եղել դժվարություններով, հոգսերով և հիվանդություններով։ Այն երբեք չի եղել դյուրին, հարթ կամ անխոչընդոտ։ Փորձությունները մշտապես ուղեկցել են մարդուն և աստվածային անճառելի օրինաչափությամբ բացառություններ չեն դրել շարքային հողագործի կամ ազնվականի, մեծահարուստի կամ մուրացկանի միջև։
Համաձայն Սուրբ Գրքի՝ առաջին մարդկանց մեղանչումն էր պատճառը, որ Աստծու պատկերն ունեցող մարդը դարձավ մահկանացու՝ ենթակա ամեն տեսակի հոգնության ու տկարության։ Եդեմի պարտեզում, լսելով Ադամի և կնոջ խոստովանությունը, Աստված Եվային ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա» (Ծննդ. 3։16)։ Այնուհետև Տերն Իր խոսքն ուղղեց Ադամին՝ ասելով. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը, փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս» (Ծննդ. 3։17—19):
Տիրոջ այս վճիռը, իսկապես, շրջադարձային կետ դարձավ մարդկային բովանդակ պատմության մեջ։ Նախքան մեղանչումը մարդն անմահ էր և անխոցելի։ Նրա կյանքն առլեցուն էր Աստծու ներկայությունից ճառագող սիրով ու ջերմությամբ, սակայն պատվիրանազանցությունը թագազրկեց մարդուն՝ վերածելով Արարչի ներկայությունից հեռացած մի թշվառականի։ Ճիշտ այդ պահից սկսյալ՝ ադամորդու կյանքը դարձավ գոյության մրցավազք, ամենօրյա ջանք, հզորի ու թույլի պայքար։ Հանուն բարվոք կյանքի մղվող պատերազմներն ու դրանց ծնած արհավիրքներն օրինաչափության կշիռ ստացան, արդարադատությունն ու ճշմարտությունը բազմիցս ոտնահարվեցին, և մարդն առավել, քան երբևէ, զգաց արդարության և օրինականության քաղցն ու ծարավը։
Կյանքի մատուցած փորձությունները մարդկությանը մեկ անգամ չէ, որ դրեցին ողբերգական կացության մեջ։ Սովը, համաճարակները, թշնամիների ասպատակությունները, անհատական և հավաքական բոլոր դժբախտ պատահարները սովորեցրին մարդուն՝ վախով ապրել կյանքի ու մահվան ամենօրյա եզրագծին։ Եվ ուշագրավ է, որ Սուրբ Գրքում մենք շատ անգամ Եղիա, Երեմիա մարգարեների կամ, օրինակ, Հոբ Արդարի օրինակով տեսնում ենք, որ մարդ արարածը, վշտի ու փորձությունների ծանրության տակ կքած, ասես անհուսության է մատնվում, ընկրկում է, բայց մի վերջին ու միակ օգնության հույսով վերստին իր ձեռքը երկարում է առ Աստված։ Դավիթ մարգարեի 120-րդ սաղմոսը, որ վերնագրված է «Ո՞վ կարող է օգնության հասնել ինձ», վկայում է. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա։ Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սաղմ. 120.1—2)։
Իսկապես, դրախտային իրականությունից ընկած մարդն անդունդն ի վեր է բարձրացնում իր աչքերը՝ վստահությամբ, որ միայն ու միայն երկնքի ու երկրի արարիչ Տիրոջից կարող է փրկությունը գալ։ Սաղմոսի փառահեղ այս տողերը ցավի ու տանջանքների մեջ ծնված մարդկային բարձր հոգևոր գիտակցության ու ապրումի պտուղներ են, որովհետև դրանցում ընդգծվում են Աստծու ներկայությունից զրկված մարդու զղջման դառը ցավը, դեպի Արարիչ ընդմիջարկումն ու մարդու փափագը՝ կրկին միավորվելու իր Ծնողի հետ։
Դժվարությունները, իհարկե, նաև դարմանող հատկություն ունեն։ Քրիստոնեական մտածողության մեջ փորձությունը մարդուն ուղղված նոր հնարավորություն է՝ ներքին աճ գրանցելու և հոգևոր կյանքը զորացնելու համար։ Աստվածաշունչը չի խոստանում կյանք՝ առանց ցավի, բայց խոստանում է Աստծու անվերապահ զորակցությունը բոլոր տեսակի դժվարությունների մեջ։ Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մխիթարում է. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33)։ Այս խոսքը հատկապես զորավոր է նրանով, որ ցույց է տալիս հաղթահարման նախընթաց օրինակ, փառահեղ մի օրինակ, ինչպիսին Քրիստոսի Հարությունն է։ Մարդն իր դժվարությունների մեջ միայնակ չէ, և հենց այդ գիտակցությունն է, որ դառնում է առաջին քայլը դեպի փորձության հաղթահարում։
Հաճախ փորձությունների բովում է, որ բացահայտվում է մարդու իրական ներուժը։ Կենցաղային հարմարավետության, քաջառողջության և խաղաղության մեջ հազվադեպ է պատահում, երբ մարդը քննում է, թե ո՛րն է իր գոյության իմաստը, մինչդեռ ցավի մեջ մարդը խորհում է կյանքի իմաստի և իր մասնավոր առաքելության շուրջ։ Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքներում դժվարությունն ընկալում է որպես հայելի, որի մեջ մարդը տեսնում է իր ճշմարիտ դեմքը։ Այս միտքը ցույց է տալիս, որ դժվարությունը կարող է առաջնորդել ոչ թե կործանման, այլ բժշկության։
Հաճախ մարդիկ փորձում են խուսափել դժվարություններից՝ համարելով դրանք անարդար կամ անիմաստ։ Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է. «Ինչպես կրակը մաքրում է ոսկին, այնպես էլ փորձությունը մաքրում է հոգին»։ Այս համեմատությունը բացահայտում է դժվարության խորքային գործառույթը։ Առանց փորձության՝ մարդը մնում է, ինչպես կա, իսկ ցավի միջով անցնելիս նա ձեռք է բերում համբերություն, իմաստություն ու տոկունություն։
Դժվարությունների հաղթահարումն առաջին հերթին ներքին պայքար է։ Շատ անգամ մարդը պարտվում է ոչ թե փորձությանը, այլ իր վախին։ Աստվածաշունչը բազմիցս կրկնում է. «Մի՛ վախեցիր»։ Սա ոչ թե զգացմունքների արգելք է, այլ հավատքի կոչ։ Վախը նեղացնում է մարդու տեսադաշտը, կոտրում պայքարի ոգին ու հաղթանակի հույսը, մինչդեռ հավատն արթնացնում է դրանք։ Երբ մարդը հավատում է, որ իր դժվարությունը վերջնական դատավճիռ չէ, նա արդեն սկսում է հաղթահարել այն։
Այս ճանապարհին մարդու մեծագույն աջակիցը պետք է լինի համբերատարությունը։ Սուրբ Իսահակ Ասորին գրում է. «Ով համբերությամբ կրեց փորձությունը, նա ձեռք բերեց մեծ պարգև»։ Համբերությունը քրիստոնեական կյանքի մեծագույն առաքինություններից է։ Այն պարզ համակերպում չէ, այլ կուռ վստահություն, որ Աստված գործում է նույնիսկ այնտեղ, որտեղ մարդը դեռ չի տեսնում ելքը։ Համբերությունը թույլ է տալիս դժվարությանը՝ չվերածվել հուսահատության։
Դժվարությունները հաճախ կոտրում են նաև մարդու ինքնավստահությունը, բայց դա ևս ինքնին կարող է վերաճել աստվածային օրհնության։ Սուրբ Բարսեղ Մեծը նշում է, որ մարդու իրական ուժը բացահայտվում է այն ժամանակ, երբ նա ճանաչում է իր սահմանափակությունը։ Երբ մարդը դադարում է ապավինել միայն իր ուժերին և սկսում է ապավինել Աստծուն, նա մտնում է հաղթահարման նոր փուլ. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթ. 12:9)։
Դժվարությունների հաղթահարումը երբեք չի նշանակում, որ մարդը դուրս է գալիս փորձությունից այն կարգավիճակով, որն ուներ նախքան այդ։ Մարդու հոգում փոփոխություն միշտ լինում է։ Նա կա՛մ դառնանում է, կա՛մ՝ իմաստնանում։ Քրիստոնեական ճանապարհը կոչ է անում՝ ընթանալու երկրորդ ճանապարհով։ Սուրբ Գրիգոր Տաթևացին գրում է, որ փորձությունը «մարդուն դարձնում է կա՛մ քար, կա՛մ սուրբ»։ Այստեղ ընտրությունը դրվում է հենց մարդու առաջ։
Ժամանակակից աշխարհում դժվարությունները հաճախ հոգեբանական բնույթ ունեն՝ լարվածություն, միայնություն, ինքնության կորուստ։ Այս խնդիրները նույնպես հաղթահարման կարիք ունեն, և դրանց լուծումը չի կարող լինել միայն արտաքին։ Քրիստոնեական ավանդությունը հիշեցնում է, որ մարդու սիրտն ստեղծված է Աստծու համար, և առանց այդ կապի՝ դժվարությունները դառնում են անտանելի. «Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և Ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11:28)։
Դժվարությունների հաղթահարումը նաև սիրո դպրոց է։ Երբ մարդը ցավ է ապրում, նա սկսում է ավելի լավ հասկանալ ուրիշների ցավը։ Այսպես դժվարությունը կարող է մարդուն դարձնել ավելի կարեկից, ավելի նմանեցնել Աստծուն։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ դժվարության մեջ փորձված մարդն ավելի մոտ է ողորմությանը, քան երբևէ։ Ցավը, երբ ճիշտ է ընդունվում, բացում է սիրտը։
Այսպիսով՝ կարելի է ասել, որ դժվարությունները կյանքի խոչընդոտներ չեն, այլ կենաց ճանապարհի մի մաս։ Դրանք չեն տրվում՝ մարդուն կործանելու համար, այլ զորացնելու։ Երբ մարդը հավատքով, համբերությամբ ու խոնարհությամբ անցնում է փորձության միջով, նա ավելի է մոտենում իր Արարչին, զգում Նրա ապրած խաչի ծանր ճանապարհը, ամրանում նաև հոգով և զորանում՝ գալիք փորձություններին հանդիման։
Արման սրկ. ԲՈՒՆԱՐՋՅԱՆ
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ