Իմաստուն ուսուցչի սպասված գիրքը

Իմաստուն ուսուցչի սպասված գիրքը 21.10.2026

Քանի որ մասնագիտության բերումով ծանոթ եմ աշխարհի հիմնական կրոններին՝ զրադաշտությանը, բուդդիզմին, քրիստոնեությանը, մահմեդականությանը՝ վերջիններիս սրբազան մատյաններով, բնականաբար, ինձ կարող եմ թույլ տալ դատողություններ անել հավատքի և խղճի ազատության մասին՝ լինելով Հայ Առաքելական Եկեղեցու գիտակցված հավատացյալ:

Քրիստոնեությունը մարդասիրական կրոն է՝ բոլորովին հեռու ռասիզմից: Հայ Առաքելական Եկեղեցին շատ մեծ դեր է կատարել հայ ժողովրդի ազգային ոգին և քաղաքական ազատությունը պահպանելու գործում: Եթե որևէ մեկն ուշադիր կարդացել է Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» դյուցազներգությունը, պետք է հիշի այն դրվագը, որտեղ նկարագրվում է, թե հայ կանայք ինչպիսի անկեղծ զայրույթով են ընդդիմանում կրոնափոխության պահանջին և ամուսինների հետ գնում Ավարայր: Ազգային այդ խոր գիտակցության ոգին հրաշալի պատկերված է Գրիգոր Խանջյանի «Ավարայրի ճակատամարտը» հանճարեղ կտավում:
XI դարում ռազմական քաջ գործիչ Գրիգոր Մագիստրոսն իր «Առ ոմն» մարտական քերթվածում որդուն հղում է երկու պատգամ. նա պետք է հիշի, որ սերում է Հայկ Նահապետից, և երկրորդ՝ պարծենա, որ դավանում է Հիսուսին:

XI դարի պատմիչ Արիստակես Լաստիվերցին՝ մեծ կենսասերը, նկարագրելով տիեզերահռչակ Անիի կործանումը, արձանագրում է հայի հեռացումը Աստծու տասը պատվիրաններից, որի հետևանքով էլ կործանվեց չքնաղ Անին, ու նրա բնակիչները ցրվեցին աշխարհով մեկ: Օրինակներն այնքան շատ են, և դրանք պետք է նորացվեն ժամանակի ընթացքում՝ հայապահպան քրիստոնեության պատվիրաններին հավատարիմ մնալու ազդեցիկ պատգամներով:

Ահա այդպիսի մի հրաշալի հիշեցում է ընդամենը մի քանի օր առաջ իմ կարդացած Իսահակ վարդապետի «Ուսուցիչը» գիրքը (խմբագիր՝ Ա. Գալստյան):
Այնքան կուզեի, որ շատերը կարդային այդ մարդասիրությունը՝ հայ մարդու օրինակելի նկարագիրը ներկայացնող գիրքը:

Այս գեղարվեստական էսսեն ինչ-որ առումով համախորհուրդ է Գրիգոր Տաթևացու ճշմարտացի ու հրաշալի մտքերին, որոնց շնորհիվ մարդու կարճատև կյանքն առավել կհեշտանա, մարդը կհեռանա վայրենական չարության ախտանիշներից:

Գիրքը լիովին անկեղծ պատկերն է մեր օրերի կյանքի. բավական է կարդալ տաքսիստի և ուսուցչի խոսակցությունը:

Հիանալի ձևով, հասարակության տարբեր խավերի հետ հանդիպումների ժամանակ ուսուցիչը մատչելի զրույցներով բացատրում է քրիստոնեության էությունը: Նրա իմաստուն զրույցներից պարզ է դառնում, թե Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը որքան կարևոր է ամեն հայ անհատի և նույնքան՝ հայ ազգի համար:

Ես միշտ հիշում եմ, որ մեր Եկեղեցու վեհափառը՝ Չորեքչյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Իոսիֆ Ստալինի առաջ դնում է Էջմիածնի Մայր Աթոռի պահանջները՝ արտասահմանյան դրամ ունենալը, Գևորգյան ճեմարանի անխափան գործունեությունը, Եկեղեցու՝ մամուլ ունենալու ազատությունը, Հայաստանում եղած եկեղեցիների նորոգումը և այլ պահանջներ: Ստալինը տալիս է իր համաձայնությունը:

Իսահակ վարդապետ Պողոսյանը բազմագիտակ է: Նա հիանալի գիտի Հայ Եկեղեցու պատմությունը, որը վաղուց հատորներով շարադրված է ոչ միայն հայերեն, այլև եվրոպական լեզուներով: Նա ծանոթ է նաև հայ միջնադարյան մատենագրությանը: Քաջատեղյակ է աղանդավորական հին ու նոր շարժումներին: Շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է իրական կյանքի հիմքում ընկած չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի նշանակությունը, որը նույնքան ուշագրավ բացատրում է Եզնիկ Կողբացին «Եղծ աղանդոց»-ում:

Ընթերցողը մատչելի և հստակ եղանակով կյուրացնի, թե ինչու որոշ թվեր քրիստոնեական կրոնում ունեն խորհրդանշային արժեք:

Գրքից կարելի է իմանալ, թե միջնադարում Հայ Եկեղեցում ինչ նշանավոր հոգևորական գիտնականներ ենք ունեցել. նրանց թվում են Անանիա և Գրիգոր Նարեկացիները, Հովհաննես սարկավագ Իմաստասերը, Ներսես Շնորհալին:

Աստվածաշնչի մեկնաբանությանը նվիրված են հայերեն բազմաթիվ գրքեր: Այսօր առավել կարևոր է հատկապես Նոր Կտակարանի՝ Ավետարանի բացատրությունը: Գրքում կան շատ ուշագրավ հատվածներ, որոնցում երևում է, որ աստվածաբանական գիտելիքներ չունեցող մարդիկ երբեմն չեն ընկալում Քրիստոսի վարդապետությունը: Շատերը նկատած կլինեն, որ կան մարդիկ՝ կախում են խաչը վզից, սակայն խաչի իմաստը չգիտեն, գաղափար չունեն, որ խաչը կենաց ծառի խորհրդանիշն է:

Հիանալի է, որ գրքում բերվում են ֆրանսիացի հայագետ Մ. Լակրոզի և անգլիացի հայագետ Ֆր. Կոնիբերի կարծիքները հայերեն Աստվածաշնչի կատարյալ լինելու մասին: Այստեղ հիշատակում եմ Լակրոզի հիացական խոսքը. «….Մենք ունենք ողջ Աստվածաշնչի գերազանց թարգմանությունը, որ կատարել են հայ գիտնականները հինգերորդ դարի սկզբին՝ մոտավորապես 412-ին»:

Շահեկան է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կապը քրիստոնեության հետ: Հիշենք, որ Սասնա բոլոր դյուցազուններն իրենց թևի վրա ունեին քրիստոնեական խաչը: Երբ Հայաստանը դժվարին վիճակի մեջ էր հայտնվում, դյուցազունների թևի վրա խաչը սևանում էր ՝ ազդարարելով վտանգը:

Խորհրդանշային արժեք ունի նաև Մարութա վանքի վերաշինումը: Դավիթը վերաշինում է իր հոր կառուցած Մարութա վանքը, սակայն ամեն առավոտ շինարար վարպետները նախորդ օրվա կառուցածը գտնում են քանդված: Ոչ ոք չգիտեր դրա պատճառը: Դավիթը երազ է տեսնում, որում Աստծու հրեշտակը հուշում է, որ վանքի պատի մեջ պետք է դնել Դավթի սուրը, և վանքը կանգուն կլինի: Այդպես էլ անում է մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը, և Մարութա վանքը մնում է կանգուն:
Այս գրքում հիանալի է բացատրված էպոսի պատգամը հայ կանանց: Էպոսի դյուցազունների կանայք անսահման նվիրված են իրենց ամուսիններին: Այդպիսին են

Քառսուն Ծամ Դեղձունը, Արմաղանը, Խանդութը, Գոհարը, որոնք անմնացորդ նվիրված են իրենց ամուսիններին:

«Ուսուցիչը» գրքում կարևոր կերպար է դեռ մեր էպոսից էլ առաջ՝ Տիգրան Երվանդյանի քույր Տիգրանուհին, որն ամուսնացած էր Մարաստանի արքա Աժդահակի հետ, սակայն կռահում է իր ամուսնու դավերը եղբոր նկատմամբ ու վտանգելով իր կյանքը՝ զգուշացնում է եղբորը՝ փրկելով իր հայրենիքը:

Ովքեր ծանոթ են Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը, գիտեն, որ մեր Եկեղեցին միաբնակության հետևորդն է: 451-ին, երբ հայ նախարարներն ու հոգևոր դասը գնացին Ավարայրի դաշտ՝ իրենց հավատն ու հայրենիքը պաշտպանելու, չկարողացան պատվիրակներ ուղարկել Քաղկեդոն քաղաքում տեղի ունեցած համաքրիստոնեական տիեզերական ժողովին: Քաղկեդոնի ժողովում դրված էր Հիսուս Քրիստոսի միաբնակ թե երկբնակ լինելու խնդիրը: Քաղկեդոնի ժողովն ընդունեց Հիսուս Քրիստոսի երկբնակ լինելը: Ավարայրի դեպքերից հետո Հայաստանի Եկեղեցին 506-ին Դվինում հրավիրեց համահայկական ժողով, և Բաբկեն Ոթմսեցի կաթողիկոսի գլխավորությամբ ընդունվեց Հայոց Եկեղեցու՝ միաբնակ լինելու որոշումը: «Ուսուցիչը» գրքում հստակ բացատրվում է, թե ինչու Հայ Եկեղեցին չընդունեց Քաղկեդոնի ժողովի որոշումը:

Իսահակ վարդապետի գրքում կան մտքեր, որոնք արժե նույնությամբ վկայակոչել, ինչպես՝ «Աշխարհի հավասարակշռությունը խախտվել է: Մարդիկ ներըմբռնողաբար ավելի հակված են ընդունելու բռնության և ուժի օրենքը, իսկ սիրո և հարգանքի սկզբունքը սոսկ զգայուն պարզամտություն են համարում» (էջ 68):

Ինչպես բոլոր քաղաքակիրթ դարերում, այնպես էլ հիմա, Իսահակ վարդապետը պահանջում է դատական համակարգի օրինավորություն: Որպես ներգործող օրինակ՝ բերվում է մի հայտնի և ընչաքաղց դատավորի վարքագիծը, որը, բոլորովին անտեսելով դատական օրենքի պահանջները, դրամ էր կուտակում, զբաղվում վաշխառությամբ, աչքի ընկնում անիրավ վարքագծով: Սակայն մի անգամ՝ եկեղեցում լսած քարոզի ժամանակ, այդ նույն դատավորը սարսափում է Աստծու պատժից ու փոխում է իր կյանքի կործանարար ընթացքը: Մարդկային ագահությունը կանխելու համար հայ միջնադարի տաղասացները՝ Ֆրիկը, որն ի դեպ հոգևորական չէր, Մկրտիչ Նաղաշը, Պաղտասար Դպիրը և շատ-շատերը գրել են ահազանգող քերթվածներ:

«Ուսուցիչը» հիանալի գրքում հիշարժան դեմքեր են դառնում հայ ժողովրդի մի շարք իրական-պատմական նշանավոր կանայք, որոնք հայրենիքի նկատմամբ ունեցել են խորախորհուրդ պարտքի զգացում: Այդպիսի նվիրյալ ու անմոռանալի կանայք էին Կիլիկյան Հայաստանի Զապել և Կեռան թագուհիները: Կիլիկյան Հայաստանի նշանավոր կանանցից էր նաև Զարմանուհին՝ Ռուբինյան Հեթում սպարապետի կինը, որն իր ամուսնու մահից հետո հռչակվել է թագուհի: Ոչ ազնվական ծագում ունեցող հայ կանանցից հիշատակվում են Անի մայրաքաղաքի հերոսուհի նահատակ Այծեմնիկը և Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսե Մայրիկը:

«Ուսուցիչը» գիրքն ունի անհրաժեշտ ծանոթագրություններ: Հայ Եկեղեցու և հայ գրականության մեջ պաշտամունքային առանձնահատուկ դեմք է Աստվածամայրը: Այդ սրբուհու վերաբերյալ տրվում են ուշագրավ տեղեկություններ: Չմոռանանք, որ Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին իր լուսավորչական հսկայական գործունեությունը ծավալել է՝ խորին հավատ ունենալով Աստվածամոր հովանավորության նկատմամբ:

Հայ Եկեղեցու պատմության հիանալի գիտակ, Լազարյան ճեմարանի հռչակավոր պրոֆեսոր, եվրոպական հայագիտության մեջ մեծ հեղինակություն վայելող Մկրտիչ Էմինը վկայում է, որ դեռ 1874-ին Բարդուղիմեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված Աստվածամոր պատկերը շարունակում էր պահպանվել Արևմտահայաստանի Հոգյաց վանքում: Բ. Շանթր անունով ֆրանսուհի տիկինը 1893-ին Փարիզում տպագրել է «A travers l’ Arménie Russe» արժեքավոր ուղեգրությունը, որում նկարագրում է իր ջերմ տպավորությունները Տաթևի վանքից: Վանքում ֆրանսերենին տիրապետող վարդապետը հայտնել է, որ իրենց մոտ պահվում են համաքրիստոնեական բազմաթիվ սրբություններ՝ Տիրոջ խաչից մի կտոր, մասունքներ սուրբ առաքյալներից, Մարիամ Աստվածածնի մազերից մի փունջ:

«Ուսուցիչը» գրքում խոսվում է աշխարհում տեղի ունեցած հայտնի հեղափոխությունների մասին, և տեղին է մեջբերվում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմից մի հատված: Չարենցի պոեմը վերժամանակյա երևույթ է:

Աշխարհի բազմաթիվ իմաստուններ մերժել են հեղափոխությունները՝ նրանց անկանխատեսելի հետևանքների պատճառով, ու խորհուրդ են տվել հետևել լայնախոհ ու արդար ղեկավարման ճանապարհին: Գրքի հեղինակը տեղյակ է մարդկային հասարակության հարափոփոխ էությանը: Խաղաղությունն ու լիակատար հաշտությունը դիվանագիտական մեծագույն հմտություն են պահանջում. «Անհանգստությունը, այսպես ասած, բոլոր ժամանակների հիվանդությունն է, խաղաղությունը՝ հաջողության հասածների գյուտը» (էջ 138):

Գիրքը հուշում է Հիսուսի արդար խոսքը. «Սրով եկողը պետք է սրից էլ ընկնի»:

Գրքում կան բնության գեղեցիկ տեսարաններ, որոնք մարդուն հիշեցնում են գեղեցիկը զգալու՝ նրան տրված աստվածային եզակի շնորհը, իսկ դա կարելի է վայելել, եթե մարդն ապրի ըստ Աստվածաշնչի տասը պատվիրանների: Ահա այս է իմաստուն գրքից բխող կարևորագույն եզրակացությունը:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ,
բ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ