Հենրի Դրամմոնդ. Սիրո լուսապատկերը

Սկիզբը՝ 2025 թ., թիվ 23

Պողոս առաքյալը, սերը հակադրելով տարբեր բաների, երեք հրաշալի վերլուծություն է առաջարկում մեզ։ Նա կոչ է անում՝ ուշադիր դիտել սերը։ Ասում է, որ սերը բարդ է, ինչպես, օրինակ, լույսը, որ բաղկացած է բազմաթիվ գույներից։ Տեսած կլինեք, թե ինչպես է գիտնականը վերցնում լույսի մի շող և այն անցկացնում բյուրեղյա հատվածակողմի (պրիզմա) միջով, և ինչպես է լույսը դուրս գալիս պրիզմայի մյուս կողմից՝ բաժանված տարբեր բաղադրիչ գույների՝ կարմրի, կապույտի, դեղինի, մանուշակագույնի, նարնջագույնի և ծիածանի բոլոր գույների։ Այսպիսով՝ Պողոս առաքյալը սերն անց է կացնում այդ նույն պրիզմայի միջով, և այն բաժանվում է տարբեր տարրերի։ Եվ այդ մի քանի տարրերից մենք ստանում ենք այն, ինչը կարելի է կոչել սիրո լուսապատկեր (սպեկտր)՝ սիրո վերլուծություն։ Դրանք ոչ թե ինչ-որ առեղծվածային կամ անհասանելի բաներ են, այլ պարզ առաքինություններ՝ համբերություն, բարություն, հանդարտություն և այլն։ Դրանք բոլորիս հասանելի են, և ամեն օր հնարավոր է գործադրել։ Եվ հենց այդ փոքր ու սովորական բազմաթիվ առաքինությունների համադրությունն է ստեղծում սիրո մեծությունը՝ «գերագույն բարիքը»։ Սիրո լուսապատկերն ունի ինը բաղադրիչ՝

1. Համբերություն — «Սերը համբերում է երկար»։

2. Բարություն — «Եվ բարեհամբույր է»։

3. Առատաձեռնություն — «Սերը չի նախանձում»։

4. Խոնարհություն — «Սերը չի պարծենում իրենով, չի ամբարտավանում»։

5. Բարեկրթություն — Սերը երբեք չի դրսևորվում անպատշաճ, կոպիտ վարքով։ Այն միշտ ունի նրբություն, հարգանք, գեղեցիկ պահվածք։

6. Անշահախնդրություն — Սերը սեփական շահը չի դնում առաջին տեղում։

7. Բարեմտություն — Սերը հեշտությամբ չի բարկանում, դյուրագրգիռ չէ։ Այն ունի ներքին խաղաղություն։

8. Անմեղություն, պարզ սիրտ — Սերը չի ենթադրում վատ մտադրություններ։

9. Անկեղծություն և ճշմարտասիրություն — Սերը չի ուրախանում անիրավությամբ, այլ ուրախանում է ճշմարտությամբ։

Ահա այն հատկանիշները, որոնք կազմում են գերագույն պարգևը, կատարյալ մարդու ամբողջական կերտվածքը։ Պողոսը չի նկարագրում ինչ-որ հեռավոր երկնային իրականություն։ Նա ցույց է տալիս, որ սիրո հատկանիշները պետք է դրսևորվեն հենց այստեղ՝ մարդկային հարաբերություններում, ամենօրյա կյանքում, այս աշխարհի իրականության մեջ, ոչ թե այլ իրականությունում։ Շատ ենք լսում Աստծո հանդեպ սիրո մասին, Քրիստոս շատ է խոսել մարդու հանդեպ սիրո մասին։ Մենք շատ ենք կարևորում խաղաղությունը երկնքում, Քրիստոս շատ կարևորեց խաղաղությունը երկրի վրա։ Հավատը ոչ թե ծանր բեռ է կամ պարտադրանք, այլ աշխարհիկ կյանքի ներշնչում, որը ներսից է ուժ տալիս և իմաստավորում առօրյան։

Վերջիվերջո, ամենակարևորը որևէ առանձին գործ կամ մեծ արարքը չէ, այլ այն, որ մենք ավելի թեթև, ավելի նուրբ ու սիրով ենք կատարում մեր սովորական օրվա փոքր ու բազմաթիվ խոսքերն ու գործողությունները։ Դրանց կատարելությունն է ձևավորում կյանքի իրական արժեքը։
Ժամանակը բավական չէ, որ այս բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի մասին երկար խոսվի։ Ուստի կանցնենք միայն թեթևակի նշումով՝ մեկ առ մեկ կարճ դիտարկմամբ։

Սերը համբերություն է։ Այսպիսին է սիրո բնականոն ձևը՝ հանդարտ, համբերող, սպասող։ Չի շտապում, չի խռովվում, այլ խաղաղ է, պատրաստ՝ սկսելու իր գործն այն պահին, երբ անհրաժեշտ լինի։

Մինչ այդ այն կրում է հեզ և հանդարտ հոգու գեղեցկությունը։ Սերը երկար է համբերում. ամեն բան տանում է, ամեն բանի հավատում է, ամեն ինչի մեջ հույս է դնում։ Որովհետև սերը հասկանում է և հենց այդ պատճառով կարողանում է սպասել։

Բարություն՝ սա սերն է գործողության մեջ, սերը՝ իր գործուն դրսևորումով։

Երբևէ նկատե՞լ եք, որ Քրիստոս կյանքի մեծ մասն անց է կացրել՝ բարի գործեր անելով, պարզապես բարիք գործելով։ Եթե դիտարկենք նրա կյանքն այդ տեսանկյունից, ապա կտեսնենք՝ Նա Իր կյանքի մեծ մասն անցկացրել է՝ մարդկանց բարի գործեր անելով։ Աշխարհում մեկ բան կա, որն ավելի վեր է, քան երջանկությունը. դա սրբությունն է։ Սակայն սրբությունն ամբողջությամբ մեր իշխանության ներքո չէ։ Իսկ ահա այն, ինչ Աստված թողել է մեր ձեռքերում, մեր կարողությունների սահմանում, մեր շուրջը գտնվող մարդկանց երջանկությունն է։ Եվ այդ երջանկությունը մեծապես կախված է նրանից, թե որքան բարություն ենք ցուցաբերում նրանց հանդեպ։

Ինչ-որ մեկն ասել է՝ ամենամեծ բանը, որ կարող ես անել Աստծո համար, Նրա զավակների հանդեպ բարի և լավ լինելն է։ Հաճախ զարմանում ենք՝ ինչո՞ւ մենք այնքան բարի չենք, որքան կարող էինք լինել։ Աշխարհը որքան շատ է դրա կարիքն զգում։ Բարի գործը կամ բարի վերաբերմունք ցուցաբերելը իսկապե՛ս շատ հեշտ է։ Բարությունն անմիջապես ազդեցություն է թողնում մարդու վրա. փոխում է տրամադրությունը, մխիթարում է, ուժ տալիս։ Մարդիկ չեն մոռանում իրենց նկատմամբ ցուցաբերված բարի վերաբերմունքը նույնիսկ տարիներ անց։ Բարությունը երբեք չի մոռացվում. մարդիկ երկար հիշում են իրենց հանդեպ դրսևորած սերը։ Բարությունն ու սերը վերադարձվում են բազմապատիկ, հաճախ՝ անգամ ավելի, քան մենք տվել ենք։ Իրական սերը չի խաբվում, չի կորչում, չի սպառվում. այն մշտապես մնում է։ Կյանքի ամենաառաջին և ամենաիրական հաջողությունը սերն է. այն բերում է երջանկություն և կյանքի լիություն։ Բրաունինգի խոսքերով՝ սերը կյանքի շարժիչ ուժն է, այն, ինչ կյանքը կենդանի և լիարժեք է դարձնում։ Կյանքի բոլոր փորձությունները՝ ուրախություն, վիշտ, հույս, վախ, մեզ տրված են որպես հնարավորություն՝ ավելի խորը հասկանալու, ապրելու և սովորելու սերը։

Որտեղ կա սեր, այնտեղ Աստված նույնպես ներկա է։ Ով բնակվում է սիրո մեջ, բնակվում է նաև Աստծո մեջ։ Ուստի՝ սերն ինքնին Աստված է։ Սերն ամենակարևորն է, ամենամեծ արժեքը, ամենամեծ նվերն ու առաքելությունը։

Սերը պետք է լինի՝ առանց տարբերակման, առանց հաշվարկի ու հապաղելու։ Բաժանի՛ր այն աղքատներին, որոնց անհրաժեշտ է, բաժանի՛ր հարուստներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը, քո սերը ամենաշատը բաժանիր քեզ հավասարներին, որտեղ դա դժվար է, և որոնց համար մենք ամենից քիչ ենք անում (իրական սերը հարաբերական չէ, անզիջում է, պետք է տարածվի բոլորի վրա, հատկապես այնտեղ, որտեղ այն ամենից դժվար է ցուցաբերել)։ Կա տարբերություն այն բաների միջև, երբ փորձում ես ուրախացնել և երբ իսկապես ուրախություն ես պատճառում։ Պատրա՛ստ եղիր միշտ ուրախություն պատճառելու և երբեք մի՛ կորցրու առիթը՝ դա անելու համար։ Քանի որ դա է, իսկապես, սիրող հոգու անդադար և անանուն հաղթանակը։

«Այս աշխարհում մեկ անգամ ենք լինում», ուստի՝ եթե որևէ բարիք կարող ենք անել, պետք է անել հենց հիմա, քանի որ վաղը կարող է ուշ լինել։ Եվ թող չհետաձգենք և չանտեսենք, քանի որ մենք այլևս երբեք չենք անցնելու այս նույն ճանապարհը։

Առատաձեռնություն. «Սիրո մեջ չկա նախանձ»։ Սա այն սերն է, որը դրսևորվում է, երբ մենք մրցակցության մեջ ենք ուրիշների հետ, երբ փորձեք անել որևէ բարի գործ և տեսնեք, որ ուրիշ մարդիկ էլ են անում նույնը գործը, և շատ հավանական է՝ նրանք այն կատարում են ավելի լավ, քան դուք։ Այստեղ է, որ սերը պետք է հաղթի նախանձին։ Նրանց մի՛ նախանձեք։ Սերը թույլ չի տալիս, որ ուրիշների հաջողությունը մեզ ցավ պատճառի։ Նախանձն իրականում թաքնված հակակրանք է նրանց հանդեպ, ովքեր նույն ոլորտում ավելի են հասնում հաջողությունների, քան մենք։ Քրիստոնեական որքա՜ն փոքր գործն անգամ ինքնին պաշտպանություն է դառնում ոչքրիստոնեական զգացումների դեմ։ Այդ ամենանվաստ, ամենաանարժան հոգեվիճակը, որ մթագնում է քրիստոնյայի հոգին, անշուշտ, սպասում է մեզ յուրաքանչյուր ծառայության շեմի, եթե մենք զինված չենք մեծահոգության այս շնորհով։ Քրիստոնյան իրականում միայն մեկ բանի կարող է «նախանձել»՝ այն լայնասիրտ, հարուստ և առատաձեռն հոգուն, որ «չի նախանձում»։

Մեծ ու առատաձեռն հոգու որակը բոլորից բարձր է, որովհետև չի նախանձում ոչ մեկի։ Այսինքն՝ միակ «նախանձելի» բանն այն հոգին է, որն ընդհանրապես նախանձ չունի։ Քրիստոնյան պետք է ձգտի հենց այդպիսի լայն ու մեծահոգի սրտի։ Անգամ եթե սովորեք սիրել, չնախանձել, մեծահոգի լինել, դուք դեռ պետք է շատ սովորեք մի կարևոր բան՝ խոնարհությունը։ Այսինքն՝ չխոսել սեփական հաջողությունների մասին, չհիշեցնել ուրիշներին։

Երբ արդեն բարի եք գտնվել, երբ սերը դուրս է եկել աշխարհ և արել իր գեղեցիկ գործը, վերադառնալու եք ստվեր, և այդ մասին ոչինչ չեք ասելու։
Սերը նույնիսկ ինքն իրենից է թաքնվում։ Սերը հրաժարվում է անգամ ինքնաբավության զգացումից։ Սերը չի ամբարտավանում, չի բարձրաձայնում իր մասին, չի ուռճանում։ Սիրո կարևոր մասերից մեկը շատ սովորական, առօրյա բան է՝ բարեկրթությունը։ Սա սերն է հասարակության մեջ, սերը՝ կապված բարոյականության ու զսպվածության հետ։

«Սերը անպատշաճ չի վարվում». կարգապահությունն ու նրբակիրթ վարքը սահմանվել են որպես սիրո արտահայտություն մանրուքների մեջ։
Բարեկրթությունը թեև առաջին հայացքից կարող է չնչին մանրուք թվալ բարձրագույն բարության մեջ, իրականում այն սիրո բնական պտուղն է։ Դա այն սերն է, որ դրսևորվում է մարդկային համակեցության մեջ, սերը՝ արտահայտված վերաբերմունքի, խոսքի և վարքի մանրուքներում։

«Սերը անվայել չի վարվում». բարեկրթությունը սահմանվել է որպես սեր՝ փոքր բաների մեջ, սեր՝ այն ամենում, ինչ թվում է աննշան, բայց բացահայտում է սրտի խորքը։ Եվ բարեկրթության միակ ու իրական գաղտնիքը հենց սերն է, որովհետև այնտեղ, որտեղ սերն է բնակվում, անվայել վարք չի կարող ծնվել։ Անգամ ամենաանկիրթ մարդը, եթե նրա սրտում կա սիրո լիություն, կարող է հայտնվել բարձր հասարակության մեջ և չշեղվել պատշաճ վարքից։ Նա պարզապես անկարող կլինի վարվել անվայել, որովհետև սերն իր բնությամբ չի կարող այլ կերպ դրսևորվել։ Շոտլանդացի փիլիսոփա Քարլայլը Ռոբերտ Բըրնսի մասին ասել է, որ ամբողջ Եվրոպայում չկար ավելի իսկական ջենթլմեն, քան այդ հողագործ բանաստեղծը։ Եվ պատճառը սա էր. նա սիրում էր ամեն ինչ՝ բնության ցանկացած հրաշք և Աստծո ստեղծած բոլոր բաները՝ մեծ թե փոքր։ Այս պարզ, բայց վեհ վկայականով նա կարող էր մուտք գործել ցանկացած հասարակություն, մերձենալ արքունիքներին և պալատներին՝ դուրս գալով Այր գետի ափին գտնվող իր համեստ խրճիթից։ Մարդու իսկական ազնվականությունը սրտի և սիրո մեծությունն է, ոչ թե սոցիալական դիրքը։

Իսկ ի՞նչ է նշանակում «ջենթլմեն»։ «Ջենթլմեն» բառը նշանակում է նրբազգաց մարդ՝ այն մարդը, որ գործում է նրբությամբ և սիրով։ Եվ հենց այստեղ է դրա ամբողջ արվեստն ու խոր խորհուրդը։ Ինչպես ասում է Սուրբ Գիրքը. «Սերը անպատշաճ կերպով չի վարվում» (Ա Կորնթ. 13:5)։ Սիրո մեջ ամեն բան վայելուչ է, խաղաղ և բարեհամբույր. սերը չի խախտում կարգը, չի վիրավորում, այլ իր ներկայությամբ սրբացնում է մարդկային հարաբերությունները։

Անձնուրացություն։ «Սերը չի փնտրում իր շահը». այն անշահախնդիր է։ Ուշադրություն դարձրեք՝ նա չի որոնում անգամ այն, ինչ իրավամբ իրենն է։
Մեծ Բրիտանիայում անգլիացին արդարացիորեն նվիրված է իր իրավունքներին։ Սակայն գալիս են պահեր, երբ մարդը կարող է գործադրել նույնիսկ ավելի բարձր իրավունք՝ իր իրավունքներից հրաժարվելու իրավունքը (սերը չի սահմանափակվում արդար պահանջով, այլ գերազանցում է այն ինքնազոհողությամբ)։ Սակայն Պողոս առաքյալը մեզ կոչ չի անում պարզապես հրաժարվել մեր իրավունքներից։ Սերն առավել խորն է թափանցում մարդու սրտի խորքերը։ Այն չի կամենում, որ մենք միայն զիջենք մեր իրավունքները, այլ որ ընդհանրապես չփնտրենք դրանք, չկենտրոնանանք դրանց վրա և մեր հաշվարկներից ամբողջապես հեռացնենք անձնական շահը։ Այն մեզ հորդորում է նույնիսկ չփնտրել, անտեսել դրանք և ամբողջությամբ հեռացնել անձնական շահը մեր դատողություններից։ Այդ իրավունքները հաճախ արտաքին են ու անցողիկ։ Դժվարությունն այն է, որ մենք ոչինչ չփնտրենք մեզ համար, չդարձնենք մեր անձը մեր ձգտումների կենտրոն։ «Ինքդ քեզ համար մեծ բանե՞ր ես որոնում,— ասում է մարգարեն,— մի՛ որոնիր դրանք»։ Ինչո՞ւ։ Քանի որ մեծությունը իրերի մեջ չէ։ Իրերը մեծ լինել չեն կարող։ Միակ իսկական մեծությունն անանձնուրաց սերն է։ Նույնիսկ անձնուրացությունը, ինքնին վերցրած, ոչինչ է և կարող է գրեթե մոլորություն դառնալ։ Միայն մեծ նպատակը կամ առավել զորեղ սերը կարող է արդարացնել այդ զոհաբերությունը։ Ես ասել էի, թե ավելի դժվար է ոչինչ չփնտրել մեզ համար, քան փնտրելուց հետո հրաժարվել դրանից։

Սակայն պետք է դա հետ վերցնեմ. այդ խոսքը ճշմարիտ է կիսով չափ միայն՝ եսակենտրոն սրտի համար։ Սիրո համար ոչինչ ծանր չէ, ոչինչ դժվար չէ։ Ես հավատում եմ, որ Քրիստոսի լուծը թեթև է։ Քրիստոսի «լուծը» հենց Նրա կյանքի ճանապարհն է, այն ձևը, որով Նա մեզ սովորեցնում է ապրել։

Եվ ես հավատում եմ, որ դա ավելի դյուրին ճանապարհ է, քան որևէ այլ ճանապարհ։ Հավատում եմ նաև, որ դա ավելի երջանիկ ճանապարհ է, քան ուրիշ մեկը։ Քրիստոսի ուսմունքի ամենահայտնի դասերից մեկն այն է, որ երջանկություն չկա որևէ բան ունենալու կամ ձեռք բերելու մեջ, այլ միայն՝ տալու մեջ։ Կրկնում եմ՝ երջանկություն չկա ունենալու կամ ստանալու մեջ, այլ միայն՝ տալու մեջ։ Եվ աշխարհի կեսը երջանկություն որոնելիս սխալ հետքի վրա է։ Մարդիկ կարծում են, թե այն կայանում է ունենալու և ստանալու մեջ, և այն բանում, որ ուրիշները ծառայեն իրենց։ Մինչդեռ այն կայանում է տալու և ուրիշներին ծառայելու մեջ։ «Ով որ ցանկանում է մեծ լինել ձեր մեջ,— ասում է Քրիստոս,— թող ծառա լինի»։ Եվ ով ցանկանում է երջանիկ լինել, թող հիշի, որ կա միայն մեկ ճանապարհ. ավելի երանելի, ավելի երջանկաբեր է տալը, քան ստանալը։

Շարունակելի

«Մեծագույն բանն աշխարհում»

Անգլերենից թարգմանությունը՝
Մերի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ