Խրիմյան Հայրիկ — Միքայել Նալբանդյան - Ռափայել Պատկանյան
Թեև նշանավոր բանաստեղծ Միքայել Նալբանդյանը (1829—1866 թթ.) Խրիմյան Հայրիկի ժամանակակիցն է, սակայն Հայոց Հայրիկի մասին Նալբանդյանի գրած որևէ հուշ կամ հիշատակություն մեզ գտնել չհաջողվեց:
Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ժամանակի հայ հասարակությանը հուզած մի միջադեպի գնահատման հարցում համընկել են Ազատության երգչի և Վասպուրականի արծվի մոտեցումները: Խոսքը վանեցի Պողոս քահանայի՝ իր կարգին ոչ հարիր, անպատիվ ու խայտառակ պատմության մասին է, որ հրատարակել ու հասարակության դատին էր հանձնել «Մեղու» թերթը: Այդ պատմությունն այստեղ մեջբերելն անպատեհ համարելով՝ ավելացնենք, որ «Մեղու» թերթն արդարացիորեն հավելում էր, որ քահանան «վերոյիշեալ անօրինութիւններէ զատ ուրիշ նման ոճիրներ շատ գործեր է, որոնք չենք ուզեր հոս մի առ մի յիշել»:
Վանեցի Պողոս քահանայի հակահասարակական, անբարո արարքներն ու ընթացքը վարկաբեկում էին ոչ միայն հոգևորականությանը (հետևաբար՝ Կ. Պոլսի հայոց Կրոնական ժողովը փորձում էր կոծկել այդ քստմնելի, խայտառակ դիպվածը), այլև հասարակ ժողովրդին: Մկրտիչ Խրիմյանը, մեկ անգամ ևս ապացուցելով իր վեհանձնությունը և բարոյական օրինակելի կերպար լինելը, ինչի շնորհիվ էլ դարձել էր համայն հայության սիրելին, հրապարակավ պաշտպանեց «Մեղու» թերթի բռնած դիրքը և իր համախոհների հետ դատապարտեց կարգազանց քահանային ու նրա ապօրինությունները կոծկելու գործին լծված փարիսեցիական հոգևորականությանը:
Գրեթե Խրիմյանի պես էր մտածում նաև Միքայել Նալբանդյանը. նա համոզված էր, որ ինչպես արատավոր ու օրինազանց եկեղեցականն է վարկաբեկում Եկեղեցին ու ժողովրդին, այնպես էլ, թերևս ավելի շատ, այն հոգևորականները, որոնք փորձում են կոծկել ու պարտակել ապօրինություններն ու հանցանքները: Ազատության մունետիկ Նալբանդյանը համարում էր, որ բացահայտված վերքը քողարկելու, թաքցնելու փոխարեն պետք է անմիջապես բուժել, դարմանել՝ դրանով իսկ կանխելով վարակի հետագա տարածումն ու անցանկալի հետևանքները: Եթե հասարակական կարծիքը դատապարտի մեղավորին, դրանով իսկ ոչ միայն կկտրի, կհեռացնի իրենից վարակի աղբյուրը, այսինքն՝ կգնա ինքնամաքրման ճանապարհով, այլև իրեն կապահովագրի հետագայում նմանօրինակ անցանկալի միջադեպերի հաճախակիանալու կամ կրկնվելու սպառնալիքներից: Բարոյական այդպիսի մեծ ուժ ունեցող հասարակությունը կամ ազգը, որը չի կամեցել իր մեջ պահպանել ապականության, փտախտի օջախը կամ նոր գայթակղության պատճառը, դրանով անսահման ակնածանք է վաստակում, և լուսավորյալ, քաղաքակիրթ աշխարհը մեծարում, պատվում է նրան:
Ցանկացած հասարակության բարոյականության և առաջադիմության նախապայմաններից են օրինապահությունը, պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Իսկ երբ զանցանքն ու հանցանքը, առավել ևս ոճիրը շղարշում են կամ թաքցնում, երբ իրավախախտը, հանցագործն ու ոճրագործն իրենց վեր են դասում օրենքից, արդարադատությունից կամ օրենքի առաջ սահմանված կարգով պատասխան տալուց, երբ նրանք նաև հովանավորվում են, ապա ստացվում է, որ հասարակությունն իր կրավորական կեցվածքով, համարժեք գործողությունների բացակայությամբ լռելյայն համաձայնում և այդպիսով նաև քաջալերում է օրինազանցությունը: Ազգերի, հասարակությունների պատմությունը, նրանց քաղաքակրթության աստիճանը, նրանց բարոյականությունը ճանաչելու համար որոշիչ նշանակություն ունեն օրենքի գերակայությունը, իրավագիտակցությունը, օրինապահությունն ու սոցիալական արդարության մթնոլորտը:
Մ. Նալբանդյանը համարում էր, որ մեր «ազգասէրները, որոնք իրենց սէրն արտայայտում են ազգի պակասութիւնները քօղարկելով, դրանով իսկ նրանք մեղանչում են ազգութեան դէմ, հետևաբար, միանգամայն արժանի են, որ իւրեանց պաշտպանած յանցաւորի հետ պատժակից լինեն»: Ուստի և, ըստ Նալբանդյանի, «Չի՛ կարելի իրաւադատութիւն քարոզել եւ անիրաւութիւն պաշտպանել:
Չի՛ կարելի յառաջադիմութիւն քարոզել եւ անդամալոյծի պէս բևեռացած մնալ մի կէտի վրայ:
Չի՛ կարելի մաքրութիւն քարոզել եւ ապականութեան ծովի մէջ լողալ:
Չի՛ կարելի ազատութիւն քարոզել եւ խղճմտանք բռնաբարել»:
Այսինքն՝ չի՛ կարելի երեսպաշտ լինել: Քանզի երեսպաշտը չարիք է ոչ միայն իր անձի, այլև շրջապատի համար, և վաղ թե ուշ մարդիկ, նրան ճանաչելով, աշխատելու են գործ չունենալ նրա հետ: Առավել մեծ դժբախտություն է երեսպաշտ, ստախոս ու խաբեբա իշխանություն ունենալը: Երեսպաշտ կառավարությունը չարիք է պետության ու սեփական ժողովրդի գլխին, և վաղ թե ուշ նրան ճանաչելով՝ ժողովուրդն ըմբոստանալու է, ձգտելու է օր առաջ ազատվելու այդ թարախապալարից: Երեսպաշտ ժողովուրդը կամ, որ թերևս ավելի ճիշտ կլինի ասել, երեսպաշտությունը, օրինազանցությունը տեսնող ու հանդուրժող ժողովուրդը չարիք է հենց ինքն իր համար, ուստի դատապարտված է բիրտ ուժի տակ իր թշվառ գոյությունը մի կերպ քարշ տալու ճակատագրին:
Այսպիսով՝ մեծ բանաստեղծը, համակարծիք լինելով Խրիմյան Հայրիկի հետ, վանեցի Պողոս քահանայի գործի մասին գրում է հետևյալը. ««Մեղու»-ն խնդրում է ազգի անդամների կարծիքը: Ես ո՛չ միայն համաձայն եմ «Մեղու»-ի վճռին, այլև՝ աւելին: «Մեղու»-ն նրա ա՛նձը միայն յայտարարեց քահանայութիւնից զրկուած, իսկ ես ասում եմ, որ երբեմնի կրօնաւոր, իսկ այժմ սոսկ Պօղոսը պէտք է ապաշխարի իր մեղքերը»: Փաստորեն՝ Նալբանդյանը Պողոս քահանային նաև դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջ էր ներկայացնում:
Հետաքրքիրն այն է, որ այս հարցում Խրիմյանին ու Նալբանդյանին ընդդիմադիր գործիչներից ոչ ոք հանդես չեկավ որևէ առարկությամբ, ոչ ոք իր վրա չվերցրեց Նալբանդյանի ներկայացրած մեղադրանքները կամ հանդես չեկավ Պողոս քահանայի պաշտպանությամբ:
Հայ նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը (1830—1892 թթ.) ևս Խրիմյան Հայրիկի ժամանակակիցն է, սակայն Հայոց Հայրիկի մասին նա էլ որևէ գրվածք չի թողել: Խրիմյան—Պատկանյան հոգևոր կապի առումով ուշագրավ է հետևյալ դրվագը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի շքամուտքի առջև այժմ էլ կարելի է տեսնել մի բրոնզաձույլ կիսանդրի, որի ուղղաձիգ պատվանդանին փորագրված է. «Ռափայել Պատկանյան (1830—1892)»: Զարմանալիորեն՝ Պատկանյանի կենսագրությունը որևէ կերպ չի առնչվում ճեմարանի գործունեությանը. Պատկանյանը ո՛չ ուսանել, ո՛չ էլ դասավանդել է ճեմարանում: Պատկանյանի կիսանդրին ճեմարանի առջև տեղադրվել է 1902 թվականին՝ մեծ բանաստեղծի մահվանից 10 տարի անց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի թույլտվությամբ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական օրգան «Արարատ» ամսագրի՝ 1902 թվականի համարներից մեկում կարդում ենք հետևյալը. «Դեկտեմբերի 15-ին ճեմարանի բակում հանդիսով բացուեց Գամառ Քաթիպայի (Ռափայել Պատկանյանի գրական կեղծանունը.— Ա. Մ.) արձանը, որ կանգնած է Հ[ին]. Նախիջևանցի յայտնի վաճառական պ. Ա. Պօղոսեանի ծախքով եւ քանդակագործ պ. Տէր Մարուքեանի (Անդրեաս Տեր-Մարուքյան, 1875—1919.— Ա. Մ.) աշխատութեամբ՝ որի բուն օրինակը գտնուում է հանգուցեալ բանաստեղծի գերեզմանի վերայ, Ն[որ]. Նախիջևանի Ս. Խաչ վանքում: Արձանը գտնուում է ճեմարանի հյուսիսային բակում, երեսը դեպի Մ. Տաճար դարձրած, եւ պատուանդանի վերայ դրոշմած է բանաստեղծի «կտակը».
Կյանքումս մի հատ սին փառք ունեցա,
Ս. Էջմիածնում թաղվել ցանկացա.
Սիրակա՛ն իմ ազգ, թե Աստված սիրես,
Այս իմ մի հատիկ իղձս կատարես»:
Այս կտակ-քառատողը, ցավոք, այսօր այլևս պատվանդանի վրա չկա: Հավանաբար 1960-ական թթ. կատարված վերանորոգության ժամանակ են վերացրել:
Փաստորեն, մեծ բանաստեղծի փափագը, այն է՝ վերջին հանգրվան գտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նվիրական հողում, մնացել է անկատար: 1892 թվականին, երբ վախճանվում է Ռափայել Պատկանյանը, նրա մարմինն ամփոփում են ծննդավայրում՝ հայրենի Նոր Նախիջևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու գավթում՝ բանաստեղծներ Հարություն Ալամդարյանի և Միքայել Նալբանդյանի կողքին:
Խրիմյան Հայրիկը, Ամենայն Հայոց Կաթողիկոս օծվելուց ուղիղ մեկ ամիս առաջ, մահացած բանաստեղծի վերջին ցանկությունն իրականացրել է շատ յուրօրինակ, խորհրդանշական ձևով. Ռափայել Պատկանյանի կիսանդրին տեղադրվել է Գևորգյան ճեմարանի բակում:
Արման ՄԱԼՈՅԱՆ, պ. գ. թ.