Հավատացյալներն ինչու պիտի զգուշանան կարգալույծ արված կեղծ «հոգևորականից», և ինչու է նրա արածը սրբապղծություն
Հոգևոր վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան կարգալույծ եղած նախկին հոգևորականի կեղծ քահանայագործման և նրա կեղծ ծիսակատարության մասին ողջ ճշմարտությունը, որպեսզի լինեն պաշտպանված։
1. Ըստ Հայ Եկեղեցու վարդապետության և կանոնների՝ կարգալույծ արվածը բոլորովին զրկվում է քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից, այսինքն՝ նա դասվում է աշխարհականների շարքին։
2. Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից՝ կարգալուծության դեպքում տեղի է ունենում ավելին, քան պարզապես իրավական սահմանափակումն է։
3. Կարգալույծի օծումը կամ դրա հետ կապված շնորհը դադարում է գործել, քանի որ քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Անհնազանդ հոգևորականը, եկեղեցական իշխանության կողմից զրկվելով կարգից, զրկվում է և դրանցից:
4. Կարգալույծը կտրվում է Խորհուրդների շնորհների աղբյուրից՝ Աստծուց, որը գործում է միայն Եկեղեցու Մարմնի միջոցով:
5. Կարգալույծի կողմից կատարված «խորհուրդի» միջոցով չի փոխանցվում Սուրբ Հոգու շնորհը, քանի որ նա այլևս քահանա չէ, Եկեղեցու նվիրապետությունից դուրս է գործում և հետևաբար՝ Աստծո կամքից դուրս։
6. Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «պատարագ», «պսակ», «ձեռնադրություն», նաև «թաղման» և «բժշկության» կարգերն անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ և անարգանք են Սուրբ Խորհուրդի հանդեպ։
7. Կարգալույծի ձեռքով կատարված ցանկացած «արարողություն» հոգևոր տեսանկյունից ոչ միայն դատարկ է ու խորհրդազրկված, այլև խիստ վտանգավոր։
8. Կարգալույծի ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, թե՛ հոգևոր և թե՛ միստիկ տեսանկյունից:
9. Եթե կարգալույծ արվելուց հետո քահանան հանդգնի շարունակել ներկայանալ և գործել որպես քահանա, ապա ըստ կանոնի՝ նա ամբողջովին պետք է արտաքսվի Եկեղեցուց, իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր պետք է նորից մկրտել և նորից պսակել։
10. Մկրտությունը և պսակը զուտ վկայական տալ չտալու հարց չեն։ Կարգալույծի կատարածի մեջ, ծեսին հատուկ արտաքին տեսանելի գործողություններից բացի, որևէ աստվածային ծածուկ՝ անտեսանելի խորհուրդ չի կատարվում: Այսինքն՝ Սուրբ Հոգու ներգործությամբ կատարված մկրտության, պսակի իրական խորհուրդներ չեն, երկնքում ոչինչ չի արձանագրվում, «պատարագի» ընթացքում նշխարն ու գինին չեն վերափոխվում Տեր Հիսուս Քրիստոսի սրբարար ու կենարար Մարմնին ու Արյանը։
11. Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է: Այո՛, օծումն անկրկնելի է, սակայն կարգալույծի դեպքում այն լուծվում («կապվում») է և դառնում անգործունյա։ Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է լուծում և դարձյալ վերականգնում, եթե ապաշխարությամբ վերադառնում է իր՝ Մայր Եկեղեցու գիրկը։ Քահանայական դրոշմը՝ որպես հնարավորություն, տեխնիկապես մնում է, և դա է պատճառը, որ ապաշխարող քահանային կրկնաձեռնադրություն չի արվում։
12. Քահանայական ձեռնադրության անջնջելիությունը բացառապես Կաթոլիկ Եկեղեցու ուսմունք է, որը հաստատվել է Տրիդենտյան ժողովում (1545—1563 թթ.) և գործադրումն է այդ ժողովի որոշումների: Այդ ժողովի որոշումները տարածվում են միմիայն ժողովը գումարած Եկեղեցու և այդ ժողովի որոշումներն ընդունողների վրա:
13. Նշյալ կաթոլիկ ժողովի տրամաբանությամբ ստացվում է, որ եպիսկոպոսը, ձեռնադրություն կատարելով, փոխանցում է ոչ թե եկեղեցական շնորհը, այլ իր անձնականը, և դրա համար էլ այնքան կարևոր չէ, թե քահանան իր Եկեղեցու հե՞տ է, թե՞ հեռացել է նրանից: Ըստ այդմ՝ քահանան կարող է բաժանվել եկեղեցական իշխանությունից, արգելված լինել, կարող է բոլորովին հեռանալ քրիստոնեությունից, դառնալ, օրինակ, օկկուլտիստ կամ բացահայտ անաստված, բայց և այնպես մնալ քահանա՝ պահպանելով առաքելական ձեռնադրությունը:
14. Ըստ Ուղղափառ Եկեղեցու վարդապետության՝ կրկնամկրտություն կամ կրկնաձեռնադրություն չի կատարվում, քանի որ հակառակ դեպքում աստվածաբանական ընկալումով ընդունելի կլիներ, որ անձի անարժանության, պղծության պարագայում եղծվում է նաև նրան տրված աստվածային շնորհը, և այն պետք է կրկնել՝ շնորհը շտկելու կամ սրբելու համար: Այդ պատճառով էլ ոչ թե քահանայության կամ մկրտության անջնջելիությունն է հաստատագրվում, այլ շեշտվում է աստվածային շնորհի անեղծանելի բնույթը:
15. Կարգալուծությունը միայն թղթի վրա գիր չէ, որը կարգալույծը կարող է չընդունել կամ անտեսել, այլ եկեղեցական իշխանության վճիռ, որով լուծվում են քահանայի տվչական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։
16. Քահանայագործելու իրավունքը բխում է ձեռնադրության ժամանակ Աստծուց ստացած շնորհներից: Սա գրասենյակային թույլտվության հարց չէ, աշխատանքային հարաբերություն չէ և հետևաբար՝ ենթակա չէ Եկեղեցուց դուրս որևէ աշխարհիկ կարգավորման։
17. Կարգալուծությամբ վերցվում է այդ իրավունքը, քանի որ իրավունք ծնող աղբյուրը՝ ձեռնադրությամբ ստացված շնորհը, տվողի կողմից հետ է վերցվում:
18. «Լուծում» բառը նկարագրում է կարգալույծ քահանայի շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք։
19. Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը»՝ ոչ թե մխիթարություն և առ Աստված ողորմության աղերս, այլ մարդկանց հանդեպ խաբեություն և հայհոյություն Սուրբ Հոգու դեմ:
20. Խաբեություն են նաև կարգալույծի կողմից խոստովանություն ընդունելը, մեղքերի թողություն տալն ու ապաշխարության կարգ նշանակելը։ Դրանք նույնպես անվավեր են։
21. Կարգալույծն իրավունք չունի գտնվելու Եկեղեցու դասում, ավանդատներում, էլ չասած՝ խորան բարձրանալու և եկեղեցական պարագաներին՝ սկիհին, մասնատուփին, մեռոնամանին, Ավետարանին ձեռքով դիպչելու։ Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և սրբապղծություն։
22. Կարգալույծն իրավունք չունի Ս. Հաղորդություն բաշխելու։ Դա նույնպես սրբապղծություն է։
23. Կարգալույծն իրավունք չունի հոգևորականի զգեստ հագնելու, լանջախաչ կրելու և այլն։ Դրանով նա միտումնավոր մոլորեցնում է մարդկանց։
24. Կարգալույծի քահանայագործելու նմանակումը (իմիտացիա) պարզապես վարչական սխալ կամ կարգապահական խախտում չէ, այլ հոգևոր կեղծիք, որը գայթակում է մարդկանց և նենգաբար հարվածում Եկեղեցու նվիրապետության հիմքերին։ Սրանք ծանրագույն մեղքեր են։
25. Կարգալույծները խաբում են պարզամիտ հավատացյալներին՝ նրանց մատուցելով «դատարկ բաժակ»։ Նրանք չեն փոխանցում Աստծո օրհնությունը, այլ մոլորվածներին իրենց ըմբոստությանն են մասնակից դարձնում։
26. Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգուն անվանեց «Ճշմարտության Հոգի» (Հովհ. 14:17): Իսկ կարգալույծը, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա Աստծո անունով կեղծիք է մատուցում։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլև ծանրագույն մեղք՝ սրբապղծություն:
27. Ճշմարտության Հոգու Անունը ստի և խաբեության մեջ օգտագործելը նշանակում է ուղղակիորեն հակառակել այդ Հոգուն։ Սա սրբապղծություն է, որովհետև կարգալույծը խաբեաբար Սուրբ Հոգու շնորհները սեփական անձին վերագրելու պատրանք է ստեղծում՝ մարդկանց մոլորեցնելու համար։
28. Եկեղեցական խորհուրդները (Մկրտություն, Պսակ, Ս. Հաղորդություն) կատարվում են Սուրբ Հոգու էջքով և ներգործությամբ։ Բայց այդ շնորհը տրվում է Եկեղեցու միջոցով՝ առաքելական հաջորդականությամբ, որից զրկվում են կարգալույծները:
29. Երբ մարդը կտրվում է առաքելական հաջորդականությունից (կարգալույծ է լինում), նրանից վերցվում է խորհուրդներ կատարելու իշխանությունը։
30. Շարունակելով խորհուրդներ և ծեսեր կատարել՝ նա փորձում է «գողանալ» Աստծո շնորհը (ինչը, իհարկե, անհնար է) կամ նմանակել ու կապկել։ Սա վկայում է այն մասին, որ կարգալույծը գիտակցաբար է ընտրում չարիքը:
31. Աստվածաշունչը վկայում է, թե ինչպես է չար ոգին Աստծո շնորհը չունեցողի, բայց դիվահալածության փորձ անողի վրա հոխորտում. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ եք» (Գործք 19:15):
32. Անվավեր «պատարագ» մատուցելով՝ կարգալույծները մարդկանց փրկության փոխարեն դատապարտություն են հրամցնում:
33. Կարգալույծի՝ որպես կեղծ «հոգևորականի» հանդես գալը ոչ միայն հոգևոր ապստամբություն է Քրիստոսի խորհրդական Մարմնի՝ Ընդհանրական Եկեղեցու դեմ, այլև բացահայտ սրբապղծություն և Քրիստոսի հոտի՝ հավատավոր ժողովրդի խաբեություն։ Նա վերածվում է «ոչխարի զգեստով հափշտակող գայլի» (Մատթ 7:15), որ հոտին առաջնորդում է դեպի հոգևոր կործանում։
34. Կարգալույծը, խաբելով հավատացյալին, նրան զրկում է Տիրոջ հետ իրական ս. հաղորդությունից։ Մարդը կարծում է, թե հաղորդ է դառնում Քրիստոսին, սակայն Նրա Մարմնի և Արյան փոխարեն պարզապես հաց ու գինի է ստանում՝ մատուցված մի ապստամբ սրբապիղծի կողմից։ Սա հոգևոր թույնով շարունակական սպանություն է, իսկ Սուրբ Հոգին է Կյանք տվողը։ Կյանքի փոխարեն կեղծիք ու խաբեություն մատուցելը հակառակություն է Սուրբ Հոգուն։
35. Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն աններելի է համարվում այն պատճառով, որ մարդը գիտակցաբար մերժում է ճշմարտությունը և փակում ապաշխարության դուռը։ Եթե անձինք գիտեն, որ իրենք կարգալույծ են, բայց շարունակում են ձևացնել, թե «հոգևորական» են, նրանք դառնում են հոգևորականի դերասան և գտնվում են գիտակցված չարիքի կերպարում։ Կարգալույծն այլևս չի լսում Սուրբ Հոգու ձայնը, որը կանչում է զղջման, այլ լսում է իր հպարտությամբ սնվող չարի կողմից խրախուսվող «ես» ի հրամանները միայն։ Սա հենց այն աններելի վիճակն է, որի մասին զգուշացրել է Տերը։
36. Հովհաննես Արճիշեցին գրում է. «Քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգևորականն իր կարգի մեջ է: Իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից և ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի: Կարգից լուծարումը վերաբերում է նաև օծումից լուծարելուն»:
37. Բաբկեն կաթողիկոս Կիվլեսերյանն իր «Քրիստոնեականը» աշխատության մեջ նշում է. «Խորհուրդները սկզբունքորեն անջնջելի են։ Բայց նրանք, ովքեր ուրանում են իրենց հավատքը՝ հավատք բառի քրիստոնեական և աստվածաբանական իմաստով, և հարում են ոչ քրիստոնեական կյանքի, ովքեր անաստված և հեթանոս են դառնում՝ ուրանալով իրենց քրիստոնեությունը, այնպիսիների վրայից ինքնին ջնջվում են կատարված խորհուրդները։
Դարձյալ՝ նրանք, ովքեր ձեռնադրությամբ և օծումով կարգ են ստացել և այլևայլ պատճառներով կարգազրկվել կամ ինքնակամ կարգաթող եղել, այնպիսիների վրայից խորհուրդը ջնջվում է»։
38. «Կանոնագիրք Հայոց» ում կանոնները հստակորեն մատնանշում են, որ կարգալուծությունը վերաբերում է քահանայական կարգին՝ իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում՝ օծումին։
Այսպիսով՝ անհրաժեշտ է հավատացյալ ժողովրդին հնարավորինս լայնորեն իրազեկել, լուսաբանել, որ զգուշանան և հեռու մնան կարգալույծների կեղծ ծիսակատարություններից։ Դրանք ոչ միայն կանոնական ապօրինություն են, այլև սրբազան խորհուրդների անարգում, ծանրագույն մեղքեր՝ գայթակղություն և սրբապղծություն։ Հավատացյալների համար այդ ամենը պարունակում է հոգևոր մեծ վտանգ։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ