Քրիստոնեությունը և հին ու նոր քաղքենիությունը

«Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը, և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով»
(Մատթ. 7.13):

Թեև «քաղքենի» բառը համեմատաբար վերջերս է սկսել շրջանառվել հայոց լեզվում՝ փոխառված ռուսերեն «мещанин» բառից, որն իր հերթին լեհերեն համանուն բառն է՝ քաղաքացի նշանակությամբ, բայց երևույթն աշխարհի պես հին է և բնավ չի սահմանափակվում քաղաքային բնակչությամբ: Ըստ բացատրական բառարանների՝ այն նշանակում է՝ 1. Ցարական Ռուսաստանում մանր առևտրականների, արհեստավորների, ցածր պաշտոնյաների քաղաքային դասին պատկանող անձ: 2. Նեղ՝ սահմանափակ հայացքների տեր մարդ, որ հետաքրքրվում է միայն իր մանր անհատական շահերով: 3. Հանգիստ՝ բարեկեցիկ կյանքի սովոր քաղաքացի:
ՀՍ հանրագիտարանում Ա. Ադիբեկյանի հեղինակած բովանդակալից, բայց կարճամփոփ բառահոդվածում կարդում ենք. «Հասարակության ստորին և վերին խավերի միջև քաղքենիների գրաված միջանկյալ դիրքը պայմանավորել է քաղքենիության հիմնական սոցիալական գծերի հակասականությունը. մի կողմից՝ թաքնված ճգնակեցություն և խնայողություն, ձևական ավանդապահություն, իր «փոքրիկ աշխարհի» հակադրումը ստորին խավերին (որոնց ատում է և, միաժամանակ, ձգտում նրանց, քանի որ նրանց շրջանում իրեն բարձրության վրա է զգում) և վերին խավերին (որոնց երազում է հասնել և ատում է, քանի որ իր համար անհասանելի են), մյուս կողմից՝ հարստությամբ փայլելու ձգտում (ինչ որ մեկից «առաջ անցնելու տենչ»), այն ամենին հետևելը, ինչը համարվում է «նորաձև», իրեն անմիջականորեն չառնչվող «բարձրագույն» թեմաների շուրջ շաղակրատելը: Քաղքենիությունը դրսևորվում է արվեստում (ծայրահեղ սենտիմենտալություն, մելոդրամատիկություն, երջանիկ վախճանով սյուժեներ), բարոյականության մեջ (կեղծ բարեպաշտություն), կենցաղում (ունևորությունը ցուցադրելու նպատակով ձեռք բերված «հավերժական» իրերով իրեն շրջապատելը), մտածելակերպում (երևույթներն ընկալելու և գնահատելու անքննադատականություն), արժեքային կողմնորոշումներում և իդեալներում («մարդ դառնալ», «ապրել, ինչպես բոլորը» ևն): Քաղքենիությանը բնորոշ է երկչոտ անսկզբունքայնությունը հասարակական քաղաքական կյանքում....»:

Չինացի մեծահռչակ իմաստուն Կոնֆուցիուսը որպես «քաղքենի» բառի նույնիմաստ հոմանիշ՝ օգտագործում է «ցածրոգի», «փոքր»՝ «գաճաճ» բառերը՝ ի հակադրություն «վեհանձն»՝ «ազնիվ» եզրույթների:

Ա. Իսահակյանը նյութապաշտության տարածմամբ մտահոգ և մարդկանց հոգեկան անձկությունների մատնվելու կանխազգացմամբ՝ հինկտակարանյան Ամոս մարգարեի նման ահազանգում էր «հոգու սովի» մասին. «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, // Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ....»։
Ցավալի է տեսնել քաղքենի հոգեբանության և աշխարհայացքի դրսևորումը յուրաքանչյուր մարդու վարքագծում, բայց առավել ցավալի է դրա օրըստօրե արմատավորումը ողջ հասարակության մեջ՝ որպես ապրելակերպ, որպես կյանքի իմաստ, մանավանդ ներկայումս՝ Արևմուտքի սպառողական հասարակության գաղափարախոսության և ապրելակերպի ուժգնացած ազդեցությամբ:

Դիպուկ է ռուս անվանի փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի՝ այս երևույթի բնութագիրը. «Մարդը, որը մերժում է գերբնական արժեքները, որն այլևս չի կամենում խոնարհվել սուրբ տաճարների, հավերժական գրքերի, մեծ անունների, չքնաղ բաների առաջ, որը պատկառանք չի տածում գեղեցկության և վեհանձնության, իմաստության, կենդանի պատմության մեջ ի հայտ եկող հավերժության առաջ, մարդը, որն աստվածացնում է իրեն, մարդկայինն ընդունում է որպես իր ամենանվիրական սրբություն, չգոյություն է, դատարկություն և քաղքենիություն»:

Քաղքենիություն բազմաշերտ երևույթի ամենից մերժելին, հոգեկործանը և ամեն ինչի նախասկիզբը, այնուամենայնիվ, ընչապաշտությունն է՝ մինչև իսկ տները փոքրիկ թանգարանների վերածելը, հարստանալու անհագ ծարավն ու այդ «պատրանքային երկրային դրախտը» վայելելու կիրքը: Հակառակ դրա՝ Աստվածաշունչը բազմիցս է մեզ հիշեցնում, որ ինչքն էլ, հարստությունն էլ, որքան էլ այսօր սեփականության վկայականները փաստեն մեր իրավունքները, ժամանակավորապես՝ մեզ պարտքով տրված բաներ են։ Ավելին՝ կյանքն էլ է անցավոր՝ մարդուն ժամանակավորապես՝ պարտքով տրված, որ ամեն վայրկյան կարող է հետ պահանջվել, ինչպես այդ մասին վկայում է Քրիստոսի «Անմիտ մեծահարուստի մասին» առակը. «Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»: Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում և ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա: Գիտեմ,— ասաց նա,— թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները ու ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքը. և ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր ու ուրա՛խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստուծով չի հարստանա»» (Ղուկ. 12.14—21):

Ավելին՝ Փրկչի վարդապետության համաձայն՝ «ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6.21), իսկ սիրտը մարդու էության կենտրոնն է, որից բխում են զգացմունքները, նախասիրությունները, խոսքերը, որոշումները՝ գործերով հանդերձ: Եվ «ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. 6.24):

Սողոմոն Իմաստունն իր «Ժողովող» գրքում փորձում է երջանկություն գտնել արեգակի ներքո, այսինքն՝ երկրային սահմաններում. «Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրի» (Ժող. 2.11): Բայց իզուր, քանզի ամեն վայելքից հետո մարդու բերանում մնում է միայն մոխրի համը՝ դատարկության դառը զգացումը. ահա այն եզրակացությունը, որին նա հանգում է իր որոնումների և փորձառության ավարտին: Ադամական մեղքով պայմանավորված անխուսափելի մահը, անվերջանալի տառապանքները՝ ծննդյան օրից սկսյալ, ծերությունն ու հիվանդությունները, ամենայն վայելքն ու ուրախությունը, հարստությունն ու մինչև իսկ իմաստությունը, որը բացահայտում է գեղեցկությամբ սքողված կյանքի այլանդակությունը, ուր ամեն ինչ, մարդու կամքից անկախ, ունի իր ժամանակը՝ «ծնվելու և մեռնելու, լալու և ուրախանալու, սիրելու և ատելու, պատերազմի և խաղաղության» (3.1—9), փխրուն, դյուրաբեկ, հեղհեղուկ են դարձնում մարդու երկրային երջանկությունը: Հետևաբար, ըստ աստվածաշնորհ հեղինակի, «ունայնություն ունայնությանց» է այս աշխարհում բացարձակ երջանկության որոնումը, որը և գալիք սերունդներին ավանդված մի խորհուրդ է՝ կյանքի իմաստի փնտրտուքի անդաստանում իրական ճշմարտության ուղին գտնելու: Եվ միայն Աստծո կամքի կատարումն է՝ անխուսափելի հատուցման հեռանկարով, որ, ըստ հեղինակի, կարող է մարդուն այս աշխարհում, թեկուզև սահմանափակ, երջանկություն պարգևել, թեև Հին Կտակարանում դեռևս հետմահու երկնային բերկրալի կյանքը սոսկ մարգարեության ձևով գոյություն ուներ: Պողոս առաքյալն էլ է զգուշացնում կյանքը հարստությամբ վայելելու վտանգների մասին. «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա. Տիմ. 6.9—10): Սուրբ Գիրքը հատկապես զգուշացնում է հարստությունն անօրինությամբ կուտակելու և զեխ կյանքով ապրելու վտանգների, ինչպես և դրանց հետևող անխուսափելի պատիժների մասին. «Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում» (Հակ. 5.4—6): Իսկ Զաքարիայի տեսած Թռչող գերանդու տեսիլքի խորհուրդը հրեշտակն այսպես է բացատրում մարգարեին. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ աշխարհի երեսին, որովհետև ամեն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործվի.... պիտի մնա նրանց տանը և պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը» (Զաք. 5.3—4):
Տերունական աղոթքը, ինչպես և բազմաբնույթ աղերսանքներից շատերը երբեք չեն օգտագործում «ես» անձնական դերանունը, այլ՝ «մեր» ը՝ որպես հավաքականության և սիրո դրսևորում: Բանն այն է, որ մարդը հասարակական էակ է և ի զորու չէ հասարակությունից դուրս ապրելու՝ բացառությամբ ճգնավորների, մենակյացների, որոնք այդ պակասը լրացնում են Աստծո երանելի ներկայության վայելմամբ: Իսկ հասարակության մեջ ապրելով՝ հասարակական բարիքները եսասիրաբար լիաձեռն քաղելը ավետարանական՝ իրար սիրելու պատվիրանի խախտումն է՝ հղի հասարակական ներդաշնակության և առողջ միջանձնական հարաբերությունների սասանմամբ և չափազանց վտանգավոր երկպառակություններով՝ կենցաղայինից մինչև քաղաքական: Ընդ որում՝ մարդու քաղքենիացումն սկսվում է հենց կրոնական ճշմարտությունների անտեսմամբ, ինչի հետևանքով մարդիկ հեռանում են լույսից, գիտելիքով հարստանալուց, իրար ծառայելուց, հետևաբար նաև՝ մեր ից՝ համայնքից, հասարակությունից, ազգից, Եկեղեցուց, ապա և՝ հանդուրժողականությունից, ներողամտությունից, մեծահոգությունից, անձնազոհությունից, հայրենասիրությունից՝ կյանքի իմաստն անձնապաստանաբար միայն սին, երկրային բարիքներ կուտակելը համարելով, թյուր ու կործանարար արժեքային համակարգ ձևավորելով և հուրախություն թշնամիների՝ հեշտ պառակտվելով:

Իսկ նրանք, ովքեր հին, նոր, նորագույն ժամանակներում ըմբոստացել և այսօր էլ դեռ ըմբոստանում են Եկեղեցու դեմ՝ պատճառն առիթից չտարբերելով, խաբելով իրենց, թե այդ բանը հանուն դավանանքի, գաղափարախոսության, գիտության կամ ինչ ինչ այլ բաների են անում, պետք է ճիշտ հետևություն անեն Ն. Բերդյաևի վերոբերյալ հոդվածի եզրափակիչ խոսքից. «Առջևում երկու ճանապարհ ենք տեսնում՝ իրար թշնամի երկու հակոտնյա ուժերի ուղի. մի կողմից՝ մարդկային ինքնաստվածացում և ինքնագոհություն, այս աշխարհի բարիքների պաշտամունք և համընդհանուր դիմազրկում, մյուս կողմից՝ ճշմարիտ Աստծուն ծառայություն, երկրայինը երկնայինի, ժամանակավորը հավերժականի հետ միավորում, անձի հաստատումն իր բացարձակ կոչմամբ»:

Աստվածաշնչի ուսուցմամբ՝ հարստությունը ոչ միայն վնասակար է, եթե հպարտացնում է մարդուն, զեխ ու շվայտ կյանքի պատճառ հանդիսանում, դառնում կյանքի միակ իմաստը, այլև ստրկացնում է, ինչպես ասում է Ս. Հերոնիմոսը. «Ով ստրկանում է հարստությանը, պահպանում է այն, ինչպես ստրուկը, իսկ ով թոթափել է իր ուսերից այս ստրկական լուծը, նա տնօրինում է դրան տիրոջ օրինակով»: Իսկ այս նույն հարստությունը, եթե ճիշտ ձեռքերում է և աստվածահաճ խորհուրդով է կիրառվում, երանվում է բազում օրհնություններով՝ որպես սիրո բարձրագույն դրսևորում հասարակության նկատմամբ, որպես Քրիստոսի՝ իրար սիրելու պատվիրանի կատարում (Հովհ. 13.34).

«Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: Տերը նրան կօգնի տառապանքի մահճում և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից» (Սաղմ. 40.2—4, տե՛ս նաև Մատթ. 5.7, Ա Տիմ. 6.17—19 ):

Այսօր աշխարհում իշխում է սպառողական գաղափարախոսությունը՝ ավանդական՝ ընտանեկան, ազգային և հոգևոր արժեքների մերժմամբ, և մոլորեցնում «քաղցր կյանքի» գայթակղիչ խոստումներով, բայց իրականում մարդ արարածին մատնում մենության՝ լավագույն դեպքում ծերանոցում մահը դիմավորելու հեռանկարով: Այն, որ շների ու կատուների և այլ կենդանիների ընկերակցությունն է ժամանակակից մարդու ընտանիքի փոխնյութն ու միակ մխիթարությունը դառնում, այն, որ զարգացած երկրներում ինքնասպանությունների և ընկճախտերի ու հոգեկան ուրիշ խանգարումների միջին վիճակագրականը գերազանցում է ավանդապահ երկրների նմանօրինակ ցուցանիշները, որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ երևույթ է այս գիտակցության կրողների համար: Իսկ այն, որ այս աշխարհը Աստվածաշնչում կոչվում է «տրտմության հովիտ» (Սաղմ. 83.7), պատահական չէ՝ ադամական մեղքով պայմանավորված տառապանքի ու մահվան մատնված մարդկության խորհրդով, մարդկություն, որի սիրտը նախածնողների մեղանչմամբ խաթարվեց, մարդու մեջ մանկությունից հաստատվեց մեղքի և չարի նկատմամբ հակումը, ինչն էլ, իր հերթին, Կայենի ձեռամբ իր եղբայր Աբելի սպանությունից ի վեր պատճառ դարձավ ազգամիջյան և քաղաքացիական անվերջանալի պատերազմների, ընտանեկան և հասարակական խժդժությունների, հարստահարությունների և իրար ստրկացնելու, բարիքների և ազդեցության ոլորտների վերաբաշխման համար անողոք պայքարի:
Ընդ որում՝ մի բան է քաղքենիության դրսևորումը խաղաղ ժամանակներում, մի այլ բան՝ օրհասական պահերին:

Սուրբ Գիրքը պատվիրում է սիրել իրար, հարգել, հոգ տանել մեկը մյուսի հանդեպ մեծահոգությամբ և անձնազոհությամբ, ինչպես Քրիստոս, հանուն մարդկության փրկության, չարչարվեց և խաչի վրա մահն ընդունեց. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

Գիրք գրոցում անձնազոհության՝ որպես սիրո բարձրագույն դրսևորման բազմաթիվ այլ դրվագներ էլ կան, ինչպես՝ գեղեցկուհի Հուդիթի և Էսթեր թագուհու արարքները, որոնք ժողովրդի օրհասական պահին, մահն աչքի առջև ունենալով, հերոսություն գործեցին և իրենց անունները հավերժացրին պատմության մեջ: Ուրիշ այլ բազմաթիվ հերոսների անուններ էլ կան և՛ Աստվածաշնչում, և՛ Վարք սրբոցներում, և՛ Հայոց ու համաշխարհային պատմության ու գրականության էջերում, խնկելի անուններ, որոնց անձնազոհության շնորհիվ փրկվում են ազգերը և նրանց նվիրական ժառանգությունները:

Աստված շարունակ հոգ է տանում մեր մասին, զորացնում ու մխիթարում մեզ, անձանձիր շնորհներ պարգևում: Եվ հենց այդ զորություններով էլ կարող ենք հաղթահարել մեր մեղքերն ու մոլությունները, շտկել սխալներն ու ձերբազատվել մոլորություններից, այդ թվում նաև՝ դժվարճանաչելի հոգեկործան քաղքենիության ճահճից, քանզի չարիքը հենց դա է՝ մեր տգիտությունը, մեր ծուռ արժեքային համակարգը: Իսկ Աստծո օգնությամբ թոթափելով այդ ամենը՝ մինչև իսկ կարող ենք մեր իսկ ձեռքերով մեր բաղձալի երկիրը կառուցել՝ այլ երկրներում ապրել երազելու փոխարեն, և այս աշխարհում ոչ միայն իրական խաղաղություն, այլև բարօրություն գտնել: «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. 7.14):

Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ