Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոսի դերը Խաչատուր Աբովյանի կյանքում

Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոսի դերը Խաչատուր Աբովյանի կյանքում 21.10.2026

Խաչատուր Աբովյանի կյանքում մեծ դեր և նշանակություն է ունեցել Սուրբ Էջմիածինը: Ծննդյան օրից Աբովյանի ծնողներն ուխտել էին նրան ծառայության տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նրանց ցանկությունն էր, որ իրենց զավակը հոգևոր կրթություն ստանա և ապագայում համալրի եկեղեցականների շարքը: 1819 թ. ապրիլին ինը տարեկան Աբովյանը հոր ուղեկցությամբ գալիս է Սուրբ Էջմիածին, նախ հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցու հետ: Հանդիպման ժամանակ հայրը թախանձագին խնդրում է Վեհափառին, որ իր զավակը՝ Խաչատուրը, ուսում ստանա Էջմիածնի վանական դպրոցում: Հայրապետը, Աբովյանի հոր խնդրանքին ի պատասխան, ասում է. «Քո հայրը առաքինի մարդ էր, ես և իմ վանքը նրա բարեգործությունների համար չափազանց երախտապարտ ենք…. Դրա համար էլ այժմ մեզ ուրախություն է այս երեխային ընդունելով՝ քո օջախին մի չնչին ծառայություն մատուցել»: Ապա դառնալով Խաչատուրին՝ օրհնում է նրան և ասում. «Մխիթարվի՛ր, զավա՛կս, այժմ հայրդ կգնա, իսկ մայրդ քեզ այլևս չի տեսնի. այսուհետև ես կլինեմ քո հայրը. մո՛տ արի, գրկի՛ր ինձ ու համբուրիր ձեռքս» (Պ. Հակոբյան, Խ. Աբովյան, Երևան, 1967, էջ 108):

Հենց ամենասկզբից պատանի Աբովյանն արժանանում է Եփրեմ Հայրապետի բարհաճ և ջերմ վերաբերմունքին, և դա տարիներ հետո վերածվում է փոխադարձ վստահության: Եփրեմ Կաթողիկոսը հավատարիմ է մնում իր հայրապետական խոստմանը՝ «….այսուհետև ես կլինեմ քո հայրը»: Այնքան խոր հետք է թողել Հայրապետը Աբովյանի կյանքում, որ տարիներ անց նրան բնութագրել է հետևյալ կերպ. «Հայերի մեջ մինչև այժմ էլ սուրբ համարվող բարերար և բարեպաշտ Կաթողիկոս Եփրեմը» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, Երևան, 1956, էջ 176—177): Իսկ մեկ այլ առիթով գրում է. «….պետք է պարզապես խոստովանեմ, որ նրա մի քանի չափազանց դաստիարակիչ խրատները, որ սովորություն ուներ տալ այդ պատկառելի ծերունին ինձ, մինչև օրս էլ այնքան թանկագին, այնքան հաճելի են եղել ինձ համար, որ ես չափազանց ապերախտ կլինեի, եթե դրանք մոռանայի» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VIII, էջ 306):

Աբովյանը Եփրեմ Կաթողիկոսի հետ ազգակցական կապ ուներ, և դա նույնպես նպաստել էր նրանց մտերմությանն ու ջերմ հարաբերությանը: Այդ բարեկամական, խորապես մարդկային փոխհարաբերությունների մասին Աբովյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում. «….Կաթողիկոս Եփրեմը մանկությանս տարիներին ինձ «իմ գառնուկ» էր անվանում, իսկ պատանեկությանս շրջանում, ներեցեք անհամեստ խոստովանությանս համար, ինձ համարում էր «իր Ռափայելը»» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 177): «Իր գառնուկն» էր անվանում՝ նրա հետ ունեցած ազգակցության, ինչպես նաև կարմրաթուշ, լիքը և թարմ տեսքի համար:
Եփրեմ Կաթողիկոսն աչքի ծանր հիվանդություն ուներ, և նրան անհրաժեշտ էր դեղ, որով հնարավոր կլիներ մեղմել խնդիրը: Նա դեղ բերելու խնդրանքով դիմում է Աբովյանին, և վերջինս, անսալով Հայրապետի խնդրանքին, գնում և բերում է: Այն պետք էր բերել Սարդարապատի բերդից, սակայն հարկ է նշել, որ այդ օրերին վերոնշյալ վայրում մոլեգնում էր սարսափելի ժանտախտ, որի պատճառով բազմաթիվ մարդիկ էին մահանում: Իրեն վտանգելով՝ Աբովյանը գնում է Սարդարապատ, գիշերում այնտեղ, ապա զինվորական բժիշկ Ալեքսեյ Ֆեոդորովիչ Տենյուկովից վերցնում դեղն ու բերում Մայր Աթոռ, և հենց այդ օրվանից Եփրեմ Կաթողիկոսը նրան անվանում է «իր Ռափայել»: Ճիշտ է, Աբովյանը վարակվում է ժանտախտով և մեկ ամիս տառապելուց հետո փրկվում, բայց կատարում է Հայրապետի ցանկությունը:
Իսկ ինչո՞ւ է Եփրեմ Կաթողիկոսը Աբովյանին անվանել «իր Ռափայել»: Այս անվանման հիմքը սուրբգրային է: Հին Կտակարանի Տոբիթ գրքում պատմվում է, թե ինչպես բարեպաշտ Տոբիթի որդի Տուբին Ռափայել հրեշտակի օգնությամբ գտնում է իր հոր տեսողության բժշկման դեղը (Տոբիթ Զ): Սուրբգրային այս վկայության օրինակով Եփրեմ Կաթողիկոսը Աբովյանին անվանում է «իր Ռափայել»՝ ցույց տալով իր հայրական սերն ու գնահատանքը նրա նկատմամբ:

Անչափ տպավորիչ է Եփրեմ Կաթողիկոսի և Խաչատուր Աբովյանի հրաժեշտի պահը, երբ Աբովյանը որոշել էր ուսման նպատակով թողնել Սուրբ Էջմիածինն ու մեկնել արտերկիր: Սակայն մինչև հրաժեշտի պահին հասնելը՝ Աբովյանը պետք է հաղթահարեր մի քանի ծանր ու դժվարին փորձություններ: Այդ ժամանակ Եփրեմ Կաթողիկոսն արդեն կուրացել էր և վատառողջության հետևանքով անգործունակ դարձել, իսկ Աբովյանի հեռանալուց մի քանի ամիս անց՝ 1830 թվականին, թողնում է Հայրապետական գահը: Ընդգծելու համար նրանց վերջին հանդիպման կարևորությունը Աբովյանի կյանքում՝ անհրաժեշտ է նաև ներկայացնել դրան նախորդող դեպքերն ու իրադարձությունները:

Վաղուց Աբովյանը երազում էր ուսման մեկնել, սակայն այն սկզբում միայն ցանկություն էր, որի մասին գրում է. «….ես գիտեի Եվրոպա, Մոսկվա և Վենետիկ անունները, որոնցից երկուսը՝ հատկապես նրա համար, որ այնտեղ էին գտնվում հայկական ամենալավ ուսումնական հաստատությունները: Դեպի նրանց, դեպի նրանց էր ձգտում հոգիս դյութական ուժով: 15 տարեկան հասակից հենց նրանք են եղել իմ անմոռաց երազանքները: Միջոցներ չունեի, և շատերին արած իմ խնդրանքը՝ ինձ այնտեղ ուղարկելու մասին, մնաց առանց որևէ ուշադրության, առանց հետևանքի՝ իմ օգտին: Ես ցանկանում էի ավելի շատ կրթություն ձեռք բերել, որպեսզի հետագայում հոգևորական կոչումը չկրեմ առանց գիտելիքների և արժանիքների» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 177):

Աբովյանի՝ արտերկիր մեկնելու և ուսում ստանալու ցանկության վրա մեծ հետք թողեց, դեռ ավելին, այն բորբոքեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը. «Հայտնվեց Պարրոտը՝ իմ փրկարար հրեշտակը: Տեսնելով բարությամբ լի նրա առաջին հայացքը՝ հոգիս զգաց իմ բարեկամ հովանավորին» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 178): Վերջինս 1829 սեպտեմբերի 8 ին գալիս է Սուրբ Էջմիածին՝ նպատակ ունենալով մի խումբ գիտնականների հետ Արարատի գագաթը բարձրանալու: Նրանց՝ Մայր Աթոռում եղած օրերին Աբովյանին կարգում են ուղեկից՝ հոգալու կարիքները: Ծանոթանալով Խաչատուրի հետ և տեսնելով նրա ունակությունները՝ Պարրոտը խնդրում է Կաթողիկոսին, որ Աբովյանը ևս միանա իրենց արշավախմբին՝ որպես վանքի ներկայացուցիչ: Ստանալով Հայրապետի օրհնությունը՝ Աբովյանը միանում է նրանց և բարձրանում Արարատի գագաթ. «Եվ Նոյան սրբազան լեռան կատարին Սուրբ Խաչի հետ միասին բարձրացան և՛ իմ ուխտն ու աղոթքը. բայց դեռևս հեռու էր այն վայրը, որտեղից ես պիտի դեպի Արարատը վերադառնայի՝ կանաչ ճյուղը ձեռքիս» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 178):

Արարատի գագաթ վերելքից հետո, երբ Աբովյանը հրաժեշտ է տալիս Պարրոտին, խնդրում է նրան պետական միջոցներ ձեռք բերել, որ կարողանա ուսումը շարունակել արտերկրում. «Պարրոտը մեկնեց՝ դեմքի սառը արտահայտությամբ և սառը եղանակով ասելով. «Կջանամ, բայց ոչ մի հաստատ բան Ձեզ խոստանալ չեմ կարող»: Ինձ միայն հարկավոր էր, որ նա իր երկաթյա կամքով միջնորդեր ո՛չ թե հոգևոր կոչումից, այլ մի քանի տարով ինձ իմ ծառայությունից ազատելու մասին» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 178):

Արդեն 1829 թ. նոյեմբերին Աբովյանը Սինոդին հատուկ խնդրագիր է ներկայացնում՝ խնդրելով օրինական կարգով թույլ տալ իրեն մեկնել արտերկիր՝ ուսման: Սինոդի անդամները խոստանում են նրան գարնանը իրենց հաշվին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միայն թե. «….թողնեի իմ մտադրությունը՝ հետևելու այդ լյութերականներին, որոնք չեն ճանաչում ո՛չ պահք, ո՛չ սրբերին» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 178): Այստեղ միջանկյալ նշենք, որ դեռևս 1821 թ. Աբովյանը, շնորհիվ Մայր Աթոռի միաբան և իր հեռավոր ազգակից Անտոն արքեպիսկոպոս Մուղնեցու ջանքերի, մեկնել էր Թիֆլիսի հայկական ուսումնարան՝ կրթությունն ավարտելու և ռուսերեն սովորելու: Չորս տարի հետո վերադարձել էր Էջմիածին և նշանակվել Սինոդի և Կաթողիկոսի քարտուղար ու թարգման միաժամանակ (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 177): Պետք է ասել, որ Մայր Աթոռի միաբանության համար Աբովյանի՝ Սուրբ Էջմիածնից հեռանալը մեծ կորուստ էր. դա էր պատճառը, որ ամեն կերպ փորձում էին նրան պահել այնտեղ: Օրինակ՝ երբ Վեհափառ Հայրապետը օտարազգի հյուրեր էր ունենում, Աբովյանը սովորաբար ներկա էր լինում և թարգմանում զրույցը:

Սակայն երբ Աբովյանը հասկանում է, որ Սինոդի անդամներն իրեն խոստացել էին ուսման ուղարկել միայն նրա համար, որ հետ կանգնի Պարրոտին հետևելու մտադրությունից, վճռում է թողնել Մայր Աթոռը: Նրա այս քայլը դժկամությամբ է ընդունվում Սինոդի կողմից, և ինչպես Աբովյանը գրում է. «Սինոդը, միաբանության ցուցակից ջնջելով իմ անունը, ինձ նզովք կարդաց՝ օրհնության փոխարեն….Վա՜յ նրան, ով դրանից հետո համարձակվեր ինձ նույնիսկ ողջունել: Մութ գիշերին, առանց մի կոպեկի, դուրս եկա վանքից և գիշերն անցկացրի փեսայիս տանը…. Ընկերս՝ այժմ Բեսարաբիայում ուսումնական քահանա Մսուրը, գաղտնաբար իր փոքրիկ մուշտակն ինձ ուղարկեց» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 178—179):

Տեղի ունեցած դեպքերի մասին Հովհաննես Ղրիմեցին ծածուկ լուր է տալիս Եփրեմ Կաթողիկոսին: Հայրապետը կարգադրում է Աբովյանին անհապաղ տալ արձակման թուղթ, և նույն Ղրիմեցու միջոցով ուղարկում է տասը ռուբլի արծաթ և ավելին՝ գիշերը հրավիրում է իր մոտ՝ հրաժեշտի: Աբովյանն այցելում է Եփրեմ Կաթողիկոսին, երբ վանքում բոլորը խոր քնի մեջ էին: Եփրեմ Հայրապետը՝ իբրև սիրող հայր, ընդունում է նրան և տալիս իր օրհնությունը:

Հայրապետի ջերմ խոսքերը անջնջելիորեն դաջվում են Աբովյանի հոգում. «Բուն նահապետական ժամանակների Աբրահամներին նմանվող այդ աստվածային ծերունու արտասուքն ու ձայնը տասնութ տարուց հետո՝ այսօր էլ թափանցում են մինչև սրտիս խորքը: «Մոտեցի՛ր ինձ, իմ Ռափայել,— ասաց նա ինձ արդար Իսահակի ձայնով, մի այնպիսի ձայնով, որ այժմ էլ ցնցում է իմ ամբողջ էությունը,— մոտեցի՛ր ինձ, բարեպաշտ Աբովի սիրասո՛ւն զարմ. բարի է քո նպատակը, և արգասավոր՝ քո ուղին, բայց խոստացի՛ր ինձ չմոռանալ հայրենիքդ և հայրենի Եկեղեցիդ. ահա՛ իմ ողջագուրանքը, ահա՛ իմ օրհնությունը, ահա՛ և քո արձակման գիրը, որ հանում է քեզ ո՛չ թե քո եղբայրակիցների շարքից, ո՛չ թե իմ սրտից, այլ ծառայությունից»» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 179):

Աբովյանը դժվարին կացության մեջ էր. գրեթե բոլորը նրանից երես էին թեքել՝ կյանքի նոր ուղի ընտրելու և Սուրբ Էջմիածնից հեռանալու համար: Սինոդի անդամներն իրենց ծանր խոսքերով խոցել էին նրա սիրտը, բայց Եփրեմ Կաթողիկոսն իր այս խոսքերով և վերաբերմունքով մեղմացնում է նրա հոգու և սրտի խոր ցավը: Հայրապետի օրհնությանը հաջորդում է նրանց հրաժեշտի պահը. «….դողդոջուն ձեռներով և հայրական սիրով գրկեց ինձ, համբուրեց, իր բարերար աջը տվեց համբուրելու, տվեց նաև արձակման թուղթը, և ես վեր կացա, հեռացա նրանից, որպեսզի նրա սուրբ, երանելի հիշատակը հավիտյանս օրհնեմ» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, էջ 179):

Ստանալով Վեհափառ Հայրապետի հայրական օրհնությունը՝ Աբովյանը 1829 թ. դեկտեմբերի 5 ին հեռանում է Սուրբ Էջմիածնից: Նա անգամ չի այցելում ծնողներին՝ հրաժեշտ տալու՝ պատճառաբանելով, որ չտեսնի նրանց մորմոքն ու արցունքները, թերևս նաև այն պատճառով, որ չլինի թե նրանց նկատմամբ տածած որդիական սիրուց հետ կանգնի իր ընտրած ուղուց:

Այս ամենով հանդերձ՝ հետագայում Աբովյանը Մայր Աթոռում իր անցկացրած տարիների մասին գրում է ջերմությամբ և գնահատանքով. «Էջմիածնում չէր մի՞թե, որ ես իմ կյանքում առաջին անգամ ճանաչեցի աշխարհը, մի աշխարհ, որ չնայած էությամբ միապաղաղ, բայց լի էր բազմազան տեսարաններով, զգայություններով, և՛ սրտակեղեք, և՛ հոգեպարար, և՛ սարսափելի, և՛ հաճելի իրադարձություններով, որ ես ապրել եմ՝ ինը տարեկան հասակից սկսած…. Հենց այստեղ էլ ես կազմեցի իմ առաջին ըմբռնումները կյանքի, աշխարհի մասին» (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. VII, 175—176):

Ինչպես տեսանք, Աբովյանը տարբեր առիթներով արժևորել է իր կյանքում Եփրեմ Կաթողիկոսի դերն ու նշանակությունը, և այդ հուշերը կարևոր են՝ բացահայտելու նաև Եփրեմ Ձորագեղցի Կաթողիկոսի կերպարը՝ Հայրապետական ծանր ու դժվար ծառայությունից զատ: Մեր առաջ հառնում է գորովագութ հայրը՝ լի բարությամբ և սիրով:

Արամայիս սրկ. ԱԶԻԶՅԱՆ
Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ