Հաբեթի սերնդաբանությունը

Հաբեթի սերնդաբանությունը 22.10.2026

Հաբեթը Նոյի երեք որդիներից էր։ Ծննդոց գրքում նրա անունը հիշատակվում է Նոյի արբեցության և Քամի անեծքի պատմության դրվագում, ապա՝ Նոյի սերնդաբանության մեջ՝ որպես Եգեյան ծովի, Անատոլիայի, Կովկասի, Հունաստանի և Եվրասիայի այլ երկրների ժողովուրդների նախահայր։ Միջնադարյան և ժամանակակից եվրոպական ավանդազրույցներում նա ներկայացվում է որպես եվրոպական ժողովուրդների նախահայր։

Հաբեթ անվան իմաստի շուրջ առաջացել են մի շարք լեզվաբանական վեճեր։ Անվան իմաստի երկու հնարավոր ստուգաբանական տարբերակ կա։ Առաջին՝ այն ծագում է արամերեն «պտհ» արմատից, որը նշանակում է «տարածել»։ Այս դեպքում անունը կնշանակի «թող Նա տարածի»՝ ըստ Ռաշիի (Շլոմո Յիցչակի, մոտ 1040—1105 թթ.) մեկնաբանության։ Երկրորդ՝ եբրայերեն «յպհ» արմատից բխեցնելու դեպքում այն կնշանակի «գեղեցկություն», և անվան իմաստը կլինի «գեղեցիկ»։

Հաբեթն առաջին անգամ հիշատակվում է Հին Կտակարանում՝ որպես Նոյի երեք որդիներից մեկը՝ փրկված ջրհեղեղից։ Ծննդոց գրքում Նոյի որդիները միշտ նույն հաջորդականությամբ են թվարկվում՝ Սեմ, Քամ և Հաբեթ։ Ծննդոց 9։24 ում Քամն անվանվում է «կրտսեր որդի», իսկ Ծննդոց 10։21 ում Սեմը հիշատակվում է որպես «Հաբեթի ավագ եղբայր»։ Ժամանակակից ուսումնասիրողների մեծ մասն ընդունում է, որ Սեմ—Քամ—Հաբեթ հաջորդական թվարկումն արտացոլում է նրանց ծննդյան կարգը, բայց դա միշտ չէ, որ այդպես է. Մովսեսն ու Ռաքելը նույնպես հայտնվում են նման ցանկերի սկզբում՝ չնայած նրանց՝ կրտսեր եղբայր քույր լինելու հստակ նկարագրություններին։ Այնուամենայնիվ, Հաբեթը ռաբբինական գրականության մեջ համարվում է Նոյի ավագ որդին։

Ջրհեղեղից հետո Հաբեթը հիշատակվում է Նոյի արբեցության պատմության մեջ։ Քամը տեսնում է Նոյին հարբած ու մերկ իր վրանում և պատմում է իր եղբայրներին, որոնք այնուհետև ծածկում են իրենց հորը թիկնոցով՝ ամաչելով նրա մերկությունից։ Երբ Նոյն արթնանում է, նա անիծում է Քամի որդուն՝ Քանանին, և օրհնում Սեմին ու Հաբեթին. «Օրհնյալ լինի Տերը՝ Սեմի Աստվածը, իսկ Քանանը նրան ծառա թող լինի։ Աստված ընդարձակի Հաբեթին, և նա Սեմի վրաններում բնակվի, իսկ Քանանը ծառա լինի նրան» (Ծննդ. 9։26—27)։ Ծննդոց գրքի 10 րդ գլխում նկարագրվում է, թե ինչպես է ջրհեղեղից հետո երկիրը բնակեցվում Նոյի որդիներով՝ սկսած Հաբեթի սերունդներից. «Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։ Գոմերի որդիները՝ Ասքանաս, Րիփաթ և Թորգոմա։ Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներն ու դոդացիները։ Սրանցից բաժանվեցին ծովեզրյա ազգերն իրենց երկրներով՝ ամեն մեկն իր լեզվով, իրենց ազգերով իրենց տոհմերում» (Ծննդ. 10։2—5):

Հաբեթը կարող է լինել հունարեն Iapetos անվան տառադարձությունը, որը հելլենական ժողովուրդների նախնին է: Նրա որդիներն ու թոռները բնակվում են Եգեյան ծովը, Հունաստանը, Կովկասն ու Անատոլիան ընդգրկող աշխարհագրական տարածքում՝ Հոնիա/Հավան, Հռոդոս/Ռոդանիմ, Կիպրոս/Կիտիմ և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վայրերում: «Հաբեթի օրհնության» իմաստը, կարծես, այն է, որ Հաբեթը (հունական ծագում ունեցող ժողովուրդ) և Սեմը (իսրայելացիները) համատեղ պիտի կառավարեին Քանանին (Պաղեստինը):

19 րդ դարից մինչև 20 րդ դարի վերջը Հաբեթը սովորաբար համարվում էր փղշտացիների հայր, որոնք իշխում էին Քանանի վրա Իսրայելի և Հուդայի նախամիապետական և վաղ միապետական շրջանում: Այս տեսակետը համապատասխանում էր Ծննդոց գրքի ծագման մասին ըմբռնմանը, համաձայն որի՝ այն գրվել է՝ սկսած Սողոմոն թագավորի ժամանակներից, երբ փղշտացիները դեռևս գոյություն ունեին (նրանք անհետացան պատմությունից ասորեստանցիների կողմից Քանանի նվաճումից հետո): Կան ապացույցներ, ըստ որոնց՝ փղշտացիները ծագել են Եգեյան ծովից եկած հույն ներգաղթյալների խմբից։ Ներգաղթյալների խումբը Քանանում բնակություն է հաստատել Ք. ա. մոտ 1175 թ.՝ ուշ բրոնզի դարաշրջանի փլուզման ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանք խառնվել են բնիկ քանանական հասարակությունների հետ և փոխառել նրանցից որոշ սովորույթներ՝ պահպանելով իրենց յուրահատուկ մշակույթը։ Այս տեսակետը գլխավորապես հիմնված է այն փաստի վրա, որ հնագետները Միջերկրականի ափամերձ հարթավայրերում և հարակից տարածքներում փղշտացիների ժամանակաշրջանին պատկանող շերտեր պեղելիս նյութական մշակույթի (արձանիկներ, խեցեղեն, կրակարաններ և այլն) նմանություններ են հայտնաբերել էգեյան հունական և փղշտացիների մշակույթի միջև, ինչը ենթադրում է ընդհանուր ծագում: Սակայն Ծննդոց 10։14 ը որպես փղշտացիների նախահայր նույնականացնում է Քամին, այլ ոչ թե Հաբեթին: Ծննդոց գրքում Հաբեթին վերագրվում են յոթ որդի՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել, Մեսեք և Թիրաս։ Հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսություններ» աշխատության մեջ (I.VI.122) նշվում է. «Նոյի որդի Հաբեթն ուներ յոթ որդիներ. նրանք բնակություն հաստատեցին այնպես, որ սկսած Տավրոս և Ամանոս լեռներից՝ շարունակեցին Ասիայի երկայնքով մինչև Թանայիս (Դոն) գետը և Եվրոպայի երկայնքով՝ մինչև Կադիզ (ներկայումս՝ իսպանական քաղաք)։ Բնակվելով այն հողերում, որոնց վրա նախկինում ոչ ոք չէր բնակվել, ազգերը կոչեցին իրենց անուններով»։

17 րդ դարում թալմուդյան ռաբբիների կողմից գրված «Սեֆեր Հայաշար» ում («Հաշերի գիրք») Հաբեթի թոռներին վերագրում են որոշ նոր անուններ, որոնք չկան Հին Կտակարանում, և ներկայացվում է շատ ավելի մանրամասն տոհմաբանություն։ Հրեական ավանդապատումներում Աբրահամի կինը՝ Քեթուրան, երբեմն համարվում է Հաբեթի ժառանգ։

Ք. հ. 7 րդ դարում իսպանացի արքեպիսկոպոս և գիտնական, «հին աշխարհի վերջին գիտնական» համարվող Իսիդոր Սևիլացին գրեց իր հայտնի հանրագիտարանային պատմական տրակտատը՝ «Ստուգաբանություն» (Etymologiae) վերնագրով, որտեղ նա եվրոպական ժողովուրդների մեծ մասի ծագումը հետագծում է մինչև Հաբեթ։ Գրեթե եվրոպական բոլոր ազգերի գիտնականները մինչև 19 րդ դար շարունակել են կրկնել և զարգացնել Իսիդոր Սևիլացու պնդումը՝ եվրոպացիների՝ Հաբեթից ծագելու մասին։

Անգլիայի ազգային բանաստեղծ, դերասան դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Հենրի IV» պիեսի երկրորդ մասը պարունակում է հեգնական մեկնաբանություն այն մարդկանց մասին, որոնք պնդում են, որ ազգակցական կապ ունեն թագավորական ընտանիքների հետ։ Արքայազն Հալը նշում է նման մարդկանց մասին. «....նրանք կամ մեզ ազգակից կլինեն, կամ էլ Հաբեթից առաջացած կլինեն» (II.ii 117—18)։

Վրացի պատմաբան և լեզվաբան Իվանե Ջավախիշվիլին (1876—1940 թթ.) Հաբեթի որդիներին կապում է որոշակի հին ցեղերի՝ թուբալների (թաբալներ, հունարեն՝ տիբարենո) և մեշեխների (մեշեխներ/մոսոխներ, հունարեն՝ մոսկո) հետ, որոնք պնդում էին, որ ներկայացնում են ոչ հնդեվրոպական և ոչ սեմական, հնարավոր է՝ «նախաիբերական» ցեղերին, որոնք բնակվել են Անատոլիայում Ք. ա. 3—1 ին հազարամյակներում։

Լեհական սարմատիզմի ավանդազրույցներում սարմատները, որոնք իրանական ժողովուրդ են, համարվում էին Նոյի որդի Հաբեթի սերունդը, ինչը թույլ էր տալիս լեհ ազնվականությանը հավատալ, որ իրենց ծագումը կարող է ուղղակիորեն կապված լինել Նոյի հետ։ Շոտլանդացի ժողովրդի՝ Հաբեթից սերված լինելու մասին պատմությունը հրատարակել է Ջորջ Չալմերսը «Կալեդոնիա» աշխատությունում 1807—1824 թվականներին։

Իսլամական ավանդույթում Հաբեթը սովորաբար համարվում է Գոգ և Մագոգ ցեղերի նախնին: Իսլամական ավանդույթը նաև հակված է Հաբեթի սերունդներին նույնականացնել թուրքերի, խազարների, չինացիների, մոնղոլների և սլավոնների հետ: Ըստ Աբուլ Ղազիի, որը գրել է 17 րդ դարի ազգագրական տրակտատը՝ «Շաջարա ի Տարակիմա» ն («Թուրքմենների տոհմաբանությունը»), Քամի սերունդները գնացել են Աֆրիկա, Սեմինը՝ Իրան, իսկ Հաբեթինը՝ Իտիլ (Վոլգա — Եվրոպայի ամենաերկար գետը) և Յաիկ (Ուրալ) գետերի ափերը։

Հաբեթի ավագ որդին Գոմերն էր՝ Ասքանասի, Րիփաթի և Թորգոմայի հայրը։ Գոմեր անվանումը Հին Կտակարանում հիշատակվում է նաև Եզեկիելի գրքի 38։6 ում՝ որպես Գոգի՝ Մագոգ երկրի առաջնորդի դաշնակցի:

Հովսեփոսը Գոմերին և «գոմերացիներին» տեղակայել է Անատոլիական Գալաթիայում. «Քանզի Գոմերը հիմնադրել է նրանց, որոնց հույները հիմա անվանում են գալաթացիներ, բայց այն ժամանակ կոչվում էին գոմերացիներ»։ Գալաթիան, ըստ էության, իր անունն ստացել է հին գալլերից (կելտերից), որոնք բնակություն են հաստատել այնտեղ։ Սակայն ավելի ուշ շրջանի քրիստոնյա գրող Հիպոլիտոս Հռոմեացին մոտ 234 թ. Գոմերին համարել է կապադովկացիների՝ գաղատացիների հարևանների նախնին։ Հերոնիմոսը (մոտ 390), Իսիդոր Սևիլացին (մոտ 600) նույնպես հետևել են Հովսեփոսոսի կողմից Գոմերի՝ գաղատացիների, գալլերի և կելտերի հետ նույնականացմանը։

Ըստ հայերի ծագման վրացական ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր Քարթլոսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ՝ սերելով մի հորից՝ Թորգոմից։ Թորգոմը՝ Գոմերի որդին, հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի հայրն էր, Հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացու գրի առած ազգացանկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Եզեկիել մարգարեն հիշատակում է վաճառաշահ «Թոգարմա տունը» (Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ՝ «տուն Թորգոմայ»), որը Տյուրոս քաղաքի վաճառանոցը լցնում է ձիերով ու ջորիներով. «Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց» (27։14)։ Աստվածաշնչի հին մեկնիչները «տուն Թորգոմայ» կամ «Թորգոմական աշխարհ» ասելով՝ հասկացել են գլխավորապես Հայաստանը։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո Թորգոմը որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է, և տարածքը, որտեղ բնակվում էին, չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները՝ Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան։ Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրներն սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել՝ իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց։

Հաբեթի երկրորդ որդին Մագոգն էր։ Եզեկիելի գրքում նշվում է, որ Մագոգի հեթանոս ժողովուրդն ապրում էր «աշխարհի հյուսիսում» և փոխաբերաբար ներկայացնում է չարի ուժերը, ինչն այն կապում է ապոկալիպտիկ ավանդույթների հետ: Մագոգի երկրի մասին Եզեկիելի մարգարեություններում (38—39 րդ գլուխներ) Գոգն ու Մագոգը փոխկապակցված են հիշատակվում։ Նոր Կտակարանում այս զույգին հանդիպում ենք Հայտնություն 20։7—8 ում («Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է»), և այս դեպքում նրանք կարող են պարզապես լինել Աստծո նախատիպային թշնամիների փոխաբերություններ։ Հովսեփոսը Հաբեթի որդի Մագոգին անվանում է սկյութների կամ Սև ծովից հյուսիս գտնվող ժողովուրդների նախահայր։ Նրա խոսքով՝ հույները Սկյութիան անվանում էին Մագոգիա։ Եզեկիել 38 ում ցեղային անունների թվարկման հերթականության ուսումնասիրությունից բխող այլընտրանքային նույնականացման համաձայն՝ Մագոգը պետք է որ տեղորոշվի Կապադովկիայի և Մարաստանի միջև։ Ռաբբի Շլոմո Գանցֆրիդի (19 րդ դար) խոսքերով՝ Մագոգը վերաբերում է մոնղոլներին։ Նա մեջբերում է արաբ գրողի, որը Չինական Մեծ պարսպին անվանում է «Մագոգ»։

Աստվածաշնչագետները, ընդհանուր առմամբ, Նոյի երրորդ որդի Մադային նույնացնում են շատ ավելի ուշ շրջանի գրառումներում հանդիպող իրանցի մարերին։ Մարացիները, որոնց Հովսեփոսը և հետագա գրողների մեծ մասը համարում են Մադայի սերունդները, հայտնի էին նաև որպես Մադա, այդ թվում՝ ասորական և եբրայերեն աղբյուրներում։ Մադայի հետ կապված է նաև իրանական Համադան քաղաքը։ Ենթադրյալ կապ կա նաև հունական Մեդոսի և Մեդեայի հետ։ Մեդոսը և նրա մայրը՝ Մեդեան, դասական հունական դիցաբանական պատմության մեջ նույնպես համարվում էին մարերի նախնիներ։ Քրիստոնյա գիտնականները առաջարկել են եբրայական Մադայի և հունական Մեդոսի կապը դեռևս Իսիդոր Սևիլացու ժամանակներից (Etym. 9.2.28):

Հաբեթի չորրորդ որդին Հավանն էր։ Նրա անունը, ընդհանուր առմամբ, կապվում է հին հույների և Հունաստանի հետ (հմմտ. Ծննդ. 10։2, Դան. 8։21, Զաք. 9։13 և այլն), նրա որդիների անունները (ինչպես նշված է Ծննդոց 10 ում) սովորաբար կապվում են Հյուսիսարևելյան Միջերկրական ծովի և Անատոլիայի վայրերի հետ՝ Եղիսա (Կիպրոս), Թարսիս (Տարսոնը Կիլիկիայում, բայց 1646 թվականից հետո հաճախ նույնացվում է Իսպանիայի Տարտեսոսի հետ), Կիտիմ (նաև Կիպրոս) և Դոդանիմ (այլ կերպ՝ Ա Մնաց. 1։7 ում՝ «Ռոդանիմ». Հռոդոս կղզին, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայից արևմուտք՝ Կիպրոսի և Հունաստանի միջև):

Հաբեթի որդիներից հինգերորդը Թոբելն էր, որ ավանդաբար, ըստ առաջնային աղբյուրների, համարվել է կովկասյան իբերացիների (վրացիների նախնիների) հայրը։
Մյուս որդի Մեսեքի անունը (եբրայերեն՝ Մեշեք, «թանկարժեք») Աստվածաշնչում հանդիպում է Ծննդոց 10։2 ում և Ա Մնացորդաց 1։5 ում։ Եզեկիել 38։2 ում և 39։1 ում Մեսեքը հիշատակվում է Թոբելի հետ միասին՝ որպես Մագոգի իշխան, և համարվում է հաբեթյան ցեղից։ Հովսեփոս Փլավիոսի կողմից Մեսեքը նույնացվում է կապադովկյան «մոսոքենիների» (մուշկի, որը նաև կապված է փռյուգիացիների կամ բրիգացիների հետ) և նրանց մայրաքաղաք Մազակայի հետ։ Հիպոլիտոս Հռոմեացու տարեգրության մեջ (Ք. հ. 234) «իլիրացիները» նույնացվում են Մեսեքի սերունդներին։ Բացի այդ՝ վրացիներն ունեն ավանդապատումներ, որոնց համաձայն՝ նրանք և այլ կովկասցի ժողովուրդներ, ինչպես հայերը, սերում են Մեսեքից (վրացերեն՝ Մեսխեթի), Թոբելից և Թորգոմայից։

Հաբեթի վերջին որդին Թիրասն էր։ Նրա ցեղի աշխարհագրական տեղանքը երբեմն գիտնականների կողմից կապվում է թերշիների կամ Թիրսայի հետ, որոնք ծովային ժողովուրդների՝ «թիրսենների» (տիրենացիներ) խմբերից էին. ռազմածովային միություն, որը Ք. ա. 1200 թ. ահաբեկում էր Եգիպտոսին և միջերկրածովյան այլ երկրների։ Այս ծովային ժողովուրդները Ռամզես III ի արձանագրության մեջ անվանվում են «Տուրշա», իսկ Մերնեպտահի սյան վրա՝ «Ծովի Թերեշ»։ Որոշ ուսումնասիրողներ Թիրասը կապում են Թրակիայի կամ էտրուսկների հետ։ 1838 թ. գերմանացի աստվածաբան Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Տուխն առաջարկեց Տիրասը նույնացնել էտրուսկների հետ, որոնք, ըստ հունական և հռոմեական աղբյուրների, ինչպիսին է Հերոդոտոսը (I, 94), Լիդիայում ապրել են որպես տիրսենոներ՝ նախքան Ք. ա. 8 րդ դարում Իտալիա գաղթելը։ Հովսեփոսը գրում է, որ Թիրասը եղել է «թիրասացիների» (թրակիացիների) նախնին, որը «կրակի մազերով» (կարմիր կամ շիկահեր) ժողովուրդ էր՝ ըստ Քսենոփանեսի («Հրեական հնախոսություններ», I, 6): 5 րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացին հայ ազգի հիմնադիր Հայկին ներկայացնում է որպես Թիրասի թոռան։

Այսպիսով՝ Նոյի որդի Հաբեթը համարվում է հյուսիսային (Կովկաս, Փոքր Ասիայի հյուսիս, Սև ծովի շրջակայք) և արևմտյան (Եվրոպայի մեծ մասը) ժողովուրդների նախահայրը։ Նրա սերունդները տարածվել են աշխարհագրական լայն տարածքներում՝ ձևավորելով բազմաթիվ ազգեր և մշակույթներ։ Հաբեթի տոհմը Աստվածաշնչում ներկայացվում է որպես մարդկության բազմազանության և ազգերի ձևավորման կարևոր հիմք։ Այս ավանդությունը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովուրդների ծագման վերաբերյալ աստվածաշնչյան պատկերացումներում։

Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ