Հովհաննես Թումանյանի կյանքի ուշագրավ էջերից

Հովհաննես Թումանյանի կյանքի ուշագրավ էջերից 22.10.2026

Հովհաննես Թումանյանի մասին հուշագրական զգալի ժառանգություն է ստեղծված։ Առանձնանշելի են «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Ն. Թումանյանի «Հուշեր և զրույցներ» գրքերը։ Թումանյանի մասին հուշեր առկա են նաև նրա ժամանակակիցներին նվիրված հուշապատումներում («Ղազարոս Աղայանը ժամանակակիցների հուշերում», «Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում», Վախթանգ Անանյանի հուշագրումներում, «Ռոմանոս Մելիքյանը ժամանակակիցների հուշերում» «Մեծերը մեծերի մասին» գրքում և այլն): Օրինակ՝ հուշագիրներ Մ. Նարյանը, Ռ. Լուսինյանը, Վ. Բալյանը, Հ. Պողոսյանը, Բ. Ջանյանը, Լ. Հախվերդյանը «Ավետիք Իսահակյանը ժամանակակիցների հուշերում» գրքի տարբեր էջերում Իսահակյանի դիմանկարին զուգահեռ ներկայացնում են Հ. Թումանյանի դիմանկարի որոշ նրբերանգներ: Բանաստեղծի մասին ուշագրավ հիշողություններ կան նաև Մ. Թումանյանի «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» գրքում և Գ. Մահարու «Պատանեկություն» վիպակում: Թումանյան բնորդը կերպավորվում է նաև հարազատների, գրողների, մտերիմների ու գործընկերների նամակներում և օրագրերում: Նշենք, որ հուշագրության որոշ բնագրեր հյուսվում են երկու անձերի շուրջ ևս. օրինակ՝ Մ. Աղայանի «Ղազարոս Աղայանն ու Հովհ. Թումանյանը» հուշագրությունը:

Հուշերում Հ. Թումանյանի դիմանկարն ամբողջանում է մի քանի սկզբունքներով, որոնցից էականը թերևս հուշագրի առաջին տպավորությունն է: Այս առումով նկատելի են ուշագրավ փաստեր. հուշագիրների մեծ մասն իբրև սկիզբ արձանագրում է բանաստեղծի հետ իր առաջին հանդիպումը, ինչը անմոռանալի տպավորություն է թողնում: Հեղինակի հիշողության հոսքերում Հ. Թումանյան բնորդը նախևառաջ ներկայանում է իր արտաքին նկարագրով: «Թումանյանին ես առաջին անգամ տեսա հեռվից, Սոլոլակի Սերգեևսկայա փողոցում,— հիշում է Դ. Դեմիրճյանը, ապա անմիջապես անցնում բանաստեղծի արտաքին նկարագրությանը:— Արագ, մեծ քայլերով գնում էր նա…. Մուգ դեղնագույն վերարկու ուներ հագին՝ նույն կտորի հաստ հետնագոտիով, ահագին մի ձեռնափայտ՝ առանց գլխի: Սև շլյապան հովանի էր անում կիսաժպտուն, երազալից դեմքին» (Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 1969, էջ 22):

Հուշ դիմանկարները սովորաբար սկսվում են «առաջին անգամ տեսա/ծանոթացա», «առաջին հանդիպում/ծանոթություն», «ճանաչում էի», «հիշում եմ» կառույցներով, որոնք հաստատապես կարելի է համարել հուշագրությանը բնորոշ կաղապարային միավորներ: Ուշագրավ է, որ հուշագիրները քանիցս առիթ են ունեցել շփվելու և հաղորդակցվելու բանաստեղծի հետ, սակայն որոշակի օրինաչափությամբ գրեթե բոլորն իրենց հուշերը շարադրում են՝ մատնանշելով և ընդգծելով առաջին հանդիպումը:

Բնագրի սկզբնամասում հուշագիրները կերպարագծում են Հ. Թումանյանի դիմանկարը՝ արտաքին բարեմասնությունների հաշվառումով՝ երբեմն առանձնացնելով նրա աչքերը, դեմքը, ժպիտը, հայացքը, կազմվածքը, ձայնը, քայլը և այլն. «Առաջին հանդիպումով շատ հաճելի տպավորություն ստացա Թումանյանից…. Նրա դեմքը ողողված էր, կարծես, մի ներքին լույսով: Փարթամ մազերով, աչքերը խոր ու խոհուն: Ժպիտը միշտ ներկա էր դեմքի վրա» (Ա. Իսահակյան, էջ 7):

Գ. Մահարին «Պատանեկություն» վիպակում ներկայացնում է ակնթարթային առաջին տպավորությունը. «Խաչ փողանից սրընթաց մի կառք անցավ: Ես տեսա մի ժպտուն, ալեզարդ դեմք:

Հովհաննես Թումանյանն է,— ասաց Աղասին:

«Գառնիկ ախպե՜ր»… » (Գ. Մահարի, Երկերի ժողովածու, հ. 5, Ե., 1989, էջ 386):

Հ. Թումանյանի դիմանկարն ամբողջանում է նաև բնավորության գծերի նկարագրումով. «Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ» (Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե., 1969, էջ 45):

Հուշերում Հ. Թումանյանին տեսնում ենք Թիֆլիսում, Էջմիածնում, Դսեղում, Վանում և այլուր: Գործողությունները հաջորդում են միմյանց, որոնց կենտրոնում Թումանյանն է, և որոնք դառնում են բանաստեղծի դիմանկարի ձևավորման մյուս տարրերը: Հետաքրքրական է և նույնիսկ կարևոր, թե հուշագիրը ե՛րբ և որտե՛ղ է հանդիպում բնորդին: Այս դեպքում տարածաժամանակային ընդգծումը նորովի է բացահայտում մարդ, բանաստեղծ, ազգային հասարակական գործիչ Հ. Թումանյանին: Այսպես. բանաստեղծին ներկայացնելով թիֆլիսյան միջավայրում՝ հուշագիրն անդրադառնում է նրան՝ ոչ միայն իբրև Հայ գրողների ընկերության նախագահի, այլև ժողովուրդների բարեկամության ջատագովի, ազնիվ մարդու, սիրառատ հոր, նվիրյալ ընկերոջ, սկզբունքային հայի: «Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում,— գրում է Գ. Լևոնյանը.— նրա մոտ լինում էին զանազան ուղղությունների և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ոչ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում...» (ԹԺՀ, 445):

Հուշերից տեղեկանում ենք, որ 1908 թ. երգահան Ռոմանոս Մելիքյանը Թիֆլիսում զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, հանդիպումներ ունենում հայ մտավորական աշխարհի ներկայացուցիչների հետ, կազմակերպում երաժշտագետների մի խմբակ՝ «Երաժշտական լիգա» անունով: Խմբակի ծնունդը ողջունում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Անմոռանալի էին նրանց հանդիպումները՝ ծիծաղաշարժ դրվագներով լի: Թումանյանը նույնիսկ կատակով ցանկություն է հայտնում ընդունվելու երաժշտական այդ խմբակը՝ ստանալով Ռ. Մելիքյանի օրհնությունը: Այցելելով Դսեղ՝ երգահանը Հ. Թումանյանի հետ շրջել է Լոռվա աշխարհում, այնտեղից ոտքով հասել Դիլիջան և ժողովրդական երգեր ժողովել (տե՛ս Ռոմանոս Մելիքյանը ժամանակակիցների հուշերում, Ե., 1977):

Թումանյանը շատ էր ծանրաբեռնվում հասարակական գործերով՝ հատկապես Գրողների ընկերությունում: Նա պարբերաբար գրական երեկույթներ և աշուղների մրցումներ էր կազմակերպում: «Այնպես պիտի անեմ,— գրում էր Թումանյանը,— որ Թիֆլիսի և ողջ Կովկասի հայությունը ճանաչի ու սիրի մեր գրականությունը…., որ Սայաթ Նովայի տարեդարձին գրողները ծաղկեփնջերով շքերթ կազմեն դեպի նրա շիրիմը ու վարդերով զարդարեն վարդերի սիրահար մեծ աշուղի գերեզմանը» (ԹԺՀ, 407—408):

Հուշերում բնութագրվում է Մեծ լոռեցու բանավոր խոսքը. Թումանյանը խոսքի մեծ վարպետ էր. «Բանավոր Թումանյանը մի քանի հասակով ավելի բարձր էր, քան գրավոր Թումանյանը: Նրա խոսքի պարզությունը բխում է մտածման պարզությունից» (ԹԺՀ, 138—139):

Հ. Թումանյանը եղել է առակներ, անեկդոտներ պատմելու վարպետ. «Ասում էր, խոսում, կենացներ խմում և ամեն կենացի ու առիթի զանազան դեպքեր, անեկդոտներ պատմում» (ՆԹՀԵՎԶ, 43): Նա Լոռվա գյուղացիների կյանքից շատ սրախոսություններ, կատակներ է հյուսել, նույնիսկ որոշել է դրանք տպագրության հանձնել: Ս. Հովյանը «Մեր Ուհանեզը» հուշագրության մեջ ներկայացնում է լոռեցի և աշտարակցի հնձվորների անեկդոտի՝ Հ. Թումանյանի տարբերակը. «Դսեղ, Օձուն, Մարց, Ագարակ, Բերդ Ամրակից, Գյուլագարակ: Այստեղ Հովհաննեսը ավելացրել է. «Ամանը դատարկ», այսինքն՝ լոռեցին ոչ միայն յոթ գյուղի անուն է տալիս շուտ շուտ, այլև հենց ասելու ժամանակ էլ մածունն ուտում է» (ԹԺՀ, 260):

Նկարագրություններում բանաստեղծի ուղղակի խոսքերի հիման վրա հուշագիրները տալիս են Թումանյանին բնորոշ սեղմ բնութագրություն, որ հետագայում ձեռք է բերում շրջասական արժեք: Օրինակ՝ «խոսքի և զրույցի կախարդ» (էջ 114), «բերանացի պատմությունների գուսան» (էջ 87), «թամադա ամենայն հայոց» (էջ 452), «գրչի մեծ վարպետ» (էջ 449), «հայոց մեծ վշտի երգիչ» (էջ 129), ««ձեռաց» (էքսպրոմտ) գրող» (էջ 293) և այլն:

Հ. Թումանյանին նվիրված գեղարվեստական վավերագրության խոսքաշարը կառուցված է նաև հեգնանքի դրսևորումներով։ Հեգնանքը գրողի հուզական վերաբերմունքի արտահայտություն է. «Երբ դասախոսությունը վերջանում է, Թումանյանն ասում է մի կարճ խոսք խորագույն հեգնական ժպիտով.
— Ես կարծում էի, որ ես Պոլիսը չեմ ճանաչում, բայց բանից դուրս է գալիս, որ Պոլիսն էլ ինձ չի ճանաչում» (ԹԺՀ, 149):

Հուշագրության էջերում Ամենայն հայոց բանաստեղծը հանդես է գալիս նաև որպես ընտանիքի հայր և դաստիարակ: Նա իր զավակներին խորհուրդ էր տալիս, որ յուրաքանչյուրն իր համար հիշատակարան պահի և տպավորությունները կյանքից ու կարդացած գրքերից ամեն օր գրի առնի: 1901 թ. Ուրավելից նա գրում է. «Սիրելի՛ Մուշեղ, Աշխեն և Նվարդ, ձեր հիշատակարաններն այնքան կարճ են, որ ավելի շուտ մոռացարաններ են, քան թե հիշատակարաններ: Ամենից լավը Նունիկինն էր, որ կորել էր…. Ես երևակայում եմ, թե ինչքան բաներ կային մեջը գրած: Դուք հիշատակարան գրել չգիտեք: Որ գնում եք մի տեղ, նայեցե՛ք, թե ինչն է ամենից ավելի ձեր ուշադրությունը գրավում՝ մարդիկ, բնությունը, բնության ինչ տեսակ լինելը, մարդկանց ինչ տեսակ կյանքը, մի խոսքով, ամեն բան, ինչ որ ձեզ վրա տպավորություն է անում՝ ուրախ թե տխուր, ամեն բան պետք է նշանակեք» (ՆԹՀԵՎԶ, 22):

Անուղղակի ձևով են հյուսված Վախթանգ Անանյանի հուշերը Հ. Թումանյանի մասին: «Ճերմակ դրոշակակիրը» հուշագրության մեջ հեղինակը ներկայացնում է հոր պատմությունները. «Առանձնապես մոտ էինք Դսեղի սարվորներին: Հայրս հաճախ էր խոսում այն բարեկամական կապի մասին, որ շատ հնուց եղել է Թումանյանների և Անանյանների նահապետական ընտանիքների միջև: Նրանք իրենց գյուղում էին ազդեցիկ, նշանավոր օջախ, մերոնք՝ մեր գյուղում: Վարդավառի տոնին կամ մերոնք էին յոթ եղբայրներով, ձիերը հեծած, մեծ թափով ու շուքով հյուր գնացել Դսեղի սարը, կամ Հովհաննես Թումանյանի ավագ եղբայրներն են մերոնց հյուր եկել» (Վախթանգ Անանյան, Հուշագրումներ, Ե., 1984, էջ 309—310):

Հայտնի է, որ Թումանյանը երկու անգամ՝ 1914 ի նոյեմբեր—դեկտեմբերին և 1915 ի հունիսին, եղել է Արևմտյան Հայաստանում, տեսել հայ ազգի ողբերգությունը: Առաջին անգամ հայոց բանաստեղծը՝ իբրև Ազգային բյուրոյի կենտրոնական կոմիտեի անդամ, Շիրվանզադեի, Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խունունցի և հոգևոր այլ այրերի հետ մեկնում է ռազմաճակատ՝ պարզելու ճշմարտությունը ռազմի դաշտ կամավոր մեկնած հայորդիների մասին. պտտվում էին ստահոդ լուրեր, թե ռուսական բանակում կռվող հայ կամավորները զբաղված են կողոպուտով և սպանում են քուրդ և թուրք խաղաղ բնակիչներին (Թումանյանի՝ Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդության մանրամասները տե՛ս Հ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 8, Ե., 1997, նաև՝ Լ. Կարապետյան, «Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունը», Ե., 1992, էջ 96—174): Ճանապարհորդության մասին կա երկու աղբյուր. մեկը Թումանյանի ծոցատետրերն են, մյուսը՝ Շիրվանզադեի «Պատերազմի վայրերում» ակնարկը: Ն. Թումանյանը նշում է, որ հայրը մտադրություն է ունեցել «այդ օրագրի հիման վրա գրել ու հրատարակել իր ուղեգրությունները» (Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե., 2009, էջ 121), սակայն չի արել՝ համոզված, որ ճշմարիտ և անկեղծ տպավորությունները չեն տպագրվի, իսկ սուտ ու քողարկված փաստեր ինքը չի կարող ներկայացնել:

Սույն հոդվածի տիրույթից դուրս է Թումանյանի՝ վերը հիշատակված ճանապարհորդության մանրամասներին անդրադառնալը: Սակայն նշենք, որ ավելի ուշ՝ երկրորդ անգամ ռազմաբեմում հայտնված բանաստեղծի համար շատ անհասկանալի հարցեր պարզվում են, երբ դարձյալ Ազգային բյուրոյի հանձնարարությամբ Թումանյանը Վանի ազատագրումից մեկ ամիս անց լինում է այնտեղ:

Վանից վերադառնալուց հետո՝ հուլիսի 23 ին, մամուլի էջերում հայտնվում են լուրեր այն մասին, որ Վանից, Ալաշկերտից և այլ բնակավայրերից դեպի Իգդիր և Էջմիածին են գալիս մեծ թվով գաղթականներ: Հուլիսի 29 ի գիշերը Թումանյանը մեկնում է Էջմիածին: Սարսափելի տեսարան էր ներկայացնում պատմական այս սրբավայրը: Գերմարդկային ջանքեր ու ներքին ուժ, ինքնամոռաց մարդասիրություն էին պահանջվում յուրաքանչյուր մեկից, ով փորձում էր ինչ որ բանով օգնել թշվառ ու անօգ գաղթականներին: Նրանց մեջ առաջին գծում Թումանյանն էր, որ անձնուրաց անում էր ամեն ինչ՝ փոքրիշատե թեթևացնելու անօթևան ու հայրենազուրկ մարդկանց տառապանքները: Այդ օրերի մասին Անդրանիկը գրում է՝ Թումանյանը «իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի և Երևանի փողոցներուն և վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու....» (ԹԺՀ, 551):

1915 թ. հոկտեմբերի 21 ին «Լումա» մեկօրյա թերթի առաջին համարում տպագրվում է «Հիշողություններ Էջմիածնի որբանոցից» նյութը, որտեղ անհուն տառապանքների բովով անցած բանաստեղծը, մեկ մեկ վերապրելով, հիշում է Էջմիածնի որբանոցում հավաքված մինչև տասը հազար երեխաներին. «Ես էլ նրանցից մեկն եմ, որ էս երեխաների մեջն էի, բայց երբ էսօր նստում եմ ու աշխատում եմ վերհիշել, կարծես թե նրանց՝ երեխաներին չեմ տեսել։ Չեմ տեսել, չեմ ճանաչել առանձին առանձին։ Սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը…. Եթե խոսել ու խոսեցրել եմ, էն էլ շատ քիչ, պատահմունքով…. Սակայն շարունակ աչքիս առաջն է նրանց բազմությունը, նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը….» (Հ. Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 7, Ե., 1995, էջ 179—180):

Այդ օրերի մասին հիշատակում է նաև Գ. Մահարին. «….Եկավ Հովհաննես Թումանյանը և շրջապատեց իրեն որբերով. ես նրան գիտեի. այդ նա է, որը գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն»: Նա հագել էր սպիտակ շորեր և դրել էր կեպի: Կեռ քթով, սպիտակ ընչացքով, խաղաղ դեմքով կանգնեց նա, լուռ նայեց բոլորին, հետո նայեց հեռու և հեռացավ» (ԳՄԵԺ, 403): Հուշագրության լեզվատիրույթում թերևս Ամենայն հայոց բանաստեղծ շրջասույթի ձևավորման հիմքերն են նախանշված:

Անշուշտ, չենք կարող շրջանցել այն փաստը, որ գաղթականության հիմնական պատսպարանը եղել է Էջմիածինը, որը դարեր շարունակ բացառիկ դեր է կատարել հայ ժողովրդի համար, ինչը գնահատել են ժամանակի առաջադեմ գործիչներն ու մտավորականները: Բացառություն չէր նաև Թումանյանը: Նա իր ողջ կյանքում մեծապես առնչվել է հոգևորականության հետ:

Տարագիր և հայրենազուրկ հայության հավաքատեղի Էջմիածնում են կայացել հայոց երկու մեծերի՝ Հ. Թումանյանի և Գևորգ Ե կաթողիկոսի հանդիպումն ու հայտնի երկխոսությունը: Այս առումով կարևորվում են ժամանակակիցների հուշագրական պատումները՝ Նվարդ Թումանյան, Աշոտ Պատմագրյան, Վահան Թոթովենց, Ստեփան Զորյան, Վարդգես Ահարոնյան և այլք:

«Ամենայն հայոց բանաստեղծ» պատվանունը այն եզակիներից է, որ ձևավորման օրվանից սկսած մինչ մեր ժամանակները եղել և մնում է ամենասիրելին, և գրեթե չկա որևէ հայ մարդ, որին ծանոթ չլինեն այս շրջասույթն ու այն կրող բանաստեղծը:

Ն. Թումանյանը գրում է. «Սրտաբաց խառնվածք էր հայրիկը և ուզում էր, որ ուրիշներն էլ այդպես լինեին. «Աշխարհքին ու մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով»» (ՆԹՀԵՎԶ, 84):

Աշոտ ԳԱԼՍՏՅԱՆ, բ. գ. դ., պրոֆեսոր