Ապաշխարության ճանապարհը
Ա. Փոքր պատուհասով Աստված կանխում է գալիք մեծ չարիքը
Քրիստոսի առաքելությունն սկսվում է ապաշխարության կոչով, որը Նրա առաջին քարոզչությունն է Ավետարաններում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 4։17): Մեր հոգևոր կյանքում հաճախ ենք լսում ապաշխարության կոչերը, քանի որ ապաշխարությամբ են սկսվում մեր սրտի մաքրագործումը, հոգևոր կյանքի ճամփորդությունը դեպի ներս ու դեպի արքայություն («Աստծու արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է» (Ղուկ. 17։22)), ինչպես նաև աստվածատեսությունը: Ապաշխարությունը ողջ կյանքի տևողություն ունի, առանց որի՝ մենք անկարող ենք ընթանալ Ավետարանի կանչող փրկության նեղ ու անձուկ ճանապարհով:
Ապաշխարության վերաբերյալ է նաև Տիրոջ այս խոսքը. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին» (Մատթ. 9։13)։ Հասկանալի է, որ Քրիստոսի այս խոսքն ուղղված է նրանց, ովքեր իրենց մեղքերի համար զղջալու ունակություն և դրանց չվերադառնալու վճռականություն ունեն: Իսկ «արդարի» բարդույթով տառապում են նրանք, ովքեր ապաշխարության և զղջումի կարիք ու անհրաժեշտություն չեն զգում։ Ըստ ամենայնի՝ դրանք ինքնահմայվածներն ու հպարտության մեղքի բարդույթով բռնվածներն են, և այդ վիճակն ատելի է ու նողկանք է պատճառում Աստծուն։ Ցավալիորեն, հոգեպես անբուժելի ու անամոքելի է դառնում «արդարի» այդպիսի կերտվածքը, քանի որ իսպառ բացակայում է սեփական անձի մեղավորության գիտակցությունը: Գիտակցություն ասելով՝ նկատի չունենք սեփական անձի մասին մեղավորության հանգանակներն ու զուտ կանոնավոր խոսքերը կամ ապաշխարության մասին անձև ու անկերպարանք գիտելիքները, այլ Եկեղեցու կենդանի վարդապետությունն ու ապաշխարության փորձուսումը, և ո՛չ այնպես, ինչպես այն մենք ենք հասկանում, կամ մեզ է ձեռնտու:
Ըստ Եկեղեցու վարդապետության՝ ապաշխարության փորձուսումն անտեսելն ու անկարևոր համարելն արդեն իսկ Եկեղեցու հանդեպ անհնազանդության, հետևաբար՝ հպարտության դրսևորում են:
Բ. Դրսից դեպի ներս
Քրիստոս ամեն օր սովորեցնում է մեզ՝ ասելով. «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13:3): Մի կողմից՝ մեր բոլոր տառապանքներն ու աղետները մեր մեղքերի հետևանքներն են: Օրինակներ ունենք Սուրբ Գրքից, ինչպես՝ ջրհեղեղը կամ կրակով ու ծծումբով կործանված Սոդոմն ու Գոմորը: Երկու դեպքում էլ կործանման պատճառը մեղքն է, իսկ անապաշխար մեղքի հետևանքը՝ Աստծո վերահաս պատիժը:
Հոգու զղջման գործընթացը միշտ ծածուկ՝ խորհրդական ընթացք ունի, ապաշխարության և զղջման մեջ են խտացված Աստծո բովանդակ պատվիրանները: Որքան խորն է մեղքի ու ապաշխարության գիտակցությունը, նույնքան մաքրվում են հոգին ու սիրտը:
Ապաշխարությունը, զղջումը, արցունքները շնորհներ են, որ Աստված է տալիս և տալիս է նրանց, ովքեր դրանք փնտրում և անդադար խնդրում են Նրանից:
Գ. Անզեղջ մեղքը
Անզեղջ մեղքը մարդուն Աստծուց օտարացնում է, և այն ոչ միայն Աստծո հանդեպ դավաճանություն է, այլև համաձայնություն, դաշինք և միություն՝ դիվական ուժերի հետ: Անզեղջ մեղքը պարունակում է հատուցում և պատիժ: Այս իմաստով՝ սարսափելի ու ծանր են հավաքական անզեղջ մեղքի հետևանքները, որոնք անպայման լինում են մեծ աղետներ ու հեղակործանումներ՝ բնական և ոչ բնական, որոնց միջոցով կործանվում են քաղաքակրթություններ, ազգեր, ընտանիքներ, մարդիկ:
Սակայն Ավետարանում Տերն զգուշացնում է. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի՞ մեղաւոր էին, քան բոլոր գալիլիացիները» (Ղուկ. 13։2)։ Եթե մենք ավետարանական այս ընթերցումն արտապատկերենք այսօրվա իրականության մեջ, ապա մեր ներկա նեղությունների օրինակով կարելի է խորապես ընկալել տերունական այս կոչը, հասկանալ նրա բովանդակ էությունը: Աստծո պատուհասն այժմ և վաղուց վրա է հասել մեր ազգին, և այս պարագայում դասեր քաղում ենք ոչ թե այլոց սխալներից ու դրանց հետևանքներից, այլ սեփական մեղքերով վաստակած Աստծո պատժից ու մեր տառապանքի փորձից:
Դ. Աստծո խրատը
Ստեղծված իրողության հենքի վրա, անշուշտ, եթե հոգևոր լրջությամբ ենք դիտարկում Աստծո՝ այս ցնցումներով ապաշխարության կոչի ահազանգը, հարկ է, որ քրիստոնյան ինքնաքննությամբ հետևություններ անի, որոշումներ ընդունի ու վճիռներ կայացնի մտքի, սրտի և հոգու արմատային փոփոխության և նոր արարած, նոր Ադամ դառնալու առնչությամբ: Քանի որ, փաստորեն, այլ կերպ չի ստացվում մեր ուշադրությունը հպարտության, գոռոզության, նյութապաշտության և այլ անզեղջ մեղքերից ազատելն ու կարևորի՝ հոգու հավիտենական փրկության, սրտի մաքրության և ներանձն լինելու վրա սևեռելը. «Եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13։3): Իսկ յուրաքանչյուր մեղքի զղջումն ու համարժեք հատուցումը քանդում են անեծքի, պատժի, պատուհասի և կախվածությունների շղթան:
Ուրեմն՝ եթե դասեր չենք քաղում այլոց ցավալի պատուհասներից, ապա գոնե մեր մեղքերի պատճառով մեզ հասած ողբերգությունների իրողությունն ընդունենք: Աստված ուզում է, որ մենք ակամա նեղությունների գնով ու ակամա զրկանքների միջոցով դասեր յուրացնենք ու ամրագրենք՝ որպես 21 րդ դարի հայ քրիստոնյա: Իսկ թե ինչո՞ւ է Աստված կանչի հենց այս կերպն ընտրել, հարց է, որի պատասխանը նախ՝ արդեն ասվեց, և ապա՝ պետք է հիշենք առաքյալի մխիթարական խոսքերը. «.... քանի որ Տէրը, ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է» (Եբր. 12։6, Առակ. 3։12): Երրորդ՝ բոլոր պատուհասները Տերն է թույլ տալիս՝ որպես միակ ներգործուն, առավել մեծ պատուհասներից ազատարար միջոց՝ փրկելու համար կեսհավատացյալ լինելուց, հավաքական անբարոյություններից, որոնց պատճառով խամրում և իսպառ ոչնչանում է ազգի հոգին: Փոքր պատուհասով Աստված կանխում է գալիք առավել մեծ չարիքը:
Ե. Ակամա ապաշխարության լուծը
Թվում է, թե արյամբ վկայությունն ավելի դյուրին կլիներ, քան ձգձգվող նեղություններով, անընդհատ հալածանքներով տառապանքներ ապրելը: Բայց սա մեզ համար առայժմ անարյուն նահատակության ճանապարհ է, եթե հասկացող ենք, զղջացող սիրտ ունենք, ուշադիր ենք և հետևում ենք Աստծո և մեր Մայր Եկեղեցու կոչերին: Որքան մխիթարական են նաև հայրերի խոսքերն այն մասին, թե վերջին ժամանակների քրիստոնյաներն անկարող են հանուն Քրիստոսի առաքինության մեծ սխրանքներ գործել, և այդ սխրանքներին փոխարինելու են հոգու փրկության համար նեղություններն ու տառապանքները:
Աստծո՝ մեզ վրա դրած այս ստիպողաբար ու ակամա ապաշխարության անձկությունները մենք ենք վաստակել, քանի որ երբ Ավետարանը նեղությունները կամովին հանձն առնելու և խաչը կամավոր կրելու կոչ է անում, շատ քչերս ենք լսողները, և շատ ավելի քչերս ենք կատարողները: Սակայն ահա Աստված մեր հոգիների փրկության համար Իր զինանոցում պահված մեկ այլ հնարք, մեկ այլ միջոց է գործի կոչել, և տառապանքների կրակի միջով այժմ հրավիրում է մեզ՝ մեղքից մեր սրտերը մաքրելու և հավիտենության շեղված ճանապարհից վերադառնալու ուղիղ, բայց անձուկ շավիղներ:
Մեզանից յուրաքանչյուրի սրտից պետք է այսօրինակ աղոթքներ բխեն. «Տե՛ր Աստված իմ, օգնիր իմ անհավատությանը, որպեսզի հավատքով քայլեմ այս կենցաղի ալեկոծ ծովի վրայով, և Դու իմ ձեռքից բռնած՝ անցկացրու մեր նեղությունների այս ջրերով և տուր համբերություն ու տոկունություն, որպեսզի հասնեմ Քո խոստացած Ավետյաց Երկիրը՝ Քեզ հետ հավիտենապես լինելու Արքայությանդ մեջ»:
Հետևաբար՝ այս նեղություններով Աստված շեղում է մեզ մեր մեղսահակ ընթացքից, որովհետև գուցե, ինչպես ասվեց, այլ տարբերակ չկա, գուցե բոլոր միջոցներն արդեն իսկ սպառված են: Եվ ահա այս նեղությունների ու կարոտությունների միջոցով Աստված փորձում է մեզ շեղել մեր գծուծ հպարտության, անձնապաշտության, գոռոզամտության, անլսողության, անհնազանդության, նյութապաշտության, ինքնահրապուրանքի ընթացքից՝ նեղացնելով մեր ընտրության տիրույթը, դուրս բերելով մեզ մեր ես-ի կաղապարից և հանգեցնելով մեր հավանությանը կյանքի ինքնազոհողության սկզբունքին, նաև հեռացնելով ու պոկելով մեզ կրքի ու հաճության դժոխային կախվածությունից և առաջնորդելով ոչ թե տեսական, այլ գործնական աստվածապաշտության:
Այսպիսով՝ մեր միտքը, սիրտը, մեր ողջ էությունը կենտրոնացվում են ապաշխարության խորհրդի և հետևաբար՝ ամենակարևորի՝ սրտի մաքրության վրա: Եվ դա արվում է այս երկրային կարճ ժամանակահատվածում մեր հոգիները զղջման ավազանով նախապես մաքրելու և հավիտենությանը պատրաստելու համար:
Զ. Անփույթ հարուստն ու մենակյացը
Մի սթափեցնող պատմություն կա: Անապատում մի ծեր մենակյաց էր ապրում: Աշխարհականներից մեկը ժամանակ առ ժամանակ այս ծերունուն հաց էր բերում և մի օր քաղաքից մենաստան գնալու ճանապարհին թաղման թափոր է տեսնում: Մեծ ու հանդիսավոր ճոխությամբ ու վայելչությամբ՝ եպիսկոպոսները, դպրաց դասերի ուղեկցությամբ, սրտառուչ աղոթքներ էին վերառաքում: Ինչպիսի՜ ողորմյաներ էին բխում մարդկանց սրտերից ննջեցյալի հոգու ողորմության և փրկության համար: Ննջեցյալը մեծահարուստ էր, որ, հավանաբար, Եկեղեցու համար մեծ նվիրատվություններ և ընծայաբերություններ էր արել:
Բայց այս աշխարհականը գիտեր այդ մահացած մեծահարուստին, գիտեր նաև իր հոգու փրկության հանդեպ նրա անփութությունն ու ծուլությունը և զարմացած էր տեսածի և իմացածի հակասություններից: Այս տեսարանից հետո անապատ գալով՝ վկա է դառնում մեկ այյլ սահմռկեցուցիչ իրողության. տեսնում է գազաններից հոշոտված մենակյացի մարմինը: Այս անգամ սարսափում է այս երկու՝ մեծահարուստի և մենակյացի կյանքի ու մահվան՝ իրար հակասող վկայությունների փաստից: Ծնկի գալով՝ նա աղաչում է Աստծուն՝ ինչպե՛ս սա հասկանալ: Մի կողմից՝ անփույթ հարուստի պարագայում, այդպիսի ճոխ թաղում, և մյուս կողմից՝ այս աստվածահաճո կյանքով ապրող ճգնավորի դեպքում, որ ամեն օր իր սրտի մեջ առաքինություններ էր մշակում, գազաններից հոշոտում և մահ: Եվ Աստված նրան պատասխանում է. «Մի՛ դատիր՝ ըստ քո աչքի տեսածի, որովհետև այդ հարուստի ընծաների վաստակը այն ճոխ թաղումն էր, և այդքանով երկրի վրա նա ստանում է իր նվերների ու ընծաների վերջին վաստակը: Նա կանգնելու է Աստծո դատաստանի առջև ու պատասխան է տալու իր հոգու փրկության համար անտարբեր, անփույթ, ծույլ ու շաղված լինելու համար: Իսկ այդ ճգնավորը, որ ամեն օր Աստծո հաճությամբ էր ապրում, ուներ փոքրիկ ու աննշան չխոստովանված մեղքեր, ու այս ողբերգական ու եղերական մահով Ես մաքրեցի նրան, և ահա նա այժմ Իմ առջև՝ հավիտենության մեջ է»:
Է. Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս նեղությունները
Հիմա, եթե մեզանում ապաշխարության կյանքով ապրելու ուժ է դեռ մնացել, և ընդունակ ենք զղջման ու աղոթքի, ապա շուտով այս վերջիններն ի զորու են համակենտրոնացնելու մեր հոգևոր զորությունները և թույլ չտալու, որ երբևէ մեր անզբաղ հոգևոր ուշադրությունը լքի մեր սրտի տարածքը, այլ միտքն զգոնապես հսկի հոգու դռները, իսկ անդադար աղոթքը անմար կանթեղի նման միշտ վառ մնա մեր ներսում և ջերմացնի այն:
Եվ հետո՝ երբեք չդատենք ուրիշներին, քանի որ սեփական ապաշխարության, քաղցր լուծով տառապանքի մեջ հեշտացած ճանապարհը մեզ սովորեցնում է դեպի ներս նայել և ի ներքս լինել: Եթե մեր մեղքով Քրիստոսից բաժանման՝ ոչ ըստ մարմնի, այլ՝ ըստ հոգու, սրտի տրտմության ու տառապանքի փորձն ունենք, երբեք չենք դատի ուրիշներին, որոնք տառապում են իրենց անզեղջ մեղքի պատճառով: Եվ եթե մարդն իրապես ապաշխարության կյանքով է ապրում, ապա երբեք չի բողոքի՝ ասելով, թե բավական է մեզ ապաշխարության կոչերով ահաբեկեք: Եթե մենք զղջման ու ապաշխարության լրջմիտ կյանք ենք ապրում, անպայման հարազատ ու զգալի է դառնում մեզ համար Քրիստոսի կենդանի ներկայության հոգենորոգ ու զվարթարար ապրումը:
Այսպիսով՝ Աստված է թույլ տալիս նեղությունները, պատուհասներն ու աղետները, դժբախտ պատահարներն ու հալածանքները, որ մաքրի մեզ որոշ մեղքերից, մեր հոգևոր տեսողությունից վրիպող փոքր ու մեծ անկումներից: Աստված ում սիրում է, խրատում է:
Ը. Հպարտության համաճարակ
Եվ դարձյալ հիշենք մեր ականջին անհաճո փաստը, որ մեր ժողովուրդն այժմ գտնվում է ոչ թե փոքր մեղքի պատասխանատվությամբ տառապանքների, այլ սարսափելի հպարտության ջղագարության ու համավարակի մեջ: Մեր ներքին հոգևոր տեսողությունն այնքան է խամրած այդ խելացնոր ինքնահաճությունից, ինքնահաստատման ու հեշտության ախտերից, որ անկարող ենք լինում տեսնել, գիտակցել մեր մեղքերը, իսկ հպարտության համաճարակով պատժված մարդը հիմարանում է:
Աստված թույլ է տալիս, որ նեղություններով անցնենք մեր ազգի Կարմիր ծովը և զրկանքի, տառապանքի, հալածանքի անապատի մեջ մկրտվենք արյամբ ու ցավով: Քանի որ մեղքով գռեհկացած ու մարմնահակ մարդու և ազգի համար այս ամենը հնարավորություն է՝ վերագտնելու կորսված ճշամրիտ աստվածապաշտությունն ու հոգևոր կյանքը: Բայց մենք կարող ենք ավելի մեծ շնորհ գտնել Աստծու առջև, երբ գիտակցաբար քայլենք ու Աստծու կողմից մեզ համար պատրաստված այդ դառը բաժակը հավատքով ընդունենք՝ «Տե՛ր, թող Քո կամքը լինի», որտեղ երբեմն մենք ցանկանում ենք ասել՝ Տե՜ր, հեռացրու մեզանից այդ բաժակը, որովհետև մեր ուժերից վեր է դարձել, բայց ոչ այն պատճառով, որ մենք ենք ուզում, այլ ինչպես Քո կամքն է, թող այդպես լինի...
Մենք աղոթում ենք նաև, որ Տերը ոչ միայն համբերությամբ զինի մեզ, այլև դադարեն հոգևոր համաճարակի այս պատուհասները: Աղոթում ենք, որ մեր փոքր, կարողության չափ ապաշխարությամբ և արցունքներով մեղմացնենք մեր ազգին ու հայրենիքին վրա հասած Աստծո ցասումը, և Տերը, հանուն սակավ հավատարիմների, կարող է քաղաքներ, ազգեր ու երկրներ խնայել:
Չի կարելի տեսանելի վախճանը համարել հավիտենության մեջ հոգու գոյության երաշխիք: Այսինքն՝ քիչ առաջ մեծահարուստի ու ճգնավորի պատմությունը սովորեցնում է մեզ, որ այլ է Աստծո գործերի՝ մեզ համար կարծես ակնհայտ ու տեսանելի այս տրամաբանությունը: Որովհետև հարութենական գիտակցություն ունեցող քրիստոնյան Աստծո և ավետարանական տրամաբանությամբ է տեսնում ու գնահատում իրողությունները: Եթե մարդը մահանում է ինչ-որ պատահարի պատճառով, չի կարելի ենթադրել, որ նա փրկություն չունի: Ավետարանի ուղղափառ ընկալումը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ քրիստոնյան, դարձյալ նույն ապաշխարության խոնարհ ու պարզ կյանքով ապրելով, սրտի մաքրություն է ձեռք բերում: Իսկ սրտի մաքրությունն ինքնին պայման է, որ Աստծո ծածուկ խորհուրդներն ու գաղտնիքները հայտնվեն…
Թ. Ապաշխարության պտուղները
Բանաձևը պարզ է և հստակ՝ ապաշխարություն + սրտի մաքրություն = արքայություն կամ աստվածատեսություն:
Ավետարանի ընթերցվածքում անպտուղ թզենու առակը նույնպես վերաբերում է մեզ: Յուրաքանչյուրս, ըստ մեր ապաշխարության որակի, կարող ենք լինել պտղատու կամ անպտուղ թզենի: Պտղատու, երբ զղջումի և ապաշխարության լվացման ու մաքրագործման ճանապարհով ենք ընթանում, իսկ անպտուղ, երբ հպարտությամբ կուրանում են մեր սրտի իմանալի աչքերը: Անգամ հստակ ու պարզ կոչերն այս պարագայում հեռավոր են և երբեք մեզ չեն վերաբերում:
Թող Աստված բոլորիս դարձնի պտղատու թզենիներ՝ տնկված Աստծո տան մեջ, որպեսզի ծաղկենք ապաշխարության պտուղներով՝ խոնարհություն, շնորհք, խաղաղություն, սեր և այն բոլոր առաքինությունները, որոնք Աստված փափագում է մեր կատարելության հասակի մեջ հասունացած տեսնել: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Շնորհք աբղ. ՊԱԼՈՅԱՆ