Զատկական խորհուրդը Հին և Նոր ուխտերում

Զատկական խորհուրդը Հին և Նոր ուխտերում 22.10.2026

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը համաքրիստոնեական մեծագույն տոն է։ Այն մեղավոր մարդկության փրկության հույսն է, աստվածային հրաշք՝ հանուն մարդկության՝ ապրելու, հարատևելու, անմահանալու, չվերջանալու, չանհետանալու, չոչնչանալու հռչակումով։ Մեծագույն այս տոնի հիշատակումը բացառիկ է, եզակի, բոլոր տոներից տարբերվող։ Տիրոջ Հարության տոնախմբումը ոչ միայն պատմական հիշարժան ու փառահեղ այդ իրադարձության վկայակոչումն է, այլև դրա վավերական շարունակությունը այսօր և վաղը։

Հարության տոնը, որ կոչվում է նաև Զատիկ, հիրավի, շոշափում է ադամորդու մեծագույն բաղձանքը՝ ապրելու բնական ցանկությունը։ Իսկապես, եթե քննենք մեր մտքերը, խոսքերն ու գործերը, հայացք ուղղենք դեպի մեր ներաշխարհը, կտեսնենք, որ այն ամենը, ինչ անում ենք, ունի մեկ նպատակ՝ ապրել։ Մենք ցանկանում ենք սնվել, որովհետև հակառակ դեպքում կհյուծվենք, կտկարանանք, կմահանանք։ Մեզ հագուստ է անհրաժեշտ՝ կրկին նույն նպատակով։ Մենք սիրում ենք գումար, նյութական ամեն տեսակի միջոցներ և հարմարություններ, որովհետև այդ ամենն ուղղակիորեն խթանում է մեր բարվոք կյանքը։ Կենսական այս անհրաժեշտությունները (սնունդ, հագուստ, կացարան) բավարարելու կարողությունն ունենալուց հետո մարդկային բնությունն արդեն հարատևություն է որոնում աննյութեղեն՝ իր կերտած հոգևոր-մշակութային աշխարհի ծիրում։ Նկարիչը ձգտում է մի պատկեր հեղինակել, որով իր անունը հիշատակելի կլինի բոլոր ժամանակների արվեստագետների շրջանում, երաժիշտը՝ մի համանվագ, քանդակագործը՝ որևէ եզակի կոթող, և այսպես շարունակ։ Անմահության այս տենդով վառված են պատերազմի նետվում նաև ռազմատենչ զորավարներն ու աշխարհակալ տիրակալները։ Յուրաքանչյուր ոք, ով ապրում է, ցանկանում է շարունակել ապրել կամ գոնե ապրեցնել իր անունն ու հիշատակը։ Ահա այս ցանկությունը մարդահատուկ օրինաչափությամբ կրկնվում է ամեն ծնվող անհատի հետ։ Այս առումով՝ Հարության խորհրդին պետք է նախ և առաջ մոտենալ մարդկային ներաշխարհի խորքային քննության դիրքերից։

Ծննդոց Գրքում վկայակոչված Աբրահամի ու Սառայի ցավն անժառանգությունն էր, և նրանց մորմոքը բխում էր անհիշատակ մահանալու մտածումից։ Այնուհետև երբ Աստծու պատգամով Աբրահամն իր մինուճար որդուն՝ Իսահակին, տանում էր նահատակության ճանապարհով, նա սարսափում էր կրկին, որ իր որդու մահվամբ կխզվի նաև իր հիշատակը։ Նույնպես՝ երբ մեծ սովի տարիներին Հակոբի որդիները ճամփա էին ընկնում դեպի Եգիպտոս, նրանք հույս էին տածում, պարեն և սնունդ գնելով, կանխել իրենց մեծ ազգատոհմին սպառնացող սովամահությունը։ Սրանք երկու փոքրիկ օրինակներ են, որոնք փաստում են, որ մարդկանց ապրելու մեծ ցանկությունը լսելի եղավ Աստծուն, և օրհնության արժանացրեց։

Խոսելով Զատկից՝ հարկ ենք համարում անպայմանորեն անդրադառնալ առաջին՝ նախնական Զատկի պատմությանը, առանց որի իմացության՝ հնարավոր չէ ընկալել այս խորհուրդը՝ իր բովանդակային ամբողջությամբ։

Վերոհիշյալ մեծ սովի տարիներին նախահայր Հակոբն իր ընդոծիններով տեղափոխվեց Եգիպտոս, հաստատվեց այնտեղ, և դարերի ընթացքում Եգիպտական թագավորությունում ձևավորվեց հրեական ազգային փոքրամասնություն։ Համաձայն Սուրբ Գրքի՝ հրեաները 430 տարի ապրեցին այնտեղ՝ մեծ մասամբ զբաղվելով աղյուսագործությամբ և չարքաշ գործերով։ Ելից Գիրքը հստակորեն շեշտում է, որ հրեաները հալածվում էին Եգիպտոսում, տեղացիների կողմից ենթարկվում նվաստացումների. «Եգիպտացիները բռնությամբ ճնշում էին նրանց ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար» (Ելք 1։13—14)։ Այդ ժամանակ Եգիպտոսում իշխանության եկած նոր փարավոնն անբարյացակամ էր տրամադրված հրեաների նկատմամբ, քանի որ կարծում էր, որ հրեաների աճող թիվը կարող է սպառնալիք դառնալ իրենց թագավորության համար, հրեաները կարող են երկրի թշնամիների հետ ներպետական դավադրություն նախաձեռնել։ Փարավոնը հատուկ գործավարներ կարգեց, որ հրեաներին չարչարեն աշխատանքով։ Նա անգամ չերկմտեց՝ դիմելու սարսափելի մի միջոցի՝ որ էր նորածին հրեաներին սպանելու՝ մանկաբարձներին ուղղված հրամանը։

Ծանրագույն այս պայմաններն այլևս անհնարին էին դարձնում հրեաների գոյությունը Եգիպտոսում։ Եգիպտական կառավարությունն ուղղակի գոյաբանական ճգնաժամ էր հարուցել այս ցեղախմբի համար, և փրկության միակ լուծումը մնացել էր Եգիպտոսից գաղթելը։ Տերը տեսավ հրեաների տառապանքը։ Աստված ի վերջո վճիռ հայտնեց, որ կայացրել էր Իր ընտրյալ ժողովրդի գոյության համար։ Մի անգամ, երբ Մովսեսն իր աներոջ հոտերն էր արածեցնում անապատում՝ Աստծո Քորեբ լեռան մոտ, Տերը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան, հայտնեց Իր Սուրբ անունը և ասաց. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը և իջա՝ փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում....» (Ելք 3։7—8)։

Աստված լսեց արդարության քաղցն ու ծարավն ունեցող, ողորմություն աղերսող, խաղաղություն տենչացող և սգավոր Իր ժողովրդի ձայնը, հագեցրեց, ողորմեց ու Իր մխիթարությունը բերեց նրան։

Մովսեսի առաջնորդությամբ, սակայն, հրեա ժողովրդի համար դեռ անպատմելի չարչարանքներ էին առջևում պահված. ազատության համար մեծ գին էր պետք վճարել։
Համաձայն Տիրոջ պատվերի՝ Մովսեսն ու իր եղբայր Ահարոնը ներկայացան փարավոնին և պահանջեցին ազատ կացուցել Աստծո ժողովրդին, որպեսզի վերջիններս գնան անապատ՝ Տիրոջը զոհ մատուցելու։ Փարավոնի առջև, բնականաբար, Ահարոնն ու Մովսեսը չէին կարող ուղղակիորեն ասել, որ հրեաները պատրաստվում են անվերադարձ լքելու երկիրը։ Այդ դեպքում ելքը բացառված կլիներ։ Ահա թե ինչու էին նրանք խորամանկում՝ նշելով, թե պարզապես պատրաստվում են ժողովրդին առաջնորդելու անապատ՝ Արարչի համար զոհաբերություն կատարելու։

Եգիպտական իշխանությունը, ինչպես սպասելի էր, չընդառաջեց Մովսեսին և Ահարոնին և չարտոնեց իրականացնել նրանց պահանջը։ Աստված մեծամեծ տասը հարված հասցրեց ամբողջ Եգիպտոսին՝ փարավոնից մինչև դաշտում աշխատող հողագործը, այն աստիճանի, որ ի վերջո փարավոնը թույլատրեց հրեաներին հեռանալ։
Այսպիսով՝ հրեաների ավելի քան չորսհարյուրամյա պանդխտությունն ավարտվեց, Աստված նրանց առաջնորդեց դեպի Սինայի անապատ՝ փրկելով կործանումից ու ոչնչացումից։ Մինչ հրեաները կլքեին Եգիպտոսը, Տերը խոսեց Ահարոնի և Մովսեսի հետ՝ ասելով. «Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի գառ առնի իր ընտանիքի համար՝ ամեն մի տան համար մի գառ։ Եթե մի տանը քիչ են, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար» (Ելք 12։3—4), «Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։ Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է» (Ելք 12։10—11)։

Ահա այսպես է, որ հաստատվեց Զատիկը՝ որպես փրկության, ազատության տոն։ Այն Աստծու կողմից հաստատվեց և ոչ թե մարդկանց։ Աստված նաև պատվիրեց Զատիկը տոնել բոլոր ժամանակներում՝ բոլոր սերունդների օրոք՝ ասելով. «Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն» (Ելք 12։14), «Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ «Ի՞նչ է այս ծեսը», նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց» (Ելք 12։26—27)։
Զատիկը դարձավ հրեական ամենակարևոր տոնը։ Այս տոնի վրա խարսխվեց Իսրայելի ժողովրդի հետագա ողջ պատմությունը։ Սերունդները կրթվում և դաստիարակվում էին Տիրոջ հանդեպ երախտապարտության ոգով՝ հասկանալով, որ Աստված ազատեց իրենց նախնիներին մարմնական, բարոյական և, որ ամենակարևորն է, հոգևոր ստրկությունից, քանի որ ստրկության գերադրական վիճակը հոգեմտավոր շղթայվածությունն է, ճշմարիտ ու միակ Աստծուն պաշտելու անկարողությունը։ Այս առումով՝ Զատիկը՝ որպես ամենամյա տոն, պետք է դառնար հրեա ժողովրդի գաղափարական առանցքը՝ մշտապես սթափությամբ լցնելու հրեաների սրտերը, հիշեցնելու, թե ինչպես հնարավոր դարձավ նրանց ազգային գոյության շարունակականությունը։ Այն պետք է դառնար հոգևոր ելակետ ողջ ժողովրդի համար՝ վերաիմաստավորելու իր անցյալը, քննելու ներկան և այդ լույսի ներքո հայացք ուղղելու գալիքին։

Ուշագրավ է, որ անապատում Աստված պատգամեց Իր ժողովրդին՝ իր շարքերում ապրող օտարերկրացիների հետ չվարվել անգթությամբ և չստորացնել նրանց։ «Պանդուխտին մի՛ նեղեք,— ասաց Աստված,— դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում» (Ելք 23։9)։ Ասել է թե՝ դեռ Հին Կտակարանում Աստված Իր ժողովրդին պատվիրեց առաջնորդվել փոխադարձ վարվեցողության այն «Ոսկե Կանոն»-ով, որը հետագայում արդեն պետք է բառացիորեն ձևակերպվեր Հիսուս Քրիստոսի շուրթերով։

Կարևոր է նշել նաև, որ հետագայում, երբ հրեա ժողովուրդը մեծ մարտահրավերների գնով ի վերջո ժառանգեց Տիրոջ շնորհած Ավետյաց երկիրը, ունեցավ կառավարիչներ և թագավորներ, պատահեց այնպես, որ շատ հաճախ կռապաշտ ու նենգ առաջնորդների պատճառով Զատկի տոնը կատարելու անբեկանելի պատվիրանն ապօրինաբար խախտվեց, ժողովուրդը որոշ տարիների չտոնախմբեց կարևորագույն այդ տոնը։ Սակայն Ք. ա. 7-րդ դարում Հուդայում գահակալեց աստվածավախ ու բարեպաշտ Հովսիա արքան, որը վերանորոգեց հրեաների դաշինքն Աստծո հետ և իր թագավորության 18-րդ տարում՝ մոտավորապես Ք. ա. 622 թ., պատվիրեց իր ժողովրդին. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում» (Դ Թագ. 23։21)։ Սուրբ Գիրքը նշում է, որ Իսրայելը ղեկավարող դատավորների օրերից սկսած՝ Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների օրոք նման Զատիկ չէր եղել։

Նոր ուխտում արդեն զատկական խորհուրդը ամբողջապես վերափոխվեց բովանդակորեն։ Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխում կարդում ենք, որ Հովհաննես Մկրտիչը, տեսնելով Հիսուսին, ազդարարում է. «Ահա Աստծու Գառը, Որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա է Նա, Որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. Մարդ, Որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար» (Հովհ. 1։29—30)։ Հիսուս՝ որպես Աստծու Կենդանի Խոսք, գալիս է բացատրելու մարդկության ճշմարիտ խորհուրդը՝ որ է հոգևոր ազատությունը։ Պատահական չէ, որ Աստված Օվսեե մարգարեի միջոցով հայտնել էր. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու Իմ Որդուն» (Օվսեե 11.1): Ամենևին պատահական չէր նաև, որ Հերովդես թագավորի հետապնդումների ժամանակ Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Մարիամի նշանած Հովսեփին և պատվիրեց վերցնել Մանկանն ու Նրա մորը և հեռանալ Եգիպտոս։ Աստված մեծ խորհուրդ էր սահմանել այս իրադարձություններում։ Ինչպես Իսրայելը՝ որպես Աստծո առաջնեկ, գնաց Եգիպտոս, ապա դուրս եկավ այնտեղից՝ ի նշան ազատագրության, նույն կերպ և Հիսուս գնաց Եգիպտոս՝ կարծես անցնելով Իր ժողովրդի անցած ճանապարհի հետագծով, և վերադարձավ Հրեաստան՝ սակայն արդեն ազատագրելու։ Ինչպես հրեաներն անապատում քառասուն տարի դեգերեցին, փորձությունների ու տանջանքների ենթարկվելով՝ հաղթահարեցին հոգևոր ստրկության կապանքները, նույնկերպ Հիսուս պետք է քառասուն օր փորձվեր անապատում՝ հաղթահարելու սատանայի փորձությունները։

Քրիստոս եկավ՝ հանգամանորեն բացատրելու հրեաներին և առհասարակ մարդկությանը, որ մարմնական կապանքներից վեր ավելի մեծ ստրկության տեսակ կա, որը մայրն է բոլոր տեսակի ստրկությունների։ Այն հոգևոր ստրկությունն է։ Հովհաննեսի Ավետարանի 8-րդ գլխում մի անչափ հետաքրքիր երկխոսություն է պահպանվել Հիսուսի և հրեաների միջև։ Մի խումբ հրեաներ, տեսնելով Հիսուսի գործերն ու հրաշքները, հավատացին Նրան, իսկ Տերն ասաց նրանց. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եվ կճանաչեք ճշմարտությունը, ու այն կազատի ձեզ» (Հովհ. 8։31—32)։ Հրեաները հակադարձեցին Հիսուսին՝ հարցնելով. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք» (Հովհ. 8։33)։ Հիսուս, սակայն, պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ամեն ոք, որ մեղք է գործում, ծառա՛ է մեղքին» (Հովհ. 8։34)։ Այս փոքրիկ երկխոսությունը շատ կարևոր ուղերձներ է պարունակում՝ ճանաչողություն, ազատություն և ծառայականություն հասկացությունների հոգևոր բովանդակության վերաբերյալ։ Հիսուս հրեաներին բացատրում է, որ թեպետ հարյուրավոր տարիներ առաջ Աստված ազատել է նրանց եգիպտական ստրկությունից, իսկ հետագայում նաև՝ ասորա-բաբելոնական տաժանակրությունից, այդուհանդերձ՝ որևէ մեկը և որևէ ազգ չեն կարող ճշմարտապես ազատագրված լինել, եթե չեն ճանաչում Ճշմարտությանը՝ Աստծուն, իր ճշմարիտ Ազատարարին։ Այսինքն՝ ազատագրվածությունը ոչ թե ազգերից որևէ մեկին ընտրողաբար տրված շնորհ է, այլ ներքին, անձնական և ապա՝ ազգային-հավաքական ընտրության արդյունք։ Ծառայել մեղքին նշանակում է ինքնակամ տրվել ստրկությանը, նշանակում է ազատությունը մերժել և սիրել շղթայվածությունը։ Եվ վերջապես՝ ծառայել մեղքին, հոգևոր իմաստով, նշանակում է հետ շրջվել ու վերադառնալ ստրկության տուն՝ Եգիպտոս։

Միայն այս դիտանկյունից է բացատրելի Հիսուսի քարոզչությունը, միայն այս լույսի ներքո է Տիրոջ խաչելության սարսափելի իրադարձությունը պայծառություն ստանում։ Բացարձակ այս համոզումով էր Հիսուսն անցնում ծովեզերքներով և գյուղերով, անապատով ու ժողովարաններով։ Այս ճշմարտության հանդեպ անսակարկ հավատն էր, որ Խաչը բարձրացրեց աշխարհի Փրկչին, այսպես էր, որ Հիսուս բոլոր մեղքերի կողքին անմեղ մնաց։

Մեղավոր մարդկությունը փրկության միայն մեկ ճանապարհ ուներ՝ Աստծո առաջնորդությունը։ Հակառակը բոլոր դեպքերում կույրերի առաջնորդությունն է դեպի խորխորատ։ Հին ուխտը՝ Զատիկը, բավարար չէր փրկության համար։ Դա էր պատճառը, որ Հիսուս եկավ և հաստատեց Նոր ուխտը, որ պետք է դառնար միակ, ճշմարիտ փրկությունը համայն մարդկության։ Մատթեոս ավետարանիչը նշում է. «Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ Քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. «Վարդապետն ասում է. Իմ ժամանակը մոտեցել է, Իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը»»։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը» (Մատթ. 26։17—19)։ Աշակերտների պատրաստած զատկական այդ Վերջին ընթրիքի ժամանակ էր, որ Հիսուս ազդարարեց Արարչի Նոր ուխտը՝ կամավոր հանձնառությունը՝ սեփական Մարմինն ու Արյունը զոհաբերելու մարդկության մեղքերի քավության համար։ Ահա այսպես հին Զատիկը փոխարինվեց նոր՝ փրկչական Զատկով։

Սուրբ Պողոս առաքյալն իր՝ կորնթացիներին ուղղած առաջին նամակում գրում է. «Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի Գառը, մորթվեց» (Ա Կորնթ. 5։7), ինչպես նաև հռոմեացիներին գրած նամակում ասում է. «Աստված Նրան առաջադրեց որպես քավության միջոց Իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց Իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար» (Հռոմ. 3։25)։ Հայ աստվածաբանական մտքի մեջ էլ Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետն իր «Վասն վեցերորդի աւուր արարչութեանն եւ վասն վեցերորդի դարուն եւ ի խաչելութիւնն Քրիստոսի» երգում հիանալիորեն նկարագրում է Քրիստոսի կամավոր զոհաբերությունը՝ որպես նոր Զատկի հաստատում. «Հօր հաճութեամբ ի մահ խաչին Եկն կամաւ ի յուրբաթին, Գառն զենաւ ի հին Զատկին՝ Փոխան գառանցն օրինակին»։ Զոհաբերվեց Գառը հին Զատկի օրը՝ նախօրինակ գառների փոխարեն։

Այսպիսով՝ Քրիստոսի Հարությունը, որ բովանդակ մարդկության փրկության աստվածային ավետիսն է, նաև նոր Զատիկն է, որ հաստատվել է Տիրոջ կողմից հին Զատկի փոխարեն, որպեսզի մարդկությունն այլևս տոնական այս հրաշքում տեսնի ներկա՛ իրողություն, շարունակակա՛ն փրկագործություն։ Զատիկն այլևս սոսկ անցյալում կատարված փրկության հիշատակում չէ, այլև հավիտենական ազատագրություն, իսկ մենք ոչ թե այս տոնի հիշատակողներն ենք, այլ դրանով ապրողներն ու շնորհազարդվածները։

Արման սրկ. ԲՈՒՆԱՐՋՅԱՆ
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ