Իսահակ վրդ. Պողոսյան. «Հայոց ինքնության արեգակը» (վիպակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասին)
Նահապետի ծնունդը
«Ընդ առաւօտս կանխեցից՝ յանդիման լինել քեզ, թագաւոր իմ և աստուած իմ»
(Շարակնոց):
Տարոնի լեռներում առավոտները բացվում էին սառն ու խաղաղ, ինչպես ծերունին է դողդոջուն ձեռքերով անաղմուկ արձակում գզգզված արխալուղի ծալքերը՝ ներս թողնելով լռությունը։ Տարոնի լեռները, որոնք դարեր շարունակ պահել էին զանազան տոհմերի գաղտնի խորհուրդները, հազվադեպ էին այդքան լուռ լինում։ Սովորաբար նրանց կրծքից գլորվող սուր քամիները մորմոքելով խոնարհեցնում էին խոտածածկ թեքությունները՝ խեղդելով ու խլացնելով բազմազան ու տարբեր կանաչների մեղմ սոսափյունը։ Բայց լեռներն այդ առավոտ անսովոր խաղաղ էին։ Սառնությունն արդեն նահանջել էր, ու միջանցիկ քամին թեթև շաչյունով բարձրացնում էր օթևանների ու ապարանքների տանիքները՝ յուրովսանն ավետելով սպասվող նոր կյանքի լուսաբացը։
Երբ խոնավ լուսածագի մշուշե թանձր վարագույրը քաշվեց, ծնվեց մի մանուկ, որը հետագայում պիտի դառնար իր ազգի մտքի ու հոգու մութ անկյունները լուսավառող ճրագը։ Նրա մասին հետագայում իր աշակերտներից Կորյունը գրելու էր. «Նա ծնվեց ազնվականների տոհմից և կյանքով ու խոհով առանձնացավ մանկուց»։
Մանկան ծնունդը նման չէր հանկարծադեպ պատահականության. երբ աչքերը բացեց, Տարոնի սառը օդը, թվաց, ջերմացավ, հետայնու եթերի մեջ կարծես ուրվագծվեց հայոց մեծերից մեկի խաղաղ ու փայլող կերպարանքը։
Տան ներսում դեռ զգացվում էր գիշերվա ծանրությունը, սակայն մոր խոնջանքն ու դեմքի դալկությունն անցան հենց նույն պահին, երբ տեսավ մանկանը։ Նախ հպվեց երեխայի դեմքին, ապա պարուրեց նրան, հետայնու մոտեցնելով սրտին ու ժպիտը թաքցնելով գլխաշորի եզրերին՝ շշնջաց.
— Լեռների սեր ես դու… Լեռների լռություն կա քեզանում։
Թվաց, թե ի պատասխան՝ լեռներն իրենց հատուկ վեհությամբ մեկ անգամ էլ ողջունեցին նոր կյանքի լույս աշխարհ գալը։
Տարոնում միշտ ասել են՝ լեռները մարդկանց բնավորություն են հաղորդում. կամ դարձնում են լռակյաց, համբերատար՝ իրենց նման ամրապինդ, կամ՝ գարնան հորդ գետերի նման՝ անհամբեր, քաջաշունչ ու խիզախ։ Բայց մանուկը, որին Մեսրոպ պիտի կոչեին, ապա՝ «երանելի և աստուածասէր, սուրբ վարդապետ», «Լուսաւորիչ ազգի հայոց» ու «Մաշտոց», կարծես միահյուսել էր լեռների լռությունն ու վարար գետերի ուժը։ Նորածիններին բնորոշ նրա լացն էլ լռության երանգ ուներ, կարճ ու վաղանցիկ՝ խինդով համախառն, ասես հրաժարվում էր աշխարհի հետ բաժանել իր հոգու խռովքը։ Բայց աչքերը... Աչքերը խոսուն էին, ինչպես խոխոջուն առվակներ՝ բաց, անեզր, հանգույն գիշերվա աստղառատ երկնքին՝ խորն ու խոստումնաշատ։ Այդ աչքերը տակավին շատ բան պիտի տեսնեին՝ զմայլվելու և այլայլվելու աստիճան։ Բայց հիմա դրանք նայում էին պարզ ու շիտակ, անմեղ՝ որպես գարնան առաջին ցողը, որ հանդարտ հոսում ու գլորվում է քար ու ժայռի վրայով։
Հայրը՝ լեռներում ծնված մի մարդ, կանգնել էր անկողնու մոտ՝ ծանր շնչելով։ Նրա աչքերը՝ սովորաբար խոր ու մռայլ, հիմա մեղմացել էին՝ սևեռուն գամվելով փոքրիկից ոչ այնքան հեռու դրված դեղնաշուք Ավետարանի վրա։ Լեռներից ժառանգված նրա քարե սառնասրտությունը հիմա կարծես հալվել, անէացել էր, ինչպես ձյունը՝ գարնան արևի առաջին ճառագայթից։
Երբ ձեռքերի մեջ առավ մանկանը, վայրկյանի ներգործությամբ նրա մեջ առաջ եկավ մի այնպիսի զգացողություն, որ չէր հանդգնի խոստովանել ոչ մի դեպքում։ Այդ մասին հետո՝ տասնյակ տարիներ անց, գրելու էր Հայոց տան մեծ պատմահայրը. «Նա մանուկ հասակից պիտի գնար ուսման ճանապարհով, և նախախնամությունը նրան առաջնորդելու էր դեպի խոսքի ու գրի խորախորհուրդ գաղտնիքները»։
Տունը, որտեղ վաղուց ի վեր ապրում էին ամուսինները, իսկ դրանից էլ առաջ՝ նրանց բարեպաշտ ու արդար նախածնողները, այդ առավոտ շատ ավելի ապահով ու լուսավոր էր դարձել։ Պատերի աննշան բացվածքներից ու լուսանցքներից ներս սահող օդը զով էր, բայց ոչ սառը։ Այն փոքրիկ, թույլ ալիքներով փարվում էր ճկուն հատակին, դանդաղ բարձրանում փայտե սյուների երկայնքով՝ մերթընդմերթ շարժելով ամփոփ վարագույրների ծայրերը, ու կորանում ծիածանաձև կամարների տակ՝ իր հետ բերելով վաղուց մոռացված արշալույսների ու անցյալ դարերի շնչառությունը։
Արևի զգայուն, խորաթափանց շողերն ընկնում էին մոր վարսերին, որոնք թաքնվել էին բեհեզին նմանող սպիտակ գլխաշորի տակ. աչքերում գոհություն էր։
— Տե՛ս,— ասաց նա կամացուկ,— արդեն երևում է, որ քչախոս ես, բայց աչքերդ շարունակ խոսում են ու շողշողում։ Նրանց մեջ մի ամբողջ աշխարհ է պարփակված՝ լի անհատնում պատմություններով։
Այդ պահին այնպես թվաց, թե լեռները դարձյալ խոսեցին՝ փոխանցելով. «Լա՜վ պահպանեցեք այս մանկանը, քանի որ նախախնամությունը նրա ճակատագիրը լեռներից էլ ավելի վեր է բարձրացնելու»։
Շարունակելի