Հայրենի հողի և հայոց պատմության խորհրդաբանությունը Վ. Պետրոսյանի «Հայկական էսքիզներում»

20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակում որպես բացառիկ անհատականություն հատկանշվում է Վարդգես Պետրոսյանը: Տաղանդավոր արձակագիրն ու հրապարակախոսը, 1960-ական թվականներից սկսած, ունեցավ բուռն ու բերքառատ ստեղծագործական գործունեության տարիներ, ընդ որում՝ ոչ միայն գրական, այլև հասարակական-քաղաքական՝ Հայաստանի գրողների միության նախագահ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների պատգամավոր, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, «Գարուն» հանդեսի գլխավոր խմբագիր և այլն:

Վարդգես Պետրոսյանը ժողովրդական գրող էր: Երկար ժամանակ վարելով բարձր պաշտոններ՝ նա, այնուամենայնիվ, երբեք չկտրվեց ժողովրդից, չպարփակվեց առանձնասենյակային լռության մեջ: Ավելին՝ մշտապես առիթներ էր որոնում և հնարավորություններ ստեղծում՝ ժողովրդական լայն խավերի հետ շփվելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության հետ մշտապես հարաբերվելու համար:

Վ. Պետրոսյանի ստեղծագործություններից ամենատարածվածն ու սիրվածը, թերևս, «Հայկական էսքիզներ» էսսե-խոհագրությունն է, որն ունեցել է մի քանի հրատարակություն (առանձին և ժողովածուների մեջ), թարգմանվել օտար լեզուներով:

«Հայկական էսքիզները» ամբողջովին նվիրված է Հայաստան աշխարհին, բնորոշվում է հայոց պատմության հարյուրամյակների և գրողի ապրած դարաշրջանի հուզախռով, դրամատիկ ելևէջումներով, իրականի և երևակայականի համադրությունից ծնված անսովոր ազնիվ, գեղեցիկ ու համարձակ խոհերով, հարցերով ու հարցականներով: Գրողը մաքուր խղճով և արդար բարոյականությամբ կանգնում է իր ժողովրդի պատմության ու ներկայի առջև՝ նորից և վերստին քրքրելով էջերը, անցյալն ու ներկան միահյուսելով: Հայրենի հողի, հայոց երկրի, նրա հազարամյա կենսագրության շնչառությունն այնպես նրբորեն է զգում գրողը, երբ կերտում է Հայաստան երկրի մշտահմա ու հավերժական կերպարը:

Խոհագրության սկիզբը շատ խորհրդանշական է. քարերի երկիր Հայաստանի առասպելի ներկայացմամբ ու մեկնությամբ Վ. Պետրոսյանն ասում է հետևյալը. «Փոքր տղա լինեի, դեռ հավատայի հեքիաթներին, պարզ-պարզ կպատկերացնեի նույնիսկ այն չար, զարհուրելի կախարդին, որ անհիշելի ժամանակներում անցավ մեր աշխարհով: Անցավ, տեսավ ու նախանձեց: Նախանձեց ու կախարդական գավազանը բարձրացնելով՝ ծղրտաց.

— Քարացեք:

Ու քարացան զմրուխտ բլուրները, դաշտերում սվսվացող միլիոնավոր ծաղիկներն անգույն քարակտորների փոխվեցին, թափվեցին հողին, անշարժացան անտառները, հողը կծղեց ու կարծրացավ, նույնիսկ մեր աշխարհի գլխին ամպերը ծանրացան ու քարե անձրև տեղաց: ….Ու ծնվեց իմ ժողովուրդն այստեղ ապրելու» (Վ. Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ» գիրք, «Հայկական էսքիզներ», Ե., 1970, էջ 231):

Եվ այդ ժողովուրդը Տիրոջից ուրիշ հրաշք-գավազան չստացավ և գավազան չունեցավ՝ քարե կախարդանքը քանդելու համար: Նա իր ժրաջան ձեռքերով, մտքով և համբերությամբ սկսեց թիզ առ թիզ քանդել կախարդանքի կծիկը, վերադարձնել հողին իր քնքշությունը, ծաղիկներին՝ գույները, անտառներին՝ խշշոցը: Ահա այսպիսի փոխաբերական պատկերներով ու համեմատություններով են բացվում «Հայկական էսքիզների» առաջին էջերը, որոնք իր ժամանակին նորությամբ և թարմությամբ էին փայլում:

«Հայկական էսքիզները» մեծ կտավի գործ է։ Գրողը որևէ սահմանափակում, արգելանք չի տեսնում և հանդուրժում՝ իր ասելիքը բարձրաձայնելու համար: Դա հոգեկան՝ ներսից ու ներքուստ տրված ազատությունն էր, որով լիուլի օժտված էր գրողը, և հոգեկան այդ սքանչելի հատկությամբ տարբերվում, առանձնանում էր շատերից:
«Հայկական էսքիզների» գլխավոր հերոսը հայ մարդն է, Հայաստան երկիրը, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, իսկ գործողության վայրը՝ ողջ մոլորակը, որտեղ հայ հոգի կա, հայ սիրտ ու միտք կան:

Ո՞րն ես դու, Հայաստա՛ն. այս հարցն է հաճախ հնչում գրքում: Գրողն ամենուր որոնել է իր երկրի կերպարն ու նրա հավերժության խորհուրդը. «Ես քեզ որոնեցի այսօրվա Հայաստանի թրթռուն, երիտասարդ մարմնի մեջ ու գունաթափ քարտեզներում, որով գրգռեցին մեր պապերի դյուրավառ հոգին, որով խաբեցին մեզ բոլորը: Ես քեզ որոնեցի ամենայն հայոց կաթողիկոսների աղոթքներում առ աստված և ամեն հայի հայհոյանքի մեջ, որտեղ մենք ամենքս զարմանալի բանաստեղծ ենք:

….Որոնեցի իմ աղջկա դպրոցական առաջին տետրերի մեջ և Մատենադարանի մագաղաթներում: Որոնեցի հայ մարդկանց տաք վեճերի մեջ, երբ միանգամից քսան ծրագիր է մեջտեղ բերվում, թե ինչպես էր հնարավոր փրկել Հայաստանը՝ հինգերորդ, տասներորդ, տասնյոթերորդ դարերում, 1915, 16, 17, 18 թվականներին» (էջ 327)։
Պատմության քառուղիներում և անցած դարերի մեջ գրողը միշտ որոնել է իր երկրի կերպարը, նաև այդ նպատակով ոտքով շրջել հայոց պատմության հնամենի ու նվիրական հետքերով՝ Կարսից մինչև Տրոյայի ավերակները: Զարմանալի, շատ զարմանալի բան է, երբ մարդ իր հայրենիքից գնում է դեպի… պատմական հայրենիք, որն այլևս ուրիշներինն է. «Սա Կարսն է, երևի շատ մոտիկ Կարսի բերդն է, Առաքելոց եկեղեցին, նշանավոր կամուրջը…. Սա Կարսն է, ընդամենը 50 տարի առաջ մարդիկ Ալեքսանդրապոլից ֆայտոնով եկել են այստեղ քյուֆթա ուտելու և թութուն տանելու» (էջ 334): Գրողի պատմական զգացողությունն այդ պահին ծանրանում է մեծապես. «Հանկարծ ուզում եմ ճչալ, ուզում եմ աշխարհի բոլոր բարձրախոսների ձայներով գոռալ այդ մարդկանց ականջներում. դուք, որ հանգիստ թեյ եք խմում կամ ծխում էժանագին նարգիլե, գիտե՞ք, որ այս տան տերերին սպանել են, գիտե՞ք, որ ծալապատիկ նստած եք ուրիշի արյունով թաց, ուրիշի հողի վրա» (էջ 335):

Գրողն իր ուղևորության ընթացքում բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են թուրքական իշխանություններն իրենց պետության ներսում կեղծում, նենգափոխում և այլասերում պատմության էջերը՝ հարմարեցնելով դրանք իրենց պետական շահերին ու նպատակներին: Դեռևս 1965 թվականին նա գրում է. «Մենք դուրս ենք գալիս դահլիճից, թանգարանից և բարձունքին կանգնած երկար նայում Բոսֆորի ջրերին: Կգա՞ արդյոք Թուրքիայի այն սերունդը, որը կկարդա իր երկրի պատմության արյունոտ էջերը, կասի՞ արդյոք իր դաժան խոսքը: Չգիտեմ: (Մարդկային պատմության գրքում այնքան էջեր կան չկարդացած, մի՞ թե միայն մերն է….)» (էջ 350):

Եթե 1960-ական թվականների կեսերին թուրքական հասարակության մեջ այդպես խորհող, հավանաբար, որևէ մեկը չկար, ապա այսօր այդպես մտածող թուրքեր կան:

«Հայկական էսքիզները» հայրենասիրական բորբոքուն լիցքերով մի ուղերձ է, կտա՛կ, պատգա՛մ և հորդորա՛կ՝ ուղղված յուրաքանչյուր հայի և երկրագնդի ողջ հայությանը: Վ. Պետրոսյանը մշտապես թեժացնում, բորբոքում է մեր ժողովրդի պատմական հիշողությունը, անարգանքի սյունին գամում դավաճան հայերին. «Չեմ ուզում նորից տառապել նրա համար, որ մեր ժողովրդի պատմության բոլոր կարևոր հատվածները լիքն են դավաճաններով: Եթե Վարդան՝ նրա կողքին Վասակ կա, Սամվել է՝ Մերուժան Արծրունի, Գագիկ թագավոր է՝ Վեստ-Սարգիս, Մխիթար սպարապետ է՝ Միհրան հարյուրապետ, և այսպես անվերջ; Քանի-քանի սերունդ հաշտվել է այս բանի հետ և արդարացման խոսք չի գտել, երբ օտարներն էլ ակնարկել են այդ մասին» (էջ 364): Գրողը տարակուսում է, որ այդ դավաճաններին գուցե մեր պատմիչներն են հնարել, քանի որ, եթե նրանք չլինեին, ինչպես պետք է բացատրվեին հայոց երկրի բազում սայթաքումներն ու ողբերգությունները:

«Հայկական էսքիզները» մեծ չափանիշներով ու մասշտաբներով գործ է: Այն այսօր նույնքան արդիական է, որքան իր ստեղծման օրերին՝ 20-րդ դարի 60-ական թվականներին: Թարգմանվելով օտար լեզուներով՝ այն նաև օտարազգի ընթերցողներին է լավագույնս ներկայացնում Հայաստանը, նրա պատմության լուսավոր ու ողբերգական էջերը, հայոց պատմության խորախորհուրդ դասերը: «Հայկական էսքիզներով», ինչպես նաև իր այլ ստեղծագործություններով, Վարդգես Պետրոսյանը շարունակում է իր հոգեկան ու բարոյական հզոր ներգործությունը հայ սերունդների մտքի, հոգու և գեղագիտական ճաշակի վրա:

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, պ. գ. թ.