Հայ Եկեղեցու՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք

Հայ Եկեղեցու՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունը  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք 22.10.2026

«Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթևաններում մարտիրոսության պսակով զարդարված արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծո ողորմության ու շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց և ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի և ինքնության դեմ»:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մուտք

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը երկարատև, բազմաշերտ և համալիր պայքար է, որն ընդգրկում է պատմաքաղաքական, իրավական, մշակութային և հոգևոր բաղադրիչներ։ Հայոց ցեղասպանությունը՝ որպես 20 րդ դարի առաջին ցեղասպանություն, ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բնաջնջման քաղաքականություն էր, այլև մարդկության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն, որի հետևանքներն այսօր իսկ չեն կորցրել իրենց ազդեցությունը միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականության վրա։ Պատմաքաղաքական առումով այն կերպավորվեց նոր իրողություններ՝ կապված ազգային ինքնության, Սփյուռքի ձևավորման և տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխության հետ։

Իրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը սերտորեն առնչվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ ի) կողմից ընդունված ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիայի դրույթներին։ Չնայած այն հանգամանքին, որ կոնվենցիան ընդունվել է հետագայում, ցեղասպանության փաստի ճանաչումը դիտարկվում է որպես պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման կարևոր նախադրյալ։ Այս համատեքստում միջազգային ճանաչումը ձեռք է բերում ոչ միայն քաղաքական, այլև իրավական և բարոյական նշանակություն՝ նպաստելով համաշխարհային մակարդակով պատասխանատվության մշակույթի ձևավորմանը։
Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանության գնահատականն ունի նաև խորքային հոգևոր և արժեհամակարգային հիմք։ Դա ոչ միայն հայ ժողովրդի ազգային ողբերգությունն է, այլև հավատքի, ինքնության և գոյատևման փորձություն է, որի հաղթահարման համար առանցքային դեր է խաղացել Հայ Առաքելական Եկեղեցին։ Եկեղեցին դարեր շարունակ հանդես է եկել որպես ազգային հիշողության կրող և պահպանող հաստատություն՝ փոխանցելով սերունդներին ոչ միայն ողբերգության հիշողությունը, այլև վերածննդի և հարատևման գաղափարը։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Գարեգին Բ ի գահակալության շրջանը (1999 ից մինչ օրս), որի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին առավել համակարգված և նախանձախնդիր կերպով ներգրավվեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ իրականացվել են հետևողական և նպատակային քայլեր՝ ուղղված ոչ միայն ցեղասպանության պատմական փաստի միջազգային հաստատմանը, այլև դրա համամարդկային ընկալման խորացմանը։ Այդ նախաձեռնությունները նպաստել են, որ Հայոց ցեղասպանության հարցը շարունակաբար մնա միջազգային օրակարգում՝ ձեռք բերելով նոր իրավաքաղաքական և հոգևոր ընդգրկում։

Եկեղեցու դերի վերաիմաստավորում

Գարեգին Բ ի գահակալության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին զգալիորեն ընդլայնեց իր դերակատարությունը ոչ միայն հոգևոր, այլև համազգային և միջազգային նշանակության խնդիրների շրջանակում։ Եկեղեցու գործունեությունը դուրս եկավ զուտ կրոնական դաշտից և ընդգրկեց պատմական հիշողության պահպանման, ազգային ինքնության ամրապնդման և պատմական արդարության վերականգնման ուղղությամբ համակարգված նախաձեռնություններ։ Այս համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ Եկեղեցու առաջնահերթություններից մեկը՝ դիտարկվելով ոչ միայն որպես հայ ժողովրդի ողբերգական անցյալի իրավաքաղաքական գնահատման խնդիր, այլև որպես համամարդկային նշանակություն ունեցող բարոյական ու քաղաքակրթական մարտահրավեր։

Գարեգին Բ ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ իրականացված միջոցառումները՝ միջազգային համաժողովներ, միջեկեղեցական հանդիպումներ և հիշատակի արարողություններ, նպաստեցին այն գաղափարի տարածմանը, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համաշխարհային անվտանգության և մարդկային իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներ են։ Այս մոտեցումը համահունչ է ժամանակակից միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում ձևավորված այն սկզբունքներին, որոնք ուղղված են ցեղասպանությունների կանխարգելմանը և «այլևս երբեք» գաղափարի իրականացմանը։

Վեհափառ Հայրապետն իր քարոզներում, ուղերձներում և միջազգային հարթակներում ունեցած ելույթներում բազմիցս շեշտադրել է, որ պատմական հիշողության պահպանումը չպետք է վերածվի թշնամանքի կամ վրեժի խթանման միջոցի, այլ պետք է ծառայի արդարության վերականգնմանը, հաշտեցման հնարավորությունների ստեղծմանը և կայուն խաղաղության հաստատմանը։ Այս գաղափարական դիրքորոշումը կարևոր ազդեցություն է ունեցել միջազգային հանրության հետ կառուցողական երկխոսության ձևավորման վրա՝ նպաստելով նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացվել է ոչ թե որպես նեղ ազգային օրակարգ, այլ որպես համամարդկային արժեքների պաշտպանության և պատմական արդարության հաստատման անհրաժեշտություն. «Աշխարհի և մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետևանք են նաև Հայոց ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման» (Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին ընթերցված ուղերձից)։

2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման տարեթիվ

Գարեգին Բ ի գահակալության շրջանի կարևորագույն և պատմականորեն նշանակալի տարեթվերից առանձնանում է 2015 թվականը, որը նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցը հիշատակող համազգային և համաշխարհային միջոցառումների կազմակերպմամբ։ Այս տարելիցը դարձավ ոչ միայն ոգեկոչման, այլև քաղաքական, իրավական և հոգևոր համախմբման յուրահատուկ հանգրվան, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը և Հայ Առաքելական Եկեղեցին հանդես եկան համադրական և համակարգված դիրքորոշմամբ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի խթանմանը։

Տարելիցի շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու իրականացրած աննախադեպ և բացառիկ քայլը՝ ցեղասպանության ընթացքում նահատակված հայերի համընդհանուր սրբադասումը։ 2015 թվականի ապրիլի 23 ին Մայր Աթոռում տեղի ունեցած սրբադասման արարողությունն իր բնույթով եզակի էր ոչ միայն հայ եկեղեցական պատմության, այլև համաշխարհային քրիստոնեական ավանդության մեջ, քանի որ առաջին անգամ միաժամանակ սրբադասվեց շուրջ 1,5 միլիոն նահատակ՝ առանց անհատականացվող ընթացակարգի՝ ընդգծելով նրանց հավաքական վկայությունը և նահատակությունը։ Այս գործողությունն ուներ աստվածաբանական խորքային հիմք՝ ներկայացնելով ցեղասպանության զոհերին որպես հավատքի համար նահատակվածներ և ընդգծելով նրանց տեղը Եկեղեցու սրբերի շարքում։

Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու պարագայում վեցդարյա ընդմիջումից հետո սրբադասում իրականացնելու և այդ սրբադասումը բոլոր նահատակների վրա տարածելու համարձակ գաղափարը հայտնի էր դեռևս Գարեգին Ա Վեհափառի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս եղած տարիներից: 1985 ին իր «Եօթը ողջոյն նահատակաց եօթանասնամեակին» աշխատության մեջ, դիմելով նահատակներին, Գարեգին Ա Վեհափառն իր համոզմունքն է հայտնում այս կապակցությամբ. «Եւ կու գայ օրը, երբ այլևս բնականօրէն ճանչցուած ձեր սրբութիւնը կը դառնայ կանոնականացեալ սրբադասում, որուն արժանի էք մեր բոլորի խիղճերուն, քրիստոնէական հաւատքի անկեղծագոյն վկայութեամբը»:

Այնուհետև՝ 1989 ին, Սուրբ Էջմիածնում երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ որոշվել է հայոց նահատակների սրբադասման արարողությունն իրականացնել հաջորդ տարի, և ապրիլի 29 ին էլ ստորագրվել է հայ ժողովրդին ուղղված համատեղ հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Տրուած լինելով, որ յառաջիկայ տարին 75 ամեակն է մեր նահատակների զոհաբերման, առաջադրում ենք մինչև 1990 թուականի ապրիլ ամիսը հարկ եղած նախապատրաստական աշխատանքները յառաջ տանել՝ իրականացնելու համար նրանց սրբադասումը՝ ի շարս տօնելի սրբոց Եկեղեցւոյս Հայաստանեայց»: Սրբադասումն ինչ ինչ պատճառով չկայացավ, սակայն, ինչպես տեսնում ենք, գաղափարը մնաց եկեղեցական օրակարգում, և այն իրականություն դարձավ 25 տարի անց:

Սրբադասման կարգի վերականգնման հարցը գործնական փուլ թևակոխեց միայն 2005 թ.: Գարեգին Բ ի և Արամ Ա ի հայրապետական տնօրինություններով ստեղծվեց Սրբադասման հանձնաժողով՝ հարցը հանգամանորեն ուսումնասիրելու և առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին ներկայացնելու նպատակով: 2013 թ. սեպտեմբերի 24—27 ին Մայր Աթոռում գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները. որոշեց որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը:

Հաստատվեցին Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ…» ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի….), վկայաբանությունը և սրբապատկերի նախօրինակը։ Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24 ը՝ «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

Սրբադասման արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսավոր արարողակարգով, միջազգային բազմաթիվ պատվիրակությունների, եկեղեցական առաջնորդների և քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Այն ուղեկցվեց համազգային զանգերի ղողանջով և լռության րոպեով՝ խորհրդանշելով համահայկական և համաշխարհային հիշողության միասնությունը։ Միջազգային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին միջոցառումները, և Հայոց ցեղասպանության թեման կրկին հայտնվեց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։

Այս իրադարձության նշանակությունը չի սահմանափակվում միայն հոգևոր հարթությամբ։ Սրբադասումը միաժամանակ հստակ քաղաքական և բարոյական ուղերձ էր միջազգային հանրությանը՝ վերահաստատելով, որ ցեղասպանության զոհերի հիշատակը չի կարող մոռացվել կամ ենթարկվել պատմական վերանայման։ Այն ընդգծեց պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը և զորեղացրեց ցեղասպանության ճանաչման պահանջի բարոյական հիմնավորումը։ Այս համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցին՝ Գարեգին Բ ի առաջնորդությամբ, հանդես եկավ որպես ոչ միայն հոգևոր, այլև հանրային և միջազգային ազդեցիկ դերակատար՝ նպաստելով ցեղասպանության ճանաչման գործընթացի նոր փուլին։

2015 թ. ապրիլի 12 ին Նորին Սրբությունը Վատիկանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցած Ս. Պատարագին, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվեց «Եկեղեցու վարդապետ»: Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Մեծ եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Ֆրանցիսկոս Պապին և ներկա հավատավոր ժողովրդին:

Ավելին՝ 100 րդ տարելիցի միջոցառումները ներառեցին միջազգային գիտաժողովներ, միջկրոնական աղոթքներ, մշակութային ծրագրեր և դիվանագիտական նախաձեռնություններ, որոնք միտված էին ձևավորելու ցեղասպանության վերաբերյալ համապարփակ գիտական և հանրային խոսույթ։ Այս ամենը վկայում է, որ 2015 թվականը դարձավ շրջադարձային փուլ ոչ միայն հիշողության քաղաքականության, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ինստիտուցիոնալացման և խորացման առումով։

Սփյուռքի համախմբում

Գարեգին Բ ի գահակալության շրջանում առանձնահատուկ կարևորություն է տրվում հայկական Սփյուռքի ներուժի համակարգված ներգրավմանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա վերաբերյալ համաշխարհային իրազեկման գործընթացում։ Համաշխարհայնացման պայմաններում, երբ սփյուռքահայ համայնքները տարածված են տասնյակ երկրներում՝ Եվրոպայից մինչև Ամերիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ավստրալիա, Հայ Առաքելական Եկեղեցին, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ, հանդես եկավ որպես համահայկական ինքնության պահպանման և համախմբման առանցքային հաստատություն։
Գարեգին Բ ի նախաձեռնությամբ ամրապնդվում են եկեղեցական թեմերի միջև կապերը, ընդլայնվում թեմական կառույցների գործունեության շրջանակը, խթանվում նրանց մասնակցությունը ոչ միայն հոգևոր, այլև կրթական, մշակութային և հասարակական քաղաքական նախաձեռնություններին։ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը՝ հատկապես Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, վերածվում են այնպիսի հարթակների, որտեղ համադրվում են ազգային հիշողության պահպանումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործնական քայլերը։

Փաստացիորեն՝ Սփյուռքի եկեղեցական կառույցները կազմակերպում և համակարգում են ապրիլյան ամենամյա հիշատակի միջոցառումները, որոնք հաճախ իրականացվում են տվյալ երկրների պետական և հասարակական կառույցների մասնակցությամբ։ Այս միջոցառումները ներառում են ոչ միայն եկեղեցական արարողություններ, այլև գիտաժողովներ, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ և հանրային քննարկումներ, որոնցում ներգրավվում են պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ և մարդու իրավունքների պաշտպաններ։ Այսպիսի բազմաշերտ գործունեությունը նպաստում է, որ Հայոց ցեղասպանության հարցը ներկայացվի գիտական և իրավական հիմնավորվածությամբ՝ դուրս գալով զուտ հիշատակի շրջանակներից։

Առանձնակի նշանակություն և իմաստ ունի Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700 ամյակի արարողությունների շարքում Նորին Սրբության՝ Դեր Զոր 2001 թ. ապրիլի 23 ի ուխտագնացությունը՝ ուղեկցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա ի և ազգային եկեղեցական նշանավոր գործիչների, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր խոսքում վերահաստատեց, որ լինելով ցեղասպանության զոհերի ժառանգները՝ մենք տերն ենք մեր նահատակների արդար դատի և իրավունքների: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերը չեն կարող մոռացվել, և նրանց ներկայացրեց որպես հավատքի համար տառապած և նահատակված հայորդիների, որոնց հիշատակը սրբագործված է։ Այս համատեքստում Դեր Զորը ներկայացվեց ոչ միայն որպես մահվան վայր, այլև սրբավայր, ուր հայերը գալիս են աղոթքի և ուխտի։

Նորին Սրբությունն ուղերձով հանդես եկավ նաև 2007 թ. Կ. Պոլսում, ուր վերստին բարձրաձայնեց Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անժխտելիությունը:

Բացի այդ՝ Սփյուռքի համայնքները Հայ Եկեղեցու հովանու ներքո եռանդով մասնակցում են տարբեր երկրների քաղաքական կյանքին՝ իրականացնելով լոբբիստական աշխատանք, համագործակցելով խորհրդարանականների, քաղաքական կուսակցությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Մի շարք երկրներում ընդունվել են բանաձևեր և օրենքներ, որոնք ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Այս գործընթացում կարևոր դեր են խաղացել եկեղեցական առաջնորդների և թեմական կառույցների նախաձեռնած հանդիպումները պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ձևաչափերը։

Հատկանշական է նաև, որ Գարեգին Բ ի գահակալության տարիներին մեծ ուշադրություն է դարձվել Սփյուռքում ազգային ինքնակազմակերպման գործում երիտասարդ սերնդի ներգրավմանը։ Եկեղեցու աջակցությամբ ստեղծվում և զարգացվում են կրթական ծրագրեր, երիտասարդական միություններ և մշակութային նախաձեռնություններ, որոնց նպատակն է ձևավորել ազգային ինքնագիտակցություն և պատմական հիշողության պատասխանատու վերաբերմունք։ Սա կարևոր գործոն է՝ ապահովելու, որ ցեղասպանության ճանաչման պահանջը պահպանվի և զարգանա նաև ապագա սերունդների շրջանում։

Այսպիսով՝ Սփյուռքի համախմբումը Գարեգին Բ ի առաջնորդությամբ ստացել է ինստիտուցիոնալ և համակարգված բնույթ՝ վերածվելով համաշխարհային մասշտաբով գործող մի մեխանիզմի, որը համադրում է հոգևոր, մշակութային, գիտական և քաղաքական գործիքները՝ նպաստելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի առաջխաղացմանը։

Հայրապետի դիվանագիտական ազդեցությունը

Այն, որ Գարեգին Բ Կաթողիկոսը պաշտոնապես չի մասնակցում պետական դիվանագիտությանը, չի նվազեցնում նրա ազդեցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում։ Գարեգին Բ ի գործունեությունն ընդգրկում է մի շարք հարթություններ՝ կրոնական, դիվանագիտական և բարոյական, ինչը նրան դարձնում է ոչ պաշտոնական, բայց ուժեղ, ազդեցիկ միջնորդ և հեղինակ՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին ուղղելու գործում։ Նրա ուղերձները հաճախ հնչում են համաշխարհային քաղաքական և կրոնական առաջնորդների ներկայությամբ՝ համաժողովների, ներկայացուցչական ժողովների և համաշխարհային եկեղեցական հանդիպումների ընթացքում։ Օրինակ՝ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի միջոցառումների ընթացքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Սփյուռքի տարբեր երկրների եկեղեցական կենտրոններում նրա ելույթները տեղի էին ունենում պետական պաշտոնյաների, նախարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ։ Այս հանդիպումների միջոցով Գարեգին Բ ն կարողացել է շեշտել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական, իրավական և բարոյական անհրաժեշտությունը՝ ընդգծելով նրա համամարդկային նշանակությունը՝ որպես ապագա ցեղասպանությունների կանխարգելման միջոց։

Ավելին՝ Վեհափառ Հայրապետն օգտագործում է միջկրոնական երկխոսության հարթակները՝ հանդիպումներ կազմակերպելով քրիստոնեական այլ ուղղությունների, ինչպես նաև աշխարհիկ առաջնորդների հետ՝ ներառյալ Եվրոպայի, ԱՄՆ ի և Լատինական Ամերիկայի տարբեր երկրների քաղաքական գործիչները։ Այս նախաձեռնությունները նպաստում են նրան, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես մնա միջազգային օրակարգում, ներկայացվի ոչ միայն որպես հայկական ազգային իրավահարաբերություն, այլև համամարդկային իրավունքների և պատմական արդարության հիմնարար սկզբունք։

Կարճ ասած՝ Գարեգին Բ Կաթողիկոսի խոսքն ու հոգևոր ազդեցությունը «միջնորդական դիվանագիտության» գործիք են, որ ամրապնդում են Սփյուռքի ղեկավարների, գիտնականների և քաղաքական գործիչների ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Նրա ուղերձների վերլուծությունը ցույց է տալիս, որ քրիստոնեական Եկեղեցու հոգևոր հեղինակությունը կարող է անմիջական ազդեցություն ունենալ միջազգային քաղաքական գործընթացների վրա, հատկապես այնտեղ, որտեղ պատմական արդարության և մարդկային արժեքների հարցերն են գերակայում։

Ամփոփում

Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ իրականացված գործողությունները՝ սրբադասումից մինչև միջազգային համագործակցություն, զգալիորեն ամրապնդել են հայկական կողմի դիրքերը՝ նպաստելով պատմական արդարության հաստատմանն ու համամարդկային արժեքների պաշտպանությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ միավորելով հավատքը, պատմությունը և արդարության ձգտումը։ Ինչպես Իգնատիոս Անտիոքացի Հայրապետն է գրում. «Ո՛չ կիզիչ հուրը, ո՛չ ջուրը չեն կարողացել մարել քրիստոնյաներիս սերն առ Աստված: Խիզախ ու արիասիրտ քրիստոնյաների համար մեծ բարիք է այս աշխարհում Աստծո հետ մայր մտնելը և Նրա հետ հառնելը» (Ս. Իգնատիոսի վարքից)։ Այս պատգամը և՛ անցյալում, և՛ այժմ ուղենիշ է եղել թե՛ Եկեղեցու, թե՛ ամբողջ հայ ժողովրդի համար։

2001 թ. սեպտեմբերի 27. Գարեգին Երկրորդը և Հովհաննես Պողոս Երկրորդը ստորագրում են Համատեղ հռչակագիր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Եվս մեկ Համատեղ հայտարարություն երկու եկեղեցապետերի միջև ստորագրվել էր 2000 թ. նոյեմբերի 29‑ին:

2001 թ. սեպտեմբերի 27. Գարեգին Երկրորդը և Հովհաննես Պողոս Երկրորդը ստորագրում են Համատեղ հռչակագիր՝

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Եվս մեկ Համատեղ հայտարարություն երկու եկեղեցապետերի

միջև ստորագրվել էր 2000 թ. նոյեմբերի 29‑ին:

2015 թ. ապրիլի 12. Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝
Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանության 100‑րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագին:
Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը երկրորդ անգամ կատարվածը բնորոշեց
ցեղասպանություն եզրույթով՝ վերահաստատելով Հովհաննես‑Պողոս պապի՝ 2001 թ. հռչակագրի
ձևակերպումը։ Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարվեց հոգեհանգստյան
արարողություն նահատակների համար։

2016 թ. հունիսի 24. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդում։ Այցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետի և

Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ էկումենիկ աղոթք կատարվեց Խոր Վիրապի վանական համալիրում,

իսկ հունիսի 26‑ին երկու եկեղեցապետերը համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը վկայակոչում էր Վատիկանի

կողմից Հայոց ցեղասպանության ավելի վաղ ճանաչումը։

Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ