«Հայրենիքի փրկությունը թո՛ղ լինի գերագույն օրենքը»
22.10.2026
Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ
— Պարո՛ն Այվազյան, աշխարհաքաղաքական արդի իրավիճակում Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը ի՞նչ դրական արդյունքների և բացասական հետևանքների կարող է հանգեցնել։ Հակասո՞ւմ է արդյոք Հայոց ցեղասպանության հիմնախնդրի զարգացումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, և մի՞թե պետք է ուրանալ արևմտահայության ժառանգորդների ազգային իրավունքները, ինչպես դա արվում է արցախահայության նկատմամբ։
— Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է հստակ պատկերացնել, թե ինչ նպատակներ էին հետապնդում Հայոց ցեղասպանության կազմակերպիչները՝ Աբդուլ Համիդը և երիտթուրքերը, և համեմատել դրանք այսօրվա Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարած քաղաքականության հետ։
1893—1923 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն ունեցել է չորս հիմնական փուլ, որոնց ընթացքում հայկական քաղաքակրթությունը բնաջնջվել է իր բնիկ տարածքի մեծ մասից՝ խլելով ավելի քան 2 միլիոն հայերի կյանք։ Մասնավորապես՝ շուրջ 300000 հայ ոչնչացվել է 1894—1896 թթ., 30000 ը՝ 1909 թ., 1,5 միլիոնը՝ 1915—1916 թթ., և շուրջ 30000 ը՝ 1917—1922 թթ.։
Ցեղասպանությունն ուղղված էր ամբողջ հայ ժողովրդի դեմ։ Այն իրականացվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության այլ շրջաններում, այլև Արևելյան Հայաստանի այն տարածքներում, ուր հասել են թուրքական ջարդարար զորքերն ու նրանց դաշնակից կովկասյան թաթարական զինված խմբերը։ Հետևաբար՝ ցեղասպանության զոհերի ժառանգները ոչ միայն սփյուռքահայերն են, այլև ներկայիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ առանց բացառության, քանի որ այն ուղղված էր ամբողջ հայության դեմ։ Առավել ևս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայության ուղղակի ժառանգներն են։
Ավելին, միայն Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգայնորեն ճանաչված պետություն, ունի իրավունք և հնարավորություն միջազգային իրավական ատյաններում բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը։
Ո՞րն էր Հայոց ցեղասպանության բուն նպատակը։ Այն ոչ այնքան հայերի՝ որպես առանձին էթնոսի ֆիզիկական բնաջնջումն էր, որքան Հայաստանի ոչնչացումը՝ որպես մի երկրի, որն ուներ անկախ պետականությունը վերահաստատելու ժողովրդագրական, գաղափարական, քաղաքական և մշակութային բոլոր նախադրյալները։ Վերջին հաշվով, ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետականության վերականգնման հնարավորության դեմ։ Ըստ էության, հայերը բնաջնջվեցին հենց որպես այդ քաղաքական հնարավորության կրողներ։
Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դուրս՝ Օսմանյան կայսրության այլ շրջաններում, հայերի ոչնչացումը նույնպես նպատակ ուներ վերացնելու հայերի հետագա որևէ պահանջները իրենց պատմական հայրենիքի նկատմամբ։ Այսպիսով՝ նպատակը Հայաստանի ոչնչացումն էր, իսկ միջոցը՝ հայերի բնաջնջումը։ Ոչնչացվեցին հայ ժողովրդի վերնախավը, հասարակական կառուցվածքը, հազարամյակների պատմություն ունեցող կրթական, եկեղեցական և համայնքային ճյուղավորված համակարգերը, ինչպես նաև այդ հողում ստեղծված հայկական ողջ մշակույթը։ Եվ ամենակարևորը՝ ցեղասպանության հետևանքով հայությունը կորցրեց իր հինգհազարամյա կենսատարածքի մեծ մասը։
— Թուրքիայի քաղաքականությունը Օսմանյան կայսրությունից մինչև այսօր փոխվե՞լ է արդյոք, և իրատեսակա՞ն են միթե այն հայացքները, որ թուրքական պետական քաղաքականությունը բարեփոխվել է և այլևս ուղղված չէ հայկական ինքնության ոչնչացման դեմ։ Խաղաղության հեռանկարը, որ հայ ժողովրդին քարոզվում է այսօր, սին պատրա՞նք է, քաղաքական խաբեությո՞ւն, թե՞ պատմական հնարավորություն։
— Փոխվե՞լ է արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ 1991 թ. ԽՍՀՄ ի փլուզումից անմիջապես հետո այդ ֆաշիստական պետությունները որդեգրեցին նույն հակահայկական ուղեգիծը՝ նպատակ ունենալով թուլացնել և ոչնչացնել Հայաստանը։ Սկզբում իրականացվեց Ադրբեջանի ԽՍՀ ի տարածքում մնացած հայաբնակ շրջանների հայաթափումը, այնուհետև դատարկվեց Արցախը, ապա նման փորձեր կատարվեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ հատկապես Սյունիքում և ՀՀ ի արևելյան ամբողջ սահմանի երկայնքով։
Այս պահի դրությամբ, հաղթահարելով հայ ժողովրդի կատաղի դիմադրությունը, նրանց հաջողվել է իրականացնել այդ հրեշավոր ծրագրի առաջին փուլը. Արցախը հայաթափվել է, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից բռնազավթվել է շուրջ 240 քառ. կմ՝ ներառյալ ռազմավարական նշանակության բարձունքներ։ Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշումն աստիճանաբար ավելի ու ավելի աճում է։
Ադրբեջանը և նրան մշտապես ուղղորդող ու թիկունքն ապահովող Թուրքիան Հայաստանից, ըստ էության, պահանջում են հրաժարվել ինքնիշխան պետականության լիարժեք իրացումից և ենթարկվել իրենց պայմաններին՝ կրճատել և, ըստ էության, լուծարել Հայկական բանակը, տրամադրել Սյունիքով անցնող ճանապարհներն ու հաղորդակցությունները, փոփոխել Սահմանադրությունը, վերանայել պատմության դասագրքերը, հրաժարվել Հայոց ցեղասպանության հիշողությունից և Արցախ վերադարձի անքակտելի իրավունքից, Հայաստանում բնակավորել հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ նրանց ուղեկցող թյուրքական «հսկիչ» զորքերով հանդերձ։
Այս պահանջները վկայում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներն ու մեթոդները չեն փոխվել։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունն ու հայությունը պետք է համախմբեն իրենց ամբողջ ներուժը՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և պաշտպանական ոլորտներում՝ արդյունավետորեն դիմակայելու համար նրանց հայասպան ծրագրերին։ Ուրիշ, այլընտրանքային ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Հատկապես կարևոր է հուսալի դաշնակիցների ապահովումը, որը լիովին լուծելի խնդիր է։
— Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը ներկայումս փաստացի միտված է Հայ դատի շարունակության դեմ։ Առերևույթ քողարկումով փորձ է արվում ոչ միայն հայ ժողովրդի գիտակցությունից արմատախիլ անելու Հայոց ցեղասպանության հիշողությունն ու պահանջատիրությունը, պատմական Հայաստանի իրողությունը՝ բռնազավթված Արևմտյան Հայաստանով և Արևելահայաստանի հայտնի շրջաններով, այլև կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության իրողությունը, սակարկվում միլիոնավոր հայ նահատակների թիվը, պետական արտաքին քաղաքականությամբ անգործության մատնվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը։ Այդ ամենն արվում է հետևողականորեն՝ Արցախից սկսած մինչև Արարատ, Հայոց պատմության գաղափարական վերախմբագրումից մինչև Հայ Եկեղեցու կազմաքանդմանն ուղղված քաղաքական արշավ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը՝ աշխարհաքաղաքական ճնշո՞ւմ և ներքին անելանելիությո՞ւն, աշխարհաքաղաքացիությո՞ւն՝ ազգային ինքնության ուրացմամբ և հայրենասիրության ոչնչացմամբ, թե՞ մի այլ երևույթ։
— Թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկել ուժեր, որոնք բացահայտորեն համագործակցում են թշնամու հետ՝ ի վնաս մեր պետության և ժողովրդի, առավել առարկայականորեն կպարզվի ապագայում։ Այժմ կարևորն այն է, որ ՀՀ ի ներկա իշխանությունների քաղաքականությունը քայքայում է երկրի ինքնիշխանությունը տարբեր ուղղություններով։ Իրավիճակը բարդ է և վտանգավոր։
Չափազանց խոսուն էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոնի կազմակերպումը։ Դա, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։ Քանի դեռ ՀՀ ում տեր ու տիրակալը կոլաբորացիոնիստական ուժերն են՝ մշակութային միջոցառումների անվան տակ իրականացվող նման վնասարարական դրսևորումները, հավանաբար, կշարունակվեն և նույնիսկ կհաճախանան։
Պետք է գիտակցել, որ Փաշինյանն ու ՔՊ ն սաստկացնելու են թուրքահաճո ուղեգիծը, իսկ առաջիկա ընտրություններում վերարտադրվելու դեպքում անցնելու են Հայաստանը թուրք ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ քայլերի։ Հայաստանում վտանգված են պետականության և ազգային ինքնության գրեթե բոլոր բաղադրիչները, հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն գիտակցում, քաղաքականապես մանկամիտ են։
Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասում։ 2026 թվականը կարող է դառնալ վճռորոշ։ Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմ. 8:31)։
— Ո՞րն է Հայ Եկեղեցու դերն ստեղծված իրավիճակում, և առհասարակ ինչպե՞ս եք գնահատում մեր Եկեղեցու գործունեությունը Հայոց ցեղասպանության հիմնախնդրի և հայկական ժառանգության պահպանման ու վերադարձման ուղղությամբ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային ինքնակա և համաքրիստոնեական տիեզերական հաստատություն, ինչպե՞ս պետք է դիմադարձի՝ հաղթահարելու հակահայկական և հակապատմական ներքին ու արտաքին սպառնալիքները։
— Հայոց Եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ այսօր հայկական քաղաքակրթության և ինքնության պաշտպանն ու ջատագովն է։ Իր այդ կարգավիճակից բխելով՝ Եկեղեցին և հայ հոգևորականությունը չեն կարող աչք փակել հայոց պատմության ամենաողբերգական էջի՝ ցեղասպանության և դրա հետևանքների՝ տարբեր ձևերով մոռացության մատնելու իշխանական փորձերի վրա։ Չէ՞ որ հենց Հայոց Եկեղեցին ու հոգևորականությունն են եղել ցեղասպանության առաջնային թիրախներից մեկը՝ հետևողականորեն և կանխամտածված կերպով ոչնչացվելով։ Վերջին տվյալներով՝ ցեղասպանության ընթացքում ավերվել և ոչնչացվել են հայկական 2538 եկեղեցի և 451 վանք, որոնք, բացի կրոնական հաստատություններ լինելուց, նաև կրթական ու մշակութային օջախներ էին, գրչության կենտրոններ, հին ձեռագրերի մատենադարան պահոցներ... Սպանվել են հազարավոր հոգևորականներ, ովքեր հայության առավել կրթված ու նվիրյալ սոցիալական խավն էին, որը ազգային հավաքական գիտելիքի ու հոգևոր մշակութային ժառանգության կրողն էր։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող է Եկեղեցին մոռանալ կամ ուրանալ այդ ամենը, հատկապես երբ մոռացությունն ու ուրացումը լուրջ սպառնալիք են նախևառաջ մեր պետության և ժողովրդի համար։ Ուրացումը ոչ միայն բարոյական խզում է անցյալի հետ, այլև ազգային դիմադրողականության կազմալուծում, որը կարող է հանգեցնել ծանր և լիովին կանխատեսելի հետևանքների։
Ցավով պետք է արձանագրել, որ մեր օրերում Հայոց Եկեղեցին ոչ պատահականորեն Հայաստանի Հանրապետությունում զրկված է ազատ գործելու հնարավորությունից։ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների. կալանավորված արքեպիսկոպոսներ, Մայր Աթոռի և այլ տաճարների բակերում աղանդավորական խուժան՝ նրան «պաշտպանող» ոստիկանական ուժերով, պետական ուժային և դատական մարմինների կոպիտ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարման գործընթացներին, ներեկեղեցական ու դավանաբանական կանոնների փոփոխությունների պարտադրանք, պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչող վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ — ահա այն միջավայրը, որի մեջ այսօր գոյատևում է Հայոց Եկեղեցին։
Այդ ամենով հանդերձ՝ քրիստոնեական հավատքն ու Եկեղեցին ուժեղանում են առավելապես հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում։ ՀՀ ի ղեկավարների «հանճարեղ» գործողությունների հետևանքով Հայոց Եկեղեցու վարկը բարձրացել է աննախադեպ աստիճանի՝ հետխորհրդային շրջանի ողջ ընթացքում։
ՀՀ ի ներկայիս իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության և հայ ժողովրդի շահերը որևէ կետում չեն համընկնում։ Ավելին՝ դրանք ուղիղ հակադարձ են։ Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին՝ նրա ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և հոգևոր հիմքերին։ Ամեն դեպքում, պատմական այս բախման մեջ արդար կողմը հայ ժողովուրդն է և Հայոց Եկեղեցին։
— Հայագիտական ակադեմիական և ոչակադեմիական հաստատություններն ու կազմակերպությունները, ըստ Ձեզ, բավարա՞ր աշխատանք են տանում Հայ դատի կայացման և Հայաստանի իշխող քաղաքական ուժի ապազգային գործունեության կասեցման ու վերաճշտման ուղղությամբ։
— Եթե կարճ պատասխանեմ, ՀՀ ի ակադեմիական և բուհական հիմնարկների ղեկավարությունը ոչ միայն բավարար աշխատանք չի տանում այդ ուղղությամբ, այլև, փաստորեն, բացահայտ կամ լռելյայն սատարում է ներկայիս իշխանությունների ապազգային քաղաքականությանը՝ երբևէ բողոքի ձայն չբարձրացնելով։ Այնինչ ակադեմիական և բուհական հաստատությունների ղեկավարները նախևառաջ պետք է լինեն գիտնականներ և հայրենասեր քաղաքացիներ և հետո միայն՝ չինովնիկներ ու բյուրոկրատներ։ Հասարակական և բարոյական տեսանկյունից նրանք կրում են ոչ միայն վարչական, այլև հանրային մտքի ու խղճի ձևավորման պատասխանատվություն. նրանց կրավորականությունը ինստիտուցիոնալ հարմարվողականության (կոնֆորմիզմի) դրսևորում է, որը թուլացնում է գիտական համայնքի ինքնավարությունն ու քննադատական ներուժը և խոչընդոտում ժողովրդավարության զարգացմանը։
— Ի՞նչ հանգուցալուծումներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար մոտ ապագայում։
— Օրակարգում Հայաստանի անվտանգության և կայունության ապահովումից, նույնիսկ՝ փրկությունից և ազատագրությունից ավելի կարևոր հարց չկա։ Ինչպես ասում էին հին հռոմեացիները, «Salus patriae suprema lex esto», այսինքն՝ «Հայրենիքի փրկությունը թո՛ղ լինի գերագույն օրենքը»։
Հարցազրույցը՝ Նարինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ