Հայ Եկեղեցին Հայոց ցեղասպանության ընթացքում
22.10.2026
Դեռ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան Թուրքիայում արևմտահայերն ունեին հարյուրամյակների ընթացքում կարգավորված եկեղեցական կառուցվածք՝ Կիլիկիո կաթողիկոսություն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, հայոց թեմեր՝ թեմակալ առաջնորդների գլխավորությամբ: Օսմանյան Թուրքիայի տարածքում կային 50 ից ավելի հայոց թեմեր: Մինչև Առաջին աշխարհամարտը Օսմանյան Թուրքիայի տարածքում գոյություն ունեին հայկական 1388 եկեղեցի և 134 վանք: Միայն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ կային 222 եկեղեցի և 12 վանք: Մինչև պատերազմի սկիզբը արևմտահայոց թեմերը ստանում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը. թեմակալ առաջնորդները եպիսկոպոս էին ձեռնադրվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Հայոց Եկեղեցին, ի դեմս Կոստանդնուպոլսի պատրիարքի, Կիլիկիո կաթողիկոսի, թեմերի առաջնորդների, ամբողջությամբ պաշտպանում էր իր ժողովրդի ձգտումները, մանավանդ 1909 թ. Ադանայի ջարդերից հետո ձեռք էր բերել երկարատև ազատություն ու անկախություն: 1912 թ. հուլիսի 19 ին և օգոստոսի 25 ին Աղթամարի կաթողիկոսական տեղապահ Եզնիկ վարդապետ Ներկարարյանն իր նամակներում՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարքությանը, հայտնում էր բազմաթիվ հայերի սպանությունների ու թալանի մասին, որ կատարում էին թուրքերն ու քրդերը հայկական գյուղերում, ինչպես նաև այն մասին, որ հայերը սարսափի ներքո ստիպված են լքել հարազատ գյուղերը։ Հաճնի թեմակալ առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Սարաջյանը Կ. Պոլսի պատրիարքին զեկուցում էր քուրդ Բեկ Միր Մհեի գազանությունների մասին, որոնք կատարվում էին Շատախի հայ բնակչության հանդեպ:
Օսմանյան Թուրքիայի կառավարության հակահայկական խստացող տրամադրություններն ստիպեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Հովհաննես արքեպիսկոպոս Արշարունուն 1912 թ. սեպտեմբերի 4 ին օգնության դիմել Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսին: Պատրիարքը մասնավորապես գրում էր. «Սկսվեց նոր ժամանակաշրջանը՝ ամենուր լի նոր չարիքներով, և այժմ, մասնավորապես, նրանց համար բեմ հանդիսացան Վանի, Աղթամարի, Բիթլիսի, Մուշի, Սղերտի թեմերը. նորերս ստացված հեռագրերը հայտնում են սպանությունների, ավերածությունների, կանանց առևանգման և նույնիսկ անչափահասների իսլամացման մասին»: Պատրիարքը կաթողիկոսին խնդրում էր անհրաժեշտ «ցուցում կամ խորհուրդ տալ, որին ենթարկվելով հնարավոր լինի խելամիտ և գործնական ելք գտնել»:
Հայերի համար ստեղծված կացությունից դուրս գալու ելքը պետք է լիներ 1914 թ. հոկտեմբերի 16 ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև սկսված պատերազմը, որը խոստանում էր վերջինիս ջախջախումից հետո արևմտահայերին ազատել թուրքական լծից: Մշո հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խարախանյանի՝ 1914 թ. նոյեմբերի 8 ի՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանին ուղղած գրության մեջ նշված է. «Կառավարությունը իր վարվելակերպով հայտնի կընէ, որ հայերու վրայե վստահությունը բոլորովին վերացած է, և ինքն է, որ մութ տարրերը կը գրգռէ և կը զինէ հայերու դեմ: ….Կամավորներ հասցնելու նպատակով կամ այդ պատրվակով կառավարությունը գող, ավազակ և սրիկաներ չմնաց, որ չզինէ, օրերս Սասունեն, Խոյեն ասդին և անդին և խումբ խումբ զինված քրդական կամավորներ բերուեցան, որոնք հայերու դեմ գրգռված են, և ճամբու վրա հանդիպած հայ գյուղերը շատ վնասներ կրեցին: Հաստատուն նշաններ կան, թե կառավարությունը պատրվակ կը փնտրէ գավառիս հայերը աղետներու ենթարկելու, և այս տագնապալի վիճակին հանդեպ շվարած, բացի երկնային պաշտպանութենեն՝ ուրիշ միջոց մը չենք տեսներ»:
Սեպտեմբերի 8 ին Բայազետից Հայոց Բագրևանյաց առաջնորդ Ներսես քահանա Քաջբերունին Գևորգ Ե ին գրում էր. «Ձերդ Վեհափառությունը թող իրազեկ լինի, որ Ս. Հովհաննու հռչակավոր վանքը հեծելազորաց կենտրոն դարձավ: Մեր հայրերուն սուրբ մասունքները ոտից կոխած լինելեն ի զատ այդ հսկա հոյակապ մենաստանը բոլորովին ավերման ենթարկվեցավ: Ձայներս Պոլիս՝ պատրիարքարան չհասեր, պաշարված ենք, միակ հույսն ու փրկությունը Ձերդ Վեհափառության կսպասենք»:
1914 թ. նոյեմբերի 8 ի՝ իր թիվ 1720 կոնդակում կաթողիկոսը, մտահոգվելով Արևմտյան Հայաստանում բնակվող իր հոտի բախտով, գրում էր. «Տաճկական իշխանությանց առանձնապես անկանոն զորքի և մոլեռանդոց ամբոխի կողմից հայերին սպասում են ցնցումներ, որոնք հազիվ կարող է մարդկային երևակայությունը պատկերացնել: Սակայն մեծ է նաև անդրդվելի իմ հավատը, որ այս պատերազմը վերջնականապես կվճռի արևելյան հարցը և վերջ կդնի հայերի դարավոր տառապանքներին»:
Լինելով իմաստուն և հեռատես հոգևորական՝ Գևորգ Ե Կաթողիկոսը չէր կարող չնկատել, որ Կովկասյան ռազմաճակատի ռազմական գործողությունների հենց սկզբից և հատկապես ռուսական զորքերի՝ թուրքական տարածքները մտնելուց հետո հայ ազգաբնակչությունը, որը գտնվում էր ռազմաճակատի գծից ներս, հայտնվելու էր ծանր վտանգի առջև: Կովկասի փոխարքային ուղղված իր ուղերձում Վեհափառ Հայրապետը գրում էր. «Կովկասյան սահմանի վրա պատերազմական գործողություններն սկսվելու ժամանակից, որոնք առաջացան մեր սևծովյան ափերի վրա տաճկական նավատորմի դավադիր հարձակմամբ, պատերազմի գլխավոր բեմը Տաճկաստանի հետ ներկայացնում է Տաճկահայաստանը, և կասկած չկա, որ սկսված սարսափները հետագայում առաջ կբերեն անհամար և անլսելի դժբախտություններ բազմաչարչար հայ ժողովրդի համար»:
1914 թ. նոյեմբեր դեկտեմբերին արևմտահայ առաջին գաղթականները հայտնվեցին Նախիջևանում: Տեղի փոխանորդ Սիոն վարդապետը, դիմելով Մայր Աթոռին, գաղթականների համար խնդրեց սննդամթերք և դեղորայք:
1914 թ. դեկտեմբերի 28 ին թիվ 1990 հայրապետական կոնդակով Գևորգ Ե ն ստեղծեց «Եղբայրական օգնություն Ս. Էջմիածնի գլխավոր կարգադիր հանձնաժողով»՝ Սինոդի անդամ Եփրեմ եպիսկոպոս Սուքիասյանի նախագահությամբ: Եղբայրական օգնության հանձնաժողովներ ստեղծվեցին նաև Երևանի հայրապետական թեմում, Բեսարաբիայում, Նախիջևանում, Ալեքսանդրապոլում, Սալմաստում, Վասպուրականում:
1914 թ. դեկտեմբերի 31 ին Եփրեմ եպիսկոպոսը գրում էր Երևանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանին. «Էջմիածնում ահռելի հեղեղ է, անընդհատ գալիս են նոր զանգվածներ՝ բոլորը սոսկալի պայմաններում¬: Չկան ազատ տեղեր, կարող են առաջանալ համաճարակ, հիվանդություններ¬։
Նորին Սրբության հովանու ներքո գտնվող Եղբայրական օգնության հանձնաժողովը խնդրում է Ձեզ առանց հետաձգելու խոսել նահանգապետի հետ, որպեսզի հեռագրով գավառապետին արվի անհրաժեշտ կարգադրություն, որպեսզի կարելի լինի փախստականներին անհապաղ ուղարկել գյուղերը: Մանրամասն անվանացանկ կազմել տեղերում ավագների կողմից»։
1915 թ. հունվարի 15 ին ռուսական բանակի գնդապետ Վեբերը հեռագրեց Երևանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոսին. «Ղարաքիլիսայից Ալաշկերտ հասան հազարավոր կանայք և երեխաներ՝ բոլորը քաղցած ու ցնցոտիավոր: Անհրաժեշտ է 30 ֆուրգոն՝ երեխաների տեղափոխման համար»: Խորեն եպիսկոպոսն օգնության համար դիմեց Կովկասյան բանակի 4 րդ կորպուսի հրամանատար, ծագումով հայ գեներալ Պ. Օգանովսկուն, և նա ուղարկեց կարիքավոր հայերին անհրաժեշտ ամեն ինչ:
«Եղբայրական օգնության» Ս. Էջմիածնի Գլխավոր կոմիտեն 1915 թ. հունիսի 5 ի նիստում որոշեց՝ 1. Ալաշկերտի շրջանում գաղթականներին օգնություն ցույց տալ քայքայված տնտեսությունների վերականգնման համար, 2. գաղթականներին ապահովել գյուղատնտեսական գործիքներով, 3. գաղթականներին վերադարձնել հայրենիք:
Նրանց հոսքը դեպի Արևելյան Հայաստան մեծանում էր: 1915 թ. հուլիսի 10 ին Անդրանիկը Բերկրակալեից հեռագրում է Խորեն եպիսկոպոսին. «Իմ անունից և իմ ժողովրդի անունից խնդրում եմ, Աստծո սիրույն, իրար հետևից Իգդիր ուղարկեք 20 ֆուրգոն՝ հայ գաղթական հայերի համար: Հսկայական քանակով գաղթական է գալիս ձեզ մոտ Վանից, բոլոր տեղերից, Վանա լճի շրջակայքից, ինչպես նաև Մուշի շրջանից: Հացը ուղարկեք հիմա և մինչև այն ժամանակ, քանի դեռ չի ավարտվել գաղթականների հոսքը»:
Կաթողիկոսը գաղթականներին ընդառաջ Իգդիր է ուղարկել Խորեն եպիսկոպոսին, Արսեն վարդապետին, ինչպես նաև հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ գաղթականներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Այս առաքելության իրականացման համար Հակոբ քահանա Խաչվանքյանն Ալեքսանդրապոլից Երևան ուղարկեց 600 փութ հաց:
Արևմտահայությանը փրկելու համար Գևորգ Ե ն դիմեց ԱՄՆ ի և Իտալիայի կառավարություններին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին: ԱՄՆ ի նախագահին Գևորգ Ե ն մասնավորապես գրում էր. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միջագետքում, Հալեպի և Մոսուլի միջև, ինչպես նաև Կիլիկիայում և Կ. Պոլսում մի քանի հարյուր հազար հայեր անելանելի վիճակում են, որը սպառնում է նրանց գոյատևմանը: Ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնված իմ ժողովրդի միջոցները չնչին են, որպեսզի օգնություն ցույց տա իր թշվառ եղբայրներին: Ընդ որում մենք զրկված ենք օգնությունը տեղ հասցնելու հնարավորությունից: Իմանալով Ձեր մարդասիրական վերաբերմունքը տանջվածների նկատմամբ և Ձեր բարեհոգի սիրտը, դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով՝ ստանձնել Թուրքիայում մահվան դատապարտված իմ ժողովրդին փրկելու և նրան սնունդով, հագուստով և կացարանով ապահովելու նախաձեռնությունը»:
Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության կազմակերպման հիմնական պատճառներից մեկը նաև հայերի դավանանքն էր: Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ Արևմտյան Հայաստանում և ընդհանրապես Թուրքիայում ամենուրեք կոտորածների առաջին թիրախը դառնում էին Հայոց Եկեղեցու սպասավորները: Կոստանդնուպոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանը 1915 թ. դեկտեմբերի 28 ին ԱՄՆ ի հայոց հոգևոր թեմի առաջնորդական փոխանորդ Արսեն վարդապետ Վեհունուն տեղեկացնում էր. «Առաջնորդներից Կարնո Սմբատ եպիսկոպոս Սաատեթյանն իր ժողովրդին հետ դեպի Միջագետք տարած ժամանակ, Քեմախի մոտերը հրոսակներու կողմե սպանված է: Տրապիզոնի Գեորգ ծ. վարդապետ Թուրյան, Կարնո պատերազմական ատյանեն ղրկված ըլլալով, ճամփուն սպանված է: Շապին Գարահիսար Վաղինակ ծ. վարդապետ Հազարապետյան կախաղանի վրա իր հոգին ավանդած է տեղական վճիռով: Մշո Վարդան ծ. վարդապետ Հակոբյան բանտին մեջ բրածեծ մահացած է: Տիգրանակերտի Մկրտիչ ծ. վարդապետ Չլղատյան բանտին մեջ գանահար սպանված է: Եվդոկիայի Շավարշ ծ. վարդապետ Սահակյան, ձերբակալվելով Սեբաստիա, ղրկված ատեն ճամբուն սպանված է: Խարբերդի Պսակ ծ. վարդապետ Տեր Խորենյան շղթայակապ դեպ Տիգրանակերտ այլոց հետ ղրկված ատեն խողխողված է: Յոզղատի Ներսես եպիսկոպոս Դանիելյան Սեբաստիո մոտերը Ալիսի ափերուն ուրիշ 450 յոզղատցիներու հետ սպանված է: Եդեսիո Արտավազդ ծ. վարդապետ Գալենտերյան քաղաքին մեջ սպանված է ուրիշ 60—70 հայերու հետ վերջին ջարդեն առաջ: Բալուի Եզնիկ եպիսկոպոս Գալփակճյանի, Բազելի Սուրեն ծ. վարդապետ Գալեմյանի, Սղերդի Եղիշե վարդապետ Չանոյանի, Չարսանճագի Գևորգ ծ. վարդապետ Նալբանդյանի, Երզնկայի և Քեմախի Մելքիսեդեկ վարդապետ Հովիվյանի, Սամսոնի Համազասպ ծ. վարդապետ Եղեսյանի և Կյուրինի Խորեն եպիսկոպոս Դիմաքսյանի մահը ստույգ է, բայց պարագաները տակավին անծանոթ կը մնան… Չխնայելով նույնիսկ Կիլիկիո Սահակ Ա կաթողիկոսը, որ նա Հալեպի քովերը Պապ աքսորվելով և ապա ղրկեցավ Երուսաղեմ, ուր կմնա այժմ»: Փաստերը հավաստում են՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել արևմտահայ ավելի քան 900 հոգևորական:
Կ. Պոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի բողոքի հորդորները Թուրքիայի արդարադատության և կրոնի նախարար Փարիզադե Իբրահիմ բեյին, Մեծ վեզիր Սայիդ Խալիմ փաշային, երեսփոխանական ժողովի նախագահ Խալիլ բեյին, Օսմանյան կայսրության Շեյխ ուլ իսլամ՝ Մուսա Քյազիմ էֆենդիին, ներքին գործոց նախարար Թալեաթին մնացին անպատասխան: Պատրիարքի զայրույթը և խնդրանքները Թուրքիայի կառավարող օղակներում անտեսվեցին:
1915 թ. հունվարի 5 ին Նախիջևանի փոխանորդ Սիոն վարդապետը հեռագրում էր Խորեն Սրբազանին, որ Նախիջևանում կուտակվել են հազարավոր գաղթականներ, որոնք կարիքի մեջ են, անոթի և սպասում են գնացքներին, որպեսզի մեկնեն Երևան:
Երևանի թեմում ապաստանած գաղթականների վիճակի մասին 1915 թ. հունվարի 17 ին Խորեն եպիսկոպոսը զեկուցում է Էջմիածնի Եղբայրական օգնության հանձնաժողովին. «Մինչև օրս Երևան հասած փախստականներից քաղաքացիները տեղավորված են Երևանում, որոնց թիվը հասնում է 1500 ի, իսկ մյուսները՝ զանազան գյուղերում: Տեղիս գործադիր մարմինը ոչ մի ջանք չի խնայել՝ բոլորին տաք շոր, անկողին, սնունդ հասցնելու: Գաղթականների հոսանքը դեռ չի դադարել, շարունակում են գալ Պարսկաստանից և Թուրքիայից Էջմիածնի վրայով, որոնց տեղավորումը կատարվում է ամենայն արագությամբ»:
Գաղթական հայության հիմնական մասը տեղավորվեց Երևանին հարող Քանաքեռ, Արամուս, Բաշգառնի, Շիրաբաթ և Նորագավիթ գյուղերում:
Սբ. Էջմիածնի Եղբայրական օգնության գլխավոր կարգադիր հանձնաժողովի՝ 1915 թ. հունվարի 24 ի նիստում որոշվեց.
1. Կանոնավոր կազմակերպել գաղթական փախստականներին խնամելու և կերակրելու գործը:
2. Միաժամանակ անցկացնել միանման վիճակագրություն:
3. Գաղթականներին բաժանել հագուստ և անկողին:
4. Ամենուր կազմակերպել բժշկական օգնություն:
5. Գաղթականների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, բացել բաղնիքներ:
6. Ամեն կերպ նպաստել անտեր ու չքավոր երեխաների խնամքին ու ուսմանը:
7. Աշխատանքի ընդունակների համար աշխատանք կազմակերպել:
8. Ունենալ հատուկ չափաբերական մատյան Թուրքիայից, Պարսկաստանից և այլ վայրերից եկած գաղթականների համար:
Գաղթական հայերը, հաղթահարելով զգալի տարածություններ, քաղցած, տանջված, սառած, վախեցած, իրենց վրա զգալով թուրքական և քրդական կոտորածների սարսափը, առանձին խմբերով հասնում էին Կովկասի սահմանները և կուտակվում Մայրավանքի շուրջը: Այն, ինչ որ տեղի էր ունենում այդ ժամանակ Մայր Աթոռում, կարելի է համեմատել միայն դանթեական դժոխքի հետ: «Գաղթականությունը… եկավ կուտակվեց Էջմիածնի շրջակայքում, անտառի մեջ ու վանքի արևակեզ հրապարակների վրա, ապա անցավ հեղեղելու Երևանի հրապարակները, եկեղեցիների գավիթներն ու նույնիսկ բանուկ մայթերը՝ ժեռուտ ու կիզիչ: Այո՛, եկավ, կուտակվեց ավելի քան 15000 գաղթականություն Խնուսից, Բուլանուխից, Մանազկերտից, Մուշի դաշտից, Ախլաթից, Ալջավազից, Արճեշից ու Վասպուրականի մնացյալ գավառներից, ինչպես և Մոկսից ու Շատախից:
….Եվ սկսվեց սովը, ապա՝ վարակիչ հիվանդություններն ու մահացությունները Էջմիածնի, Իգդիրի, Երևանի, մանավանդ Էջմիածնի հրապարակներում ու պատերի տակ, և սկսվեց նոր աղետը՝ ահավոր և ահռելի:
…. Էջմիածին, 28 հուլիսի
Մարդկային երևակայությունից վեր զարհուրելի տեսարան է ներկայացնում այժմ Էջմիածինն իր շրջանակներով: Չեք գտնի ոչ մի արշին տեղ, ուր կուտակված չլինեն զանգվածները:
Բազմահազար գաղթականությունը բռնել է ճեմարանի բակը, վանքի գավիթը, Ղազարապատը, լճի չորս կողմը, նույնիսկ շուկան ու փողոցները: «Հա՜ց» աղաղակում են ամենքը, հաց չկա, հիվանդացողներն ու մեռնողները բազմաթիվ են…
Էջմիածին, 28 օգոստոս
Փոքրիկ պտույտ «Դանթեի դժոխքում»: Ճեմարանի մուտքի առաջ ընկած են մի քանի կանայք ու երեխաներ, որոնք վերջին կռիվն են մղում մահվան դեմ: Նրանց կողքին մի քանի անչափահաս աղջիկ ու տղաներ, երկու դիակի վրա ընկած, ականջ են խլացնում իրենց ողբով:
Ներս են մտնում ճեմարանի բակը, գարշահոտություն է տիրում այստեղ. այդ գարշահոտության մեջ թափված են մեր հարազատների քոչերը: Մուտքից մինչև ճեմարանի առջև համրում են զանազան հասակի վեց դիակներ:
Անցնում եմ վանքի բակը, ուղիղ մուտքի առջև երկու կին մի երիտասարդ դիակի վրա իրենց ողբն են ասում ու պատան կարում: Տպարանի ու միաբանության խցերի առաջ թափված են իրար վրա մահվան ճանկերում գալարվող ծերունիներ, կանայք և երեխաներ, իսկ ճանապարհի երկարությամբ մինչև էլեկտրական կայանը ընկած են բազմաթիվ դիակներ:
Ահա վարակիչ հիվանդությունների աղբյուր դարձած Ներսիսյան լիճը, աջ ափում, խոնավ գետնին ընկած, կյանքի հետ իրենց հաշիվն են մաքրում մարդակերպ արարածների բազմաթիվ խմբեր, իսկ լճի ձախ ափն ամբողջ երկարությամբ բռնած է զանազան հասակի դիակներով՝ պատանած և անպատան: Իջնում եմ անտառը, մի քանի քայլի վրա, դեպի ձախ, աչքիս է զարնվում մարդկային աղտոտություններով լի փոսի մեջ ընկած մի պառավ կնոջ դիակ, ամբողջապես ճանճերի ու միջատների մեջ կորած դիակից երևում է, որ նա չափազանց երկար կռիվ է մղել մահվան դեմ…
Հասնելով անտառի ծայրը՝ հանկարծ առաջս բացվում է մի դժոխային տեսարան, հիսունի չափ մշակներ գերեզմաններ են փորում, իսկ մի ահագին տարածություն պատած է մի 6—7 հարյուր անթաղ մեռելներով, բոլորը այլակերպված, ուռած այն աստիճան, որ շատերի պատանն է պատռվել, շատերը նեխել են, որդերի մեջ կորել ու գարշահոտությունը չորս կողմը սփռել, բավական է հիշել, որ հարյուրից ավելի դիակներ հինգերորդ օրն է, ինչ անթաղ ընկած են Էջմիածնի կիզիչ արևի տակ:
Օգոստոսի 21 ին մեռել են 131 հոգի, 22 ին՝ 168, 23 ին՝ 204, 24 ին՝ 234, 25 ին՝ 280, 26 ին՝ 268, 27 ին՝ 347, 28 ին՝ 357, 29 ին՝ 300, 30 ին՝ 314:
Այսպիսով, Էջմիածնի գաղթականությունը ընդամենը 10 օրում տվեց 2613 զոհ: Այսքանը միայն Էջմիածնում, իսկ Իգդիրո՞ւմ, Երևանո՞ւմ և բազմաթիվ գյուղերո՞ւմ»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին եկած փախստականները միանգամից շրջապատվեցին վանական միաբանության խնամքով: Մայրավանքում կուտակվել էր մոտ 60 հազար գաղթական հայություն: Բեսարաբիայի թեմի կոնսիստորիայի նախագահող Տիրայր վարդապետին ուղղված իր նամակում նշում էր Սինոդի անդամ և «Արարատի» խմբագիր Բաբգեն վարդապետ Աղավելյանը. «Գիտես, որ «Արարատի» ամբողջ գործն իմ վզին է, որքան հնարավոր է, աշխատում եմ, չնայած որ շուրջս սոսկալի տեսարան է ներկայացնում գաղթականությունը. ամբողջ օրը նրանցով եմ զբաղված, օրական 5—6 հազար մտնում և դուրս է գալիս, իսկ տեղում՝ Էջմիածնում, միշտ 60 հազարից ավելի լցված են, սոսկալի դրություն է, 3 հազարից ավելի որբեր ենք ժողովել Վեհարանում, որը վերածված է որբանոցի և հիվանդանոցի: Աշխատող ձեռք չունենք»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը այդ օրերին տվեց զոհեր: Փախստականներից ժանտախտով վարակվեցին և մինչև 1915 թ. օգոստոսը մահացան Ս. Էջմիածնի Եղբայրական օգնության գլխավոր կարգադիր հանձնաժողովի նախագահ և Սինոդի անդամ Եփրեմ եպիսկոպոս Սուքիասյանը, Մայր Աթոռի միաբան Վահան վարդապետը, մահից հազիվ փրկվեց Ս. Էջմիածնի Եղբայրական օգնության հանձնաժողովի անդամ Գարեգին վարդապետ Հովսեփյանը, իսկ Բաբգեն վարդապետ Աղավելյանը, որը ևս հանձնաժողովի անդամ էր ու Ս. Էջմիածնի որբանոցի կառավարիչը, 1915 թ. դեկտեմբերի 27 ին որբերից վարակվելով, վախճանվեց 1916 թ. հունվարի 3 ին:
1915 թ. Հալեպից Մայր Աթոռում ստացվեց Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ ի նամակը, որում նա մասնավորապես հաղորդում էր. «Տիգրանակերտ գնացողներեն լուր չկա, դժոխք գնացողների պես: Այնթապի գաղթն ալ ազդարարվեցավ: Այս գիշեր 51 ընտանիք հասան: Այս կողմեն քաղաքաց հայ բնակչություն Դամասկոսի Հավրան (կամ Հորան) գավառը կը տեղափոխվեն: Ուրֆայեն ալ, թերևս Տիգրանակերտեն 800 հոգի հասնելու վրա են: Խարբերդեն բերվածները Րաս էլ Այնէն, ուղղակի Տերզոր կղրկվեն: Հիվանդությունը համաճարակ է: Երկրիցս դեղ ու նպաստ ղրկեցավ, բայց կաթիլ մը օվկիանոսի մեջ: 20000 և ավելի են այդ գավառի գաղթականք, Հալեպի մեջ համախմբված են ավելի քան 15000 և օրեցօր հեղեղի նման կը հասնին:
Անոթությունեն հիվանդության չափ կոտորած կլինի: Պարեն Հալեպի մեջ գրեթե կանոնավորապես կտրվի, բայց դուրսերը հաց կաղաղակեն: Կամ փրկարար հրաշագործ զորությունը ու կամ թագավորական գանձ պետք է, որ կես միլիոն կիլիկեցիք թերևս այնչափ կամ ավելի արևելյան գավառներից կարենան կերակրվեն անապատների մեջ:
Աշխարհ տեսած չէ և պիտի չտեսնե այսքան արհավիրք, այսքան թշվառություն ու կորստություն: Երուսաղեմի ավերը բախտավորություն է հայության բաղդատմամբ՝ ավերած, կոտորած, բռնությունք երկսեռ մանուկներու, անհետացում, անհամար առևանգությունք»: Հաղորդման վերջում Նորին Սրբությունը գրում էր. «Ինչ պիտի ըլլան վանքերն ու մենաստանները, սուրբ սպասները, գրքերն ու զգեստները: Խորհուրդ տվեք, մենակ եմ: Խելք չմնաց գլուխս, արտասուք չմնաց աչքերուս մեջ, զգացում չմնաց սրտիս մեջ: Չորս կողմս գիշեր ու ցերեկ մերկություն, անոթություն, նվաղում, լաց ու վայնասուն»:
Այս հաղորդումը ստանալուն պես Գևորգ Ե ն թուրքական կառավարության՝ հայ ժողովրդին բնաջնջելու և Հայաստանից ու Կիլիկիայից Իկոնիա ու Միջագետք նրա արտաքսումը կազմակերպելու ծրագրի մասին հայտնում է Պողոս Նուպար փաշային: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից նրան առաջարկվում էր բողոքել «դաշնակից և չեզոք պետություններին, որպեսզի խանգարեն այդ դժոխային ծրագրի» իրագործմանը:
Օսմանյան Թուրքիայի առանձին վայրերում հայ ազգաբնակչությունը կարողացավ միավորել և կազմակերպել իրենց ազգային և հոգևոր առաջնորդների շուրջը և հակահարված տալ զավթիչներին: Առանձին տարածքներում հայերի ինքնապաշտպանություն կազմակերպեցին:
Մուշի ինքնապաշտպանության կազմակերպիչների շարքում էր Եղիշե քահանա Տեր Պարսամյանը:
Սասունի Բսանք գյուղի ինքնապաշտպանության ղեկավարներից էր Ստեփան վարդապետ Տեր Ավետիսյանը: Սասունի ինքնապաշտպանական մարտերին մասնակցեցին նաև Ստեփան քահանա Սուլուխեցին, Ղևոնդ քահանա Տեր Մարգարյանը, Մամբրե քահանա Երանոսյանը, Թորոս քահանա Մուրադյանը, Առաքել քահանա Տեր Քաջյանը:
Յոզղատի հայության դիմադրության ղեկավարն էր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Դանիելյանը:
Զեյթունի ինքնապաշտպանական կռիվների ղեկավարներից էր Սահակ քահանա Գալաջյանը, «որը, Ղևոնդ Երեցի նման, գիշեր և ցերեկ խաչը և Աստվածաշունչը ձեռքին, հաղորդակցություն էր տալիս զինվորներին»: 1915 թ. զեյթունցիներին աքսորեցին, կանանց և երեխաներին՝ Իկոնիա, մնացածին՝ Դեր Զոր, Ռաքա և Բաղդադ: Աքսորվեցին և սպանվեցին Գարանֆիլյան Սրբազանը, Հովսեփ վարդապետ Ագրապյանը:
1918 թ. հուլիսի 31 ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանեց գերմանա ավստրո հունգարական պատվիրակությունը՝ գեներալ Ֆոն Կրեսի և Կովկասում Ավստրո Հունգարիայի դեսպան բարոն Ֆրանկենշտայնի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ Գևորգ Կաթողիկոսը նրանց փոխանցեց Գերմանիայի և Ավստրո Հունգարիայի կայսրերին ուղղված իր կոնդակները՝ հայերին օգնելու նպատակով: Սակայն ո՛չ Գերմանիայի, ո՛չ Ավստրո Հունգարիայի կայսրերը ոչնչով չօգնեցին հայ ժողովրդին:
Թուրքերն ավերեցին, այրեցին, կողոպտեցին նաև հայկական վանքերն ու եկեղեցիները կամ դրանք դարձրին մզկիթներ: «Հայաստանի ջարդերը» գրքում Ի. Լեփսիուսը նշում էր. «Հազարե ավելի եկեղեցիներ ամայացված են: Անոնք փոխված են մզկիթներու, երբ չեն գործածվիր հասարակ նպատակներու, կամ թե ավերակի վերածված են»: Վանքերի և եկեղեցիների հետ ոչնչացվեցին արվեստի, հայ գրի ու գրչության բազմաթիվ հուշարձաններ, գրչական կենտրոնների հարյուրավոր ձեռագիր հատորներ: Ձեռագրերի միայն փոքրաթիվ մասը պատահաբար փրկվեց:
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ Առաջին աշխարհամարտի նախօրյակին Հայ Եկեղեցին, որ միշտ մտահոգ էր իր հոտի ճակատագրով, ի սկզբանե փորձում էր կանխել աղետը՝ դիմելով ամենատարբեր միջոցների: Բայց Հայ Եկեղեցու բոլոր փորձերը մնացին ապարդյուն:
Այդուհանդերձ, Հայ Եկեղեցին անում էր հնարավոր ամեն ինչ՝ արևմտահայության բեկորները սովից, ցրտից, հիվանդություններից փրկելու, գաղթականների կարիքները հոգալու համար: Այդ առումով անգնահատելի է Հայ Եկեղեցու, մասնավորապես Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանու ներքո ստեղծված Եղբայրական օգնության հանձնաժողովի դերը ցեղասպանությունը վերապրողներին՝ գաղթականներին զորավիգ լինելու գործում:
Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆՑ, պ. գ. դ.