Խաչի ճանապարհը. Քրիստոսի և հայ ժողովրդի ողբերգությունն ու հարությունը

Խաչի ճանապարհը. Քրիստոսի և հայ ժողովրդի ողբերգությունն ու հարությունը 22.10.2026

Հայոց ցեղասպանությունը միայն ազգային ողբերգություն չէ, այլև համամարդկային։ Այն Գողգոթայի մի նոր ճանապարհ է, որ հիշեցնում է Քրիստոսի տառապանքներն ու խաչելությունը։ Ինչպես Քրիստոս անցավ տանջանքների, ցավի, անարդարության և մահվան ճանապարհով, այնպես էլ հայ ժողովուրդը 20 րդ դարասկզբին ենթարկվեց աննկարագրելի տառապանքների, կորուստների և ազգային սպանդի։ Ցեղասպանությունից վերածնված հայ ժողովուրդը վկայում է, որ մահը չի կարող հաղթել կյանքին, ինչպես Քրիստոսի հարությունը հաղթեց մահին։ Այս երկու իրականությունները՝ Հայոց ցեղասպանությունը և աստվածային հարությունը, միահյուսվում են մեկ գաղափարի մեջ. ցավը կարող է դառնալ սրբագործող, իսկ կորուստը՝ նոր կյանքի սկիզբ։ Հայ ժողովուրդն իր ճակատագրով դարձել է կենդանի վկայություն այն ճշմարտության, որ խաչից հետո միշտ կա հարություն։ Այդ պատճառով Հայոց ցեղասպանության հիշողությունը միայն սուգ չէ, այլև հավատքի հաստատում, որ լույսն ի վերջո կհաղթի խավարին, արդարությունը՝ անարդարությանը, և կյանքը՝ մահվանը։

Հիսուս Քրիստոսի հարությունը, որ քրիստոնեական հավատքի կենտրոնական ուսմունքն է, դարերի ընթացքում եղել է ինչպես բուռն բանավեճերի, այնպես էլ խոր հոգևոր խորհրդածության առարկա: Այս իրադարձությունը, որ տեղի է ունեցել 33 թվականին, դարձավ քրիստոնեության հիմնաքարը: Պողոս առաքյալը հստակորեն հայտարարում է. «Եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատքը» (Ա Կորնթ. 15։14)։ Քրիստոս Ինքն է կանխասել Իր խաչելության, հարության ու համբարձման մասին (Մատթ. 16։21), հարության իրողությունը ներկայացնում են չորս Ավետարանները (Հովհ. 20։1—18, Մատթ. 28։1—8, Մարկ. 16։1—8, Ղուկ. 24։1—10), իսկ առաքելական թղթերում դա վկայում են Պետրոս առաքյալը (Գործք 2։31—36), Պետրոս և Հովհաննես առաքյալները (Գործք 4։33), Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15։3—8) և այլք։

«Հարյավ» բառն ընդհանրապես մի քանի նշանակություն ունի. այն երբեմն ցույց է տալիս մարդու վեր կենալը նստած կամ ընկած տեղից, ինչպես, օրինակ, Սողոսի դեպքում, որը գետնից վեր կացավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում (Գործք 9։8): Քնած տեղից արթնանալն ու վեր կենալը ևս այս բառով են բնութագրվում: «Հարյավ» բառը, սակայն, լավագույնս մատնանշում է մեռած մարդու վերստին կենդանանալու, հարություն առնելու իրողությունը, որի օրինակը մեզ համար Հիսուս Քրիստոսի խոսքերն են՝ ուղղված Մարթային. «Քո եղբայրը հարություն կառնի», այսինքն՝ նորից պիտի կենդանանա: Մարթան պատասխանում է. «Գիտեմ, որ հարության ժամանակ՝ վերջին օրը, հարություն կառնի»: Իսկ Հիսուս ասում է. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11։23—26):

Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Քրիստոսի հարության պատմական վկայությունները՝ հիմնվելով 1 ին դարի ավետարանական աղբյուրների՝ մասնավորապես Մարկոսի Ավետարանի վրա, ինչպես նաև անդրադառնալ այս իրադարձության աստվածաբանական և բարոյական նշանակությանը՝ ընդգծելով, որ հարությունը ոչ միայն պատմական փաստ է, այլև կյանքի փոխակերպման կոչ: Տարիներ շարունակ շատ գիտնականներ գրեթե անտեսել են Մարկոսի Ավետարանը՝ ենթադրելով, որ այն Մատթեոսի Ավետարանի համառոտ տարբերակն է: Սակայն 19 րդ դարի վերջից ի վեր ավելի է ընդունվում այն տեսակետը, որ Մարկոսի Ավետարանը գրված առաջին Ավետարանն է, և այն դարձել է մեծ հետաքրքրության առարկա: Ժամանակակից աստվածաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Մարկոսի Ավետարանը Հիսուսի ինքնության և զորության եզակի ու հզոր գիրք է: Այն գրված է արագընթաց և ճշգրիտ պատմության տեսքով՝ անտեսելով բազմաթիվ մանրամասներ՝ հիմնական նպատակն ընդգծելու համար: Ինչպես նշում են աստվածաբանները, Մարկոսի Ավետարանը պատկերում է Քրիստոսին իրադարձությունների շրջապտույտում. կա նվազագույն խոսույթ, և առավելագույնը գործողությունն է: Այդ շարժուն, զորութենական ոճը հատկապես ակնհայտ է հարության պատմության շարադրանքում, որտեղ հեղինակը կենտրոնանում է հիմնական փաստերի վրա՝ ընթերցողին թողնելով դրանց նշանակության դատողությունը: Մարկոսի Ավետարանը գրվել է Հռոմում՝ Քրիստոսի համբարձումից մոտ 10 տարի անց: Ըստ վաղքրիստոնեական ավանդության՝ Հռոմի հավատացյալները խնդրեցին Մարկոսին ոչ միայն քարոզել, այլև գրավոր հաղորդել Քրիստոսի գործերն ու կյանքը: Մինչդեռ Մարկոսը Ավետարանը գրեց Պետրոսի թելադրանքով, ինչը մեծ կշիռ է տալիս այնտեղ առկա հարության վկայությանը:

Քրիստոսի հարության պատմական հավաստիության փաստարկները մի քանիսն են: Պատմական վկայություններ կան ինչպես առաջին դարում Հռոմեական կայսրությունում ապրած պատմաբանների, այնպես էլ ավելի ուշ շրջանի գիտնականների ուսումնասիրություններում։ Նախ՝ դատարկ գերեզմանի փաստը. Հիսուսի թաղման վայրը հայտնի էր ինչպես նրա հետևորդներին, այնպես էլ թշնամիներին: Եթե գերեզմանը դատարկ չլիներ, քրիստոնեական քարոզչությունը Երուսաղեմում անհնար կլիներ: Երկրորդ՝ աշակերտների փոխակերպումը. Հիսուսի աշակերտները, որոնք խաչելությունից հետո թաքնվել էին վախից, հանկարծակի դուրս եկան հրապարակ՝ քարոզելու հարությունը՝ պատրաստ լինելով նահատակվելու: Երրորդ՝ Պողոս առաքյալի վկայությունը, որն սկզբում հալածիչ էր, ապա դարձի եկավ հարություն առած Քրիստոսին տեսնելուց հետո: Չորրորդ՝ կանանց՝ որպես առաջին վկաների ներկայացումը, որն էլ մեծացնում է պատմության հավաստիությունը, քանի որ առաջին դարի հրեական հասարակությունում կանանց վկայությունը մեծ կշիռ չուներ: Հիսուսի հարության փաստարկ է համարվում նաև Թուրինյան սավանը։ Ըստ հետազոտողների՝ այն մարմինը, որին փաթաթված է եղել սավանը, պատկանել է աստվածային էության, և սավանի պատկերն ստեղծվել է հենց հարության պահին։ Այս մասին վկայում են նաև ավետարանական նկարագրությունները (Մատթ. 27:27—31, Մարկ. 15:16—20, Ղուկ. 22:63—65, Հովհ. 19:1—5)
Հայոց ցեղասպանության և, առհասարակ, ազգային պատմական փորձառության լույսի ներքո մենք՝ հայ քրիստոնյաներս, գիտենք, որ հարությունը իրողություն է, և նույնիսկ ամենամեծ կործանումից հետո կարող են ծնվել հավատ, հույս, նոր կյանք։

Հարության պատկերացումները կարող են լինել բազմաշերտ: Օրինակ՝ բարոյական կյանքից հեռու որևէ մեկը, երբ հանկարծ հետ է կանգնում իր այդ ընթացքից ու բարոյական կենցաղավարությանն է անցնում, դա նշանակում է, որ այդ մարդը մեռած վիճակից կենդանացավ, մեռած գործերի միջից հարություն առավ ու նոր կյանք ստացավ: Իսկ ահա մյուս հարությունն էլ մահանալուց հետո պիտի տեղի ունենա, ինչպես որ գրված է մեր «Հավատո հանգանակ» ի մեջ. «Հավատում ենք մեռելների հարությանը, հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանն ու հավիտենական կյանքին»:

Մեր բարոյակրոնական հարությունն անմիջականորեն կապված է մահացածների վերջին հարությանը, քանի որ մեր այս առաջին հարությունն այն ճանապարհն է, որով ընթանալով՝ մենք՝ իբրև ճանապարհորդներ, գերեզման ենք մտնում, և մեր մարմինները մնում են այնտեղ՝ համաձայն Աստծու վճռի՝ «Հող էիր ու հող պիտի դառնաս» (Ծննդ. 3։19): Իսկ մեր հոգիներն էլ բարձրանում են դեպի Աստված՝ բնակվելով Նրա կողմից սահմանված օթևաններում, մինչև որ գա համընդհանուր հարության ժամանակը, երբ մեր մարմիններն էլ Աստծու ամենակարող զորությամբ պիտի հարություն առնեն և մեր հոգիներին միանալով՝ իրենց հատուցմանն արժանանան. «Արդարներին՝ հավիտենական կյանք, իսկ մեղավորներին՝ հավիտենական տանջանք» (Մատթ. 25։46):

Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրեցե՛ք վերին բաները, այնտեղ, ուր Քրիստոս նստած է Աստծու աջ կողմը» (Կողոս. 3։1—2): Այս խոսքերը կոչ են քրիստոնյաներին՝ մշտապես ձգտելու երկնավոր կյանքին, ոչ թե երկրավոր ցանկություններին: Քրիստոնյան մեռած է համարվում մեղք գործելու համար, և քրիստոնյայի նորոգված կյանքում մեղքը տեղ չպիտի ունենա, այլ նրա կյանքը մշտապես սրբությամբ ու արդարությամբ պիտի լեցուն լինի: Առաքյալը շարունակում է. «Վերին բաների մասին խորհեցեք, և ոչ թե այն, ինչ այս աշխարհում է, որովհետև դուք մեռաք, և ձեր կյանքը Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ է պահված։ Իսկ երբ Քրիստոս՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոս. 3։2—4): Անցավոր կյանքի ընթացքում առաքինի գործերով Աստծուն հավատարիմներն արժանի են հավիտենական կյանքի բազմաբեղուն երանություններին: Հիշենք առաքյալի խոսքերը. «Հանձնեցե՛ք ձեզ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ: Մարդն ինչին հնազանդվում է, նրա ծառան է դառնում. եթե մեղքերին է ծառայում, նրա բաժինը մահն է, իսկ եթե արդարությանն է ծառայում, նրա վարձատրությունը կյանքն է: Մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ կյանքը մեր Տեր Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 6:12—13):

Փրկչական կրոնը մարդկանց համար եղավ Հակոբ նահապետի զարմանալի տեսիլքի այն սանդուղքը, որի պատվանդանը հաստատված էր երկրի վրա, իսկ ծայրը հասնում էր մինչև երկինք՝ մինչև Հայր Աստծու աթոռը, Որի աջ կողմում նստած է մարդեղացած Աստվածորդին: Եվ հենց այդ սանդուղքով է, որ հրեշտակները վար են իջնում (Ծննդ. 28:12):

Քրիստոսի հարությունը, սակայն, միայն պատմական իրադարձություն չէ. այն շարունակվող, կենդանի իրականություն է, որը փոխակերպում է յուրաքանչյուր հավատացյալի կյանքը: Մենք կոչված ենք ամեն օր հարություն առնելու դեպի առաքինություն, դեպի լույս, դեպի կյանք: Այս խորհուրդն առավել խորն է դառնում, երբ հայացք ենք նետում մեր ազգային պատմությանը։ Հայ ժողովուրդը 1915 ին խաչակից եղավ Քրիստոսին և Քրիստոսի պես էլ հարություն առավ: Պատահական չէ, որ 2015 թ. ապրիլի 23 ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի որոշմամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվեցին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն հայ, և իր ուղերձում Գարեգին Բ Կաթողիկոսը սրբադասումը նշանավորեց որպես հարության հաղթանակ. «Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում՝ Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն»:

Հիսուս ասաց. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25): Այս հավատքով ապրենք և վկայենք աշխարհին մեր հարության զորությունը:

Ալբերտ սրկ. ՍԱՀԱԿՅԱՆ
Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ