Երևանը Հայոց ցեղասպանության տարիներին
22.10.2026
Երևանն Առաջին աշխարհամարտի տարիներին գտնվում էր սոցիալ տնտեսական ծանր վիճակում: Վերջին տարիների անբերրիության և պատերազմի պատճառով մեծ չափերի էր հասել սովը, զգացվում էր դեղորայքի խիստ պակաս, տարածված էին տիֆը, խոլերան և այլ համաճարակներ: 20 րդ դարի սկզբին Երևանն ուներ մի քանի հիվանդանոց, 3 դեղատուն, 13 մանկաբարձուհի, 19 բժիշկ, 13 բուժակ և 14 այլ աշխատողներ: Հասկանալի է, որ այս միջոցներով անհնարին էր լուծել գաղթականների խնամքի խնդիրները:
1915 թ. հուլիսի 26 ին Երևան հասավ գաղթականների առաջին խումբը: Քաղաքում տեղավորված գաղթականները հիմնականում Ալաշկերտից և Բայազետից էին: Երևանում հրատարակվող «Эриванскiя обьявленiя» («Երևանի հայտարարություններ») լրագրի դեռևս 1914 թ. տարեվերջի համարում՝ «Քաղաքացիներ, օգնեցեք գաղթականներին» վերնագրի ներքո, կարդում ենք. «Ալաշկերտի հովտից, Բայազետի սանջակից գաղթում է հայ ժողովուրդը, նրանք շուտով Երևանում կլինեն, նրանց թիվը շատ մեծ է՝ ոչ պակաս քան 40000: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն»: Մեկ այլ պարբերականում՝ Շուշիում լույս տեսնող «Փայլակ» լրագրում (1915 թ., № 47, էջ 3), հոդվածագիրը, մանրամասն նկարագրելով Երևանի գաղթականների ծանր ու անօգնական վիճակը, եզրակացնում է, որ հապաղել չի կարելի, քանի որ քաղցն ու հիվանդություններն առատ հունձ են անում՝ խլելով հարյուրավոր կյանքեր. «Գաղթականների վերքերն ամոքելն ու նրանց միակ մխիթարությունը պետք է լինի նյութական օգնությունը, որի համար պետք է հոգ տանի հասարակությունը»:
Քաղաքային իշխանությունները, չնայած բոլոր դժվարություններին, բարեգործական կազմակերպությունների և անհատ երևանցիների հետ միասին, դեռևս առաջին օրերից որոշակի աշխատանք իրականացրին գաղթականների՝ մանավանդ որբ երեխաների վիճակը թեթևացնելու համար:
Դեռևս 1914 թ. դեկտեմբերի 28 ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով Արևելյան Հայաստանի բոլոր քաղաքներում ստեղծվում են Եղբայրական օգնության կոմիտեներ: Գտնվելով Կաթողիկոսի անմիջական հսկողության տակ՝ դրանք կազմակերպեցին տարբեր գավառներում տեղակայված արևմտահայ գաղթականների և որբերի օգնությունը:
Եղբայրական օգնության Երևանի կոմիտեն բաղկացած էր 25 անդամից: Կոմիտեի առաջին նախագահն էր Երևանի թեմակալ Խորեն եպիսկոպոսը (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան), փոխնախագահը՝ Երևանի քաղաքագլուխ Մկրտիչ Մուսինյանցը: Կազմավորման օրից սկսած՝ կոմիտեն դիմում է հայաբնակ բոլոր քաղաքներին՝ խնդրելով օգնություն, եկեղեցիներին կից ստեղծում ենթակոմիտեներ, որոնք կարգավորում էին գաղթականներին հատկացվելիք բնակության վայրերի ցուցակագրումը, հագուստ և սննդամթերք հավաքելու և բաշխելու գործընթացը, լուծում ծխական դպրոցների շենքերը գաղթականների պահանջներին հարմարեցնելու հարցերը: Ծխական դպրոցները վեր էին ածվել նաև նպաստների բաշխման կետերի:
Երևան եկած գաղթականների մեջ մեծ էր որբ երեխաների թիվը, որոնց փրկության և խնամքի գործը հրատապ խնդիր էր: Այդ օրերին Աստրախանից Երևան եկած քահանա Ս. Ասլանյանցն իր տպավորությունների մասին հետևյալն է գրում. «Թողնենք Կովկասի կենտրոնը՝ Թիֆլիսը, և գնանք առաջ՝ Երևան, որտեղ կենտրոնացվել են գաղթականների հիմնական զանգվածները» (տե՛ս Армянскій вѣстникъ, еженедѣльный журналъ, 1916 г., Москва, № 6, էջ 10): Առաջին գաղթականներին նա տեսնում է առաջնորդարանի բակում: Քահանային զարմացրել էր գաղթականների պահվածքը՝ բողոքի ոչ մի խոսք և ոչ մի կաթիլ արցունք. դրանք վաղուց էին չորացել նրանց տանջահար դեմքերին: Այդ դժբախտ մարդիկ միայն կրկնում էին. «Ա՜խ, մեր երկիրը, մեր հողը...»:
1915 թ. մայիսին կոմիտեի կողմից ընտրվում է 14 հոգուց բաղկացած որբախնամ վարչություն՝ բժիշկ Արամ Տեր Գրիգորյանի նախագահությամբ: Վերջինս հետագայում դարձավ Եղբայրական օգնության Երևանի կոմիտեի նոր նախագահը: Գաղթականների համար առաջին ապաստան են դառնում Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող հոգևոր թեմական, Կոնդի դպրոցները և Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու բակում գտնվող Գայանյան ուսումնարանը: Վերջինիս հոգաբարձության նախագահը 1915 թ. սեպտեմբերի 26 ի գրության մեջ նշում է, որ Գայանյան օրիորդաց դպրոցն առաջին օրից ծառայել է որպես ապաստարան, որբանոց կամ հիվանդանոց: Դպրոցի սենյակներից վեցն այդ պահին շարունակում են մնալ որպես ապաստարաններ՝ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար: Օրըստօրե մեծացող խմբերին ընդունելու և տեղավորելու համար Երևանը չուներ համապատասխան շենքային հնարավորություններ, այդ պատճառով մի հարկի տակ կուտակվում էին մարդկանց մեծ խմբեր: Թեմական դպրոցի յոթ սենյակներից յուրաքանչյուրն ասես վերածվեց մեկական գյուղի:
Օգոստոսից քաղաքում սկսում են բացվել որբանոցներ. օգոստոսի 3 ին՝ Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան), սեպտեմբերին՝ Մալյարսկայա (այժմ՝ Տերյան), հոկտեմբերին՝ Բեհբութովի (այժմ՝ Փավստոս Բուզանդ) փողոցներում: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում որբերի համար ստեղծվում է ժամանակավոր կացարան: Ժամանակի մամուլից տեղեկանում ենք նաև, որ Երևանի եղբայրական օգնության հանձնաժողովի որբանոցների վարչությունը գաղթական երեխաների համար տոնածառի հանդես կազմակերպելու նպատակով դիմել է քաղաքի հասարակությանը, բարերարներին՝ օգնելու, ինչով կարող են՝ դրամով, նվերներով, խաղալիքներով, քաղցրավենիքով:
Ժամանակի մամուլում առկա է նաև որոշակի քննադատություն՝ ուղղված ինչպես եղբայրական օգնության, այնպես էլ քաղաքի հասարակության գործունեությանը: Օրինակ՝ «Մշակ» լրագրում (1915 թ., № 82, էջ 3) հոդվածագիրը նշում է, որ «երևանցիներին բնորոշ դանդաղկոտությունը» դրսևորվել է նաև գաղթականության օգնության հարցերում. գաղթականության հոսքն արդեն հասել է Էջմիածին, իսկ Երևանը դեռ պատրաստ չէ նրանց ընդունելու: Եղբայրական օգնության Երևանի կոմիտեի գործունեության մասին հոդվածագիրը հետևյալ կարծիքն է հայտնում. «....ընտրված մասնախմբերը իրենց թվի և բաժանմունքների տեսակետից բավարար էին, սակայն գաղթականության բուռն հոսանքը քաղաք լցվելուց հետո դրանք սկսեցին նոսրանալ, և գործը ծանրացավ մի քանի մարդկանց վրա: Վերջում մնացած գործիչների թիվը ևս պակասելով՝ օգնության գործն այնքան էլ նախանձելի չէր....»: Խոսելով լավ աշխատող կառույցների մասին՝ հոդվածագիրը «միակ մխիթարականը» համարում է հիվանդանոցի գործունեությունը, որի տեսչությունը և բժշկական գործը հանձնված էր տիկին Ղազարյանին (Խորասանյան) (խոսքը վերաբերում է Երևանի առաջին կին բժիշկ գինեկոլոգ Վերգինե Խորասանյանին՝ նկարչուհի Ռեգինա Ղազարյանի մորը, որը 1918 թ., երբ դուստրը ընդամենը 3 տարեկան էր, տիֆով հիվանդ հղի կնոջից վարակվում և մահանում է):
Քննադատություն առկա է նաև «Փայլակ» լրագրում (1915 թ., № 47, էջ 3), ուր թղթակիցը սթափության կոչ է անում Երևանի հասարակության բոլոր շերտերին և քննադատում հատկապես հարուստներին, որոնք, նրա կարծիքով, այդ դժվար օրերին մնում էին անտարբեր: Խոսելով հասարակության ուժերը համախմբելու մասին՝ հեղինակն անչափ կարևորում է հայ օրիորդների և կանանց օգնությունը, որը ևս բավարար չէր այդ պահին: Նա համարում էր, որ Երևանում նույնպես պետք է ստեղծել օրիորդաց կոմիտե, որը կարող է որոշակի օգնություն ցույց տալ գաղթականներին՝ մինչև գավառներ ճանապարհելը: Թղթակիցը մեծ հանցանք է համարում նաև այն, որ սննդամթերքի հայթայթման ողջ դժվարությունը բարդվել է գյուղացիության վրա՝ այն էլ Երևանի նահանգի գյուղացիության, որը վերջին տարիների անբերրիության և պատերազմի պատճառով տնտեսապես քայքայված վիճակում էր:
1916 թ. տվյալներով՝ Երևանի նահանգում գաղթականների թիվը հասնում էր 100000 ի: Բայց քանի որ ինչպես Էջմիածնում, այնպես էլ Երևանում նրանց մեծ մասը ժամանակավորապես էր մնում, հետո տեղաբաշխվում տարբեր քաղաքներում և գյուղերում, ուստի, 1917 թ. տվյալներով, քաղաքում մնացել էր 17505 մարդ, որոնցից 5491 ը կանայք էին, 8350 ը՝ երեխաներ, 2881 ը՝ ծերունիներ: Աշխատունակ տղամարդիկ ընդամենը 783 ն էին: 1918 թ. նրանց թիվը նորից մեծանում է. սեպտեմբերի դրությամբ՝ քաղաքային ինքնավարության կողմից ցուցակագրվել էր շուրջ 45000 գաղթական:
Երևանում հանգրվանած գաղթականներին օգնելու գործում մեծ ջանքեր և միջոցներ ներդրեցին նաև Հայ նպաստամատույց ընկերությունը, Համառուսական քաղաքների միության կովկասյան բաժանմունքը, Անգլիան հայ փախստականներին (Անգլկոմ), Մերձավոր արևելքի ամերիկյան նպաստամատույց (Ամերկոմ) կոմիտեները, Կովկասի հայոց բարեգործական և Թիֆլիսի կանանց խնամածություն ընկերություններն ու բազմաթիվ անհատներ, սրտացավ երևանցիներ:
Թիֆլիսում գործող Հայ նպաստամատույց ընկերությունը գտնվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորության ներքո՝ գաղթականության օգնության համար առանց որևէ վերապահության ընդունելով ամենատարբեր նվիրատվություններ: 1915 թ. օգոստոսի 12 ին Թիֆլիսի քաղաքային դումայի դահլիճում քաղաքագլխի փոխանորդ Ալեքսանդր Արղությանի նախագահությամբ կայանում է խորհրդակցություն՝ գաղթականներին շտապ օգնություն ցույց տալու հարցով: Խորհրդակցությունը հրավիրել էր Համառուսական քաղաքների միության Կովկասի բաժանմունքի բյուրոն: Խորհրդակցության նախագահը ներկայացնում է միության գլխավոր լիազորի օգնական պրոֆեսոր Կիշկինի զեկուցումը գաղթականների վիճակի մասին (Կիշկինը ներկա չէր խորհրդակցությանը, քանի որ գտնվում էր գաղթականների մոտ): «Փայլակ» լրագրից տեղեկանում ենք, որ պրոֆեսոր Կիշկինն իր զեկուցման մեջ, նկարագրելով գաղթականների ծանր վիճակը, այն միտքն է հայտնում, որ 1. վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու և փախստականներին օգնելու գործերը չի կարելի բաժանել իրարից, 2. փախստականների օգնությունը չպետք է դիտարկել որպես բարեգործություն, այլ պետական պաշտպանություն, որի համար անհրաժեշտ է նրանց կենտրոնացնել որոշ վայրերում, որտեղ կկազմակերպվեն սննդատու և բժշկական կետեր: Խորհրդակցության ժամանակ ընդունված որոշումներից մեկը վերաբերում էր Սևան, Դիլիջան և Էջմիածին քաղաքների հետ միասին Երևանում հիվանդանոցներ բացելուն՝ 2500 մահճակալով: Նույն լրագրի օգոստոսի 20 ի համարից տեղեկանում ենք, որ թիֆլիսյան խորհրդակցության որոշումներից ելնելով՝ քաղաքների միությունը սննդատու կայաններ է հիմնել Երևանում և գաղթականների անցնելիք ճանապարհներին, իսկ Երևանի քաղաքային դուման (քաղաքագլուխ՝ Սումբատ Խաչատուրյանց) 10000 ռուբլի է հատկացրել՝ գաղթականներին սանիտարական բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Անգլկոմը, որ որպես բարեգործական կազմակերպություն ստեղծվել էր 1915 ի հոկտեմբերի 6 ին, Երևանում ուներ 4 որբանոց, որոնցից ամենամեծը՝ 200 որբերով, տեղակայված էր թեմական դպրոցում։ Նրա հիմնած սննդակայանների մեծ մասը Երևանում էր: Կոմիտեն իր հիմնական գործառույթները կենտրոնացրել է որբ երեխաների կենսական պայմանների բարելավման, ինչպես նաև դաստիարակության և կրթության վրա, բայց որոշ չափով նպաստել է նաև երկրի սոցիալ տնտեսական ծանր վիճակի հաղթահարմանը՝ աշխատակիցներ ընտրելով բացառապես տեղացիներից, ստեղծելով ապաստարաններ ու սննդակայաններ, որոնց համար անհրաժեշտ պարենն անգամ ձեռք էր բերվում տեղում, ինչպես նաև գաղթականների համար որպես աշխատատեղ բացված արհեստանոցներով (կարի, կոշիկի, գործվածքի և այլն): Նշենք, որ որբերի համար բացված արհեստագործական և հանրակրթական դպրոցներում սովորում էին նաև կոմիտեի աշխատակիցների երեխաները:
Երևանում հանգրվանած որբերին և գաղթականներին ամենածավալուն ու երկարատև օգնությունը ցուցաբերեց Ամերկոմը: Կոմիտեի դրամական միջոցները կուտակվում էին ամերիկյան ժողովրդի կամավոր հանգանակություններից: Նրանց միջոցներով քաղաքում բացվում են որբանոցներ, որոնց տեղ էր տրված Գայանյան դպրոցում, Ալեքսանդրյան իգական գիմնազիայում, ուսուցչական սեմինարիայում և Մարիամյան ծխական դպրոցում: Ձգտելով իր աշխատանքներին տալ ուղղորդված բնույթ՝ Կոմիտեն համագործակցում էր Երևանի քաղաքային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ, իսկ 1918 թ. հետո՝ Հայաստանի առաջին հանրապետության, այնուհետև խորհրդային իշխանությունների հետ (վերջիններս ծանր պայմաններում ստիպված էին ընդունել Ամերկոմի ծավալած որբախնամ գործունեությունը): 1917 թվականից սկսած՝ ամերիկյան միսիոներները Երևանում և Ալեքսանդրապոլում, ինչպես նաև Կարսում ու Դիլիջանում և անգամ գյուղերում բացել էին արհեստանոցներ, որտեղ աշխատելով՝ կանայք և տղամարդիկ հոգում էին ոչ միայն չքավոր բնակչության և գաղթականների հոգսերը, այլև զորքի ու հիվանդանոցների կարիքների մի մասը: Ընտանիքներում տեղավորված որբերից յուրաքանչյուրին կեցության համար հատկացվում էր ամսական 10 ռուբլի: Այն որբերի համար, որոնք որբանոցներում չէին, Ամերկոմը պարբերաբար անվճար ճաշարաններ էր բացում: Հաշվի առնելով համաճարակների տարածվածությունը, ինչպես նաև հիվանդ երեխաներին առողջներից առանձին պահելու խնդիրը՝ Ամերկոմի կողմից դրվեց որբերին գաղթականներից առանձնացնելու հարցը: Այս նպատակների համար Ամերկոմին տրամադրվեցին շենքեր՝ Երևանի բերդի զորանոցը, Քանաքեռի զորանոցը, իսկ հիվանդ երեխաների համար՝ օրիորդաց սեմինարիայի շենքը՝ Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում: 1919 թ. մայիսի 5 ի որոշումով՝ կառավարությունն Ամերկոմին է տրամադրում Երևանի նորակառույց արական գիմնազիայի անավարտ շենքը: Ամերկոմն իր կողմից պարտավորվում է Երևան տեղափոխել պատվիրված շինանյութը և ավարտել շինարարությունը: Ամերկոմը ծավալել էր նաև կրթական գործունեություն: Երևանի որբանոցային դպրոցների հոգսը՝ պետության, իսկ մյուս վայրերինն Ամերկոմի հոգածության ներքո էր: 1919 թ. տվյալներով՝ քաղաքի որբանոցներում տարբեր տարիքի դպրոցահասակ 3000 երեխա կար: Դպրոցներում, հայկական ավանդույթներից չհեռանալու նպատակով, Երևանի թեմի կողմից նշանակվում էին քահանաներ՝ կրոն դասավանդելու համար: 1920 թ. դրությամբ՝ Ամերկոմի խնամքի տակ կար 18500 որբ, որոնցից 2500 ը՝ Երևանում: Նույն թվականի տվյալներով՝ Ամերկոմը Երևանում ուներ 6 հիվանդանոց՝ 955 մահճակալով:
1919 թ. դրությամբ՝ Երևանում հաշվառված էր շուրջ 40000 որբ, որոնցից կառավարությունը կարողացել էր որբանոցներում տեղավորել 15612 ին: Փողոցներում անխնամ թափառող որբերի թիվը մի քանի անգամ գերազանցում էր պետական հոգածության տակ գտնվողներին: Սովից ու հյուծվածությունից օրական մահացությունը միայն Երևանում կազմում էր 50 մարդ, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2000: Իրենց հնարավորությունների սահմաններում անօթևան որբերին օգնում ու սատարում էին երևանցիները: «Армянскій вѣстникъ» ամսագրում հայտնվում է, որ Երևանում մասնավոր հիմունքներով կազմակերպվել է գեղարվեստական արվեստանոց, որտեղ աշխատել են վարպետ նկարիչներ՝ բացառապես գաղթականներից, պատրաստվել են նաև Վանի ասեղնագործ վարպետուհիների ձեռագործ աշխատանքներ, որոնք իրենց որակով և նրբագեղությամբ չեն զիջել բելգիականին: Արվեստանոցի կազմակերպիչները նպատակ են ունեցել այդ աշխատանքները Զատկի տոնական օրերին ցուցադրել Մոսկվայում՝ հայ ինժեներների մոսկովյան ընկերության հովանավորությամբ (տե՛ս Армянскій вѣстникъ, № 6, էջ 20):
Երևանի պատմության թանգարանում հազարավոր լուսանկարների հետ պահպանվել է նաև արդեն հնացած և խունացած, բայց անչափ խոսուն մի լուսանկար, որտեղ միջին տարիքի մի հայուհի շրջապատված է երեխաներով: Աշխեն Տեր Սարգսյանն է՝ Աշխեն մայրիկը, ինչպես նրան քնքշորեն անվանում էին այն որբանոցի սաները, որտեղ նա աշխատում էր: Ցեղասպանությունը վերապրածները հիշում են, որ փողոցում հանդիպելով անօթևան որբ երեխաների՝ տիկին Աշխենն իր տուն էր տանում, խնամում, կերակրում նրանց: Տիկին Աշխենն իր սաների հետ շրջում էր քաղաքում և անօթևան երեխաների համար հանգանակություն հավաքում: Շատերի հիշողության մեջ մնացել է նրա դրամարկղը՝ թիթեղյա մի տուփ, որի վրա գրված էր. «Օգնեցեք երեխաներին»:
Տիկին Աշխենի պես սրտացավ մարդիկ շատ էին Երևանում: Նրանց մի մասն օգնում էր դրամական միջոցներով, մյուսները՝ աշխատանքով: Ժամանակի մամուլի էջերում տեսնում ենք երկար ցուցակներ, որտեղ մարդկանց անուններ են՝ դիմացը գումարի չափ (25 ռուբլուց մինչև մի քանի հարյուր): Օրինակ՝ Հարություն Խորասանյանի տղաները՝ Պողոսը և Հակոբը, մի ալմաստ են տալիս իրենցից օգնություն խնդրող մի գաղթականի, և արդեն մեծ տարիքում նա անսպասելի հայտնվում է իր բարերարների տանը ու պատին կախված նկարներից ճանաչելով նրանց՝ բացահայտում ալմաստի պատմությունը, որի շնորհիվ կարողացել էր ապահովել իր ընտանիքի բոլոր կարիքները: Բազմաթիվ են նաև գործարար երևանցիների անձնական օգնությունները, որոնցից մեկի՝ վաճառական Եսայի Ջանփոլադյանի մասին պարզապես չենք կարող լռել: Գաղթականների՝ Երևանում հայտնվելու առաջին իսկ օրերից նա ինքնամոռաց կերպով սկսում է որբանոցների բացման, աշխատատեղերի ստեղծման նախաձեռնություններ: 1916 թ. ընտրվելով Համահայկական կոնգրեսի պատգամավոր՝ նա շրջում է գաղթականների հավաքատեղիներում, ցուցաբերում գործնական օժանդակություն՝ աշխատանքի և բնակության պայմանների ստեղծում, բժշկական օգնության կազմակերպում և այլն: Բազմաթիվ գաղթականներ ապրում էին հենց նրա տանը: 1918 թվականին՝ շրջայցերից մեկի ժամանակ, վարակվելով բծավոր տիֆով՝ նա մահանում է:
1919 թ. ապրիլի 6 ին Երևանում նշվում է որբերի օրը: Անգլիական այգում հավաքվում են տարբեր հաստատությունների՝ Ամերկոմի, Եղբայրական օգնության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության՝ Երևանի վարչության, Համառուսական քաղաքների միության՝ Երևանի կոմիտեի, կառավարական որբանոցների երեխաները: Կազմակերպվում են միջոցառումներ, ցուցադրվում երեխաների ձեռքի աշխատանքները: Կատարվում է հանգանակություն, հրատարակվում որբերին նվիրված միօրյա թերթ:
Ամփոփելով աշխատանքը՝ գալիս ենք այն համոզման, որ մեծ է Երևանի՝ որպես հանգրվանի դերը ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների օգնության կազմակերպման գործում: Երևանցիների մարդասիրական օգնությունների, հոգատար վերաբերմունքի շնորհիվ հազարավոր արևմտահայ երեխաներ փրկվեցին սովից ու հիվանդություններից, ապրեցին ու հետագայում իրենց ներդրումն ունեցան մայր հայրենիքի բարգավաճման ու զարգացման գործում:

Մեկ օրվա փրկարարություն Երևանում, 1919 թ., նոյեմբեր

Բժիշկ Արամ Տեր‑Գրիգորյանը Երևանի 2-րդ ապաստարանի երեխաների հետ, 1916 թ.

Աշխեն Տեր‑Սարգսյանը՝շրջապատված որբերով
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևանի պատմության թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար