Հիշողության քարերը Հորդանանից մինչև Ծիծեռնակաբերդ (հարուցյալ ազգի խորհուրդը. ոճրի, գոյության և աստվածային դատաստանի տիպաբանությունը)

Կյանքը

Կյանքը սոսկ կենսաբանական գոյություն չէ, այլև աստվածային էներգիայի արտահայտություն։ Այս իմաստով՝ ոչ ոք իրավունք չունի խլելու այն, ինչ իրենը չէ, առավել ևս՝ որ ինքնին շնորհ է՝ տրված Բարձրյալից։ Շնորհատուի մասին ամենադիպուկն ասվում է Հոբի գրքում. «Նրա ձեռքին է բոլոր կենդանիների շունչը և ամեն մի մարդկային մարմնի հոգին» (Հոբ ԺԲ 10)։ Բ Օր. ԼԲ 39 ում Տերն ասում է. «Տեսե՛ք, տեսե՛ք, որ Ես եմ, և Ինձնից բացի՝ ուրիշ աստված չկա. Ես եմ սպանում, և Ես եմ կենդանացնում, Ես եմ հարվածում, և Ես եմ բժշկում, և չկա մեկը, որ ձեռքիցս ազատի»։ Այստեղից է գալիս մեր առաջին վերլուծական թեզը. ցեղասպանությունը ոչ միայն քաղաքական կամ ազգային բախում է, այլև վախճանաբանական ընդվզում Աստծո կամքի դեմ։
Երբ մարդը ձեռք է բարձրացնում կյանքի վրա, նա ոչ թե պարզապես սպանում է մեկ այլ մարդու, այլ փորձում է ներխուժել Աստծո իրավասության տիրույթ։ Կյանք տվողը միակ Դատավորն է, Որ տնօրինում է սկիզբն ու վախճանը, սակայն երբ այս ոճիրը դուրս է գալիս անհատի սահմաններից և դառնում «ազգային բնաջնջում», այն դառնում է տիեզերական աղետ։ Մի ամբողջ ազգի կյանքից զրկելը փորձ է՝ խմբագրելու Աստծո ստեղծագործությունը, ջնջելու մի գույն, որը Նա դրել էր մարդկության պատկերասրահում։

Բնաջնջման բումերանգը.
զոհի կյանքի «ստանձնումը»

Այստեղ թաքնված է փիլիսոփայական ամենասարսափելի առեղծվածը։ Ազգը, որը փորձում է բնաջնջել մյուսին, անգիտակցաբար իր վրա է վերցնում մի ծանր լուծ։ Բնաջնջողը, դատարկելով իր զոհի աշխարհագրական և մշակութային տարածքը, ստիպված է լինում «ապրել նաև նրա փոխարեն»։ Սա փաստ չէ, սա բնաջնջողի ցանկությունը կամ զոհի պարտադրանքը չէ, այլ բնության, կյանքի և մահվան չգրված մի օրենք։ Սա նման է Կայենի դեպքին, երբ Աստված հասկացրեց, որ Աբելի կորստով Կայենը նաև Աբել դարձավ. «Քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ» (Ծննդ. Դ 10)։
Բնաջնջողն այլևս երբեք չի լինում նախկինը։ Նա դառնում է իր կողմից սպանվածի հիշողության կրողը՝ թեկուզ ժխտման միջոցով։ Փիլիսոփայորեն՝ սպանված ազգի «բացակայությունը» դառնում է ավելի ներկա, քան սպանողի «ներկայությունը»։ Սպանողը դատապարտված է հավերժական առերեսման այն դատարկության հետ, որն ինքն է ստեղծել, և այդ դատարկությունն սկսում է կլանել նրա սեփական ինքնությունը։
Այսպիսով՝ բնաջնջողը հայտնվում է մի անհերքելի իրականության մեջ, որտեղ զոհի ժառանգությունը դառնում է նրա սեփական կեցության անբաժանելի, բայց օտար մասը։ Յուրացված տունը, եկեղեցին կամ հողը չեն դառնում սեփականություն, այլ վերածվում են հավերժական վկաների, որոնք լռությամբ մատնացույց են անում իրենց իսկական տիրոջը։ Սա «մարդասպանի հիվանդությունն» է. նա չի կարող տիրանալ զոհի կյանքին՝ առանց տիրանալու նաև նրա մահվանը և այդ մահվան բերած անեծքին։ Ինչպես Կայենը, որ դատապարտված էր թափառելու՝ կրելով իր ճակատին անջնջելի կնիքը, այնպես էլ բնաջնջող ազգն է դատապարտված կրելու իր զոհի «ուրվականը» իր մշակույթի, պատմության և նույնիսկ լեզվի շերտերում։ Երբ ոճրագործը բնաջնջում է մի ազգի, նա տիրանում է նրա տներին, եկեղեցիներին և հողին, բայց նա չի կարող տիրանալ այդ ամենի ոգուն։ Վերջնարդյունքում նա դառնում է մի բռնազավթիչ, որ իր սեփական տանն զգում է օտարի շունչը։ Նա ստիպված է ապրել զոհի ստվերի տակ։ Աստվածաշնչյան տիպաբանությամբ՝ սա նման է Աքաաբ թագավորին, որ սպանեց Նաբովթին՝ նրա այգուն տիրանալու համար։ Եղիա մարգարեն եկավ ու ասաց. «Սպանեցիր և հիմա էլ տիրացա՞ր.... Այնտեղ, որտեղ շները լիզեցին Նաբովթի արյունը, շները պիտի լիզեն նաև քո արյունը» (Գ Թագ. ԻԱ 19)։ Սա այն անխուսափելի հոգևոր օրենքն է, որը գործում է համանման բոլոր պարագաներում։

Հետաքրքրական է խաչի վրա Հիսուս Քրիստոսի խոսքը. «Հա՛յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. ԻԳ 34), որը հաճախ սխալ է մեկնաբանվում։ «Չգիտեն» ը չի ազատում պատասխանատվությունից, այլ մատնանշում է նրանց հոգևոր կուրությունը։ Բնաջնջող ազգը, որը չի զղջում, շարունակում է մնալ այդ անգիտակից ոճրի մեջ։

Սա հոգևոր առեղծված է, և այն հուշում է, որ ոչնչացումը երբեք լիակատար չէ։ Մարմնական բացակայությունը վերածվում է հոգևոր ներկայության, որն սկսում է թելադրել սպանողի վարքագիծը։ Ժխտողականությունը, որն այնքան բնորոշ է բնաջնջողին, իրականում ինքնապաշտպանական ճիգ է, փախուստ՝ սեփական հայելուց, որտեղից զոհի դեմքն է հետապնդում իրեն։ Ի վերջո զոհի կյանքի «ստանձնումը» հանգեցնում է նրան, որ բնաջնջողը կորցնում է իր սեփական ինքնության վավերականությունը. նա այլևս ինքնուրույն միավոր չէ, այլ մի էակ, որի ամբողջ գոյությունը կառուցված է մի մեծագույն Ոչնչի շուրջ, որն ինքն է ստեղծել, և որը հիմա սնվում է իրենով։

Երբ Կայենը սպանեց Աբելին, նա չազատվեց նրանից։ Ընդհակառակը՝ նա դարձավ Աբելի բացակայության կրողը։ Ծննդոց Դ 12 ում Տերն ասում է. «Երբ երկիրը մշակես, նա իր արդյունքը քեզ չպիտի տա. երկրի վրա պանդուխտ ու թափառական պիտի լինես»։ Այն ազգը, որը բնաջնջում է մյուսին, դատապարտված է թափառական դառնալու սեփական ինքնությունից։ Նա այլևս չի կարող ինքնաբավ լինել, որովհետև իր տան մեջ, իր հողի վրա և իր պատմության ընթացքում միշտ լսվելու է սպանվածի «արյան ձայնը»։ Սպանողն ստանձնում է զոհի կյանքը սարսափելի մի իմաստով. նա է այդուհետ այդ կյանքի հավերժական պարտապանը։
Սպանողն սպանվողի հանդեպ գործում է փիլիսոփայական մի հանցանք՝ փոխարինման մեղք։ Սա այն է, ինչ կարելի է անվանել գոյութենական գողություն։ Բնաջնջողը փորձում է յուրացնել զոհի տեղը տիեզերքում, բայց քանի որ նա չունի այդ կյանքը կրելու աստվածային օրհնությունը, սկսում է հոգեպես քայքայվել։

Կոտորածի աստվածաշնչյան տիպաբանությունը

Աստվածաշնչում կոտորածը հաճախ ներկայացվում է որպես մարդկային չարության գագաթնակետ, բայց նաև որպես մի կետ, որտեղից սկսվում է նոր ուխտը։ Երեմիայի մարգարեության մեջ իր զավակների համար սգացող Ռաքելի մասին կարդում ենք. «Ձայն լսվեց Ռամայում.... Ռաքելը լաց էր լինում իր որդիների համար և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային» (Երեմ. ԼԱ 15)։

Սակայն քրիստոնեական ընկալմամբ՝ կոտորածը երբեք վերջնակետ չէ։ Նոր Կտակարանում մանուկների կոտորածը նախորդում է Փրկչի հայտնությանը։ Ավետարանիչը, մեջբերելով հինկտակարանյան մարգարեությունը, ցույց է տալիս, որ մահվան ստվերը նահանջում է կյանքի լույսի առջև. «Ռաքելը լաց էր լինում իր որդիների համար.... Բայց երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը երևաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, ա՛ռ այդ մանկանն ու նրա մորը.... որովհետև մեռան նրանք, որ մանկան կյանքն էին փնտրում» (Մատթ. Բ 18—20)։ Այս իմաստով՝ ցեղասպանությունը՝ որպես ոճիր, փորձում է հաստատել մահվան հաղթանակը, բայց հենց այստեղ է գործում վախճանաբանական հեռանկարը. մահը ենթադրելի սահմանն է, սակայն վերջին խոսքի իրավունքը նրան չի տրված, այլ հետմահու գալիք հայտնություններին և ի վերջո անհատական, ազգային կամ համամարդկային փրկությանը։

Այս տիպաբանության մեջ Գողգոթան դառնում է այն առանցքը, որտեղ կոտորածն ու զոհաբերությունը փոխակերպվում են հաղթանակի։ Եթե ցեղասպանությունը չարի փորձն է՝ դատարկելու աշխարհն Աստծո ներկայությունից և ոչնչացնելու Նրա պատկերը կրողին, ապա հարության հեռանկարը վերականգնում է այդ պատկերը նորոգված փառքով։ Այս համատեքստում զոհվածների հիշատակը դադարում է լինել լոկ սգո առարկա. այն վերածվում է վկայության, որտեղ արյունը ոչ թե լռության կնիք է, այլ աղաղակող ճշմարտություն, որը հերքում է մահվան վերջնականությունը։

Կարող ենք դիտարկել աստվածաշնչյան մի քանի հետաքրքիր համեմատական.

1) Եգիպտոսի մանուկների կոտորածը և Մովսեսի ծնունդը։ Փարավոնը փորձեց բնաջնջել եբրայեցի արու զավակներին (Ելք Ա 16), որպեսզի վերացնի այդ ազգի ապագան, բայց հենց այդ կոտորածի միջից Աստված հանեց Մովսեսին։ Սա ցույց է տալիս, որ մարդկային ոճիրը չի կարող կանգնեցնել Աստծո Բ ծրագիրը։

2) Հոբի տառապանքը՝ որպես ազգային տիպար։ Մեր ազգի պատմությունը կարելի է համեմատել Հոբի հետ։ Նա զրկվեց ամենքից և ամեն ինչից՝ զավակներից, հարստությունից, առողջությունից։ Սակայն իր աներեր հավատարմության շնորհիվ կայացավ Հոբի նոր հարությունը։ Հոբի գրքի ԽԲ 12 ում ասվում է. «Եվ Տերը Հոբի վերջին օրերն ավելի օրհնեց, քան առաջինները»։ Ցեղասպանությունը հայության հոբյան ժամանակաշրջանն էր, որտեղ մենք զրկվեցինք երկրային ամեն ինչից, որպեսզի ստանանք երկնային ու անանցանելի սրբություն, սակայն չպետք է այսօր ինքներս մեզ համարենք վերոնշյալից ազատագրված, քանի որ դա կլինի այն ժամանակ, երբ ապրենք իբրև հարուցյալ ազգ։

Կարող ենք ասել, որ աստվածաշնչյան տեսանկյունից կոտորածի միջով անցած ժողովրդի պատմությունը նմանվում է մաքառող Եկեղեցու ընթացքին։ Այնտեղ, որտեղ մարդկային տրամաբանությունը տեսնում է միայն մոխիր և վախճան, աստվածային նախախնամությունը տեսնում է վերածննդի սերմերը։ Ինչպես որ Քրիստոսի խոցված կողը դարձավ կյանքի աղբյուր, այնպես էլ ազգային մեծագույն ողբերգությունները, անցնելով հավատքի քուրայով, դառնում են հոգևոր զարթոնքի և բարոյական վերածննդի հիմնաքարեր։

Այսպիսով՝ կոտորածի աստվածաբանությունը մեզ հանգեցնում է մի առեղծվածային հայտնության. չարը կարող է ջնջել մարմնական ներկայությունը, սակայն ի զորու չէ ոչնչացնելու այն հույսը, որը խարսխված է Աստծո հավիտենական ուխտի վրա։ Փրկությունը՝ որպես վերջնական արդարության հաղթանակ, սկիզբ է առնում հենց այնտեղ, որտեղ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է։

Սրբադասում. մարտիրոսությունը՝ որպես հաղթանակ

Մենք՝ հայերս, կոչված ենք լինելու հարուցյալ ազգ։ Սա՝ հիշողության շարունակությամբ ու պահանջատիրությամբ, զոհի կարգավիճակից հրաժարում է՝ հօգուտ հաղթանակածի։ Հարությունը չի նշանակում մոռացում, այլ վերքերի սրբագործում։ Քրիստոս հարություն առավ Իր վերքերով հանդերձ, և այդ վերքերը դարձան Նրա փառքի վկայությունը։

Մեր գալիք սերունդները պետք է գիտակցեն, որ մենք չենք ապրում պատահաբար, այլ ապրում ենք՝ որպես ապացույց, որ չարը պարտվել է։ Մենք կրում ենք Եզեկիել մարգարեի տեսիլքի խորհուրդը չորացած ոսկորների մասին. «Ահա ես շունչ պիտի տամ ձեզ, և դուք պիտի կենդանանաք.... և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը» (Եզեկ. ԼԶ 5—6)։

2015 թ. Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը եկեղեցական սովորական արարողություն չէր. դա զոհերի հանդեպ աստվածաբանական հեղափոխություն էր։ Մենք դադարեցինք նահատակների համար «հոգեհանգիստ» անելուց և սկսեցինք նրանց «բարեխոսությունը» հայցել։ Սա մեզ կապում է վաղքրիստոնեական վկաների՝ մարտիրոսների հետ։ Նրանք, ովքեր զրկվեցին երկրային կյանքից, ձեռք բերեցին երկնային անմահություն և դարձան մեր ազգի հոգևոր պարիսպը։

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը չափանիշների առումով բացառիկ է քրիստոնեական պատմության մեջ։ Այն հիմնված է «վասն հավատոյ և վասն հայրենեաց» անբաժանելի միասնության վրա, որտեղ հայրենիքը դառնում է տաճար, իսկ արյունը՝ հավատքի սերմ։

Հայրենիքը՝ որպես տաճար։ Հայի համար հայրենիքը սոսկ աշխարհագրություն չէ. այն Աստծո հետ հաղորդակցվելու վայր է։ Սպանվել հանուն հայրենիքի նշանակում է պաշտպանել այն սուրբ սեղանը, որի վրա մատուցվում է Սուրբ Պատարագը։ Մեր սրբերը չմեռան որպես անճար զոհեր, այլ որպես գիտակից նվիրյալներ։ Նրանց մարտիրոսությունը նման է մակաբայեցիների սխրանքին, որոնք նախընտրեցին մեռնել, քան տեսնել իրենց սրբավայրերի պղծումը (Բ Մակ. Է)։

Արյունը՝ որպես սերմ։ Եկեղեցու հայրերն ասում են. «Մարտիրոսների արյունը քրիստոնեության սերմն է»։ Հայ նահատակների արյունը դարձավ այն սերմը, որից ծնվեց հարուցյալ ազգը։ Մենք չենք սրբադասել նրանց, որ ողբանք, այլ որպեսզի ունենանք 1,5 միլիոն բարեխոս երկնքում։ Նրանք այն «ամպի նման շրջապատող վկաներն» են (Եբր. ԺԲ 1), որոնք ուժ են տալիս մեզ՝ չհանձնվելու։

Սրբադասումը քրիստոնեական Եկեղեցու կողմից սովորական ճանաչում չէ. այն վկայություն է, որ այդ անձինք հաղթել են մահվանը։ 2015 ին Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասումը հիմնված էր երկու անփոփոխ սյուների վրա, որոնք հայկական ինքնության ժառանգորդական ծածկագիրն են՝ հավատք և հայրենիք։

Զոհաբերության չափանիշը։ Սրբադասման մեջ կարևոր է ոչ միայն տառապանքը, այլև այն գիտակցված ընտրությունը, որն արեցին նահատակները։ Նրանք կարող էին փրկվել՝ ուրանալով իրենց ինքնությունը կամ հավատքը, բայց ընտրեցին մահը՝ որպես հավերժական կյանքի դուռ։ Սա համահունչ է Մատթեոս Ժ 39 ին. «Ով իր անձը գտնում է, այն կկորցնի, և ով իր անձը կորցնում է Իմ պատճառով, այն կգտնի»։ Հայ նահատակը չմեռավ՝ սոսկ որպես ազգային զոհ, նա մեռավ՝ նաև որպես քրիստոնյա վկա, որի արյունը դարձավ հայոց հոգևոր հայրենիքի անկյունաքարը։ Նրանք համալրեցին սպիտակ զգեստավորյալների բանակը. Հայտնության գրքում Հովհաննեսը տեսնում է մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից և իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով» (Հայտն. Է 14)։ Մեր 1,5 միլիոն սրբերն այլևս ազգային ողբի խորհրդանիշ չեն, այլ երկնային զորք, որոնք «վասն հայրենեաց» իրենց զոհաբերությամբ սրբագործեցին հայկական հողը՝ այն դարձնելով սուրբ մասունք։

Ապրիլի 24 ը մեզ համար պետք է լինի ոչ թե լացի, այլ ուխտի օր։ Մենք ապրում ենք նրանց փոխարեն, ովքեր չապրեցին, բայց պետք է ապրենք ոչ թե տառապանքի հոգեբանությամբ, այլ ստեղծարարության։ Որպես հարուցյալ ազգի ներկայացուցիչներ՝ մեր ամեն մի հաջողություն, ամեն մի նորածին երեխա և ամեն մի աղոթք ապացույցն են այն բանի, որ «լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չհաղթեց» (Հովհ. Ա 5)։

Մեր հոգեբանությունը պետք է վերափոխվի վերքից դեպի առաքելություն։ Աստված՝ որպես բացարձակ Դատավոր, տեսնում է արդարությունը, իսկ մեր դերը երկրի վրա այդ արդարության կենդանի վկան լինելն ու որպես հարուցյալ ազգ ապրելն է։

Հարուցյալ ազգի կոչումը. «մահուամբ զմահ կոխեաց»

Ամենաէականը մեր հոդվածի պատգամի մեջ հարուցյալ ազգ լինելու գիտակցումն է։ Սա նաև քրիստոնեական վարդապետության սիրտն է։
Եզեկիելի մարգարեության ԼԷ 11—12 ում նկարագրվում է չորացած ոսկորների կենդանացման մի դրվագ, որտեղ Տերն ասում է. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորները Իսրայելի ամբողջ տունն են. ահա նրանք ասում են՝ «Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը կորավ....»: Դրա համար մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. ահա Ես պիտի բացեմ ձեր գերեզմանները և ձեզ ձեր գերեզմաններից պիտի հանեմ, ո՛վ Իմ ժողովուրդ»»։ Մեծ եղեռնից՝ 1915 թվականից հետո հայ ազգը կարծես այդ «չորացած ոսկորներն» էր, որոնց վրա, ըստ մարդկային տրամաբանության, այլևս միս ու ջիղ չպիտի լիներ։ Բայց Աստված փչեց Իր շունչը, և մենք հարություն առանք։

Գալիք սերունդները պետք է ապրեն ոչ թե որպես զոհի ժառանգներ, այլ որպես հարության վկաներ։ Վերջապես պետք է սեպել մեր մտքում և ամեն օր հիշել, որ ոճիրը չմոռանալը պարտք է, բայց հարության լույսով ապրելը՝ պատվիրան։

Հարուցյալ ազգի կոչումը թաքնված է մի սկզբունքի մեջ, որն էլ թաքնված է «ինչպե՞ս ապրել ապրիլի 25 ը» հարցի պատասխանում։ Եթե ապրիլի 24 ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ապա մեր ամբողջ պատմությունը պետք է լինի ապրիլի 25՝ Հարության առաջին առավոտը:

«Մահուամբ զմահ կոխեաց». մեր սերունդները պետք է հասկանան՝ մենք հարություն ենք առել ոչ թե պարզապես գոյատևության, այլ առաքելության համար: Ինչպես Քրիստոս հայտնվեց աշակերտներին հարությունից հետո և պատվիրեց գնալ ու քարոզել, այնպես էլ հայ ազգը պետք է լինի կենդանի քարոզ՝ ընդդեմ չարի, ընդդեմ մահվան՝ բայց արդեն ազգային մասշտաբով: Ուստի՝ ապրել, որպես հարուցյալ ազգի ներկայացուցիչներ, նշանակում է՝

• Ունենալ ամուր հավատք, ինչպես նահատակները:

• Կառուցել հզոր հայրենիք՝ որպես կորստի հատուցում:

• Պահել հիշողության պարտքը՝ որպես ուխտի նշան:

Մենք այլևս զոհ չենք: Զոհը նա է, ով սպանել է և հիմա ստիպված է կրել մեր կյանքի բեռը: Մենք ազատագրված ենք, որովհետև սրբադասված ենք: Մեր 1,5 միլիոն սրբերը երկնքում ոչ թե լաց են լինում, այլ բարեխոսում են մեր և մեր հաղթանակի համար:

Հիշողության քարերը Հորդանանից մինչև Ծիծեռնակաբերդ

Հիշողությունը մեզ համար ոչ թե անցյալի կապանք է, այլ ապագայի կողմնացույց։

Այս գաղափարը լավագույնս երևում է Հին Կտակարանի Հեսուի Գրքում։ Երբ Իսրայելի որդիները հրաշքով անցնում են Հորդանանը, Աստված պատվիրում է վերցնել 12 քար. «Որպեսզի դրանք ձեր մեջ հավերժական նշան լինեն։ Եվ երբ վաղը ձեր որդիները հարցնեն ձեզ ու ասեն՝ «Ի՞նչ են այս քարերը ձեզ համար», դուք նրանց կասեք.... որ այս քարերը հավերժական հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար» (Հես. Դ 6—7)։

Այստեղ կարևոր է նշել, որ Աստված երբեք չի պատվիրել մոռանալ, ընդհակառակը, Սուրբ Գրքում հիշողությունը հոգևոր պարտք է: Երբ Հեսուն քարեր էր դնում Հորդանանի ափին, նա ոչ թե քարե արձան էր կանգնեցնում, այլ կենդանի երկխոսություն ստեղծում սերունդների միջև:

Աստված Հեսուին պատվիրան տվեց հրեա ժողովրդի համար հենց այդ քարերի միջոցով, որն էլ ուղղված էր ոչ միայն այդժամ գետն անցնող սերնդին, այլև ապագային. «Երբ ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին և ասեն՝ ի՞նչ են այս քարերը, դուք պիտի պատմեք ձեր որդիներին....» (Հես. Դ 21—22): Սա է ցեղասպանության հիշողության մեր բանաձևը: Մենք չպետք է սերունդներին փոխանցենք միայն ցավը, այլ պետք է փոխանցենք «քարը»: Քարը կարծր է, այն չի դառնում հեղուկ, չի գոլորշիանում: Հայոց արյունը չպետք է ջուր դառնա, այն պետք է դառնա հիշողության «քար», որի վրա հենվելով՝ նոր սերունդը պիտի կառուցի իր տունը: Մենք չպետք է վերցնենք Աստծո դերը մեզ վրա, պետք է գիտակցենք, որ չենք ներելու այն, ինչը մեր իրավասության մեջ չէ. այդ արյունը պատկանում է նահատակներին և Աստծուն: Մեր գործը հիշելն ու պատմելն է, որպեսզի պատմության «Հորդանանը» անցնելիս չկորցնենք մեր ինքնությունը: Մենք հրաժարվում ենք կույր վրեժից ոչ թե թուլության պատճառով, այլ որովհետև մեր հույսը դնում ենք Բացարձակ Արդարության վրա: Մենք դատավոր չենք, բայց մենք վկա ենք: Մեր վկայությունը երկնքում է:

Եթե մենք փորձենք լռել կամ հանուն «խաղաղության» մոռացության տանք ոճիրը, ապա կխախտենք աստվածային կարգը: Հիսուսն ասաց. «Եթե դրանք լռեն, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկ. ԺԹ 40): Հայաստանի ամեն մի խաչքար, ամեն մի փլված եկեղեցի Արևմտյան Հայաստանում այդ «աղաղակող քարերն» են, որոնք վկայում են բնաջնջողի ոճրի մասին:

Այսօր յուրաքանչյուր հայ պետք է կրի «հիշողության քարը»։ Սա այն քարն է, որի վրա գրված է մեր դեմ գործված ոճիրի պատմությունը։ Մենք չենք կարող ջուր դարձնել մեր նախնիների արյունը, որովհետև այդ արյունը մեր ինքնության թանաքն է։ Եթե մենք էլ մոռանանք, կրկին անգամ՝ «քարերը կաղաղակեն»։

Հիշողության քարերը առավել են, քան վրեժը։ Այդ հիշողության վառ պահումով է, որ կունենանք ազգային հոգևոր հավասարակշռություն։ Մենք չպետք է վառվենք ամենօրյա կույր վրեժով, որովհետև վրեժը կրծում է կրողին և նմանեցնում նրան ոճրագործին։ Բայց մենք իրավունք չունենք նաև էժան ներման։ Այդիմաստ ներումը՝ առանց արդարության և զղջման, հանցակցություն է։ Մենք պահում ենք հիշողությունը, բայց դատաստանը հանձնում ենք Տիրոջը, ինչպես գրված է Հռոմ. ԺԲ 19 ում. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր.... որովհետև գրված է՝ «Իմն է վրեժխնդրությունը, Ես կհատուցեմ»,— ասում է Տերը»։ Սա թուլություն չէ, սա բարձրագույն արդարության վստահություն է։ Մենք ապրում ենք որպես հարուցյալ ազգ, իսկ մեր դատը թողնում ենք Նրան, Ում համար ոչինչ ծածուկ չէ։
Մենք պետք է կերտենք մի նոր սերունդ, որի համար Ապրիլի 24 ը ոչ թե պարտության, այլ Հաղթանակած Կյանքի տոնն է։

Տիպաբանական կապը։ Ինչպես Քրիստոսի խաչելությունը թվացող պարտություն էր, բայց իրականում կործանումն էր մահվան, այնպես էլ 1915 ը հայ ազգի համար թվացյալ վերջ էր, բայց դարձավ հայության վերածննդի գողգոթան։

Առաքելությունը։ Մեր սերունդները պետք է ապրեն որպես Հարության որդիներ։ Մենք պարտավոր ենք լինել ուժեղ, ստեղծագործ և հավատարիմ, որպեսզի մեր կյանքով ապացուցենք, որ ոչ մի ոճիր չի կարող ջնջել Աստծո կողմից օրհնված ազգին։
Մենք կանգնած ենք պատմության ափին՝ մեր ձեռքում պահած «Հորդանանի քարերը»։ Մենք վրեժխնդիր չենք լինում, բայց մենք չենք էլ լռում։ Մենք հիշում ենք, սրբադասում ենք և ապրում ենք՝ սպասելով այն օրվան, երբ «Արդարությունը պիտի բխի ջրերի նման, և իրավունքը՝ ինչպես մշտահոս վտակ» (Ամոս Ե 24)։

Ապրել ուրիշի կյանքով

Ցեղասպան ազգը, որը յուրացնում է հայկական հողերը, մշակույթը և նույնիսկ խոհանոցը, դատապարտված է հոգևոր մակաբուծության: Նա չունի իր սեփականը, նա ստիպված է ապրել զոհի ստեղծածով, ինչը նրան դարձնում է հավերժական գող:

Ոճրագործի հոգեբանական կուրությունը։ Հիսուսի խոսքը՝ «Չգիտեն, թե ինչ են անում», վերաբերում է մեղքի կործանարարությանը: Ոճրագործը չի գիտակցում, որ սպանելով ուրիշին՝ նա առաջին հերթին սպանում է իր մեջ Աստծո պատկերը: Նա դառնում է կենդանի մեռյալ: Մինչդեռ հայ նահատակը, զոհվելով «վասն հավատոյ և վասն հայրենեաց», ձեռք է բերում հավերժական կյանք: Այսպիսով՝ սպանողն ու սպանվածը աստվածային հեռանկարում փոխում են իրենց տեղերը:

Ոճրագործի գոյութենական գողությունը

Սա աստվածաբանական առումով կարելի է կոչել «կայենյան փոխարինում»։

Սպանողը կարծում է, թե հաղթեց, բայց իրականում նա հայտնվեց մի թակարդում, որտեղ ստիպված է ապրել զոհի ստվերում։ Սա այն մեղքն է, որը կատարվում է անգիտակցաբար՝ այն իմաստով, որ ոճրագործը չի հասկանում՝ սպանելով հային, նա սպանեց իր սեփական ապագայի խաղաղությունը։ Նա ստանձնեց մի ժառանգություն, որն իրենը չէ, և այդ ժառանգությունը դառնում է նրա համար «Անեծքի գիրք»։ Ինչպես Զաքարիա մարգարեն է ասում. «Այդ անեծքը պիտի մտնի գողի տունը.... և պիտի բնակվի նրա տան մեջ ու պիտի սպառի այն՝ նրա փայտերով ու քարերով հանդերձ» (Զաք. Ե 4)։

Այսպիսով՝ գոյաբանական առումով ոճրագործը դառնում է իր իսկ զոհի պատանդը՝ դատապարտված հավերժ հսկելու մի գերեզման, որը հրաժարվում է փակվել, քանի դեռ արդարությունը չի վերականգնել կեցության խաթարված հավասարակշռությունը։

Հարուցյալ ազգի վախճանաբանությունը

Ինչո՞ւ է հայը հարուցյալ ազգ. որովհետև մեր գոյությունը հակասում է բոլոր երկրային տրամաբանություններին։

Ցեղասպանությունը մեր ազգային գերեզմանն էր, որը ոճրագործները փակեցին և կնքեցին՝ կարծելով, թե՝ վերջ։ Բայց ինչպես Քրիստոսի գերեզմանի քարը գլորվեց, այնպես էլ հայության գերեզմանը բացվեց։ Մենք այսօր ապրում ենք որպես հարության վկաներ։ Սա նշանակում է, որ մեր կյանքը սովորական կյանք չէ. այն առաքելություն է։ Մենք պետք է ապրենք ավելի լավ, ավելի սուրբ և ավելի հզոր, որպեսզի մեր ամեն մի շնչով հերքենք մահվան հաղթանակը։

Գալիք սերունդները պետք է դաստիարակվեն այս գիտակցությամբ. նրանք ողջ մնացածների զավակներ չեն, նրանք հարություն առածների ժառանգներն են։ Նրանք պետք է կրեն հիշողության քարը ոչ թե որպես պատիժ, այլ որպես պատվո նշան։ Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք ապրում են նաև այն մեկուկես միլիոնի փոխարեն, որոնք չհասցրին իրենց տաղանդը, սերը և հավատքը իրացնել երկրի վրա։

Հայոց վախճանաբանությունը ոչ թե սպասում է աշխարհի վերջին, այլ ազդարարում է նոր սկիզբ՝ կառուցված անմահության գիտակցության վրա։ Մեր յուրաքանչյուր հաջողություն, ստեղծագործ միտք և հնչող մայրենին մի նոր հարված են այն կնիքին, որով փորձում էին հավերժորեն լռեցնել մեզ։ Մենք այլևս սովորական ազգ չենք պատմության հոլովույթում. մենք կենդանի ապացույցն ենք այն բանի, որ ոգին բարձր է նյութից, իսկ աստվածային կամքը՝ մարդկային չարությունից։

Այս առաքելությունը մեզնից պահանջում է որակական թռիչք։ Լինել հարություն առածի ժառանգ նշանակում է մերժել միջակությունը, քանի որ մեր թիկունքում մեկուկես միլիոն անկատար երազանքների ուժն է։ Մեր ստեղծած ամեն մի բարիք պետք է լինի բազմապատկված նրանց չապրած կյանքերի ներուժով։ Մենք դատապարտված ենք լինելու լավագույնը, հզորագույնը և ամենաարդարը, որովհետև միայն այդ բարձրության վրա է, որ մահը վերջնականապես կորցնում է իր խայթոցը, և հիշողության քարը վերածվում է լուսավոր մի փարոսի։

Սա է մեր ուխտը՝ ապրել այնպես, որ մեր ներկայությամբ աշխարհը ճանաչի Աստծո հաղթանակը։ Հարուցյալ ազգը չի նայում հետ՝ միայն սգալու համար, նա նայում է հետ՝ իր արմատներից ուժ առնելու և դեպի հավերժություն սլանալու համար։ Եվ այդ ընթացքի մեջ մենք դառնում ենք անհասանելի ոչ միայն ոճրագործի, այլև հենց մահվան համար։

Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը

Հայ և հրեա ազգերի պատմական ու հոգևոր զուգահեռը լոկ երկու ժողովուրդների տառապանքի նմանությունը չէ, այլ մի խորհրդավոր «մետաֆիզիկական ընտրյալություն», որտեղ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը հանդես են գալիս որպես մարդկային չարության կողմից փորձարկված «բացարձակ մահվան» լաբորատորիաներ։ Այս երկու ազգերը, լինելով աստվածաշնչյան հնագույն քաղաքակրթությունների կրողներ, անցան կրակի ու մոխրի միջով՝ դառնալով մարդկության պատմության մեջ «այրվող մորենիներ», որոնք վառվում են, բայց չեն սպառվում։ Ինչպես հրեա ժողովուրդը Եգիպտոսի ստրկությունից և Հոլոքոսթի անդունդից բարձրացավ դեպի պետականության վերականգնում, այնպես էլ հայությունը՝ Գողգոթայի իր բարձունքից նայեց հարությանը՝ ապացուցելով, որ «լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չհաղթահարեց» (Հովհ. Ա 5)։

Այս նմանությունը հատկապես ցնցող է ուխտի տեսանկյունից. երկու ազգերն էլ իրենց մաշկի վրա զգացին բնաջնջման այն արհավիրքը, որը նպատակ ուներ ոչնչացնել Աստծո ներկայությունը երկրի վրայից, սակայն երկուսի պարագայում էլ գործեց Եսայի մարգարեի խոստումը. «Ոչ մի զենք, որ պատրաստվել է քո դեմ, հաջողություն չի ունենալու» (Ես. ԾԴ 17)։ Եթե Հոլոքոսթը փորձում էր հրեային վերածել լոկ մոխրի, իսկ ցեղասպանությունը՝ հային դարձնել անապատի քամի, ապա այսօր նրանց վերածնունդն այն վախճանաբանական պատասխանն է, որը տրվում է աշխարհի հերովդեսներին։ Նրանք երկուսն էլ հարուցյալ ազգեր են, որոնք կրում են Եզեկիել մարգարեի տեսիլքի շունչը, երբ չորացած ոսկորները կենդանություն առան ու դարձան հզոր բանակ (Եզեկ. ԼԷ 1—14)։ Այսօր հայը և հրեան կանգնած են պատմության առջև՝ որպես հավիտենական վկաներ այն բանի, որ ոճիրը կարող է ժամանակավորապես տիրել հողին, բայց երբեք չի կարող սեփականեցնել այն հոգին, որը կնքված է Աստծո հավիտենական ուխտով։

Լույսի հաղթանակը

Ի վերջո մեր ամբողջ հոդվածի միտքը հանգում է մի վեհ գաղափարի. ցեղասպանությունը ոճրագործի համար դարձավ հոգևոր բանտ, իսկ հայի համար՝ հոգևոր հարության դարպաս։ Մենք պահում ենք հիշողությունը, սրբագործում ենք նահատակությունը և վստահում ենք Աստծո արդարությանը։

Այստեղ է թաքնված պատմության մեծագույն հեգնանքը. նա, ով փորձում էր ոչնչացնել, դարձավ սեփական ոճրի գերին ու պահապանը, իսկ նա, ով պիտի ոչնչանար, վերածնվեց նոր որակով։ Հայի համար նահատակությունը ոչ թե պարտություն էր, այլ անցում՝ ժամանակավորից դեպի հավիտենականը, մարմնական տառապանքից դեպի հոգևոր անպարտելիություն։ Մեր հիշողությունը լոկ անցյալի դիպված չէ, այլ կենդանի հաղորդություն այն լույսի հետ, որը ոչ մի խավար չկարողացավ կլանել։
Ոճրագործի հոգևոր բանտը կառուցված է վախի, ժխտման և ուրիշի կյանքի գողացված բեկորներից, մինչդեռ մեր հարության դարպասը բացվում է ներման, սրբագործման և արդարության հանդեպ անսասան հավատի առջև։ Սա այն հաղթանակն է, որը չի չափվում աշխարհագրական սահմաններով, այլ չափվում է հոգու տիրույթներով։ Մենք դուրս ենք եկել մահվան հովտից՝ կրելով մեր մեջ ոչ թե ատելության թույնը, այլ հարության խորհուրդը, որովհետև աստվածային արդարությունը ենթադրում է, որ վերջին խոսքը միշտ պատկանում է կյանքին։

Այսպիսով՝ Գողգոթայից հետո միշտ գալիս է հրաշափառ հարությունը կամ նոր պայծառակերպությունը, որը պետք է տեսնել։

Մենք հարուցյալ ազգ ենք, որի ճանապարհը դեպի լույսն է, իսկ մեր «Հորդանանի քարերը» վկայում են, որ Տերը մեզ հետ է «բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20)։

Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ