Հայրենադարձությունը և Երևանի նոր թաղերի հիմնադրումը ցեղասպանությունից հետո. Արարատ լեռան տեսանելիությունը՝ նախապայման

Հայրենադարձությունը և Երևանի նոր թաղերի հիմնադրումը ցեղասպանությունից հետո. Արարատ լեռան տեսանելիությունը՝ նախապայման 23.10.2026

1918 թ. աշնանը Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունը ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված արևմտահայության շրջանում Միացյալ Հայաստանի ստեղծման հույսեր արթնացրեց։ Սակայն 1920 թ. թուրք հայկական պատերազմից ու Հայաստանի խորհրդայնացումից և հատկապես Լոզանի կոնֆերանսում (1922 թ. նոյեմբեր — 1923 թ. հուլիս) Հայկական հարցի փաստացի անտեսումից հետո հայության՝ հայրենիք վերադարձի խնդիրը վերածվեց սոսկ հայ գաղթականությանը տարբեր երկրներում, առաջին հերթին՝ Խորհրդային Հայաստանում տեղավորելու հարցի։

Օտար երկրներում դեգերող աշխարհասփյուռ հայության մեծ մասը, կորցնելով հայրենի տուն վերադառնալու հույսը, փորձեց հաստատվել իրենց ապաստան տված երկրներում՝ ստեղծելով այնտեղ բազմաթիվ միություններ՝ հայրենակցական, վերաշինաց, կրթասիրաց և այլն: Դրանք նախկին արաբկիրցիներ, կեսարացիներ, վանեցիներ, սեբաստացիներ, էրզրումցիներ, տիգրանկերտցիներ էին:

Արևելյան Հայաստան վերաբնակեցումը, որը հետագայում անվանվեց հայրենադարձություն, տեղի ունեցավ մի քանի փուլերով՝ մինչ 1925 թ., 1925—1940, 1946—1948/49, 1962—1982 թթ.։

1921 թ. վերջին առաջին հայրենադրաձները ժամանեցին ՀՍԽՀ։ Նրանց քարավանը, որ հիմնականում բաղկացած էր մոտավորապես 3000 վանեցիներից, սալմաստեցիներից, բայազետցիներից (ինչպես պայմանականորեն ընդունված էր նրանց անվանել՝ միջագետքահայեր), 1921 թ. դեկտեմբերի 20 ին Բաթումով տեղափոխվեց Հայաստանի տարբեր շրջաններ:

1923 թ. հավանության արժանացավ շուրջ 50 հազար հայ գաղթականների՝ Խորհրդային Հայաստանում տեղավորելու Ազգերի լիգայի ծրագիրը։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար առաջարկվում էր դիմել տարբեր երկրների բարեգործական ֆոնդերի և բանկերի՝ երկարաժամկետ փոխառություն ստանալու համար։

1925 թ. հունիսին Ֆ. Նանսենի գլխավորությամբ Երևան ժամանած Ազգերի լիգայի հանձնաժողովն առաջարկեց Երևանի արևելյան և արևմտյան մասերում եղած 19 հազար դեսյատին ամայի տարածքը (ղռեր), ինչպես նաև Բասարգեչարի (Վարդենիս) շրջանում Սև ջրի հովիտն օգտագործել գաղթականներին տեղավորելու նպատակով։ Վերոհիշյալ ամբողջ տարածքը կազմում էր 33 հազար դեսյատին, որի յուրացման համար պահանջվում էր 4,1 մլն ռուբլի։ Սակայն եվրոպական տերությունների՝ մասնավորապես Անգլիայի մեղքով նանսենյան ծրագիրը փաստորեն կյանքի չկոչվեց:

Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհին կից ստեղծվում է Վերաբնակեցման բաժին, ապա՝ Գաղթականական գործերի գլխավոր վարչություն, մեկ տարի անց՝ Գաղթականության բաժին: Ներգաղթի այս փուլում հայրենադարձները, բնակություն հաստատելով Հայաստանի զանազան շրջաններում, ստանում էին հող և որոշակի նյութական օգնություն։ Խորհրդային իշխանությունից բացի՝ օգտագործվում էր արտասահմանյան բարեգործական հաստատությունների (Ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Անգլիական կոմիտե, ՀՕԿ և այլն) նյութական և ֆինանսական օժանդակությունը:

Այս փուլի առաջին կազմակերպված խումբը թերևս կարող ենք համարել 1925 թ. հունվար ամսին Հունաստանից եկած բութանիացիներին։ Ստեղծելով «Բութանիա» կոոպերատիվ ընկերությունը ՝ նրանք քաղաքապատկան 200 հա հողի վրա սկսեցին զբաղվել ծխախոտագործությամբ: Բութանիացիները մինչև 1930 ական թթ. բնակարաններ կառուցելու համար հիմնական օգնություն ստանում էին պետությունից։

Շուտով այլ հայրենակցական միությունների օրինակով Արգենտինայում, Բուլղարիայում և այլ երկրներում կազմակերպվեցին «Բութանիա» հայրենակցական միություններ, որոնցից ստացվեց նյութական օժանդակություն:

1924 թ. 80 ընտանիք արեշցիներ (70 ը՝ չքավորներ) Երևանին մերձակա 300 դեսյատին հողի վրա հիմնում են Նոր Արեշ գյուղը, որը հետագայում դառնում է քաղաքի առանձին թաղամաս: Ներգաղթի հաջորդ փուլն սկսվում է 1925 թ.։ Հայրենակցական միությունները ձեռնամուխ են լինում Խորհրդային Հայաստանում իրենց ծննդավայրերի անունները կրող քաղաքներ, գյուղեր, ավաններ, թաղեր ստեղծելու ծրագրի իրագործմանը: Հայրենակցական միությունները հանդես էին գալիս Խորհրդային Հայաստանի կառուցման գործին զորավիգ լինելու կոչերով։ Հայրենադարձությունը դիտվում էր այդ շինարարության անբաժան մասը։ Այս պարագայում խիստ տարաձայնություններ կային կուսակցությունների ներսում։

Այդուհանդերձ, քաղաքական թեժ պայքարի պայմաններում իսկ, հայրենակցական միությունների կոչով ստեղծված «Վերաշինաց միությունները» շարունակում էին դիմումներ հղել Խորհրդային Միության կառավարությանը՝ իրենց հայրենադարձությունը կազմակերպելու, հող ստանալու և իրենց ծննդավայրերի անուններով բնակավայրեր հիմնելու խնդրանքներով։ Առաջին միությունը, որ գործում էր Նյու Յորքում, 1923— 1924 թթ. հունվարին պատգամավորական ժողովում որոշում է կայացնում՝ Հայաստանում հիմնել «Նոր Արաբկիր» անունով քաղաք։ Այդ նպատակով ՀՍԽՀ կառավարությանը ներկայացրած նրանց ծրագիրն արժանանում է հավանության։ Եվ 1925 թ. Քանաքեռի և Հրազդան գետի միջև տարածությունը՝ մոտավորապես 610 դեսյատին, տրվում է նախկին արաբկիրցիներին՝ Նոր Արաբկիր քաղաք կառուցելու համար:

Նոր ավաններն ստեղծվում են հիմնականում մայրաքաղաքին մերձակա տարածքներում՝ փաստորեն Երևան քաղաքի բոլոր կողմերում: Դրանց աշխարհագրական դիրքը հայրենակցական միությունները խիստ կարևորում էին։ Որպես կանոն՝ պետք է տեսանելի լիներ Արարատը՝ իբրև բռնազավթված հայրենիքի խարհրդանիշ: Ավանների տեղի ընտրությունն իրականացվում էր բանակցությունների միջոցով, հաճախ նաև՝ հայրենակցական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կառուցվող բնակավայրերը թեև կոչվում էին ավաններ, սակայն իրականում դրանք գյուղեր էին՝ իրենց արտադրական հիմնարկներով: Այդ ավանների ստեղծումն առանց նախագծման էր։ Միայն Նոր Արեշը (1924—1926), Արաբկիրը և Նուբարաշենը կառուցվեցին թամանյանական նախագծերով: Ստեղծվեցին Նոր Մալաթիա (1926—1927), Նոր Սեբաստիա (1926—1931), Նոր Կեսարիա (1932—1934), Նոր Թոմարզա (1931), Նոր Տիգրանակերտ (1934) ավանները, որոնք գտնվում էին քաղաքի հյուսիս արևմուտքում։ Դրանք միմյանցից բաժանվում էին փողոցներով, և ենթադրվում էր, որ հետագայում կվերածվեն քաղաքի առանձին թաղամասերի:
Նոր Խարբերդը (1928—1929) Երևանի հարավարևելյան կողմում էր և ուներ հսկայական մշակովի հողատարածքներ: Քաղաքի հարավում էր գտնվում մեծ բարերար, ազգային գործիչ Պողոս Նուբարի անունը կրող Նուբարաշեն ավանը (1932): Պողոս Նուբարը ավանի կառուցման համար նվիրաբերել էր 100 հազար դոլար գումար: Նուբարաշենում կառուցվեցին նաև արևմտահայ տարբեր բնակավայրերի անուններով շենքեր։

Նախատեսվում էր դեպի Էջմիածին տանող ճանապարհի վրա կառուցել ևս նոր թաղամասեր՝ Նոր Տարոն, Նոր Երզնկա, Նոր Յողդաթ, Նոր Շապին Կարահիսար, և դրանք ավարտել առաջիկա 4—5 տարում:

Նոր Տիգրանակերտը գտնվում էր Մալաթիային կից: Նրան հարում էր Նոր Սեբաստիան, որը կազմված էր Նոր Կամարակ, Նոր Պարտիզակ և այլ թաղերից: Նոր Սեբաստիայի հակառակ մայթին գտնվում էր Նոր Քղին՝ իր նորակառույց տներով: Վերոհիշյալ ավանները Շահումյան կոլտնտեսության կազմում էին: Ի տարբերություն Նոր Քղիի (1934) և Նոր Թոմարզայի (1931)՝ Նոր Սեբաստիայի ստեղծման գործընթացն ավելի դասակարգված էր ընթանում։

Նոր թաղամասերի ստեղծման գործն իր վրա վերցրեց Հայաստանի օգնության կոմիտեն՝ ՀՕԿ-ը, որին կից ստեղծվեց Ներգաղթի կոմիտե, ապա՝ Շինարարության մատակարարման գրասենյակ (Ներգաղթշին), որոնց նպատակը ներգաղթի հետ կապված ամեն տեսակի աշխատանքներին օժանդակելն ու ավանների կառուցումն էր:
Հայրենակցական միությունների գումարներով ավաններին կից կառուցվող տների խմբերը հայրենակարոտ ներգաղթողները փորձում էին անվանել իրենց երբեմնի գյուղերի անուններով։ Սակայն հետագայում դրանք մոռացվեցին, իսկ բնակարանները դարձան այդ թաղերի մի մասը:

Նոր ավաններից շատերը չէին կառուցվի, եթե չլիներ հայ մեծահարուստների՝ Պողոս Նուբարի, Գալուստ Կյուլպենկյանի և այլոց ֆինանսական աջակցությունը։ Նրանք անգնահատելի դեր ունեցան Նուբարաշենի, Նոր Կեսարիայի և այլ բնակավայրերի կառուցման գործում։ Ներգաղթի շրջանում Հայրենակցական միություններն իրենց ազգանպաստ գործունեությամբ իրավամբ վերածվեցին հայրենաշեն կազմակերպությունների։ Պատահական չէ, որ նրանցից շատերը վերանվանվեցին «Վերաշինաց» միություններ։

1936 թ. Ժողկոմխորհը որոշում է ներգաղթած և նոր ավաններում բնակեցված քաղաքացիների համար սահմանել հարկային արտոնություններ:
Միությունները ձգտում էին փոքր ավանները կենտրոնացնելու մի տեղում, սակայն ցանկանում էին, որ հողամասեր տրամադրվեն ոչ միայն Երևանի շրջակայքում, այլև շրջաններում: Վերաշինաց միությունները լուրջ խնդիրների առաջ էին կանգնում։

1937 թ., երբ սկսվեցին զանգվածային բռնությունները, հայրենադարձությունը դադարեց, ՀՕԿ ի գործունեությունը կասեցվեց։ Իշխանություններն ըստ էության դրժեցին Արևմտահայաստանի տեղանվանաբանությամբ նոր բնակավայրեր հիմնադրելու իրենց խոստումը։ Ավելին՝ նրանք կանգ չառան նաև արդեն արևմտահայ անուններ ունեցող բնակավայրերի անվանաբանությունը կրկին փոխելու քայլի առջև, որը հոգեկան մեծ հարված հասցրեց ներգաղթողներին։ Պատահական չէ, որ տարիներ անց Նուբարաշենը վերանվանվեց Սովետաշեն։ Նուբարաշենի ճակատագրին արժանացան նաև այլ բնակավայրեր։

Հայաստանում հայրենակցական սկզբունքով 1920—1930 ական թթ. բնակավայրերի ու թաղամասերի հիմնադրման գործընթացը շարունակվեց նաև հետպատերազմյան տարիներին։ Հետազոտությունները հանգեցնում են այն համոզման, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում հայրենադարձության հետ կապված երևույթների միջև կային շատ ընդհանրություններ։

1946—1948 թթ. ընթացքում աշխարհի շուրջ 15 երկրներից Խորհրդային Հայաստան ներգաղթեց 90000—100000 մարդ. դա ամենամեծ ու զանգվածային ներգաղթն էր:
1946 թ. հունիսի 23 ին Սիրիայից և Լիբանանից «Տրանսիլվանիա» ռումինական փոխադրանավով Բաթում է մեկնում 366 ընտանիք՝ ավելի քան 1800 մարդ։ 1946 թ. ընթացքում «Տրանսիլվանիա», «Ռոսիա», «Պոբեդա», «Մոլոտով» շոգենավերով Հայաստան է ժամանում 8 քարավան։ Միայն հունիս հոկտեմբերին հայրենադարձվածների թիվը 19253 մարդ էր:

Ներգաղթը կատարվում էր հոծ խմբերով կամ անհատապես: 1946—1948 թթ. հիմնականում ներգաղթում էին մեծ խմբերով, իսկ 1960—1970 ական թթ.՝ անհատական կարգով։ Սփյուռքահայ հայրենակցական միությունները Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչներից խնդրում պահանջում էին, որ ներգաղթողների համար հատկացվեն առանձին տարածքներ՝ ավաններ, թաղեր, փողոցներ, դրանք անվանակոչվեն իրենց կամ ծնողների ծննդավայրերի անուններով։ Այդ կերպ հայրենադարձները կարող էին պահպանել իրենց պատմաազգագրական շրջանների ինքնատիպ նկարագիրը:

Քարավանների առաջին խմբերը տեղաբաշխվում էին սկզբում մայրաքաղաքի Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա թաղամասերում, այսինքն՝ դեռևս 1925—1930 ական թթ. ստեղծված հայրենակցական թաղամասերում։ Հետագայում նաև նոր թաղամասեր ստեղծելու ցանկություն եղավ։

Նախապես որոշված էր՝ գյուղաբնակներին բնակեցնել գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում, նկատի առնել այն բնակիլիմայական պայմանները, որտեղ նախկինում ապրել էին վերաբնակիչները։ Սակայն շռայլ խոստումներ ստացած հայրենադարձներն ստիպված էին լինում հաստատվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ բնակարաններում, անբարեկեցիկ գյուղերում ու ավաններում:

Ճանաչված բազմաթիվ հայ ճարտարապետներ կառավարության հատուկ հանձնարարությամբ ձեռնամուխ եղան հայրենադարձ հայերի համար կառուցվող ավանների նախագծմանը։ Այդ ծրագրի իրագործմանը մասնակից դարձան Գ. Մուշեղյանը, Ռ. Իսրայելյանը, Հր. Իսաբեկյանը, Հ. Բաբաջանյանը, Ռ. Գրիգորյանը և այլք: Ավանների կառուցմանը մասնակցում էին նաև սփյուռքահայ ճարտարապետներ (Ա. Թերզիբաշյան և ուրիշներ):

1946—1949 թթ. զանգվածային հայրենադարձության ընթացքում կառուցվեցին ինչպես ավաններ, այնպես էլ թաղամասեր ու փողոցներ:

Կիրզա տափարակ բարձրավանդակի վրա 1947 թ. վեր խոյացավ Նոր Զեյթունը: Կիրզա անունը բնակավայրին տվել են 1930 ական թթ. այստեղ բնակություն հաստատած ֆրանսահայ մահուդագործները, որոնք հիմնել էին գործվածքի արհեստանոց: 1946 թ. գարնանը Երևանից Սևան տանող ճանապարհից դեպի աջ՝ Քանաքեռի այգիների և քաղաքը շրջապատող անտառաշերտերի միջև ընկած մի ամայի ու ընդարձակ տարածության վրա, կառուցվեց բնակելի 3 տուն։ Սկզբում ներգաղթողներին տեղավորել են այստեղ եղած 14 բարաքներում: 1947 թ. մայիսի 13 ին Զեյթունում բնակություն հաստատեցին առաջին 55 ընտանիքները։ Հետագայում՝ հունիս օգոստոս ամիսներից, ժամանում են Սիրիայից, Պարսկաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից եկած հայրենակիցներ։ Մինչև 1948 թ. Զեյթուն ավանի կառուցման համար ծախսվեց 5 մլն ռուբլի: Կառուցվեցին բնակելի նոր տներ, անցկացվեց էլեկտրական լուսավորություն, բարեկարգվեցին փողոցները: 1949 թ. ավանում արդեն հաշվվում էր 1800 տուն, կար 2 դպրոցական շենք, ակումբ, բաղնիք, բուժարան, ռադիոբարձրախոսներ։

Նոր Զեյթունը հետագայում, նոր նախագծերի համաձայն, իր հերթին բաժանվեց Վերին և Ներքին Զեյթունների. «նոր» բառը հանվեց թաղամասի ընդհանուր անվանումից: Ավանը պետք է տարածվեր Քանաքեռի ամբողջ բարձունքով և հասներ մինչև հին Նորք։ Հարավում այն պետք է ձգվեր մինչև «Հաղթանակի» զբոսայգի: 1960 ական թթ. այստեղ կառուցվում են վիրահատական գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքերը, մեծ թվով տուֆակերտ բազմաբնակարան շենքեր, կաթի, հացի գործարաններ, «Հաղթանակ» կինոթատրոնը, մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն:
Նոր Զեյթունին կից թաղամասը տրամադրվեց կամարակցիներին, և այնտեղ կառուցվեց Նոր Կամարակ ավանը։ Սակայն թաղամասի անունը հետագայում չպահպանվեց։ Կամարակի անունով կոչվեց տեղի փողոցներից մեկը։

Զեյթունի և նրա շրջակա ավաններում կառուցվող տները, որպես կանոն, միահարկ էին և ունեին այգի, բանջարանոց կամ ծաղկանոց: Կառուցված էին զուգահեռ, միաշար: Հետագայում՝ 1960—1970 ական թթ., այդ ավանները մտցվեցին Կիրովյան շրջանի մեջ:

Ինչպես հայտնի է, Առաջին աշխարհամարտի տարիներին Կիլիկիան նույնպես հիմնովին դատարկվեց հայերից: Աշխարհասփյուռ եղած կիլիկիահայերի մեջ էին նաև մարաշցիները: Լատինական Ամերիկայի երեք քաղաքներում գործող «Մարաշ» հայրենակցական միության անդամները վճռեցին իրենց միության նպաստը բերել հայրենաշինությանը՝ Արևելյան Հայաստանում վերականգնել Նոր Մարաշը:

1949 թ. Արգենտինայի «Մարաշ» հայրենակցական միության որոշմամբ և սփյուռքում ու հայրենիքում բնակվող մարաշցիների խնդրանքով Երևանից ոչ հեռու՝ Նորքի գեղատեսիլ բարձունքում, դրվեցին Նոր Մարաշի առաջին հիմնաքարերը: Օրերի հետ բարձրացավ ավանը, կանաչապատվեց, լցվեց նոր բնակիչներով: 250 հա ի վրա կառուցվեցին առանձնատներ, հետագայում՝ բարձրահարկեր։ Սկսեցին գործել մշակույթի պալատ, դպրոց, պոլիկլինիկա, խանութներ, կենցաղի տներ և այլն: 1969 թ. ավանում հաշվում էր 7000 բնակիչ:

Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Եվդոկիա, Նոր Կեսարիա, Նոր Մարաշ թաղամասերին 1948 թ. ավելացավ ևս մեկը՝ Նոր Կիլիկիան։ Այն գտնվում էր «Հաղթանակ» կամրջից ոչ հեռու՝ բլրի վրա: Այստեղ կառուցվեց երկհարկանի 84 շենք։ Հետագայում 170 ընտանիքի համար կառուցվում է ևս 100 բնակարան: Էջմիածնի ճանապարհից մինչև ջրանցք ձգվող խաղողի այգիների տարածքը վերակառուցվեց և վերածվեց Նոր Կիլիկիայի հրապարակի, որի շուրջ կառուցվեցին շենքեր ու դպրոցներ: Կառուցվեց նաև գարեջրի գործարան՝ հայրենադարձներին աշխատանքով ապահովելու համար:

Հայրենադարձների ընտանիքները նաև պետությունից ստացած վարկերով էին կառուցում իրենց բնակարանները: Առաջին նորկիլիկիացի հայրենադարձը Տիրան Քեթերյանն էր՝ մոր և երկու քույրերի հետ ներգաղթած Եգիպտոսից: Նոր Կիլիկիայի հիմնադրման նախաձեռնությունը պատկանում է ամերիկահայ հայրենադարձ Արշակ Չագմագչյանին, որը գրամեքենաների մասնագետ էր: 1946 թ. Լոս Անջելոսից նա գնում է Նյու Յորք, ապա՝ Սիրիա, հետագայում՝ քարավանների խմբի հետ ներգաղթում Երևան։

1960—1970 ական թթ. Երևանի արվարձաններում կամ դրանց կից կառուցվում են ոչ միայն թաղամասեր, ավաններ, այլև փողոցներ: Ընդառաջելով սփյուռքահայերի՝ հատկապես հայրենակցական միությունների դիմում խնդրանքներին՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը շարունակեց նոր թաղամասերի անվանակոչումները։ Այսպես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1970 թ. սեպտեմբերի 10 ի հրամանագրով՝ Թազագյուղը, որտեղ ապրում էին Սիրիայից, Իրանից, Հունաստանից և այլ երկրներից հայրենադարձներ, անվանակոչվեց Այնթապ: Տեղի ունեցավ նաև պաշտոնական անվանակոչություն:

Նախատեսված էր կառուցել նաև Նոր Մնձուր ավանը, որը պետք է գտնվեր Երևանից 3 կմ արևմուտք՝ Դալմայի այգիներին կից։ Այդ նպատակի համար անգամ հանգանակություն կատարվեց, արվեցին չափագրումներ, սակայն ծրագիրը մնաց անկատար։

Անվիճելի է, որ հայրենադարձության ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ։ Պատահական չէ, որ հետագա տասնամյակներին շատերը կրկին բռնեցին արտագաղթի՝ առավելապես Արևմուտքի երկրների ճանապարհը։ Սակայն հայրենադարձությունը Հայաստանի համար ընդհանուր առմամբ ունեցավ մեծ նշանակություն։ Նախ՝ Հայրենական մեծ պատերազմում ունեցած մարդկային ծանր կորուստներից հետո հայրենադարձության շնորհիվ որոշակիորեն բարելավվեց հանրապետության ժողովրդագրական իրավիճակը։ Հայրենադարձներն իրենց ծանրակշիռ ավանդն ունեցան երկրի սոցիալ տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում։ Արևելյան Հայաստանի տեղանունների շարքում կտրուկ աճեց Արևմտյան Հայաստանն ու արևմտահայ իրականությունը հիշեցնող տեղանվանաբանությունը, որը դարձավ ինչպես քաղաքամայր Երևանի, այնպես էլ հայ ժողովրդի կյանքի ու աշխարհընկալման անբաժան մասը։

Լուսինե ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Երևանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն