Սնահավատությունը՝ հոգևոր վտանգ, և աղոթքը՝ ճշմարիտ ճանապարհ
07.10.2026
Սնահավատությունը մարդկային կյանքում այն երևույթն է, որի ազդեցությամբ մարդը, առանց հիմնավոր պատճառի, հավատում է նշանների, պատահական իրադարձությունների կամ կախարդական հավատալիքների ուժին։ Այն ուղեկցել է մարդկությանը պատմության սկզբից՝ տարբեր ձևերով դրսևորվելով հին մշակույթներում, միջնադարյան ավանդույթներում և անգամ մեր օրերում։ Աշխարհը լի է սնահավատությունների օրինակներով. մարդիկ վախենում են չար աչքից, նախազգուշական նշաններ են որոնում կամ ամոթալի հավատալիքների հետևանքով որոշումներ ընդունում։
Քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ սնահավատությունը հոգևոր վտանգ է, քանի որ այն խաթարում է մարդու հարաբերությունն Աստծո հետ և խոչընդոտում ճշմարիտ հավատքի զարգացմանը։ Երբ մարդն իր հույսը դնում է արտաքին նշանների, թվերի կամ ձևական ծեսերի վրա, նա աստիճանաբար հեռանում է Աստծո կենդանի ներկայությունից՝ հավատքը փոխարինելով անորոշ և մոլոր համոզումներով։
Բազմաթիվ քրիստոնյա վարդապետներ, սկսած վաղ դարերից մինչև մեր ժամանակները, ընդգծում են, որ սնահավատությունը վտանգավոր է ոչ միայն հավատքի տեսանկյունից, այլև հոգեբանական առումով։ Այն մարդուն դարձնում է անընդհատ անհանգիստ, ստիպում ամեն մանրուք նշան համարել։
Քրիստոնեական ճանապարհն առաջարկում է հակառակ լուծումը՝ հրաժարվել սնահավատությունից և փոխարինել այն հավատարմությամբ, աղոթքով, հոգևոր գիտակցությամբ ու բարոյական վարքով։ Երբ մարդն իր մտքերը դարձնում է Աստծո կամքին, նրա կյանքը լցվում է ներքին խաղաղությամբ և ազատությամբ՝ առանց մշտական վախերի ու կասկածների։ Ճշմարիտ հավատքը մարդուն տալիս է այն համոզումը, որ ոչ մի «վատ նշան» կամ «անբարենպաստ օր» չի կարող ազդել նրա վրա, եթե նա ապրում է Աստծո օրհնության ներքո։ Չնայած գիտության, կրթության և տեխնոլոգիական առաջընթացի հսկայական ձեռքբերումներին՝ սնահավատությունը մեր օրերում շարունակում է պահպանել իր ազդեցությունը։ Ժամանակակից մարդն ապրում է թվային դարաշրջանում, բայց հաճախ նրա որոշումները և զգացմունքային արձագանքները պայմանավորված են լինում նույն այն հավատալիքներով, որոնք գոյություն ունեին հազարավոր տարիներ առաջ։
Սնահավատություն է երազին հավատալը։ Երազների մեկնության առնչությամբ Սուրբ Գիրքը հետևյալն է փոխանցում մեզ. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ՝ երազներ տեսնելը» (Սիրաք 31.2—3)։ Այսինքն՝ ունայն է երազներին հավատալը կամ դրանցով առաջնորդվելը: Աստված առանձին մարդկանց կարող է երազի միջոցով հայտնություններ տալ, սակայն դրանք հազվադեպ են պատահում և իրենց առանձին մեկնությունն ունեն: Այդպիսի երազներ նշված են Աստվածաշնչում, և դրանց մեկնության համաձայն՝ այդ երազներում ամեն ինչ խորհրդանիշ է՝ համապատասխան բացատրություն ունեցող: Եկեղեցական հեղինակների համոզմամբ՝ երազներն ավելի շատ լինում են մարդու ապրումներից, առօրյա գործողությունների ու մտածմունքների հետ կապված:
Սնահավատությունը մարդկության հոգեբանական ամենահին երևույթներից է։ Երբ մարդը դեռ չէր կարողանում գիտությամբ բացատրել կայծակը, երազը կամ մահը, նա այդ ամենին վերագրում էր մոգական, աստվածային կամ չար ուժերի ազդեցություն։ Այդպես ձևավորվեցին առաջին սին հավատալիքները, որոնք հետագայում խորապես ներթափանցեցին մշակույթ, կրոն և առօրյա կյանք։
Հին Եգիպտոսում, օրինակ, մարդիկ հավատում էին, որ որոշ խորհրդանշաններ ունեն պաշտպանիչ ուժ։ Այդպիսին էր «Հորուսի աչքը», որն արտահայտում էր ամբողջականության, պաշտպանության և աստվածային հսկողության իմաստ։ Այն կրում էին որպես կախազարդ, փորագրում գերեզմանների վրա և նույնիսկ պահում տներում՝ չար աչքից ու հիվանդություններից զերծ մնալու համար։
Միջագետքում սնահավատությունն առավել կապված էր աստղագիտական ընկալումների հետ։ Աստղերին նայելը չէր սահմանափակվում պարզապես երկնային մարմինների ուսումնասիրությամբ. այն դիտվում էր որպես աստվածային լեզու՝ մի համակարգ, որով աստվածները հաղորդում էին մարդկանց իրենց կամքը։ Մոգերը հավատացնում էին, որ երկնային նշանների մեկնությամբ հնարավոր է կանխատեսել պատերազմները, բերքատվությունը, բնական աղետները և անգամ մարդու անձնական ճակատագիրը։ Այս գաղափարը հետագայում դարձավ հորոսկոպային մտածողության հիմքը, որը տարբեր ձևերով պահպանվեց մինչև նոր դարերը։
Հին Հունաստանում և Հռոմում սնահավատության արտահայտություններն առավելապես կապված էին մարգարեությունների և զոհաբերությունների հետ։ Մարդիկ հաճախ էին դիմում ուխտատեղիներին՝ օրինակ Դելփյան մարգարեի տաճարին՝ աստվածային պատասխաններ ստանալու համար։ Նրանք հավատում էին, որ զոհաբերություններով կարելի է մեղմացնել աստվածների բարկությունը, փոխել կանխորոշված ճակատագիրը կամ ապահովել հաջողություն որևէ գործում։ Այս ամենը ցույց է տալիս, որ սնահավատությունը հնագույն ժողովուրդների համար ոչ թե պարզապես անհիմն հավատ էր, այլ խորապես արմատավորված մշակութային երևույթ, որն արտահայտում էր նրանց ձգտումը՝ կապ հաստատելու անտեսանելի, վերին ուժերի հետ։
Սնահավատությունը միշտ քննադատվել է Սուրբ Գրքում՝ որպես հոգևոր մոլորություն։ Ինչպես ասում է Տերը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով և մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում» (Երեմ. 10.2)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ սնահավատությունը հակադրվում է հավատքին, քանի որ այն հիմնված է վախի, ոչ թե վստահության վրա։ Ամենօրյա կյանքում հանդիպող սնահավատություններից է, օրինակ, տարբեր թվերի, գույների, օրերի կամ առօրյա իրադարձությունների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը։ Օրինակ՝ որոշ մարդիկ խուսափում են ճանապարհորդել կամ նոր գործ սկսել «չար բախտ» գուշակող օրերին, չեն անցնում սանդուղքի տակից, չեն նստում սեղանի անկյունում կամ հավատում են, որ եթե հայելի կոտրվի, դժբախտություն կլինի։ Ստորև ներկայացնում ենք մեզանում տարածված որոշ սնահավատ երևույթներ, որոնց չպետք է լուրջ վերաբերվել.
- աղ թափելը՝ կռիվ ընտանիքում,
- սեղանի անկյունում նստելը՝ յոթ տարի չամուսնանալ,
- գդալ, դանակ-պատառաքաղ կամ հացի կտոր ընկնելը՝ այդ տուն հյուր գալը,
- ձիու պայտ տան մուտքին՝ երջանկության համար,
- փշեր, աչքի ուլունքներ՝ չար աչքից խուսափելու կամ չկամեցողների վատ ցանկությունները չիրականանալու համար,
- թալիսմաններ՝ հաջողության համար,
- ընկնող աստղ՝ աստղի անկման ընթացքում պահված երազանքի իրականացում,
- ձեռքի կամ ոտքի ափը քոր գալ՝ փող ստանալու հնարավորություն։
Թեպետ նման սովորությունները կարող են թվալ անմեղ կամ նույնիսկ մշակութային ժառանգության մաս, սակայն դրանք իրականում խաթարում են հոգևոր հավասարակշռությունը՝ մարդուն ներշնչելով անհիմն վախ և անվստահություն։
Սնահավատությունն ավելի շատ սխալ մտածելակերպ է, ժողովրդական անճիշտ մեկնաբանություն, թյուրըմբռնում, քան հոգևոր արժեքների միտումնավոր խեղաթյուրում, չնայած որոշ գուշակներ և կախարդներ, չարից դրդված, կարող են քրիստոնյա հավատացյալ մարդուն շեղել իր ճշմարիտ ուղուց։ Գոյություն ունի նաև անհատական սնահավատություն, որ մարդը կարող է սահմանել իր համար։
Սոցիալական մեդիան և գովազդը նշանակալի դեր ունեն սնահավատության ժամանակակից ձևերի տարածման մեջ։ Տարբեր հարթակներում հաճախ ներկայացվում են «հաջողության թալիսմաններ», «հորոսկոպներ», «էներգետիկ քարեր» կամ «լավ աուրայի» մեթոդներ՝ որպես ինքնազարգացման կամ դրական կյանքի խորհրդանիշներ։ Թեև այս երևույթներն առաջին հայացքից անվնաս են թվում, խորքում ունեն նույն գաղափարական հիմքը՝ հավատ արտաքին ուժերի և նշանների զորությանը։ Դրանք փորձում են փոխարինել հավատքը Աստծո նկատմամբ՝ առաջարկելով «հեշտ ճանապարհ» դեպի երջանկություն, հաջողություն կամ անվտանգություն։
Հոգեբանորեն սնահավատությունը հաճախ ծագում է անվստահությունից և վերահսկողության կարիքից։ Երբ մարդը բախվում է անորոշության կամ վախի, նա փորձում է գտնել հոգեբանական հենակետ։ Քրիստոնեական ավանդույթում սնահավատությունից ազատվելը չի դիտվում պարզապես վատ սովորությունից հրաժարում, այլ հոգևոր վերածնունդ և հավատքի խորացում։ Այն պահանջում է մարդու ներքին գիտակցական փոփոխություն՝ հույսը և վստահությունն ամբողջությամբ Աստծո վրա դնելու միջոցով։ Այս ճանապարհն ընդգրկում է հիմնական քայլեր, որոնք օգնում են հավատացյալին՝ վերադառնալու ճշմարիտ հավատքի արմատներին։ Դրանք են՝
- Աղոթք։ Աղոթքը քրիստոնյայի համար ոչ միայն խոսք է Աստծո հետ, այլև հոգևոր հաղորդակցություն, որը վերականգնում է վստահությունը և խաղաղությունը։ Աղոթքի միջոցով մարդը սովորում է ապրել հավատով, ոչ թե վախով, ինչը հենց սնահավատության հակառակն է։ Երբ հավատացյալն իր մտահոգությունները հանձնում է Աստծուն, ոչ թե պատահական նշանների կամ առարկաների, նա ազատվում է ներքին լարվածությունից և անորոշությունից։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է՝ մեռած է հոգին»։ Իսկ Խոսրով Անձևացին հետևյալն է նշում. «Աղոթքը պարծանքների պսակ է, փրկության պատճառ, բարիքների առիթ, համբերության պարզիչ, աստվածպաշտության ծանոթություն, Սուրբ Հոգուն հրավիրող»։
- Սուրբ Գրքի ընթերցում։ Աստվածաշունչը հավատացյալի համար մնում է գլխավոր ուղեցույցը՝ օգնելով տարբերել ճշմարիտ հավատքը կեղծ համոզումներից։ Կանոնավոր ընթերցումը և խորհումը Սուրբ Գրքի խոսքերի շուրջ ամրացնում են մարդու հավատքը՝ թույլ չտալով, որ սնահավատ մտքերը տեղ գտնեն նրա հոգում։
- Հոգևոր խորհրդատվություն և համայնքային կյանք։ Քահանան կամ հավատավոր ընկերները կարող են օգնել մարդուն՝ գիտակցելու այն սահմանը, որտեղ սովորույթը վերածվում է սնահավատության։ Հոգևոր հովվի խնամքի ներքո գտնվող անձը հնարավորություն է ձեռք բերում՝ ընթանալու ճիշտ ճանապարհով։ Կիրակնօրյա Պատարագներին և աստվածապաշտական այլ արարողություններին մասնակցելիս մարդը հաղորդվում է աստվածային ճշմարտությունների ու խորհուրդների հետ, և այլևս այն սնահավատությունները, որոնք թվում են «ճշմարտություններ», ի չիք են դառնում Տիրոջ իմաստությամբ և Սուրբ Հաղորդությամբ։
Սնահավատությունը կարող է թուլացնել մարդու հոգին, սահմանափակել նրա ազատությունը և խանգարել իրական հավատքի զարգացմանը։ Սակայն քրիստոնեական հավատը հնարավորություն է տալիս՝ ազատվելու սնահավատությունից՝ վստահելով Աստծուն, աղոթելով ու հետևելով աստվածային պատվիրաններին։ Հավատացյալը, որ ապրում է այս վերոհիշյալ սկզբունքներով, գտնում է հոգևոր խաղաղություն, խելամիտ մտածողություն և հաստատուն վստահություն, որ կարևոր են մարդու կյանքում։
Այսպիսով՝ սնահավատությունը միշտ եղել է մարդկության հետ, բայց քրիստոնեական արժեքները մեզ սովորեցրել են ապրել ազատ, վստահ և հոգեպես կայուն՝ առանց վախերի ու անհիմն մտահոգությունների։ Քրիստոնեական համատեքստում սնահավատությունը դիտվում է որպես հոգևոր թուլության նշան, քանի որ այն հեռացնում է հավատացյալին Աստծուց և խոչընդոտում իրական վստահության և հոգևոր կայունության զարգացմանը։
Սիրանուշ ԱԴՅԱՆ