Համբարձման տոնի ակունքները Հին Կտակարանում
23.10.2026
Համբարձման տոնը քրիստոնեական Եկեղեցու տոնացույցի կարևորագույն հանգրվաններից է: Այդ օրը նշվում է Հիսուս Քրիստոսի համբարձումը, երբ մեր Տերն աշակերտների ներկայությամբ երկինք բարձրացավ՝ նշանավորելով Իր երկրային գործունեության ավարտը: Զատկից քառասուն օր հետո նշվող այս իրադարձությունը բովանդակում է աստվածաբանական կարևոր իմաստներ և խորհրդանշում Քրիստոսի առաքելության կատարումը։
Համբարձման թեման կարևոր տեղ է զբաղեցնում նաև սուրբգրային աստվածաբանության մեջ՝ հանդես գալով իբրև կապող օղակ Հին և Նոր Կտակարանների միջև: Հին Կտակարանում համբարձմանը վերաբերող դրվագներն ունեն որոշակի ընդհանրություններ, ինչպիսիք են ուսուցման շրջանը և վերջին զրույցը՝ նախքան երկինք համբարձվելը: Վերջինս հիմնականում դիտարկվում է վախճանաբանական համատեքստում, իսկ երկինք համբարձվածների մահվան վերաբերյալ վկայությունները հստակ չեն: Ենովքի ու Եղիայի մասին աստվածաշնչյան պատմությունները հետագայում հիմք են դառնում հրեական վախճանաբանական համատեքստ պարունակող այլ գրվածքների ստեղծման համար:
Համբառնալու պատմություններ Հին Կտակարանում
Ծննդոց 5-րդ գլուխ: Ենովքի պատմությունը: Հին Կտակարանի նահապետներից Ենովքը Հարեդի որդին էր, որին նա ունեցել է 162 տարեկանում: Ենովքը 165 տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային, ապրեց աստվածահաճո կյանքով, և ոչ ոք նրան չտեսավ. «Ենովքը սիրելի եղավ Աստծուն։ Նա անհայտացավ, որովհետև Աստված նրան տարավ Իր մոտ» (Ծննդ. Ե 24): Ենովքն աստվածաշնչյան առաջին կերպարն է, որ, ունենալով առանձնահատուկ կապ Աստծո հետ, փոխադրվեց երկինք: Իբրև Ադամի սերնդի մեջ յոթերորդը՝ նա բացարձակապես տարբերվում է Կայենի յոթերորդ սերնդից՝ Ղամեքից, որի կյանքը, համաձայն Ծննդ. Դ 23—24 համարների, լցված է իրական արյունահեղությամբ ու սպառնալիքներով: Հետաքրքրական է, որ եբրայերենում Ենովքի և Աստծո միջև եղած կապը բնորոշվում է մեկ այլ գեղեցիկ արտահայտությամբ. «Ենովքը քայլում էր Աստծու հետ», ինչը, անշուշտ, առավել տեսանելի պատկեր է հաղորդում ընթերցողին: Հրեա շատ մեկնիչներ զանազան մեկնաբանություններ են տվել այս արտահայտությանը՝ նշելով, որ այն կարող է տարբեր իմաստներ ունենալ, օրինակ՝ «Ենովքը երկյուղով էր լցված Տիրոջ առաջ», կամ՝ «Ենովքը ակնածանքով ծառայում էր Տիրոջը»: Հրեա հայտնի մեկնիչներից մեկն այս կերպ է բնութագրում վերոհիշյալ արտահայտությունը. «Նա արդար էր, բայց ոչ հաստատուն և կարող էր շեղվել դեպի չարը: Ուստի, Տերը՝ Աստված, շտապեց հեռացնել նրան այս աշխարհից և ժամանակից շուտ խլեց նրա կյանքը։ Նրա մահից առաջ Սուրբ Գիրքը օգտագործում է անսովոր մի արտահայտություն՝ «և նա չկար, չէր գտնվում» այս աշխարհում: Այսպես եղավ, որպեսզի նա հասնի իր կյանքի տարիների լիությանը, մինչդեռ այլոց մահվան մասին ասվում է՝ «և մեռավ»: Սա նշանակում է բացակայություն զգայական աշխարհից, իսկ «և նա չկար, չէր գտնվում» արտահայտությունը ցույց է տալիս այն ճանապարհը, որով հոգին լքում է այս աշխարհը:
Եկեղեցական հայրերն այս հատվածն այլ կերպ են մեկնաբանում. տեղի ունեցածը բնորոշվում է իբրև Սուրբ Հոգու կողմից կատարված գործողություն, և շեշտվում է այն հանգամանքը, որ մարդու ֆիզիկական գոյությունը որևէ կերպ չի խանգարում նրա սուրբ լինելուն: «Ենովքը և Եղիան երկինք համբարձվեցին առանց մահվան տանջանքի, սակայն գալու է այն օրը, որ նրանք ևս կմեռնեն՝ իրենց արյունով Նեռին մարելու համար»,— կարդում ենք Տերտուղիանոսի հայտնի գրվածքներից մեկում: Նմանատիպ արտահայտություններ հանդիպում են նաև Ծննդ. ԽԲ 13, ԽԲ 36 և Գ թագ. Ի 40 համարներում, և որպեսզի ավելի հասկանալի դառնա, որ տվյալ բառակապակցությունը սովորական մահվան մասին չէ, Յոթանասնից թարգմանությունն օգտագործում է «չգտնվեց» արտահայտությունը:
Հարկ է նշել, որ հաճախ էլ Ենովքի մասին այս պատմությունը որոշ ուսումնասիրողներ համարել են գեղարվեստական հորինվածք: Շատ կարևոր է շեշտել, որ Սուրբ Գիրքը բացահայտ կերպով չի նշում և չի էլ հաստատում, որ Ենովքը մահացել է: Նոր Կտակարանում էլ այս կերպարը պատկերվում է իբրև այնպիսի մեկը, որն իր ունեցած հավատի շնորհիվ փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի. «Հավատո՛վ Ենովքը փոխադրվեց երկինք, որպեսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնվեց, քանի որ Աստված նրան տարել էր։ Եվ նախքան իր տարվելը՝ նրան վկայություն էր տրվել, որ ինքը հաճելի էր Աստծուն» (Եբր. ԺԱ 5):
Եղիա և Եղիսե: Հետաքրքրական է, որ հինկտակարանյան բոլոր մարգարեներից Եղիան միակն է, որի մասին գրված է, որ համբարձվել է երկինք։ Ինչպես նշում է ժամանակակից ուսումնասիրողներից մեկը. «Նույնիսկ Մովսեսը՝ մինչ այժմ ամենամեծ մարգարեն, Տիրոջ խոսքի համաձայն՝ պետք է մահանար Մովաբի երկրում, և նրա գերեզմանը պիտի մնար անհայտ (Բ Օրենք ԼԴ։5—6)»։ Եղիայից բացի՝ Ենովքի մասին է միայն գրված, որ նա երկինք տարվեց Աստծո կողմից, և ոչ ոք նրան չգտավ (Ծննդ. Ե 21—24):
Աքաբին ու Հեզաբելին կռապաշտության պատճառով հակառակելուց և դատապարտելուց բացի՝ Եղիան հակադրվեց նրանց նաև իրենց ագահության ու գործած անարդարությունների պատճառով։ Երբ Աքաբն ու իր կինը սպանեցին հեզրայելացի Նաբոթին և խլեցին նրա այգին, Եղիան նրանց հայտնեց Աստծո դատաստանը (Գ Թագ. ԻԱ 20—24): Աքաբի որդի Օքոզիան, որը գահ բարձրացավ նրա մահից հետո, շարունակեց Բահաղին երկրպագելը՝ դարձյալ հանդիպելով Եղիայի հակառակությանը։ Ի վերջո, Աստված նրան պատժեց՝ նրա մահվան վճիռը հայտնելով հենց Եղիա մարգարեի միջոցով։ Դ Թագ. Բ գլխում արդեն իսկ խոսվում է Եղիայի՝ երկինք համբարձվելու և Եղիսեի՝ նրան հաջորդելու մասին: Այստեղ ներկայացված է Եղիայի կյանքի վերջին իրադարձությունը. «Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։ Եղիսեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը եւ նրա հեծյալը»։ Եւ այլևս չտեսավ նրան։ Եղիսեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։ Նա ձեռքն առավ Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա։ Եղիսեն վերադարձավ, գնաց կանգնեց Հորդանան գետի եզերքին, վերցրեց Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տե՛ր Աստված, ո՞ւր ես հիմա»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսեն անցավ» (Դ Թագ. Բ 11—14)։
Սուրբգրային բնագիրն ակնարկում է, որ Եղիայի՝ երկինք համբարձվելը ժամանակավոր բնույթ է կրում և վերջնական չէ, քանի որ պատումը ոչ մի հղում չի տալիս նրա մահվան վերաբերյալ, իսկ ուշ շրջանի հրեական ավանդության մեջ նա պիտի պատկերվի իբրև «հավերժական գործիչ», որը վերադառնալու է Տիրոջ մեծ և նշանավոր օրը (Մաղ. Դ 4—5)։ Եղիայի կերպարը պատկերվում է Իսրայելի մարգարեական ավանդությանը բնորոշ հատկանիշներով. նա իր խոսքով հրաշքներ է գործում, դատապարտում է թագավորներին Տիրոջ հանդեպ ցուցաբերած անհավատարմության ու զանցառությունների համար, հնազանդվում է Աստծո խոսքին և ժողովրդին ևս պատգամում հնազանդ լինել։ Կատարված հրաշքը նաև ցույց է տալիս, որ Աստծո զորությունն այժմ Եղիսեի վրա է, և նրա առաքելությունը պիտի լինի կրկնակի. կռապաշտությունից հետ պահել Իսրայելում Տիրոջը հավատարիմ մնացած մարդկանց և պատրաստել դատաստան անհավատների ու օրինազանցների համար։
Համոզումը, որ մարգարեներն Աստծու կողմից վերցվում և տարվում են տարբեր վայրեր, ծնունդ տվեց այն մեկնաբանությունը, որ Եղիան, ինչպես և այլ մարգարեներ, իրենց կյանքը շարունակել են մեկ այլ տեղում: Թեև հրեղեն կառքերն ու ձիերն այստեղ հիշատակվում են առաջին անգամ, դրանք, այդուհանդերձ, նորից կհանդիպեն մեզ արդեն Եղիսեի մասին պատմություններում: Կառքի խորհրդանիշը իսրայելացիների համար տարբեր կերպ կարող էր մեկնաբանվել: Իսրայելացիների՝ Քանանի տարածքում հաստատվելու ժամանակ քանանացիներն իրենց տրամադրության տակ ունեին մեծաթիվ կառքեր, ինչը զգալի առավելություն էր տալիս, և այս համատեքստում կառքերը Իսրայելի համար ճնշող ռազմական ուժի խորհրդանիշ են: Այս կառքերն ու երիվարները խորհրդանշում են Աստծո պաշտպանությունն Իր ժողովրդին, Տիրոջ հոգևոր ուժի ներկայությունը, որոնք Իսրայելի իրական անվտանգության միակ երաշխիքն են: Եղիայի ու Եղիսեի առնչությունը և նույնիսկ «ընկերակցությունը» կառքերի հետ նշանակում է հետևյալը. այս դեպքում արդեն դրանց գործառույթն օգտագործվելու է հրեա ազգի թշնամիների դեմ: Եղիայի կատարած շատ գործողություններ արտացոլում են Մովսեսի կյանքին վերաբերող նմանատիպ որոշ դրվագներ: Մովսեսի միջոցով Աստված փրկեց Իսրայելին եգիպտական ճնշումներից և դարձրեց Իր ժողովուրդը. Եղիայի միջոցով Աստված հեթանոսությունից ու կռապաշտությունից պահպանեց Իր ժողովրդի միջից Իրեն հավատարիմ եղողներին: Երկուսն էլ նշանակալի դեմքեր են մարգարեական պատմության մեջ. Մովսեսով սկսվեց Իսրայելի և Աստծո միջև եղող միջնորդների մի շարք, իսկ Եղիան այդ շարքում հանդես եկավ որպես հիմնական հերոս: Հետաքրքրական է, որ հինկտակարանյան մարգարեներից ոչ ոք այնքան հաճախ չի հիշատակվում Նոր Կտակարանում, որքան Եղիան: Մարգարեն շատ անգամ ներկայացվում է որպես Հիսուս Քրիստոսի կյանքի և գործունեության նախօրինակ կերպար։
Նոր Կտակարանում Եղիան հիշատակվում է տարբեր համատեքստերում։ Որոշ հատվածներում պարզապես խոսվում է նրա կատարած գործերի մասին, այդ թվում՝ Ղուկ. Թ 54, Հռոմ. ԺԱ 2—4, Հակ. Ե 17—18, որոշներում էլ ուղղակի կամ անուղղակի կերպով նկատելի են նրանց կատարած նույնօրինակ գործողությունները, օրինակ՝ Ղուկ. Դ 25—26 և կամ Ղուկ. Է 11—16 (հմմտ.՝ Գ Թագ. ԺԷ 10, 17—24): Այդուհանդերձ՝ Եղիայի հիմնական առանձնահատկությունը Նոր Կտակարանում նրա՝ իբրև մեսիային նախորդողի դերն է։ Համատես Ավետարաններում շատ հաճախ է փորձ արվում նմանեցնելու Հիսուսին Եղիայի հետ (Մարկ. Զ 14—15, Ը 27—28, Մատթ. ԺԶ 13—14, Ղուկ. Թ 7—8, 18—19), այնինչ Հիսուս Եղիային նույնացնում է Հովհաննես Մկրտչի հետ. «Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նույնպես եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարվելու է» (Մատթ. ԺԷ 12), ինչպես նաև՝ Մարկ. Թ 11—13, Մատթ. ԺԱ 13—14, Ղուկ Ա 17։ Շատ հանգամանքներ, ինչպես անապատային տարածքը, հասարակությունից մեկուսի ապրելը, առավելաբար՝ արտաքին նմանությունները, այս երկու կերպարներին կապում են իրար՝ բրդյա հագուստ, կաշվե գոտի (Դ Թագ. Ա 8, Մատթ. Գ 4): Հետաքրքրական է, սակայն, որ Հովհաննես Մկրտիչը ժխտում է իր՝ Եղիա լինելու հանգամանքը Հովհ. Ա 21-ում. «Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եվ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարե՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ»։
Եղիայի՝ երկինք վերանալու դրվագը Դ Թագ. գրքում (Բ գլուխ) և Հիսուսի համբարձման դրվագը «Գործք առաքելոց»-ում (Ա գլուխ) ունեն ակնհայտ զուգահեռներ: Հորդանան գետի ափ հասնելուն պես՝ Եղիան իր մորթե վերարկուն խփեց ջրերին և Եղիսեի հետ անցավ ցամաքած տեղով: Այնուհետև Եղիսեն խնդրեց, որ Եղիայի ոգին կրկնապատիկ իր վրա լինի, և Եղիայի՝ երկինք համբարձվելուց հետո պատռեց իր զգեստները, ապա վերցնելով նրա մորթե վերարկուն՝ դրանով խփեց ջրերին և անցավ գետի այն կողմը՝ դառնալով իր ուսուցչի արժանի հաջորդը: Ուսումնասիրողների կարծիքով՝ Ղուկաս ավետարանիչը «Գործք առաքելոց»-ում օգտագործել է այս թեման և նույնատիպ եզրաբանություն՝ ներկայացնելու համար Հիսուսի համբարձման պատմությունը։
Եղիայի՝ երկինք համբարձվելու մասին Դ Թագ. գրքի հեղինակը խոսում է առաջին համարում, սակայն բուն գործողությունը տեղի է ունենում տասնմեկերորդում։ Եղիայի համբարձվելը մատնանշում է նրա երկրային գործունեության ավարտը, ինչպես որ եղավ Հիսուսի պարագայում։ Հետաքրքրական է, որ շատերն առավել ուշադրություն են հրավիրում ոչ թե Եղիայի համբարձման դրվագի, այլ Եղիսեին մարգարեական ոգու կրկնապատիկ չափով փոխանցման վրա։ Նույն կերպ Հիսուս Իր առաքելությունը փոխանցում է աշակերտներին՝ ասելով. «Այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչև երկրի ծայրերը» (Գործք Ա 5)։
Եղիայի՝ հրե կառքով երկինք համբարձվելու պատմությունը հետագայում ավելի խորությամբ է զարգանում հրեական գրականության մեջ։ Քրիստոնյա հեղինակներից շատերն էլ հաճախ օգտագործում են Եղիայի և Եղիսեի պատմությունը՝ այն մեկնաբանելով որպես Հիսուսի համբարձման նախապատկեր և առաքյալների գործունեության սկզբնավորման նախօրինակ։
Եղիան Սիրաք ԽԸ 9—12-ում: Աստվածաշնչի երկրորդականոն գրքերի շարքում Սիրաքի Իմաստությունն առանձնանում է իր աստվածաբանական և բարոյախրատական յուրահատուկ գրվածքներով։ Հարկ է նշել, որ բացառությամբ հայերեն երկու ձեռագրի՝ Սիրաքի գրքի՝ հայերեն պահպանված մյուս ձեռագրերում ԽԴ—Ծ գլուխները պակասում են, իսկ հիշյալ երկուսում էլ դրանք կիսատ են:
Մեկնաբանելով Մաղ. Դ 4—5 համարները՝ հեղինակը կարծես հղում է տալիս Դ Թագ. Դ 11—12-ում ներկայացված պատմությանը: Եղիայի կատարած հրաշքների և «քաղաքական նվաճումների» պատմությունից հետո (ԽԸ 3—9) հեղինակն անցում է կատարում վերջին ժամանակներին, որոնք, ինչպես սպասվում էր, պետք է իրականացներ ինքը՝ Եղիան (ԽԸ 10): Սիրաքը նախորդիվ անդրադառնում է Հին Կտակարանի այն երկու կարևոր անձանց, որոնք համբարձվել են երկինք իրենց իսկ կենդանության օրոք՝ Ենովքը (ԽԴ 16) և Եղիան՝ արտահայտելով սպասումի զգացում՝ կապված Եղիա մարգարեի վերադարձի հետ: Եղիան երկինք տարվեց ոչ միայն իր արժանիքների, այլև երկրի վրա ժամանակների վախճանին հատուկ առաքելություն իրականացնելու համար: Համաձայն քրիստոնեական մտածողության՝ Եղիան և Ենովքը նախքան Տիրոջ գալուստը պետք է վերստին լինեն երկրի վրա. «Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օրեր՝ քուրձ հագած» (Հայտն. ԺԱ 3):
Սաղմոս ՃԹ: Հին Կտակարանի՝ համբարձմանը վերաբերող դրվագներում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ՃԹ սաղմոսը, քանի որ, տարբեր մեկնությունների համաձայն, այստեղ խոսքը մեծապես վերաբերում է Հիսուսի երկնային «գահակալությանը»: Այս սաղմոսի կարևորության և յուրահատկության մասին է վկայում այն հանգամանքը, որ Հիսուս Նոր Կտակարանի մեջ Իր խոսքում մեջբերում է սաղմոսի առաջին համարը. «Տերն Իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր Իմ աջ կողմում, մինչև որ Քո թշնամիներին դնեմ Քո ոտքերի տակ իբրև պատվանդան» (Մատթ. ԻԱ 41—46, Մարկ. ԺԲ 35—37, Ղուկ. Ի 41—44)։ «Թշնամիներին ոտքի համար պատվանդան դարձնել» արտահայտությունը մերձավորարևելյան հնագույն փոխաբերություն է, որ նշանակում է կատարյալ վերահսկողություն ունենալ հակառակորդի նկատմամբ: Հաղթանակած թագավորները շատ հաճախ էին իրենց ոտքերը դնում թշնամու պարանոցին՝ ի նշան հաղթության, որտեղից էլ գալիս է վերոնշյալ հայտնի փոխաբերությունը։
Հարկ է նշել, որ այս սաղմոսն ամենաշատ հիշատակվողն է ամբողջ Նոր Կտակարանում: Այն կոչվում է մեսիական, որովհետև վերաբերում է վերջին ժամանակներին՝ մասնավորաբար Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Սուրբգրային ուսումնասիրողները տարբեր վարկածներ են առաջ քաշում սաղմոսի թե՛ գրության ժամանակի, թե՛ հեղինակային պատկանալեության շուրջ։ Սաղմոսի նորկտակարանյան մեջբերումը և Հիսուսի կողմից դրա վերագրումը Դավթին հնարավորություն են տալիս փաստելու, որ այն պատկանում է վաղ շրջանին, մասնավորաբար վերաբերում է Դավիթ արքայի ժամանակաշրջանին (Ք. ա. մոտ 1010—970 թթ.)։ Ոմանք էլ այն վերագրում են Եղիազար Դամասկացուն (նշում են, թե նա այս ասել է Աբրահամի համար, երբ վերջինս հաղթանակ տարավ չորս թագավորների դեմ), ոմանք՝ Եզեկիա արքային, ոմանք էլ՝ Զորաբաբելին:
Ընդունված հիմնական տեսակետը, այդուհանդերձ, այն է, որ Դավիթն այստեղ դիմում է իր երկնավոր Տիրոջը՝ մեսիային։ «Խոսքն այստեղ այնպիսի թագավորի մասին է, որը Դավթի Տերն է, նստած է Աստծու աջ կողմում, ծնված է արուսյակից առաջ և քահանա է՝ ըստ կարգի Մելքիսեդեկի. և ո՞ւմ կարելի է վերագրել այս հատկանիշները, եթե ոչ Հիսուս Քրիստոսին»,— կարդում ենք Չամչյանցի՝ «Մեկնություն Սաղմոսաց» գրքում: Ոմանք էլ պնդում են, որ սա միակ մեսիական սաղմոսն է, որ ուղղակիորեն է վերաբերում Հիսուս Քրիստոսին, այլ ոչ տիպաբանորեն:
Սաղմոսը հավանաբար գրվել է Իսրայելի շահած որևէ ճակատամարտից հետո, երբ աստվածային պատգամը նախանշել էր տրվելիք հաղթանակի մասին, և որը կարող է համապատասխանել Դավիթ արքայի՝ Երուսաղեմի նվաճմանը: Հետագայում այն կարող էր օգտագործվել այլ թագավորների կողմից արքայական տոների՝ հավանաբար թագադրումների, ինչպես նաև տարբեր ճակատամարտերից առաջ իրականացվող նախապատրաստական գործողությունների ժամանակ. սաղմոսը կհիշեցներ նրանց հաղթանակի վերաբերյալ Տիրոջ տրած խոստումը։ Սաղմոսերգուն ստանում է հայտնություն, որ իր հետնորդը, որ նաև իր Տերն է, հնարավորություն կստանա Աստծուց՝ ազգերի վրա տիրապետություն հաստատելու և թագավորելու՝ ունենալով փառք ու պատիվ՝ որպես թագավորական քահանա:
Հին թագավորները՝ ներառյալ Իսրայելի արքաները, երբեմն իրենք էին քահանայական պարտականություններ կատարում, մի գործառույթ, որ Քրիստոս՝ իբրև Աստված և Մեսիա, նույնպես պիտի կատարի: Վաղ քրիստոնյաների համար սաղմոսը հետևյալ մեկնաբանությունն ուներ. հաստատվում է Քրիստոսի փառքը, և Եկեղեցին ապրում է Քրիստոսի զորությամբ ու առաջնորդությամբ: Մատթ. ԻԶ 64, Ղուկ. ԻԲ 69 և Մարկ. ԺԴ 62 համարներում Հիսուս հայտարարում է, որ Ինքը Մեսիան է, և որ Իրեն կտեսնեն Աստծո աջ կողմում՝ երկնքի ամպերի վրա: Աստծո աջ կողմում նստելը բարեհաճության և զորության նշան է: Դավիթը Սաղմ. ՃԹ-ում, Պողոս առաքյալը Հռոմ. Ը 34-ում և Եբր. ԺԲ 2—ում հայտարարում են, որ Հիսուս Մեսիան է, Հիսուս Աստծո Որդին է, Հիսուս Աստված է: Համբարձված Հիսուս այլևս երկրի վրա չէ. նա մնալու է երկնքում մինչև Իր երկրորդ գալուստը։
Ըստ այսմ՝ կարող ենք ասել, որ համբարձման վերաբերյալ հրեական ավանդություններն ունեն ընդհանուր տարրեր, ինչպիսիք են ուսուցման շրջանը և վերջին զրույցը՝ նախքան երկինք համբարձվելը: Երկինք վերանալը սովորաբար դիտարկվում է վախճանաբանական համատեքստում, իսկ երկինք համբարձվածների մահվան մասին հստակ վկայություններ չկան:
Ենովքի և Եղիայի մասին աստվածաշնչյան պատմությունները հետագայում հիմք պիտի դառնային հրեական վախճանաբանական համատեքստ պարունակող այլ գրվածքների ստեղծման համար, որոնք ևս պիտի բովանդակեին համբարձման հետ կապված հետաքրքրական պատմություններ:
Մայիս սրկ. ՂԱԶԱՐՅԱՆ
Գեղամ ՂԱԶԱՐՅԱՆ