Լինելության ուխտը

Լինելության ուխտը 23.10.2026

Հայոց ոգու սխրանքը Հայրենական պատերազմում և Արցախյան գոյապայքարում

Ընտրության մետաֆիզիկան որպես գոյության առանցք

Մարդկության պատմությունը միայն իրադարձությունների հաջորդականություն չէ, այն նաև ընտրությունների պատմություն է։ Սակայն կան ազգեր, որոնց ընտրությունները հակաասում են բանական հաշվարկների, քաղաքական շահերի կամ կենսաբանական ինքնապահպանման տրամաբանությանը։ Այդպիսի ազգերի գոյությունը բացատրվում է ոչ թե արտաքին գործոններով, այլ մետաֆիզիկական ներքին ծածկագրերով։ Այդպիսի ազգերը չեն հարատևում հասարակագիտական կամ պատմական սովորական կաղապարներով։ Հայ ժողովուրդը հենց այդպիսի գոյաբանական առեղծված է, բացառիկ մի երևույթ։

«Լինել-չլինել»-ը մեզ համար երբեք չի եղել շեքսպիրյան երկսայրաբանություն (դիլեմա)՝ կախված հանգամանքներից։ Այն եղել է ու մնում է ուխտ։ Ոչ թե հարց, այլ պատասխան։ Ոչ թե տատանում, այլ վճիռ։

Այդ ընտրությունն իր զտարյուն աստվածաբանական արտահայտությունն ունի Ավետման խորհրդի մեջ։ Երբ Աստվածամայրը լսեց հրեշտակի խոսքը, նա կանգնած էր ոչ միայն օրհնության, այլև ցավի, ոչ միայն փառքի, այլև խաչի առջև։ Նրա «այո»-ն չէր բխում անտեղյակությունից, այլ գիտակցված ընդունումից։ Նա գիտեր, որ այդ «այո»-ն իրեն տանելու է դեպի Գողգոթա, դեպի սիրտը խոցող սուր, բայց նա ընտրեց լույսը, քանի որ հավատում էր փրկությանը։
Հայ ժողովրդի պատմական «այո»-ն նույն բնույթի է՝ գիտակցված տառապանքով դեպի փրկության ճանապարհ։ Այդ հավաքական «այո»-ն գործող սխրանք էր, որ վեր է կենսաբանական գոյության բնազդներից։

Ժամանակի սրբագործում. հաղթանակի ներքին իմաստ

Հայոց պատմության մեջ ժամանակը երբեք չեզոք հարթություն չէ. այն մշտապես լցված է խորհրդով։ Մայիսի 9-ը դրա ամենավառ օրինակն է։ Ժամանակի սրբագործումը հայոց գիտակցության մեջ նշանակում է պատմական իրադարձությունը տեղափոխել հավերժության հարթություն։ Ժամանակը մեզ համար սոսկ վայրկյանների հաջորդականություն չէ, այլ մի «բարենպաստ» շրջան, երբ մարդկային ջանքը հանդիպում է աստվածային տնօրինությանը։ Մայիսի 9-ը հենց այդպիսի սրբագործված հանգրվան է հայոց համար, որտեղ միահյուսվում են սերունդների հաղթանակները՝ վերածվելով մեկ միասնական Ոգու հաղթության։ Դա հիշեցնում է աստվածաշնչյան խոսքը. «Ամեն ինչ իր ժամանակն ունի երկնքի տակ» (Ժող. Գ 1), և հայ ժողովուրդը կարողացավ այդ ժամանակը լցնել ազատագրության և արդարության բովանդակությամբ։

Շուշիի ազատագրումը մայիսի 9-ին ոչ միայն ռազմավարական նվաճում էր, այլև պատմական արդարության սրբագրում։ Այնտեղ, որտեղ տասնամյակներ շարունակ տիրում էին անարդարությունն ու բռնազավթումը, վերահնչեցին Աստծո խոսքը և հայոց աղոթքը։ Սա նման է Երիքովի պարիսպների փլուզմանը (Հեսու Զ 20), երբ հաղթանակը ձեռք բերվեց ոչ միայն զենքի ուժով, այլև հավատքի և միասնական կամքի պայթյունով։ Մայիսի 9-ը դարձավ այն կետը, որտեղ հայը սրբագործեց ժամանակը՝ ապացուցելով, որ կորուսյալը կարող է վերադարձվել, եթե այն պահված է ազգային ուխտի և հիշողության մեջ։ Սա այդ հաղթանակի ներքին խորհուրդն է, երբ վերականգնվեց հայ ժողովրդի կապը իր սրբազան և աստվածատուր տարածության հետ։ Մենք հասկացանք, որ «Տերը չի լքի Իր ժողովրդին և Իր ժառանգությունը երեսից չի ձգի» (Սաղմ. ՂԳ 14)։

Մայիսի 9-ը մեզ սովորեցրեց նաև, որ հաղթանակը ոչ թե վերջնակետ է, այլ պատասխանատվություն՝ պահպանելու և շարունակելու սրբագործված ժամանակի ընթացքը։ Ժամանակի սրբագործումը Հայոց պատմության մեջ հաղթանակը դարձնում է ներքին վիճակ։ Մայիսի 9-ը մեզ համար դարձավ այն հոգևոր հենակետը, որը վկայում է՝ պատմությունը գրվում է նրանց ձեռքով, ովքեր գիտեն ժամանակի մեջ զգալ հավերժության շունչը։ Հաղթանակի ներքին իմաստը հենց սա է՝ դառնալ ժամանակի տերը՝ խարսխվելով այն հավատի վրա, որ արդարությունը վերջնականապես կհաղթանակի, քանի որ «Ճշմարտությունը երկրից բուսնեց, և արդարությունը երկնքից նայեց» (Սաղմ. ՁԴ 12)։

Մենք դադարեցինք լինել պատմության օբյեկտ, որի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, և դարձանք սուբյեկտ, որը կերտում է հաղթանակը։ Սա այն սուրբ հպարտությունն էր, որը բխում էր ոչ թե ամբարտավանությունից, այլ այն գիտակցումից, որ «Աստված մեզ տվեց ոչ թե վախկոտության հոգի, այլ զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմոթ. Ա 7)։ Պատերազմի բովում հայը վերագտավ իր արքայական և քահանայական կոչումը՝ դառնալով չարիքի դեմ մարտնչող լույսի զինվոր։ Մենք վերադարձանք մեր ուխտին՝ որպես մի ազգ, որը գիտի հաղթել, քանզի իր կողքին ունի «Զորությունների Տիրոջը», Որ երբեք չի լքում իրեն հավատարիմ մնացածներին։
Շուշին միաժամանակ մեզ սովորեցնում է, որ հաղթանակը ոչ միայն ունենալն է, այլև լինելը, և այսօր էլ Շուշիի բացակայությամբ մենք պահում և պահպանում ենք կամքը լինելու և ապագա ընթացքի, որ նախանշում է՝ անկումը սկիզբն է ավելի փառավոր հարության։

Պատերազմի մեջ վերագտած հաղթողի ինքնություն

Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս հայության համար մի նոր փորձություն էր՝ ապացուցելու, որ ցեղասպանված ժողովուրդը չի կորցրել իր մարտունակությունը։ Հայը դարձյալ ցույց տվեց, որ զոհ լինելը իր վերջնական ինքնությունը չէ. ինքը կարող է լինել նաև որոշող ուժ։
Պատերազմի մեջ վերագտած ինքնությունը դարձավ Հայոց պատմության այն շրջադարձը, որտեղ հայ ազգը թողեց զոհի ու սգի պատմուճանը և հագավ զինվորականի ու հաղթողի զրահը։ Ինչպես աստվածաշնչյան Հեսու Նավեն, որ ստանձնեց առաջնորդությունը Մովսեսից հետո՝ անապատի սերնդին վերածելով պատերազմող և հաղթող բանակի, այնպես էլ հայ զինվորականները 20-րդ դարի պատմության թատերաբեմում դարձան մեր ազգային կամքի նոր դիմագիծը։
Հայ զինվորականների սխրանքը Երկրորդ համաշխարհային պատերազմում ոչ միայն ռազմական ծառայություն էր օտար դրոշների ներքո, այլև ներքին վերականգնում։ Յուրաքանչյուր հայ զինվոր, որ կռվում էր Թամանի թերակղզում կամ Բեռլինի մատույցներում, իրականում կռվում էր Դեր Զորի պարտության դեմ՝ ապացուցելով, որ իր բազկի մեջ դեռ բաբախում է Հայկ Նահապետի և Վարդան Մամիկոնյանի ուժը։ Սա հիշեցնում է Եզեկիել մարգարեի տեսիլքը չորացած ոսկորների մասին, որոնք Աստծո շնչով կենդանացան և դարձան «մի չափազանց մեծ բազմություն» (Եզեկ. ԼԷ 10)։ Ցեղասպանված և «չորացած» ազգը փոխակերպվեց համաշխարհային չարիքը սանձող հզոր ուժի։

Շուշի՝ հաղթանակի խորհրդի վերածնունդ

1992 թ. Շուշիի ազատագրումը աստվածային խորհրդի վերակենդանացում էր։ Երկրաշարժ, շրջափակում, նյութական աղքատություն, պատերազմ, բայց ժողովուրդը գործեց անհավանական սխրանք։ Սա նույն օրինաչափությունն է, երբ արտաքին իրականությունն ասում է՝ Անկարելի է, կամ՝ Չի կարելի, հայն ասում է՝ Կարելի է, կամ՝ Պետք է։ Շուշին ոչ միայն բերդաքաղաք է, այլև գաղափար, որ հաղթանակը նախ ծնվում է ներսում, հետո միայն՝ դրսում։

Առհասարակ Հայոց պատմությունը կարելի է հասկանալ միայն քրիստոնեական խորհրդաբանությամբ՝ խաչելություն—լռություն—հարություն։ Սա գոյության նախախնամություն է։ Շուշիի ազատագրումը հայոց հարության ապացույցներից է նորագույն ժամանակի պատմության մեջ։ Դա այն պահն էր, երբ անհնարինը դարձավ իրականություն, քանի որ հայը հավատաց ավելի շատ իր ներքին աստվածատուր ուժին, քան արտաքին սպառնալիքներին։

Հայոց պատմության այս սուրբ ընթացքը՝ խաչելություն, լռություն և հարություն, մեր գոյության հոգևոր կմախքն է։

• Խաչելությունը մեր բազմաթիվ կորուստներն ու տառապանքներն են, որոնք մենք կրում ենք որպես ազգային Պատարագ։

• Լռությունը այն «անապատի» ու սպասման շրջաններն են, երբ թվում է, թե Աստված լռում է, բայց իրականում այդ լռության մեջ կոփվում է նոր ծիլը։

• Հարությունը Սարդարապատն է, Բաշ-Ապարանն է, Շուշին է, մեր լեզուն ու Եկեղեցին են, որոնք միշտ հառնում են՝ գերեզմանի քարը դեն նետելով։

Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մենք ամեն կողմից ճնշված ենք, բայց ընկճված չենք. տարակուսած ենք, բայց հուսահատ չենք. հալածված ենք, բայց լքված չենք. տապալված ենք, բայց կորսված չենք» (Բ Կորնթ. Դ 8—9)։

Լույսը խավարի մեջ. գոյաբանական դիմադրություն

«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5)։ Այս խոսքը կարելի է դիտարկել որպես հայ ժողովրդի գոյաբանական բանաձև։ Խավարը միշտ եղել է՝ պատերազմներ, ցեղասպանություն, կորուստներ, բայց լույսը չի անհետացել։ Ինչո՞ւ, որովհետև այն արտաքին աղբյուրից չէ, այն ներսում է։ Հայոց ոգին չի սնվում հանգամանքներից. ինքն է ստեղծում իր լույսը։

Լույսի և խավարի դիալեկտիկան Հայոց պատմության մեջ դուրս է գալիս պարզ հակադրության շրջանակներից։ Եթե խավարը պատմական հանգամանքների, աշխարհաքաղաքական բախումների և մարդկային չարիքի խտացումն է, ապա լույսը մեր մեջ եղած աստվածային պատկերն է, որն անհնար է ջնջել նյութապես ոչնչացմամբ։ Սա այն սուրբ կայծն է, որ հայը պահել է իր հոգու խորքում՝ որպես անշեջ կանթեղ։

Հայոց ոգու այս ինքնաբավ լույսը հիշեցնում է Մովսեսի տեսած «Անկեզ մորենին» (Ելք Գ 2)։ Այն վառվում էր, բայց չէր սպառվում։ Հայ ժողովուրդը պատմության կրակների մեջ վառվեց դարեր շարունակ, բայց այդ կրակը նրան ոչ թե մոխրացրեց, այլ կոփեց ու լուսավորեց։ Մեր լույսը սնվում է ոչ թե աշխարհիկ հաջողություններից, այլ այն գիտակցումից, որ մենք «Լույսի որդիներ ենք և ցերեկվա որդիներ» (Ա Թեսաղ. Ե 5)։ Այս ներքին աղբյուրն է պատճառը, որ անգամ ամենամռայլ զնդաններում հայը գրել է մատյաններ, կերտել է խաչքարեր և աղոթել՝ հաստատելով, որ իրական ազատությունը ներքին վիճակ է։

Այս գոյաբանական դիմադրությունը նշանակում է լինել «աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14) այնտեղ, որտեղ տիրում են անտարբերությունն ու դաժանությունը։ Հայը ցույց տվեց, որ լույս ստեղծել նշանակում է սիրել, երբ քեզ ատում են, նորից կառուցել, երբ կառուցածդ քանդում են, և հուսալ, երբ ամեն ինչ մղում է հուսահատության։ Սա է մեր ուխտի գերագույն իմաստը։ Այս ողջ ճանապարհը՝ ցեղասպանությունից մինչև Սարդարապատ և Շուշի, մեկ միասնական կտավի բազմաշերտ պատկերներն են։ Հայոց պատմությունը ոչ միայն պարտությունների և հաղթանակների շարք է, այլև ոգու հարության և հայտնության։

Մեր բանաձևը պարզ է և միևնույն ժամանակ տիեզերական. մենք կանք, որովհետև որոշել ենք ԼԻՆԵԼ։ Մենք կանք, որովհետև մեր մեջ եղած լույսը աստվածային ծագում ունի, իսկ խավարը երբեք չի կարող հաղթել Արարչի կամքին։ «Քաջալերվեցե՛ք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33)։ Այս խոսքը մեր պատմության վերջակետն է և նոր սկիզբը։ Հայոց ուխտը շարունակվում է, քանի դեռ կա այդ ներքին լույսը, որը պատմության խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չի նվաճել ու երբեք չի նվաճելու։

Սերմը, որ չի ենթարկվում մահվան օրենքին, կամ՝ մեր ոգին հարության ժառանգակիրն է

Հայ ժողովրդի պատմությունը չի կարող ավարտվել, որովհետև այն կառուցված է այնպիսի սկզբունքի վրա, որը գերազանցում է ժամանակը։ Մենք սովորական ժողովուրդ չենք՝ պատմության տրամաբանությամբ, մենք սերմ ենք, սերմ, որը կարելի է թաղել, բայց անկարելի է ոչնչացնել, սերմ, որը մթության մեջ չի կորցնում ծլարձակման ունակությունը, սերմ, որը սպասում է իր ժամանակին՝ ծիլ տալու համար։ Եվ ամեն անգամ, երբ թվում է, թե վերջն է, սկսվում է նոր փուլ։

Հայոց պատմությունը ոչ միայն իրադարձությունների հաջորդականություն է, այլև կամքի շարունակական արարում: Եթե աշխարհի տրամաբանությունը գործում է նյութական ուժով և հանգամանքներով, ապա հայոց գոյությունը կռված է մի անկոտրում որոշումով, որը չի ենթարկվում երկրային օրենքներին։

Մեր ուխտ սա է՝ լինե՛լ։ Լինել՝ անկախ ամեն ինչից, նշանակում է լինել Աստծո կամքի վկան երկրի վրա։ Քանի դեռ այդ ուխտը կենդանի է մեր սրտերում, հայը չի դառնալու պարզապես հնագիտական հիշողություն կամ անցյալի մասունք։ Այլ՝ կենդանի շարունակություն, որովհետև «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ կենդանիների» (Մատթ. ԻԲ 32)։ Այդ որոշումը ձևակերպվել է Աստվածամոր «այո»-ի խոնարհության մեջ, կոփվել է պատմության անապատներում և պոռթկացել Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Շուշիի հաղթանակներով։ Մեր ոգին հարության ժառանգակիրն է. որքան թանձր է խավարը, այնքան պայծառ է դառնում մեր ներքին լույսը, և որքան խորն են մեզ թաղում հողի մեջ, այնքան ավելի զորեղ է լինում մեր ծլարձակումը։

Մեր պատգամը աշխարհին և ապագային սա է. հայ լինելը զոհի կարգավիճակ չէ, այլ պատասխանատվություն: Դա որոշում է՝ մնալու ուխտի մեջ, երբ ամեն ինչ դրդում է նահանջի։ Դա որոշում է՝ կառուցելու, երբ շուրջն ավեր է, հավատալու, երբ տիրում է թերահավատությունը։

Մենք պարտվում ենք միայն այն ժամանակ, երբ դադարում ենք որոշել։ Բայց քանի դեռ հայը ճանաչում է իրեն որպես պատմության մեջ ներխուժող ոգու, նա մնում է անպարտելի։ Մեր ուխտը հավերժական է, քանզի այն կապված է Արարչի հետ, իսկ մեր ընթացքը՝ անկասելի, քանի որ մենք ընտրել ենք ԼԻՆԵԼԸ՝ հակառակ մահվան և հանուն Ճշմարտության։

«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5)։ Սա է հայոց ինքնությունը՝ սերմը, ուխտը և հարությունը:
Շարունակելի

Հովհաննես սրկ. ԷՎԻՆՅԱՆ
Դիանա ՔՈՉԱՐՅԱՆ