Ս. Էջմիածինը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
23.10.2026
Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Հայ Եկեղեցին չուներ Գերագույն հովիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս, որի պարտականությունները Խորեն Ա Մուրադբեկյանի զոհվելուց հետո՝ 1938 թ. ապրիլից, ստանձնեց Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը:
Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին ԽՍՀՄ-ի իշխանությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնին թույլատրեցին գումարել Ազգային-եկեղեցական ժողով և ընտրել Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սակայն 1941 թ. ապրիլի 10—13-ը գումարված Ազգային-եկեղեցական ժողովը, սակավամարդ լինելու պատճառով, միայն կարողացավ ընտրել կաթողիկոսական ազգընտիր տեղապահ՝ ի դեմս Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի:
1941 թ. հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Արդեն իսկ 1941 թ. հուլիսի 5-ին Հայ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարի կոչով դիմեց աշխարհի հայ հավատացյալներին:
1941 թ. հուլիսի 30-ին հայ ժողովրդին ուղղած իր երկրորդ կոչով Հայ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում բոլոր միջոցներով աջակցել Խորհրդային Միությանը:
Պատերազմի սկսվելուն պես փակվեցին մի շարք հակակրոնական թերթեր և ամսագրեր։ 1941 թ., որպես անվստահելի անձ, ձերբակալվեց և աքսորվեց Աստրախանի հայ քահանա Սարգիս Ասլանյանը։ 1941 թ. հոկտեմբերի 8-ին ձերբակալվեց Քարվանսարայի (Իջևանի) ծխատեր հովիվը՝ Մեսրոպ քահանա Էդիլյանը, սակայն նկատի ունենալով նրա զառամյալ հասակը՝ Տեր Մեսրոպ քահանային 1942 թ. ազատեցին կալանքից:
1943 թ. մարտից Մայր Աթոռի նախաձեռնությամբ սկսվեց դրամահավաք՝ «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուներն ստեղծելու համար:
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործին ջանադիր մասնակցեցին ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի, Կիպրոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Եթովպիայի և այլ երկրների հայ համայնքները:
Մայր Աթոռի իրավունքների վերականգնումն սկսվեց 1944 թվականից: Հունվարից վերահրատարակվեց «Էջմիածին» ամսագիրը:
1944 թ. փետրվարի 25-ին հանդիսավոր պայմաններում խորհրդային տանկային զորամասին հանձնվեց 21 տանկից բաղկացած «Սասունցի Դավիթ» տանկային առաջին շարասյունը, իսկ նույն թվականի վերջին՝ նաև երկրորդ շարասյունը, որը բաղկացած էր 22 տանկից:
1944 թ. հունիսին ազգընտիր տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն ստացավ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի. Ստալինի հեռագիրը, որում ասված էր. «Խնդրում եմ հաղորդել արտասահմանի հավատացյալ հայերին, որոնք դրամական միջոցներ են ներմուծել «Սասունցի Դավիթ» տանկային երկրորդ շարասյան կառուցման համար, իմ ողջույնը և Կարմիր բանակի շնորհակալությունը»:
1945 թ. ապրիլի սկզբին Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը կանչվեց Մոսկվա՝ Ի. Ստալինի մոտ: Մինչ այդ նա ապրիլի 5-ին Մոսկվայում նախապատրաստեց մի զեկուցագիր՝ Մայր Աթոռը վերականգնելու համար, որը պետք է տրվեր Ստալինին:
Դրա կետերն էին.
1. Վերականգնել Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը՝ ուսուցման վեցամյա ժամկետով։
2. Սուրբ Էջմիածնին վերադարձնել նախկին հոգևոր ճեմարանի գրադարանը, որն այնքան անհրաժեշտ է նոր բացվելիք հոգևոր ճեմարանին (ներկայումս այդ գրադարանը գտնվում է Մատենադարանում):
3. Թույլ տալ Ս. Էջմիածնին ունենալ իր տպարանը՝ հոգևոր ճեմարանի դասագրքերը, եկեղեցական գրքերը, կաթողիկոսի կոնդակները, «Էջմիածին» ամսագիրը և եկեղեցական օրացույցը տպագրելու համար:
4. Թույլ տալ «Էջմիածին» ամսագրի հատուկ բաժնում տպագրել գիտահետազոտական հոդվածներ հայագիտության բնագավառից, որովհետև առանց դրա՝ ամսագիրն արտասահմանում հաջողություն չի ունենա և չի կարող իրագործել իր հիմնական դերը, այն է՝ ամրապնդել արտասահմանյան հայերի կապը Խորհրդային Հայաստանի հետ:
5. Որոշել Ս. Էջմիածնի վանքի սահմանները՝ տալով նրան իսկական վանքի կերպարանք։ Ներկայումս վանքապատկան շենքերն զբաղեցնում են զորամասերը և խորհրդային-կուսակցական հիմնարկությունների աշխատողները:
6. Ս. Էջմիածնին վերադարձնել Հռիփսիմե, Գայանե և Խոր վիրապ վանքերը։
7. Ս. Էջմիածնին թույլ տալ նորից կառուցել «Զվարթնոց» տաճարը՝ ըստ ճարտարապետ Թորոս Թորամանյանի նախագծի:
8. Թույլ տալ կաթողիկոսի միջնորդությամբ, անհրաժեշտության դեպքում, Խորհրդային Հայաստան (Ս. Էջմիածին) ժամանել արտասահմանի հոգևորականների՝ եպիսկոպոս ձեռնադրելու համար, ինչպես նաև եկեղեցական գործերով արտասահման մեկնել Ս. Էջմիածնի նշանակած թեմակալներին և Ս. Էջմիածնի պատգամավորներին:
9. Թույլ տալ Ս. Էջմիածնին առաջիկա մեռոնօրհնության կապակցությամբ 1946 թվականին արտասահմանից եպիսկոպոսների և թեմակալների հրավիրել և վերջիններիս միջոցով՝ որպես ուխտավորների, կազմակերպել հայ անվանի հարուստների ժամանումը՝ նպատակ ունենալով նրանցից ստանալու դրամական խոշոր միջոցներ՝ Ս. Էջմիածնի և Խորհրդային Հայաստանի շինարարական կարիքների համար:
10. Թույլ տալ Պետբանկի երևանյան բաժանմունքում բացել Ս. Էջմիածնի օտարերկրյա արժութային հստակ հաշիվ և այստեղ կենտրոնացնել Ս. Էջմիածնի անունով արտասահմանյան թեմերից ստացվող դրամական միջոցները:
11. Թույլ տալ Գերագույն պատրիարքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վանքի և Վեհափառի կարիքների համար արտասահմանից ստանալ ավտոմեքենաներ, գրամեքենաներ, թուղթ և այլն, ինչպես նաև ծանրոցներ՝ Էջմիածնի միաբանության կարիքների համար:
1945 թ. ապրիլի 19-ին Կրեմլում տեղի ունեցավ հանդիպում Ի. Ստալինի և Հայ Եկեղեցու կաթողիկոսական ազգընտիր տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի միջև: Ստալինը բարձր գնահատեց ազգընտիր տեղապահի հայրենասիրական գործունեությունը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Խորհրդային պետության ղեկավարը համաձայնեց բավարարել Գևորգ սրբազանի դիմումում ներկայացված բոլոր կետերը՝ բացի էջմիածնապատկան կալվածքների հարցից, քանի որ նշված նախկին վանքապատկան հողատարածությունները գտնվում էին կոլտնտեսության տրամադրության տակ:
Հանդիպման ժամանակ խոսք բացվեց հայ ժողովրդի կարիքների, ինչպես նաև նրա արևմտահայոց տարածքների և դրա հետ միասին՝ Խորհրդային Հայաստան սփյուռքահայերի հայրենադարձության մասին. փաստորեն օրակարգի հարց էր դառնում Հայ դատը:
1945 թ. մայիսին ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը: Մայիսի 10-ին այդ առթիվ Հայաստանի եկեղեցիներում Պատարագ մատուցվեց:
Արևմտահայոց տարածքների հարցը Ի. Ստալինը բարձրացրել էր 1945 թ. հուլիսի 17-ից օգոստոսի 2-ին տեղի ունեցած Բեռլինի (Պոտսդամի) վեհաժողովում:
1945 թ. մարտի 15-ին ԽՍՀՄ-ի կառավարությունը չեղյալ հայտարարեց «Բարեկամության և չեզոքության» խորհրդա-թուրքական պայմանագիրը, որը կնքվել էր 1925 թ., և Ստալինի կենդանության ժամանակ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև խաղաղության նոր պայմանագիր այդպես էլ չկնքվեց:
Հայ դատի մասին տեղեկացվեցին Սփյուռքի հայերը, որոնք Հայ դատի դրական լուծման պահանջներով հարյուրավոր նամակներ էին հղում Վեհափառ Հայրապետին:
1945 թ. հունիսի 16—17-ին Ս. Էջմիածնում անցկացվեց Ազգային-եկեղեցական ժողով, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, որը խորհրդային իշխանությունների կողմից ստացավ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ:
1945 թ. հոկտեմբերի 25-ին Գևորգ Զ-ն կոնդակով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու պահանջով:
Հայերի հայրենադարձությունը 1946 թ. կեսին ստացավ կազմակերպված բնույթ: Անդրկովկասի տարբեր քաղաքներում ստեղծվեցին սփյուռքահայերի ընդունման և տեղաբաշխման կետեր: Սփյուռքահայերը գալիս էին, տեղավորվում Թուրքիայի սահմանին մոտ գտնվող քաղաքներում և գյուղերում, որպեսզի Հայ դատի խնդրի լուծումից հետո տեղափոխվեն Արևմտյան Հայաստան:
1947 թ. ապրիլի 20-ին Գևորգ Զ-ն հրապարակեց «Հայկական հարցի լուծման» ընդարձակ մի կոնդակ, որում պաշտպանում էր Հայ դատը՝ անվանելով այն արդարացի:
Հայաստան ներգաղթողների մեջ էին նաև Սփյուռքից եկած հոգևորականներ, որոնք բացեիբաց իրենց դժգոհությունն էին հայտնում Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից, խոսքի ազատության բացակայությունից, պետության կողմից շարունակվող հակակրոնական պայքարից, ինչպես նաև ներգաղթած հայերի սոցիալական ծանր վիճակից:
Շուտով խորհրդային իշխանությունները ներգաղթած հոգևորականներից մի քանիսին ձերբակալեցին և աքսորեցին Ռուսաստանի հեռավոր վայրեր: 1945 թ. ձերբակալվեց և տասը տարով աքսորվեց Հարություն քահանա Մադոյանը, 1948 թ. ձերբակալվեցին Պարսկաստանից ներգաղթած Վարդան քահանա Տեր-Վարդանյանը, ինչպես նաև Քերոբ քահանա Շահբազյանը, Կարապետ քահանա Շահբազյանը, Խաչատուր քահանա Խաչատրյանը, Խաչիկ քահանա Կիրակոսյանը, Թովմաս քահանա Տերտերյանը և ուրիշներ:
1948 թ. Գևորգ Զ Չորեքչյանը դիմում հղեց ԽՍՀՄ-ի Մինիստրների խորհրդին կից կրոնական պաշտամունքների գործերի խորհրդի նախագահ Ի. Պոլյանսկուն՝ խնդրելով օժանդակություն ցուցաբերել հետևյալ հարցերում. 1. Էջմիածնի Մայր տաճարի արմատական վերակառուցման և վերականգնման գործում, 2. Էջմիածնին վերադարձնել նրան պատկանող շինությունները, 3. թույլատրել նոր եկեղեցիներ կառուցել, 4. լուծել կաթողիկոսի տեղակալի նշանակման հարցը մինչև 1949 թ. աշուն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանքերը, եկեղեցիներն ու շենքերը շարունակում էին մնալ խորհրդային իշխանությունների, խորհրդային բանակի զորամասերի և սահմանապահների տրամադրության տակ: Կաթողիկոսի բոլոր դիմումները մնացին անպատասխան:
Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆ, պ. գ. դ.