Խրիմյան Հայրիկ և Րաֆֆի՝ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրաները

Խրիմյանի Հայրիկի և Րաֆֆու կյանքն անմնացորդ նվիրում եղավ իրենց տարաբախտ հայրենիքին: Ազգային-ազատագրական պայքարի այս երկու նվիրյալ ջահակիրները վավերագրեցին իրենց հոգին ու միտքը մշտապես համակած մտորումները հարազատ ժողովրդի բարօրության ապահովման համար:

Համազգային իղձերի և պայքարի ազդարար ու խոսնակ լինելուց առաջ՝ ազգանվեր հերոս է Րաֆֆին: Նրա գործերը ջերմ հայրենասիրություն ու ազատաբաղձություն են ճառագում. դրանք ոչ միայն ազգային-ազատագրական ոգորումների գեղարվեստական վավերագրություն են, այլև հոգևոր արժեքներով սերունդ վերադաստիարակող և նոր՝ ազատ ու ինքնիշխան հայրենիք տանող լուսավոր ճանապարհ: Րաֆֆին իր գաղափարներով ու կենսափիլիսոփայությամբ հավաստեց, որ արդար, ճշմարիտ, անկեղծ և իսկական հայրենասիրությունն անմահ է:

Ազգի ցավերով տանջվող գործիչները ծնվում են ճիշտ ժամանակին, հենց ժամանակն էլ նրանց դարձնում է ազգային կյանքի առաջնորդ: Նրանք ծնվում են, որ կյանքի կոչեն ազգի դարավոր իղձերը, դառնան իրենց հերոսածին ազգի նոր, բարօր կյանքի ճարտարապետը: Եվ նրանց նվիրական անունները մշտապես հիշվում են, նրանց գաղափարները մայրական կաթի հետ ներարկվում են նորածին մանուկներին, դառնում մշտագո, անժամանցելի արժեքներ:

Րաֆֆին՝ որպես խորապես ազգային գրող, իր գործը կատարեց փառահեղ. նա գտավ, համազգային լավագույն հատկանիշներով ու բնավորության գծերով օժտեց և վերակերտեց պետական, ռազմական, հասարակական, եկեղեցական, մշակութային, միաժամանակ նաև իսկապես ինքնատիպ, օրինակելի հայրենասեր նոր հերոսների ու հերոսուհիների: Նա Սամվելի, Աշխենի, Համազասպուհու, Արշակի, Փառանձեմի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Մուշեղ Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Ստեփանոսի, Թորոսի, Վարդանի, Լալայի, Ֆարհատի, Կարոյի, Ասլանի ու ժողովրդի ծոցից ելած մյուս հերոս-հերոսուհիների հետ մտավ իր հարազատ ժողովրդի սրտի ու գիտակցության մեջ, դարձավ ճշմարիտ ու անմնացորդ սիրով Հայաստանին նվիրված հայորդիների հոգևոր ուսուցիչն ու դաստիարակը: Իսկ լավ ուսուցչի ամենազորեղ գործիքը հենց անձնական օրինակն է: Ուստի Րաֆֆին դառնում է հայ ազգային-ազատագրական շարժումների ոչ միայն տեսաբան-դրոշակակիրը, այլև անմիջական մասնակիցը: Նա իր պատմավեպերով հայրենասիրական պոռթկում էր արթնացնում ազատատենչ հոգիներում, զինված պայքարի կոչում երիտասարդ սերնդին՝ վերջնանպատակ ունենալով ազատ ու անկախ, միասնական Հայաստանի վերակերտումը և տիրող անարդար կարգերի խորտակումը: Րաֆֆին զենքն ուղղում է ոչ միայն օտարազգի բռնակալների ու շահագործողների, այլև ազգակից հարստահարիչների՝ արյունածուծ տզրուկների դեմ: Այս դիտանկյունից նրա ազատասիրական կոչը համամարդկային մարտակոչ է դառնում: Հենց դա է ճշմարիտ մշակութային գործչի, ազգասեր ու մարդասեր գրողի իսկական կոչումը: Բռնակալն ամենուր և միշտ նույն անունն ունի, ամենուր և միշտ նույն գործն է անում՝ կեղեքում, ճնշում, սուտ խոստում ու կեղծ երդում է տալիս, թալանում, զրկում, ոտնատակ տալիս ամեն սրբություն, ուզում է, որ միշտ իր վրա ծագի արեգակը:

Ի տարբերություն սրանց՝ Րաֆֆին ու մյուս ազգասեր գործիչները Խրիմյանի պես երազում էին այն օրը, «երբ մեր գյուղացին հանգիստ վայելե» իր «հայրենյաց ագարակին արդյունքը», մեր «երկրում տիրե արդարություն և խաղաղություն», իսկ մեր ձորերում, ուր լռությունն սպանում է ավազակների հրազենը, շոգեքարշի սուլոց լսվի, «ունենանք հեռագիր, դպրոցներ, համալսարան»:

Հայն իր հայրենիքում զրկված էր մարդկային տարրական իրավունքներից ու ազատությունից: Դա իրավազրկության ծայրահեղ աստիճանն էր. «Մեր աշխարհին մեջ լացն ևս ազատություն չունի»: Ուստի և Հայոց Հայրիկը տենչում էր. «Պիտի դառնամ հայրենիքս, լռեմ, բերանս հողին տամ, թուղթ ու գրիչ սիրեմ. վասն զի փորձառությամբ հասկցա, որ այս աշխարհին մեջ մարդ մեծ պաշտոնի գլուխ անցնելով կարող չէ այնպես մեծագործել, ինչպես յուր և ազգին փափագն է»:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ մարդկային հասարակությունը ոչ բանական կառուցվածք ունի, «մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրին և հավասար կը մեռնին»: Խրիմյանի՝ ներհասարակական կյանքին վերաբերող բազմաթիվ հետաքրքիր դիտարկումներից մեկն է դա, որով նա մերժում է սպասողական, համբերող, հայեցողական, կրավորական դիրքորոշումը. «Մեծապես և առավել կը սխալին ժողովուրդներ ունայնամիտ հույսերով, երբ իրենց բաժնին և ուժին չափով հառաջդիմության ճանապարհ չեն բանար, այլ հեղգամիտ լինելով ամենայն ինչ կառավարութենեն կը սպասեն…. գիտցիր այսուհետև թե՝ դու ինքդ ես միայն քեզ օգնական»: Խրիմյան Հայրիկի համոզմամբ՝ մանկամտություն կամ միամտություն է արտաքին օգնության սպասելը կամ ուրիշների վրա հույս դնելը: Դա հավասար է ինքնասպանության: «Այն ազգ և աշխարհք, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չէ պետք օտարին լաց, բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր և թե՛ Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան։ Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող, հայրենիք չշինվիր»: Հայոց Հայրիկն անհրաժեշտ էր համարում ժողովրդի մեջ վառ պահել հավատը, հորդորում էր չհուսահատվել՝ սպասելով, որ «օր մի ևս երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողե, դու կտեսնես, թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաշյուք։ Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է»:

Դժբախտաբար, միջազգային հանրության աչքին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի իրավացիությունը և ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի վերակերտման սրբազան անհրաժեշտությունն արժեք չունեն, և մեծաթիվ մարդկային ու նյութական կորուստների դիմաց մեր տարած իրական հաղթանակները մեծամասամբ լոկ բարոյական են ընկալվել: Միջազգային հանրությունը միշտ էլ անհաղորդ, կույր ու խուլ է մնում մեր ցավերին, մեր պահանջներին ու մեր հեղված արդար արյանը: Դարեր են անցել, բայց աշխարհի քաղաքական բեմահարթակին միայն գլխավոր դերակատարներն են փոխվում, ուրիշ ոչինչ չի փոխվում՝ հօգուտ մարդկայնության, պատմական արդարության վերականգնման և հատուցման: Մենք, սակայն, լիահույս ենք, որ անհավասար պայքարում հայ ժողովուրդն իսկապես կհաղթի, կիրականանա մեր նվիրական իղձը՝ տեսնել հայ ժողովրդին միասնական ու միակամ, հավաքված հայրենի ակութի բոլորքը: Դրա համար անհրաժեշտ է մեկտեղել ազգի ուժերը, համախմբվել հայրենիքի ազատագրման, ամբողջացման, զորեղացման սրբազան նպատակի շուրջ, իրականացնել Խրիմյան Հայրիկի նախաձեռնած ազգահավաքման, հայրենադարձության կոչ-պատգամը. «Արիք, պանդուխտ և տարագիր հայք, ելեք և փութացարուք հայրենի աշխարհ ձեր…. արիք և շինեցեք զավերակսն և բնակեցեք ի նոսա, աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիրն, երկիրն զոր ետ Տեր հարց ձերոցն»:

Ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում Խրիմյան Հայրիկն իր ազգանպաստ գործունեության դժվարին ճանապարհին առաջնորդվել է մի մշտարթուն գաղափարով՝ սրբազան հայրենիքն ազատագրել բռնատիրության ճիրաններից, աշխարհասփյուռ հայությանը համախմբել մայր հայրենիքում, ազգափրկիչ ու հայրենանվեր բոլոր ուժերը կենտրոնացնել երկրում և ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայն այլևս չհեռանա իր դրախտային բնօրրանից: Խրիմյանին տանջում էր այն իրողությունը, որ աշխատավոր հայ գեղջուկը, արհեստավորն ու վաճառականը հարկադրված թողնում էին իրենց սրբազան հողը ու գնում բախտ որոնելու օտար երկինքների տակ: Գաղթավայրը, որքան էլ բարգավաճ ու խոստումնալից, պանդուխտ հայի համար դրախտավայր չէր կարող լինել, քանի որ հայրենիքը մայրն է, իսկ օտարությունը՝ խորթ մայրը:

Ահա ինչու Հայոց Հայրիկը ջանք ու եռանդ չէր խնայում՝ բուն երկրում՝ Արևմտյան Հայաստանում, գործադրելու բարենորոգումներ, բացելու դպրոցներ ու վարժապետանոցներ, հիմնելու մամուլ ու տպագրություն, լուծելու հայրենի բնաշխարհի բազում խնդիրներ, դարմանելու գավառահայության հոգսերը: Հայոց Հայրիկի մեկնակետն ու վերջնանպատակը բուն հայրենիքի վերաշինումն էր ու բարգավաճումը, իսկ գաղթավայրերի խնդիրը երկրորդական էր, ոչ առաջնահերթ: Խրիմյանը հորդորում է շինական ժողովրդին, որ նա սիրի հայրենատուր հողն ու դաշտը և երբեք չբաժանվի նրանից: Խրիմյանի պատգամն է հայ ժողովրդին՝ անթառամ պահել սերն առ հայրենիք, երբեք, ոչ մի պայմաններում չլքել այն:

Կ. Պոլսից վերադառնալով հայրենիք ու ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց պահպանողական հոգևորականներին, որոնք հազար ու մի շինծու մեղադրանքներ և զրպարտություններ էին տարածում նրա մասին: Բազմատեսակ խոչընդոտները հաղթահարելու համար ազգային գործչին անհրաժեշտ էր դրսևորել սառնասրտություն ու հանդարտություն, անկոտրում կամք, կորով ու հոգեկան վիթխարի լարում, սեփական գործի արդարացիության հստակ գիտակցություն: Հասուն ու կայացած ազգային-հոգևոր գործիչ Խրիմյանը լի էր հավատով ու լավատեսությամբ, ավյունով, ուներ իրատես ու խորաթափանց հայացք, մեծապես հավատում էր մարդկային բանականության, արդարության հաղթանակին, զերծ էր հոռետեսությունից:

Րաֆֆին արևելահայության շրջանում գրեթե նույն հեղինակությունն ու սերն էր վայելում, ինչ Խրիմյանը՝ արևմտահայության: Ուստի պատահական չէ, որ երկու վիթխարի գործիչները ոչ միայն հոգեհարազատ համախոհներ ու գաղափարակիցներ էին՝ հավասարապես սիրված ու հարգված համայն հայության կողմից, այլև բարձր են գնահատել միմյանց, խոր հարգանքով ու ակնածանքով արտահայտվել մեկմեկու մասին, բազմիցս հանդիպել իրար ու արժեքավոր տողեր հանձնել թղթին:
Շարունակելի

Արման ՄԱԼՈՅԱՆ, պ. գ. թ.