Իսահակ վրդ. Պողոսյան. «Հայոց ինքնության արեգակը» (վիպակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասին)

Լեռների զավակը

«Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ»
(Շարակնոց)։

Գյուղում ասում էին. «Այս երեխան մեծ մարդ է դառնալու, քանի որ աչքերը չեն խաբում»։

Եվ, իրապես, նրա աչքերում կարծես հանդիպում էին աստվածապարգև խաղաղ երկինքն ու բանականը փնտրող, անհանգիստ հոգին։ Այն ժամանակ, երբ հասակակիցները վազվզում էին, զանազան խաղեր խաղում, նա նստում էր լեռների պռնկին ու քարերի վրա և երկար, անթարթ հայացքով նայում թռչունների ճախրին, կենդանիների վարք ու բարքին։

— Ինչո՞ւ ես այդպես նայում,— հաճախ անհանգստանալով՝ հարցնում էր մայրը՝ Աղավնին։

— Իսկ դուք չե՞ք տեսնում կամ լսում,— պատասխանում էր նա։— Թռչուններն ու կենդանիները նույնպես ապրում, անհանգստանում ու զրուցում են միմյանց հետ, ինչպես որ մարդիկ։ Ես ուզում եմ հասկանալ նրանց լեզուն։

— Այդ դեպքում դու պետք է նախ ուսանես, լավ կրթություն ստանաս, որպեսզի կարողանաս բացահայտել բնության հրաշքները,— խրատում և հուսադրում էր հայրը՝ Վարդանը։

— Ես զինվորական եմ դառնալու,— մեծերին բնորոշ կերպով արձագանքում էր Մեսրոպը։

— Շատ էլ լավ ես անելու,— դարձյալ արձագանքում էր հայրը ժպիտով,— որովհետև զինվորություն չանցած մարդը նման է բարակ պատերի վրա կանգնած ապարանքի, որի ամեն կողմից քամի է սուրում, և դեռ հայտնի չէ, թե որ պահին փուլ կգա տանիքը։ Կարող ես դառնալ և՛ զինվորական, և՛ գիտուն մարդ համաժամանակ։

— Այո՛, հայրի՛կ, ես չեմ վախենում դժվարություններից: Դրանք ինձ համար ավելի շատ առաջամուղ հենարաններ են՝ նպատակադրումներին ընդառաջ։

— Այդպես էլ պետք է,— վերստին զավակին ոգևորում էր հայրը,— որովհետև մարդն արժանիքի ու առավելության հասնում է ոչ միայն շնորհի ու հմտության, այլև եռանդի, համբերության, համարձակության և ինքնավարության միջոցով:

Մի անգամ հայրը տուն բերեց հին ձեռագրի ինչ-որ պատառիկ։ Մեսրոպը մատներով զգուշորեն շոշափեց տառերն ու բացականչեց.

— Տառերը փակ դռներ են։

Ընտանիքի անդամները կարկամեցին։

— Տառերը փակ դռներ են,— դարձյալ բացականչեց պատանի Մեսրոպը։— Ես մի օր գտնելու եմ այն բանալին, որը կբացի դրանք։

— Դու իսկապես որ հասարակ մահկանացու չես։ Դեռ շատ բանալիներ ու դռներ կգտնես ու կբացես՝ անմահացնելով քո նախնիների հիշատակը,— գորովանքով նրան դարձան ծնողները։

Գյուղով անցնող ճամփորդներից շատերը նրան գտնում էին լռության մեջ, բայց այդ լռությունը պարզ ու սովորական չէր, այլ ընդարձակ, իմաստալից ու խորհրդավոր, ինչպես ամառային պարզկա երկինքը, երբ արևի շողերը մեղմ նազում են եթերի կապույտի վրա։

— Դու հազվագյուտ շնորհով երեխա ես,— հաստատում էր հունարենի և ասորերենի ընտիր գաղտնիքները փոխանցող տարեց ուսուցիչը՝ Աբրահամը։— Ամենուր ցանկանում ես հասկանալ իմաստը, հասնել արմատին։ Բայց պետք է իմանաս, որ արմատը, որպես կանոն, խորն է լինում ու քարքարոտ։
Մեսրոպը ժպտագին ու խոնարհ պատասխանում էր.

— Ես ուզում եմ խոսել մարդկանց սրտերի հետ՝ նրանց լեզուներով։

Աբրահամը նրան բացատրում էր, որ տառերը ևս պարզապես գծեր չեն, այլ ապրող կերպարներ։ Մեսրոպն ինքն էլ էր զգում դա, քանի որ ուշիմ երեխա էր։ Շուտ ընկալում էր գիտելիքը, զանազան հարցեր տալիս և բավականությամբ յուրացնում դասերը։

— Աշխարհում ամեն շարժ, ամեն մի գիծ իր իմաստն ունի,— ուսուցանում էր պարսկերենի և վրացերենի ուսուցիչը՝ Արտույտը՝ խոհեմ և իմաստուն մի մարդ։

— Այդ դեպքում ինչպե՞ս է, որ մենք չունենք մեր գծերը,— հարցնում է տակավին երեխա Մեսրոպը։

Աբրահամն ու Արտույտը հաճախ էին լուռ ու անթաքույց զարմանքով հետևում նրան, ինչպես ծառի, որը հետագայում խոր արմատներով նստելու է պարարտ հողի մեջ։
Այսպես անցան տարիներ։ Մեսրոպն արդեն տիրապետում էր մի շարք լեզուների ու գիտությունների և սպասավորում էր թագավորի արքունիքում։

Այն ժամանակ Խոսրով Դ Արշակունին Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ դեռ աքսորված ու բանտարկված չէր Անհուշ բերդում և ամուսնացած լինելով Պարսից Շապուհ Գ-ի քույր Զրվանդուխտի հետ՝ տակավին գլխավորում էր երկիրը։ Նա էր, որ անձնական բարեկամություն հաստատեց Արկադի կայսեր հետ և առանց Շապուհի կարծիքը հաշվի առնելու՝ Ասպուրակեսի մահից հետո հաջորդ նշանակեց Սահակին, որը, հար և նման իր առաքինի նախորդներին, շուրջը հավաքեց վաթսուն երևելի աշակերտների և ամենուր նրանց հետ էր շրջում։ Նա բանտարկվեց Մեծ Հայքի՝ Սասանյան Պարսկաստանի ու Հռոմեական կայսրության միջև բաժանումից շուրջ մեկ տարի անց, երբ Արկադին հրաժարվեց որևէ օժանդակություն ցուցաբերել Հայքին, իսկ հայ մեծամեծների մի մասն անցավ պարսիկների, մյուս մասը՝ հռոմեացիների կողմը։ Այդ ժամանակ միայն եղբայր Շավարշը, որը զոհվեց կռվի ընթացքում Ամատունի կրտսերի՝ Մանվելի հետ, ու Պարգև Ամատունին հանդգնեցին յոթ հարյուր մարդկանցով ընդդիմանալ Հայաստան ուղարկված Շապուհի որդի Արտաշիրի զորքերին, բայց հաջողություն չունեցան։ Նա ազատվեց ու կրկին գահ բարձրացավ շատ ավելի ուշ՝ Սահակ Պարթև կաթողիկոսի միջնորդությամբ, իր եղբոր՝ Վռամշապուհ արքայի մահից հետո, երբ արդեն հիվանդ ու տարիքոտ էր։

Երբ ժամանակը հասավ, շատ պատանիների նման Մեսրոպն էլ մեկնեց զինվորական ծառայության։ Այստեղ նա զգաց, թե որքան բարձիթողի է մարդու լեզուն, երբ հարաբերվում է ուժի հետ, որքան արագ է մթագնում մարդու ներսը, երբ խոսում է հնազանդությունը, և բացակայում է խոսքը։ «Խոսքը մարդու վերջին ամրոցն է,— մտածեց նա,— իսկ ինքնուրույն խոսքը՝ աննվաճ ու անպարտելի բերդ։ Ժողովուրդը, առանց իր ուրույն խոսքի, նման է զինվորի՝ առանց հանդերձանքի, առանց սրի, առանց երգի ու հոգու»։

Ծառայությունից վերադառնալով՝ ուղղվեց վանքերը՝ հաճախ ոտքով կտրելով երկար, քարքարոտ արահետներ։ Եվ մի անգամ՝ արևամուտի խունացած շղարշի ժամանակ, երբ լեռների սքողված կատարներին լուսատուի վերջին ոսկե շողերն էին փռվել, հասավ հին ու ժայռափոր վանքերից մեկը։

Սահակ հայրապետը՝ հոգնաբեկ, բայց խաղաղ լուսավորությամբ, նստած էր վանքի բակում։ Երեկոյի անդորրության մեջ, ուր մեղմ քամին դրախտի բալասան էր թվում, հանկարծ լսվեցին ինչ-որ մեկի ոտնաձայները։ Հայրապետը վեր նայեց ու նշմարեց քարակապ մութ կիսաշրջանից ներս եկող երիտասարդին՝ աչքերը խոր, բայց աշխույժ ու լուսավոր, այտերը՝ ճանապարհի հոգնությունից կարմրատակած։ Երիտասարդը խոնարհ ողջունեց նրան, որին հետևեցին հայրապետի խորազնին հայացքն ու հարցախույզը։

— Որդի՛, դու որտեղի՞ց ես,— բազմանշանակ հարցրեց հայրապետը։

— Ես Մեսրոպն եմ՝ Հացեկաց գյուղից, Վարդանի և Աղավնու որդին և Տարնո լեռների հարազատ զավակը,— հայրապետի միտքը կռահելով՝ պատասխանեց երիտասարդը։

Հայրապետը, նրա անկաշկանդ խոսքերից առանձնակի թեթևություն զգալով, երեսին ժպիտ խաղացրեց։

— Ասա՛ ինձ, ի՞նչ ես փնտրում այս հարկի տակ։

— Ասում են՝ Աստծու խոսքը հասանելի պիտ լինի բոլորին։ Ես այդ խոսքի հետևից եմ եկել։

— Այո՛, լա՜վ ճանապարհ ես բռնել։ Որքան հասկացա, ծառայել ես։

— Այո՛, նաև արքունիքում։

— Որքա՞ն ժամանակ է, որ այս ճանապարհին ես։

— Արդեն տարի ու մի քանի ամիս։

— Լեզունե՞ր։

— Հանգիստ կարդում և գրում եմ մեր հարևան ժողովուրդների լեզուներով։ Բայց, հայրապե՛տ,— օգտվելով Սահակի բարյացակամությունից՝ շարունակեց նա,— ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն իր մայրենի ձայնը պիտի ունենա և Աստծու հետ դրանով խոսի։
Հայրապետը բազմախորհուրդ լռեց...

Մեսրոպը միանգամից չհասկացավ նրա լռության պատճառը։

— Խոսի՛ր, որդի՛, խոսի՛ր,— խաղաղությամբ հորդորեց հայրապետը,— ես հենց քո խոսքի կարոտությունն ունեմ։

— Այլապես մի օր կզրկվի ամեն ինչից ու կդադարի գոյություն ունենալ,— խոսքը փակեց Մեսրոպը։

— Մեսրո՛պ, որդի՛, դու կարծես իմ վաղեմի որոնումների պատասխանը լինես, որ այսքան ժամանակ թևածել են իմ հոգում։ Քո խոհը ժամանակից առաջ է անցնում՝ անաղմուկ ծնունդ տալով զգացմունքների ու մտքերի, որոնք հետո են իրականանալու,— վրա բերեց հայրապետը՝ հուզված։— Եթե հաջողություն ունենաս, քո բերածը ոչ միայն խոսք կլինի, ոչ միայն լույս՝ մեր որոնումների ճանապարհին, այլև փրկություն։ Ես իմ բոլոր միջոցներով կսատարեմ քեզ։ Կարո՞ղ ես գլուխ բերել այդ գործը...
Մեսրոպը զգացվելով՝ շիկնեց։

— Եթե Տերը կամենա...

Այդ պահին կարծես երկինքն ավելի մոտեցավ նրանց, ու այնպես թվաց, թե վանքի վրա իջնող մթնշաղը մի պահ կանգ առավ՝ փոխակերպվելով լուռ ու լուսավոր աստղաթափի...

Շարունակելի