Քրիստոնեական մարդասիրությունը «Մայրենիի խելացի ընթերցարան»-ներում

Քրիստոնեական կրոնն աչքի է ընկնում իր շեշտված մարդասիրությամբ, որն ուղղված է ոչ միայն այդ կրոնը պաշտող ազգին, այլև համայն մարդկությանը: Քրիստոնեական կրոնի տասը պատվիրանները դրա վառ ապացույցն են:

Քրիստոնեական մարդասիրությունն առկա է նաև հայ պատմիչների մատյաններում, հայ պոեզիայում և արձակում, մեր հին ու նոր վիպերգերում։ Այդ գրքերն ստեղծվել են կարդալու համար, դրանք դասավանդվել են հայկական դպրոցներում, կրթել սերունդների, իսկ իմաստուն ուսուցիչներն ու մանկավարժները կազմել ու հրատարակել են նաև քրեստոմատիա-ընթերցարաններ։

Հայ աշակերտների համար իսկական նվեր է 5-րդ ու 6-րդ դասարանների «Մայրենիի խելացի ընթերցարան»-ը, որոնց հեղինակները երկու հմուտ վաստակաշատ մանկավարժներ են՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կրթության կառավարում» բաժնի դասախոս Թամարա Թովմասյանը:

Քաջածանոթ լինելով այդ խելացի ընթերցարաններին՝ եզրահանգել եմ, որ դրանք հետաքրքրություն կառաջացնեն դեպի ընթերցանությունը, կնպաստեն աշակերտների մտավոր զարգացմանը, կդաստիարակեն նրանց այնքան կարևոր մարդասիրության ոգով:

Հիանալի է, որ երկու ընթերցարաններն էլ սկսվում են Մեսրոպ Մաշտոցին նվիրված գրական գործերով: Սա հնարավորություն կտա ուսուցիչներին պատմելու Հայ Եկեղեցու կողմից սրբացված երկու հոգևորականների՝ Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի կյանքի ու գործի մասին:
Հինգերորդ դասարանի ընթերցարանում զետեղված է Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթից մի հատված, որն իմաստուն գրողը հրաշալի ձևով մշակել է՝ ըստ ժողովրդական «Փեշակը ոսկի ա» հեքիաթի՝ նրանում անանուն թագավորի փոխարեն գլխավոր հերոս դարձնելով Արցախի և Ուտիքի հայ թագավոր Վաչագան Բարեպաշտին, որը եղել է նվիրյալ քրիստոնյա, բացել դպրոցներ, կառուցել եկեղեցիներ ու վանքեր, պայքարել հեթանոսների ու աղանդավորների դեմ, երկրում հաստատել կարգուկանոն, բարեկեցություն:

Հետաքրքիր է Ս. Զորյանի «Զրույց լավաշի մասին» գործը, որը ներկայացնում է՝ Հայկյան Արամն ինչպես է հաղթում հզոր Ասորեստանի թագավորին՝ իր հնարագիտությամբ երկաթե լանջապանակի տակ թաքցնելով մի լավաշ: Լավաշը հայ արքային ուժ է տալիս ու փրկում քաղցից ու մեռնելու վտանգից:
Աշակերտներին ուսուցիչը կարող է բացատրել, որ լավաշն այդ անունով թխվում ու վաճառվում է հիմա աշխարհի բազմաթիվ երկրներում՝ որպես հայկական հաց: Լավաշը և ցորենը համարվում են Հիսուս Քրիստոսի խորհրդանիշներից: Եվ գիտական աշխարհն ընդունում է, որ ցորենի հայրենիքը եղել է Հայաստանը, ու այնտեղից տարածվել է աշխարհով մեկ:

Աշակերտներին քրիստոնեական մարդասիրության ոգով դաստիարակելու հիանալի նմուշ է Վահրամ Ալազանի հուշապատումից մի հատված՝ նվիրված հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն: Նարեկացին ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից է. Վատիկանը նրան հռչակել է նաև համաքրիստոնեական աշխարհի սուրբ, և նրա արձանը կանգնեցվեց Վատիկանում, ինչպես որ 2001-ին Վատիկանում կանգնեցվել է Գրիգոր Լուսավորչի՝ սպիտակ մարմարից կերտված փառահեղ արձանը, որի ներքևում հայերեն ու լատիներեն նշված է, որ աշխարհի առաջին քրիստոնյա կաթողիկոսն է:

Ահա թե որքան են պաշտել Գրիգոր Նարեկացուն՝ ըստ Վ. Ալազանի մանկական հուշերի. «Ծնկաչոք ներս սողոսկող ամեն մի ուխտավոր նախ համբուրում էր մեծ բանաստեղծի գերեզմանաքարը և ապա գերեզմանաքարի վրա դրված սինու մեջ գցում ինչ-որ թանկագին բան, որ ուներ իր մոտ կամ ինչ որ խոստացել էր իր սրբին» (էջ 99):

5-րդ դասարանի ընթերցարանում զետեղված է Մ. Գալշոյանի «Ձայն ամենայն Հայոց» պատմվածքը՝ նվիրված հանճարեղ Կոմիտաս Վարդապետին: Կոմիտասն աշխարհին ապացուցեց հայ եկեղեցական երաժշտության բացառիկ բնույթը: Նա գիտեր, թե Մեծ Հայքի ամեն մի նահանգում հայ մարդն ինչպես է երգել, և դրանք Մ. Աբեղյանի հետ հավաքագրեց «Հազար ու մի խաղ» ժողովածուում, որը լույս տեսավ Վաղարշապատում 1905-ին. «Եվ մեկիկ-մեկիկ ձայնել տվավ ամենքին, ամեն մեկի շնչից գուշակեց նրա աշխարհն ու լսեց այդ աշխարհի շշուկները: Նա Հայոց աշխարհի բոլոր կողմերից երգչախմբի համար ձայներ ժողովեց՝ և՛ Տարոն աշխարհից, և՛ Վանից, և՛ Շիրակ ու Գողթան աշխարհներից» (էջ 107):

Ընթերցարանում հայրենասիրական բանաստեղծություններ կան մեր մեծերից՝ Վ. Տերյան, Ա. Իսահակյան, Հ. Սահյան, Պ. Սևակ, Հ. Շիրազ, Ս. Կապուտիկյան, Վ. Դավթյան, Ռ. Դավոյան:

Հ. Սահյանի «Անունդ տալիս» քերթվածում թշնամու կողմից ավերված բերդի կողքին հիշատակվում են քրիստոնեական մատուռն ու տաճարը: Այնքան թանկ է Հայոց աշխարհը Ռազմիկ Դավոյանի համար, որ նա իր բանաստեղծությունը կոչել է «Հայոց աշխարհ-եկեղեցի» (էջ 168):

Ինչպես 5-րդ, այնպես էլ 6-րդ դասարանների ընթերցարանները բոլոր հեղինակներին ներկայացնում են համառոտ կենսագրությամբ, ընդգրկված ստեղծագործությունների անծանոթ բառերի բացատրական բառարանով և բազմահարց առաջադրանքներով:

Երկու դասարանների գրքերում ընդգրկված են նաև օտարազգի նշանավոր գրողների և արդի հայ գրողների ուշագրավ ստեղծագործություններ, այլ ժողովուրդների էպոսներից հվատվածներ։

6-րդ դասարանի աշակերտին ընթերցարանը ծանոթացնում է Րաֆֆու «Սամվել», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպերին, Հ. Մաթևոսյանի արձակին: Դասական դարձած գրողների գործերի կողքին տեսնում ենք մերօրյա հեղինակներին՝ Ռ. Շառոյանին, Հ. Վարդումյանին և ուրիշների:

Հրաշք բանաստեղծություն է 6-րդ դասարանի ընթերցարանում զետեղված Բ. Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» քերթվածը: Հենց սկզբից երևում է բանաստեղծի քրիստոնյա ինքնությունը.

Ես հնամենի մի լեռնաշխարհ եմ,
Այս աշխարհի մեջ մի բուռ նշխար եմ... (էջ 108)։

Ժողովածուում ընդգրկված է Իսահակ վարդապետ Պողոսյանի «Յոթ առաքինություններ» նյութը, որը հիշեցնում է հայ միջնադարի մեծ փիլիսոփա Գ. Տաթևացու քարոզագրքերի իմաստուն խոհերը (էջ 50—51):

6-րդ դասարանի ընթերցարանում երկու նյութ անմիջականորեն կապվում է Հայ Եկեղեցու պատմության հետ: Առաջինը կոչվում է «Էջմիածին»: Տրվում է պատմական ակնարկ այն մասին, թե հայ ժողովրդի գլխավոր սրբավայրը մինչև Էջմիածին կոչվելն ինչ անուններ է ունեցել: Այդ առումով հիշատակվում է հայ հին վիպասքում հիշատակվող Արտեմիդ անունը, հետո՝ Նոր քաղաքը, հետո՝ Վաղարշապատը: Ի վերջո բացատրվում է, թե ինչպես Գ. Լուսավորչին երևացել է Հիսուս Քրիստոսը և մատնացույց արել Մայր տաճարի կառուցման վայրը (էջ 53):

Վեցերորդ դասարանի աշակերտները ընթերցարանի միջոցով լրացուցիչ գիտելիքներ կստանան նաև հայ ճարտարապետության փառքերից մեկի՝ Զվարթնոց տաճարի վերաբերյալ: Տաճարի կառուցման մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդել 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը, որը տաճարի կառուցման ժամանակահատվածի ականատեսն է: Ըստ Սեբեոսի՝ «Ներսես Շինարար կաթողիկոսը (Ներսես Գ Տայեցին.— Ա. Դ.)՝ որպես նրբանկատ մարդ, անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների՝ Վաղարշապատ քաղաքի կենտրոնում՝ Կաթուղիկեի մոտ, բնակվելը: ….Կառուցվեց հոյակապ տաճար.... Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի Ս. Գրիգոր» (էջ 59): Բացատրվում է, թե ինչու է տաճարը կոչվել Զվարթնոց: Հենց տաճարի տեղում Գրիգոր Լուսավորչի աչքին երևացել են հրեշտակները, այսինքն՝ զվարթունները, որոնք անմահ են: Տաճարը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է, և, ինչպես Սեբեոս պատմիչն է ասում, այն արժանի էր Աստծուն:

Ընթերցարաններում ներկայացված են աշակերտների մտածողությունը զարգացնող հետաքրքիր հարցեր ու առաջադրանքներ։

Ավետարանում Հիսուս Քրիստոսը սրբություն է համարում ընտանիքը: Հայկական ընտանիքի ամրության գովքը տեսնում ենք «Սասնա ծռեր» էպոսում, Գ. Նարեկացու «Ընդդեմ թոնդրակեաց» թղթում, այլ գրողների ստեղծագործություններում: Ազգերն ամրանում են օրինակելի ընտանիքներով: Կարելի է վկայաբերել Օրբելիների ընտանիքը, որի երեք որդիները համաշխարհային հռչակի գիտնականներ դարձան, իսկ Հովսեփ Օրբելին 1943-ին ընտրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ: Ահա այս կարևոր դաստիարակչական գաղափարը հայ դպրոցականի մտածողության մեջ ամրապնդելու համար ընթերցարանի հեղինակները զետեղել են հայ ազգային հերոս, լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանի մասին պատմող զրույցը, որն առ այսօր հիշում են Սիսիանում: 1918 թվականին և նրան հաջորդող տարիներին Անդրանիկն իր զինվորներով ու Արևմտահայաստանից եկած գաղթականներով եղել է Սիսիանում և գործնականորեն նպաստել, որ երիտասարդներն ամուսնանան ու զավակներ ունենան: Նա ասել է. «Ամուսնանալն էլ պարտք է ազգի առաջ: Հայությունը չի կարող մեռնել: Հայության ծառը պիտի ճյուղ տա, պտղաբերի: Էդ ծառը հիմա դուք եք: Հավանե՛ք իրար, հարմարվե՛ք, զույգե՛ր կազմեք: Ես ձեզ ծնող, հարսնախոս, քավոր ու քահանա: Ես ձեզ պսակող» (էջ 65):

Հինգերորդ ու վեցերորդ դասարանների խելացի ընթերցարանների հեղինակները հասել են իրենց նպատակին: Նրանք աշակերտներին բազմակողմանի զարգանալու, երևակայությունը, տրամաբանությունը ընդլայնելու բանալիներ են տվել, և կասկած անգամ չի կարող լինել վարժ, սահուն, իմաստն ընկալող ընթերցանության հմտության համար: Աշակերտը կսիրի իր ընթերցարաններն ու կկապվի գրքերի աշխարհի տիեզերական անսահմանության հետ:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ. գ. դ., պրոֆեսոր