Հայ Առաքելական Եկեղեցին Առաջին հանրապետության տարիներին
29.10.2026
«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց Հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից։
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով....»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց, 1918 թ., մայիս
1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակվեց անկախ հանրապետություն: Մայիսի 11—26-ը տեղի ունեցավ Բաթումի խաղաղության կոնֆերանսը: Թուրքերն Անդրկովկասյան կառավարությունից պահանջեցին Երևանի նահանգի 2/3 մասը, Թիֆլիսի նահանգից՝ Ախալքալաքի և Ախալցխայի գավառները, ինչպես նաև Անդրկովկասյան երկաթգծի հսկողությունը:
Գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում՝ հայ ժողովուրդը և Մայր Աթոռը փակուղուց դուրս գալու ճանապարհներ էին փնտրում: Հայ ժողովրդական կուսակցությունը որպես փրկության ելք առաջարկում էր դիմել Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կառավարությանը: Հայ ժողովրդական կուսակցությունը, որը Գերմանիայի կայսրին դիմելու նախաձեռնողն էր, մասնակցությամբ Մ. Պապաջանյանի, Գևորգ եպիսկոպոս Չորեքչյանի, Հ. Առաքելյանի և ուրիշների, հատուկ նիստ հրավիրեց՝ քննարկելու Գևորգ Ե Կաթողիկոսի նամակը՝ ուղղված Գերմանիայի կայսրին:
1917 թ. դեկտեմբերից Կովկասյան ռազմաճակատն սկսեց փլուզվել, և ռուսական բանակի զինվորները, թողնելով իրենց դիրքերը, վերադառնում էին կենտրոնական Ռուսաստան:
Կարս քաղաքը և Կարսի մարզը գրավելուց հետո թուրքերը սրի քաշեցին տեղի հայության մի մասին, իսկ մյուս մասն էլ գաղթեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, և հայ զինվորականները լքեցին քաղաքը: Քաղաքը վերջինը լքեցին Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանը և քաղաքի ինքնավարության երեք անդամներ: Ինչպես առանց մարտի հանձնվեց Կարսի բերդը, նույն կերպ էլ առանց հակամարտի հանձնվեց Ալեքսանդրապոլը:
Մայիսի 19-ին թուրքերի 36-րդ Կովկասյան դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ և հաջորդ օրը գրավեց Արաքս կայարանը, որը գտնվում էր Սարդարապատից 10 կմ հեռավորության վրա: Այս ուղղության զինվորական խմբավորման հրամանատարը գեներալ Մովսես Սիլիկյանն էր, որն իր հրամանատարական կետը հաստատել էր Գևորգյան ճեմարանում։ Ստույգ տեղեկություններ ստանալով թուրքերի առաջխաղացման մասին՝ Երևանի ապագա պարետ Ա. Շահխաթունու ընկերակցությամբ Մ. Սիլիկյանն այցելեց Գևորգ Ե Կաթողիկոսին և առաջարկեց նրան անվտանգության համար մեկնել Սևանա վանք: Այս առաջարկին կաթողիկոսը պատասխանեց. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա Մայր Տաճարի շեմին»: Եվ Վեհափառ հայրապետը չլքեց Մայրավանքը…
Գևորգ Ե-ի հրամանով Արագածից մինչև Սևան մայիսի 21—29-ը անընդհատ ղողանջեցին բոլոր եկեղեցիների զանգերը՝ ժողովրդին զենքի կոչելով:
Հայ հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցեցին կռիվներին: Հայկական բանակի յուրաքանչյուր գունդ ուներ իր երեցը: 1918 թ. կազմված գնդերեցների մասին հրահանգի համաձայն՝ յուրաքանչյուր գնդերեց պարտավոր էր ունենալ մատյան, որի մեջ ցուցակագրելու էր գնդի զինվորներին՝ անհրաժեշտ տվյալներով: Գնդի անձնակազմի բոլոր անդամները համարվում էին գնդերի ծխականներ:
Սարդարապատի 5-րդ հետևակային հերոսական գունդը բաղկացած էր արցախցիներից, որի հրամանատարն էր գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանը: Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը ռազմի դաշտում այդ գնդի ռազմիկներին մկրտեց «Մահապարտներ» անունով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցեցին նաև գյուղական ծխական հովիվները՝ իրենց գլխավորած աշխարհազորային ջոկատներով: Եզնիկ և Թադևոս վարդապետների և Տեր Հովհաննեսի առաջնորդած կամավորները գործում էին 5-րդ գնդում:
Հայ հոգևորականությունը՝ զենքը ձեռքին, ոգեշնչում էր զինվորներին և բարձրացնում նրանց մարտական ոգին:
Սարդարապատի հաղթանակից հետո կաթողիկոսը Մայր Տաճարում հանդիսավոր Պատարագ մատուցեց:
Ինչպես Սարդարապատում, Բաշ Ապարանի հերոսամարտում ևս հայ հոգևորականությունը մարտնչում էր քաջաբար։ Բաշ Ապարանի մարտին մասնակցեց Փամբի գյուղի ծխատեր Տեր Գրիգոր քահանա Հայրապետյանը՝ իր ծխականներից կազմված ջոկատով։ Ապարանի Վարդենիս գյուղի ծխատեր Հովհաննես ավագ քահանա Տեր-Մինասյանն առաջնորդում էր Մուշից, Սասունից, Ալաշկերտից և Բայազետից Ապարան ներգաղթածների՝ 200 հոգուց բաղկացած ջոկատը:
Տեղեկանալով թշնամու առաջխաղացման մասին՝ Տեր Հովհաննեսն իսկույն ևեթ գործի է անցնում, շրջանի գյուղերի քահանաների միջոցով եկեղեցիների զանգերի ղողանջներով տագնապ է բարձրացնում և ժողովրդին ոտքի հանում՝ զինված դիմադրություն ցույց տալու:
Բաշ Ապարանի ռազմաճակատում թուրքերի առաջապահ զորամասերի վրա առաջին գնդակներն արձակել էին Նիգավանի ծխատեր Տեր Տաճատի և Տեր Հովհաննեսի խմբերը:
Չդիմանալով հայկական ուժերի ճնշմանը և մարտի դաշտում տալով մեծ կորուստներ՝ ջախջախված թշնամին, մարտի դաշտում թողնելով զոհեր և զինամթերք, մայիսի 28-ին նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ:
Մայիսի 28-ին Դարպաս գյուղի ծխատեր Տեր Կոմիտաս քահանա Սարգսյանն իր ծխականների հետ Լեռնապատում և Վանաձորի Տարոն թաղամասում դիմադրություն կազմակերպեց:
Հայ ժողովրդի ճակատագրական այս ժամին՝ 1918 թ. մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայ աշխարհականը և հայ հոգևորականը միահամուռ ուժերով կերտեցին ՀՀ պետություն և Կառավարություն:
1918 թ. հուլիսի 6-ին Թիֆլիսից հայոց Կառավարությունը տեղափոխվեց Երևան: Մինչ այդ՝ 1917 թ. փետրվարից, Երևանի նահանգը ղեկավարում էր Ազգային խորհուրդը՝ Երևանի հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի գլխավորությամբ. անդամներն էին Մ. Մուսինյանը, Գ. Տեր-Խաչատրյանը, Դ. Զուբյանը, Գ. Տեր-Հակոբյանը, Մ. Հարությունյանը, Ա. Աստվածատրյանը, Թ. Նիկողոսյանը:
Հուլիսի 6-ին Երևան ժամանեց հայոց նորաստեղծ Կառավարությունը, որին ողջունելու համար Գևորգ Ե-ն կազմեց Մայր Աթոռի պատվիրակություն՝ Հուսիկ արքեպիսկոպոս Մովսեսյանի գլխավորությամբ: Պաշտոնական ընդունելությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Հուսիկ արքեպիսկոպոսը և Խորեն եպիսկոպոսն այցելեցին կառավարության անդամներին: Հուսիկ Սրբազանը ողջունեց Հայաստանի նորաստեղծ Կառավարությանը. «Ազգիս Հայրապետը ողջունում է և օրհնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների գալուստը: Նորին Սրբությունը Մայր Աթոռի միաբանների հետ աղոթում է և խնդրում Աստուծո կարողություն և հաջողություն երկրի վերակազմության շինարար գործում»:
1919 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվեց Երևանի համալսարանի հիմնադրման որոշումը: Շուտով հաստատվեց համալսարանական կազմակերպիչ հանձնաժողովի անդամների կազմը, որի մեջ ընդգրկվեցին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը և Վիրահայության նախկին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը: Հետագայում Մեսրոպ Սրբազանը համալսարանում դասավանդում էր հունարեն, լատիներեն և հայոց պատմություն:
1920 թ. հունվարի 25-ին Մայր Աթոռի վանական խորհրդի և միաբանական ժողովի նախագահ Մատթեոս եպիսկոպոս Մատթևոսյանը Մայրավանքի միաբանության կողմից Երևանի համալսարանի ռեկտոր Յուրի Ղամբարովին նամակ ուղարկեց Ալեքսանդրապոլ. «Էջմիածնի միաբանութիւնը մեծ հրճուանքով ողջունում է Ազատ Հայաստանի անդրանիկ համալսարանի բացումը, հաւատում է, որ գիտական այդ հաստատութիւնը պիտի Հայաստանի բնակչութեան կուլտուրական-քաղաքակրթական կեանքի հզօր զարկերակը լինի»:
1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ տեղի առևտրական դպրոցում, հանդիսավոր բացվեց Երևանի համալսարանը, որտեղ ընթերցվեց Գևորգ Ե Կաթողիկոսի կոնդակը: Սկզբում համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանն էր Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, իսկ հետո՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:
1920 թ. մայիսին տեղի ունեցավ հայ բոլշևիկների ապստամբությունը: Գևորգ Ե Կաթողիկոսը պաշտպանեց Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազգային Կառավարությանը և հայ ժողովրդին կոչ արեց վճռական պայքարի ելնել հայրենիքի նորահայտ «փրկարարների» դեմ: Կաթողիկոսի կոչի մեջ մասնավորապես գրված էր. «Մենք, որ ապրել և ապրում ենք հայրենիքի միութեան և ազատութեան յոյսով, այսօր՝ հայ կեանքի վերածնութեան գարնան արշալոյսի առկայծման օրերին, վշտով տեսնում ենք, թէ ինչպէս մոռացել ենք մի ընդհանուր լեզու ու նպատակը, հայ կեանքի շարժող արիւնի տակ, տեսնում ենք, թէ ինչպէս անյայտ, անորոշ, մշուշապատ գաղափարներով տարուած մարդիկ փոսեր են փորում Միացեալ և անկախ հայրենիքին ծանր վտանգներ սպառնացող անկախ օրերում՝ փոխանակ մի ընդհանուր գործի շուրջը համախմբուելու, մարդիկ անհատական և խմբական ջլատիչ գործողութիւնների են դիմում, հայրենի նաւը անխարդախ նաւահանգիստ հասցնելու ծանր աշխատանքների այս դառն օրերում…
Մենք, ինչպէս և մեր երջանկայիշատակ նախնիքները, որ աշխատանք են թափել տաճկահայ դատի համար, լաւ օրերի, յոյսի ակնկալութեամբ, չենք կարող անտարբեր մնալ այս նեղ րոպէներին և երբ վտանգուած ենք տեսնում հայրենիքի միութեան գործը, բայց նամանաւանդ հայ ազգի ֆիզիկական գոյութեան ճգնաժամային գործը, իբր ընդհանրական հայրապետ, մեր սրբազան պարտքն ենք համարում այս ծանր, կասենք օրհասական րոպէներին հայկական խրատով դիմել բոլորին և զգաստութեան կոչ անել — Հայ ժողովո՛ւրդ, համախմբուի՛ր քո հայրենի Հանրապետության պահպանութեան գործի շուրջը. դա՛ է քո հայրենիքի փրկութեան միակ ճանապարհը»:
Այս կոչով կաթողիկոսը կատարում էր այն, ինչին սպասում էր երկընտրանքի առջև մտամոլոր կանգնած հայ ժողովուրդը: Այդ դժվարին ժամանակներում իր աջակցությամբ և օրհնանքով Վեհափառ Հայրապետն անցավ անկախ Հայաստանի պաշտպանների կողմը և այդպիսով հնարավորինս հետաձգեց բոլշևիկյան Ռուսաստանի ժամանումը Հայաստան: Վեհափառ Հայրապետի կոչը լսվեց: Ժողովուրդը, ոգևորված այդ կոչով, զենք վերցրեց, հաղթեց բոլշևիկներին, որոնք ժողովրդի լայն խավերի մեջ չունեին աջակցություն: Երևի թե գտնվելով ծայրահեղ դժվարին պայմաններում՝ ՀՀ Կառավարությունն առաջարկել էր Մայր Աթոռին կնքել մի դաշնագիր, որի համար Մայր Աթոռին տրվելու էր լայն ինքնավարական պայմաններ, ընդհուպ անկախ պետության լիազորություններ:
1920 թ. սեպտեմբերի 24-ին սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը ձգվեց մինչև դեկտեմբերի 2-ը: Սեպտեմբերի 28-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը՝ մոտենալով Իգդիրին: Այս պատերազմը ճակատագրական նշանակություն ուներ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման տեսանկյունից:
1920 թ. հոկտեմբերի 12-ին Գևորգ Ե Կաթողիկոսը հանդես եկավ «Հոգևորականների մասնակցութիւնը» կոնդակով՝ հայ ժողովրդին ոգևորության և պայքարի կոչելով ու հենց այդ առթիվ հիշեցնելով Ավարայրը՝ նշելով, որ այժմ էլ պետք է կռվեն Վարդանանց նման: Նա մասնավորապես ասում էր. «Հա՛յ Զորապետներ, յիշեցէ՛ք հայրենիքի եւ եկեղեցու պաշտպան Ս. Վարդանին, վերցրէ՛ք ձեր գլխարկները, խաչակնքեցէ՛ք ձեզ հանուն հայրենիքի եւ սուրը ձեռքին խոյացէ՛ք արծւօրէն թշնամու վրայ, եւ թող ձեր սպայակոյտը եւ քաջարի զինւորները ձէր յետևից բազէների նման հետևին ձեզ»:
Այս կոնդակը Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը կարդաց Ալեքսանդրապոլում, իսկ Սևանի մենաստանի վանական կառավարության նախագահ և Նոր Բայազետի գործակալ Եզնիկ վարդապետ Վարդանյանը՝ Նոր Բայազետում և Վարդենիսում:
Հոկտեմբերի 30-ին թուրքերը գրավեցին Կարսը, որտեղ գերի ընկան երկու հայ գեներալներ՝ Դանիել Բեկ-Փիրումյանը և Քրիստափոր Արարատյանը, 30 սպա և մոտ 3 հազար հայ զինվորներ: Գերի ընկածների մեջ էր նաև խիզախ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը։ Հինգ օրից հետո թուրքական բանակը մոտեցավ Ալեքսանդրապոլին: Թուրքական զորքի հրամանատար Ք. Կարաբեքիր փաշան պահանջեց հանձնել Ալեքսանդրապոլը, և նոյեմբերի 7-ին թուրքական զորքը մտավ Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի 11-ին թուրքերը գրավեցին Հարթագյուղի և Արգինայի կայարանները և երկու ուղղությամբ շարժվեցին դեպի Երևան:
Դեկտեմբերի 3-ին Հայաստանը խորհրդայնացվեց, դաշնակցականները թուրքերի հետ ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը չիրագործվեց, որովհետև Հայաստանն արդեն իսկ դարձել էր խորհրդային հանրապետություն:
Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆՑ, պ. գ. դ.