Ի՞նչ դեր ունեցավ Սարդարապատի ճակատամարտում Հայ Եկեղեցին, և ինչո՞ւ մեր օրերում լուծարվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը

Սարդարապատի հերոսամարտը Հայոց պատմության այն բացառիկ էջերից է, որտեղ Եկեղեցու դերն ու հոգևորականի կերպարը դուրս եկան ավանդական սպասավորության սահմաններից՝ դառնալով ազգային գոյության պահպանման առանցք։ Ճակատամարտի հաղթանակի հիմնաքարը դրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի աննկուն կամքի շնորհիվ։ Երբ թուրքական զորքերը մոտենում էին Էջմիածնին, և զինվորական հրամանատարությունն առաջարկում էր Կաթողիկոսին անվտանգության նկատառումներով տեղափոխվել Սևան, Վեհափառը կայացրեց պատմական որոշում՝ անվարան մնալով Մայր Աթոռում և պատրաստ լինելով մեռնելու տաճարի շեմին։ Վեհափառի հրամանով՝ մայիսի 21—29-ը՝ ութ օր շարունակ, անդադար ղողանջեցին Մայր Աթոռի և շրջակա բոլոր եկեղեցիների զանգերը՝ տագնապ հնչեցնելով և ժողովրդին կոչ անելով զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը։ Եվ սա ստեղծեց համազգային հզոր զարթոնքի մի աննախադեպ մթնոլորտ։

Հայ Եկեղեցին Սարդարապատում էր ոչ միայն աղոթքով, այլև զենքով։ Հոգևորականները կազմեցին առանձին ջոկատներ և դարձան զինվորների կողքին մարտնչող ոգիներ՝ «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ Բազմաթիվ սարկավագներ, վարդապետներ ու քահանաներ իրենց զգեստների վրա կապեցին փամփշտակալներ և դարձան մահապարտներ՝ սեփական օրինակով ցույց տալով, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է։ Եկեղեցու ներկայությունը ճակատամարտին հաղորդեց սրբազան բնույթ։ Զինվորը հասկանում էր, որ կռվում է ոչ միայն հողի, այլև իր հավատքի և սրբությունների համար։ Մարտից առաջ հոգևորականները կատարում էին նաև ընդհանրական խոստովանություններ և բաշխում Ս. Հաղորդություն, ինչը զինվորին տալիս էր հոգևոր ամրություն, անսասանություն և մահն անտեսելու ուժ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերածվել էր ռազմական ճամբարի և կազմակերպչական կենտրոնի։ Եկեղեցու միջոցներով և ջանքերով կազմակերպվում էին ժողովրդական աշխարհազորի սնունդը, հագուստը և բժշկական օգնությունը։ Ճակատամարտերին զուգահեռ՝ Եկեղեցին շարունակում էր հազարավոր գաղթականներին խնամքի տրամադրումը՝ թույլ չտալով, որ թիկունքում քաոս սկսվեր, ինչը կթուլացներ ռազմաճակատը։ Առանց Եկեղեցու վճռական կեցվածքի և հոգևորականների անձնական սխրանքի՝ Սարդարապատի հաղթանակը՝ որպես հոգու և կամքի պատմական հաղթանակ, հազիվ թե հնարավոր լիներ։

Հայաստանի նորագույն ժամանակներում Հայոց բանակում 20 և ավելի տարի հոգևոր ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, ինչպես հայտնի է, 2026 թ. հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, լուծարվեց։ Դա պարզապես վարչական որոշում չէր, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որ հարված հասցրեց բանակի և ընդհանրապես հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին և մեր ժառանգորդական հիշողությանը:

Եկեք տեսնենք, թե ինչից զրկվեց Հայոց բանակը.

1. ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորությունը եղել է հայկական բանակի մարտունակության և զինվորի հոգեկան տոկունության անբաժանելի մաս, ներքին ամրության, կարգապահության և զինվորի հոգեկան առողջության կարևորագույն հենասյուներից մեկը։

2. Հոգևորականն այն մարդն է, որ զինվորի կողքին էր ամենածանր պահին՝ պատերազմի ժամանակ՝ փարատելով մահվան վախը, որի դեմ միակ իրական մխիթարությունը հավատն է Աստծո ներկայության մեջ հավիտենական կյանքի և նահատակության սուրբ պսակի հանդեպ։

3. Հոգևորականն աղոթքով, հոգևոր զրույցով օգնել է զինվորին՝ ամոքելու պատերազմների, մարտական առաջադրանքների ընթացքում ստացած հոգեբանական վերքերը՝ մարտընկերների կորուստը և այլն, որոնք աշխարհիկ հոգեբանությանը հաճախ անհասանելի են։

4. Հոգևորականը եղել է բանակի խիղճն ու զինվորի հոգևոր թիկունքը։

5. Հոգևորականի ներկայությունը զինվորի մեջ վառ է պահել պատմական հիշողությունը, հոգևոր դասի և աշխարհականի միասնության կարևորությունը:

6. ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության եկեղեցիներում զինվորականները (ծառայող կամ բուժման մեջ գտնվող), բուժանձնակազմն ստանում էին հոգևոր սնունդ՝ Ս. Հաղորդությամբ և Ավետարանի քարոզով:

7. Եկեղեցին կառուցվում և օծվում է որպես Աստծո տուն։ Այնտեղ Ս. Պատարագի մատուցման դադարեցումը տվյալ վայրից Աստծո օրհնության ու շնորհի հոսքի կասեցում է։ Աղոթքի ու Պատարագի բացակայությունը եկեղեցին դարձնում է հոգևորապես անպաշտպան:

8. Հայ զինվորը հաղթել է նաև հավատով: Մեր նորագույն պատմության մեջ Շուշիի անառիկ բերդի ազատագրումը խաչը մեջքին կրող հայ զինվորականների կողմից եղավ նաև Աստծու շնորհով, հոգևորականի օրհնությամբ և աղոթքով:

9. Հոգևորականը պատերազմի արհավիրքներից հետո օգնել է զինվորին՝ վերադառնալու բնականոն կյանքին և հաղթահարելու հետպատերազմյան սինդրոմը:

10. Բանակում հոգևորականի բացակայությունը, որպես կանոն, հանգեցնում է ինքնասպանությունների, բարոյալքման և կարգապահական խնդիրների աճի։

11. Բանակում հոգևորականն այն անձն էր, որ կարողանում էր սփոփել, աղոթքով, հուղարկավորության կամ բժշկության կարգերով մխիթարել զոհվածների կամ վիրավորների հարազատներին։

Այսպիսով՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումը ոչ թե առաջադիմություն է, այլ հոգևոր ճակատում ռազմավարական միտումնավոր կամ անգիտակից սխալ, որը խոցելի է դարձնում մեր զինվորի հոգևոր զրահը։

ՊՆ-ի՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումից հետո բանակում հաստատվել է հոգևոր ծառայության նոր նախօրինակ, ըստ որի՝ գնդերեց հոգևորականները փոխարինվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ Բարոյահոգեբանական ապահովման (ԲՀԱ) վարչությանը ենթակա հաստիքային սպաներով: Երևույթը հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել, թե իրականում ի՛նչ փոփոխության է ենթարկվել Հայոց բանակում հոգևոր սպասավորությունը, և ի՛նչ նորամուծություն է առաջարկվել ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության դիմաց:

1. Եթե մինչ լուծարումը գնդերեցը բանակում կոչումով հոգևորական՝ քահանա կամ սարկավագ էր, ապա այսուհետ սպա է, որ բնավ կարող է հոգևորական չլինել: Դրանով դուռ է բացվում տարատեսակ եկեղեցատյաց և կրոնական բնույթ կրող տարրերի ներթափանցման համար:

2. Եթե մինչ լուծարումը գնդերեցը բանակում հոգևոր աստիճան ուներ, ապա այսուհետ նա բացառապես զինվորական է: Քահանաներ այլևս չեն լինի, իսկ սարկավագներին կտրելու են Մայր Եկեղեցու ենթակայությունից:

3. Եթե մինչ լուծարումը գնդերեցն ուներ երկակի ենթակայություն՝ Մայր Եկեղեցուն և ՊՆ-ին, ապա այսուհետ՝ միայն բանակին:

4. Եթե մինչ լուծարումը գնդերեցը կրում էր հոգևոր զգեստ, չէր կրում զենք, ապա այսուհետ պարտավոր է կրել զինվորական համազգեստ, անհրաժեշտության դեպքում՝ քայլել շարային քայլքով:

5. Եթե մինչ լուծարումը գնդերեցը հոգևոր հայր և Եկեղեցու սպասավոր էր, ապա այսուհետ՝ բարոյահոգեբանական մասնագետ:

6. Եթե մինչ լուծարումը գնդերեցը Եկեղեցու կողմից էր առաջադրվում, ապա այսուհետ նշանակվելու է ՊՆ-ի կողմից:

7. Եթե մինչ լուծարումը գնդերեցը միաժամանակ ենթակա էր զորամասի հրամանատարին և ԶՈՒ-ի հոգևոր առաջնորդին, ինչը նշանակում էր, որ հրամանատարը հակաեկեղեցական որոշումով չէր կարող նրան դնել անելանելի վիճակի մեջ, ապա այսուհետ այդ հակակշիռը վերանում է, և նա դառնում է հրաման կատարող անձ։

8. Դառնալով սպա՝ հոգևորականն այլևս չի կարող առարկել հրամանատարին, եթե վերջինս արձակի հոգեկորուստ կամ հակաեկեղեցական հրամաններ։

9. Հոգևորականն ստիպված է լինելու մասնակցել զինվորական վարժանքների, ինչը հեռացնում է նրան իր բուն հոգևոր առաքելությունից։

10. Գնդերեց հոգևորականների հիմնական առաքելությունը բանակում հոգեփրկչական էր, իսկ այսուհետ այդ ծառայությունը սահմանափակվելու է զուտ բարոյահոգեբանական դաստիարակությամբ, որն արդեն առկա էր ի դեմս ԲՀԱ սպաների ու սպա հոգեբանների ծառայության:

11. Հոգևորականի դերը հոգևոր հորից վերածվում է բարոյահոգեբանական աջակցի։ Սա զրկում է զինվորին խոստովանության և հոգևոր խորհուրդների այն անկախ հարթակից, որը չէր վերահսկվում հրամանատարության կողմից։ Զինվորն այլևս չի ունենալու հոգևոր հայր, որին կարող է խոստովանել և վստահել իր անձնական գաղտնիքները՝ առանց վախենալու այդ հարցերում հրամանատարության վերահսկողությունից։

12. Զինվորը բանակում կունենա ոչ թե հոգևոր հայր, այլ սպայական կոչումով «կրոնական աշխատող», որը պարտավոր է հնազանդվել ոչ թե Աստծուն և իր ուխտին, այլ վերադասի՝ սպայի հրամանին։

13. Զորամասերի և զինվորական հոսպիտալների եկեղեցիներն ու մատուռները փաստացի զրկվում են կանոնավոր հոգևոր սպասավորությունից՝ Պատարագներից, ժամերգություններից, զինվորական ու ռազմաբշժկական անձնակազմերին և բուժառուներին Ս. Հաղորդության բաշխումից, Ս. Մկրտության արարողություններից:

14. Բանակում այլևս մկրտություն անցկացնող հոգևորական չի լինի, որը կարևոր դեր ուներ հատկապես մարտական իրավիճակներում:

15. Հոգևոր սպասավորության կուռ համակարգից դուրս են մղվում 20 և ավելի տարվա փորձ ունեցող, պատերազմների թոհուբոհում թրծված գնդերեց հոգևորականներ:

16. Առանց Եկեղեցու՝ նոր «գնդերեցները» կարող են քարոզել Առաքելական Եկեղեցու դավանանքին հակասող դրույթներ, հակաեկեղեցական օրակարգեր՝ հրամանին չենթարկվելու վախից դրդված կամ հենց նման գաղափարների կրող լինելով:

17. Նորամուծ «գնդերեցը» լինելու է Եկեղեցու նվիրապետությունից կտրված, Աստծո խոսքը կրող նախկին բազմափորձ հոգևորականն իր տեղը զիջելու է պարզապես «հոգևոր կրթությամբ մասնագետի», որն առաջնորդվելու է վարչական հրահանգներով։

18. Պատերազմի արհավիրքների միջով անցած զինվորականին առաջարկվելու է հոգեբանական դասախոսություն, այնինչ նրան ավելի անհրաժեշտ են սփոփող Աստծո Սուրբ Հոգու մխիթարությունը, աղոթքը, հավատքի ամրությունը, հոգևոր խնամքը, խոստովանությունը, թողությունը հոգևորականի կողմից։ Այս որոշմամբ՝ բանակից հեռացվել են հոգևորականներ, որոնք տասնամյակներ շարունակ Աստծո շնորհով հոգևոր բժշկություն են պարգևել զինծառայողին։
Այսքանից հետո եզրակացությունը թողնում եմ ընթերցողին՝ արդյո՞ք սա «բարեփոխում» է, թե՞ Եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության վերացում բանակից։

Հոգևորականը դադարում է լինել հոգևորական, Եկեղեցու հոգևոր պատվիրակը բանակում վերածվում է պետական կառավարելի պաշտոնյայի։ Այլ կերպ ասած՝ Զինված ուժերը դուրս է բերվում Եկեղեցու հոգևոր ներգործության դաշտից։ Կազմալուծված ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության ծառայակիցների գնահատմամբ՝ սա ոչ թե բարեփոխում է, այլ Եկեղեցուն բանակից «վտարելու» և նորամուծ «գնդերեցներին» հրամկազմի կամակատար դարձնելու գործընթաց։ Զինվորականացված «գնդերեցը» զրկվում է Աստծո և Եկեղեցու անունից ազատ խոսելու իրավունքից և դառնում հրամաններ կատարող։

Սամվել դպիր Գրիգորյան
Տ. Տրդատ քահանա Գևորգյան (նախկին գնդերեց)