Նադաբ և Աբիուդ. մեղավորնե՞ր, թե՞ մեծագույն մարդիկ
Նադաբի և Աբիուդի պատմությունը սուրբգրային ամենախրթին և հակասական դրվագներից է։ Երկու քահանաները, որոնք ընտրված էին ծառայելու Վկայության խորանում, հանկարծամահ են լինում հենց Տիրոջ առաջ։ Հարց է առաջանում, թե ինչո՛ւ է պատիժն այսքան կտրուկ և ինչո՛ւ հենց կրակով։ Պատմությունն այս դեպքում լուռ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև իր հերոսներով։ Քահանաների հայրը՝ Ահարոնը, լռում է, իսկ Մովսեսը ոչ թե սգում է, այլ եղբորն ուղղված մխիթարիչ խոսքերով պարզաբանում տեղի ունեցածը։ Այս հակադրությունն էլ ավելի է խորացնում այն հարցը, թե արդյոք Նադաբն ու Աբիուդը սուրբգրային պատմության մեջ հերթական մեղավորներ են, թե՞ նրանց արարքի մեջ կար արտառոց մի բան, որն առանձնացնում է նրանց մնացյալ կերպարներից։ Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն վերջիններիս արարքը, այլև հոգևոր այն միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այդ ամենը։
Նադաբն ու Աբիուդը Ահարոնի ավագ որդիներին էին, Նադաբն անդրանիկն էր (Թվեր 3։2)։ Առաջինի անունը եբրայերենում ունի հետևյալ իմաստները՝ «պատրաստակամ», «առատաձեռն», «ազնիվ», իսկ երկրորդինը՝ «փառքի հայր» կամ «իմ հայրը փառք է»։ Վերջիններս սրբագործված էին քահանայագործելու համար, սակայն Սինայի անապատում օտար կրակ մատուցեցին Տիրոջը և քանի որ «զավակներ չունեին, իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը» (Թվեր 3։4):
Հրեական շաբաթական ընթերցումների շարքում հետաքրքրական այս հատվածը զետեղված է Շմինի խմբում (Ղևտ. 9:1—11:47), որի համապատասխան զույգը, հրեա մեկնիչների բացատրությամբ, Կի տիսա խումբն է Ելից գրքում (30:11—34:35): Երկուսի դեպքում էլ ականատես ենք լինում հոգևոր մեծագույն ճգնաժամի, երբ քահանաները չեն կատարում Մովսեսի հրահանգները: Ահարոնի և նրա որդիների օծումից հետո Մովսեսը կարգադրել էր. «Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ» (Ղևտ. 8:33): Մովսեսը քահանաներին ուղղած իր խոսքում մշտապես կրկնում է հետևյալ արտահայտությունը. «Այդպես է ինձ պատվիրել Տերը»։ Այս ամենից որոշ մեկնիչներ եզրակացնում են՝ քահանաներն ունեցել են դժգոհություններ, որ փաստվում է Ղևտ. 8:36 համարով. «Ահարոնն ու նրա որդիներն արեցին» (եբրայերեն բնագրում «արեցին» ի փոխարեն «արեց» է), այսինքն՝ Մովսեսի հրահանգները, «ինչ որ Տերը պատվիրել էր», հոժարությամբ կատարեց միայն Ահարոնը։ Հասկանալի է, որ ինչպես ոսկե հորթի պարագայում Ահարոնը, այս դեպքում քահանաները ևս ինքնուրույն գործելու հակումներ են դրսևորում՝ առանց համաձայնեցնելու իրենց գործողությունները Մովսեսի հետ: Ահա նախևառաջ այս տրամաբանությամբ է անհրաժեշտ դիտարկել Նադաբի և Աբիուդի գործողությունները:
Նադաբի և Աբիուդի արարքը։ Վկայության խորանի կառուցումը հոգևոր մեծ վերելք հաղորդեց ամբողջ հրեա ազգին՝ դառնալով օրհնության նվիրական աղբյուր։ Սա եղավ՝ շնորհիվ ժողովրդի և Աստծո միջև վերականգնված կապի, որն առավել խզվել էր ոսկե հորթի ստեղծման պատճառով։ Ղևտ. 9 րդ գլխում, որտեղ խոսվում է քահանայության համար մատուցվող անդրանիկ զոհաբերությունների մասին, նշվում է, որ Տիրոջ փառքը երևում է ժողովրդին, և «Տիրոջ կողմից կրակ եկավ ու կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր» (9։24)։ Երկնքից իջած կրակը վկայում է ժողովրդի անձնուրաց աշխատանքը՝ Բարձրյալի համար ստեղծելու այնպիսի «բնակավայր», որի շնորհիվ աստվածային ներկայությունը մշտապես կբնակվեր հրեա ժողովրդի մեջ: Իրավիճակը, սակայն, անսպասելիորեն վերափոխվում է Ահարոնի սերնդի երկու ականավոր դեմքերի՝ Նադաբի և Աբիուդի մահվան պատճառով: Այս ողբերգությունը ժողովրդին բացահայտեց Վկայության խորանի ևս մեկ առանձնահատկություն. գտնվել այն վայրում, որտեղ աստվածային ներկայությունն է, և պահանջում է զգոնության և պատասխանատվության մեծագույն գզացում:
Սուրբ Գրքի առաջին իսկ էջերից ականատես ենք լինում զոհաբերությանն առնչվող բազմապիսի դրվագների, հետագայում նաև զոհաբերության առանձին տեսակների ու դրանց կատարման ձևերի ի հայտ գալուն։ Նկատելի է, որ երբ խոսվում է զոհաբերության կամ դրա որևէ նոր տեսակի մասին, Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է օրինակներ, երբ միևնույն զոհաբերությունը և՛ ընդունվում, և՛ մերժվում է Տիրոջ կողմից։ Ասվածի լավագույն օրինակը Ծննդոց 4 րդ գլխում է՝ Աբելի և Կայենի պատմությունը։ Ըստ այսմ՝ պետք է շեշտել կարևոր մի հանգամանք. թե՛ Վկայության խորանի, և թե՛, առհասարակ, ցանկացած զոհաբերության արժեք մեծապես կախված է զոհ մատուցողի ուշադրությունից, զգոնությունից և իր առջև դրված պարտականությունների կատարման հանդեպ ունեցած պատասխանատվությունից։ Ավելին՝ այս պատմությունը կարևոր նախազգուշացում է այն մասին, որ չպետք է թույլ տալ՝ անձնական քմահաճույքները որոշեն մեր «պաշտամունքային» հարաբերությունները Աստծո հետ։ Միևնույն ժամանակ սխալ կլինի Նադաբի և Աբիուդի արարքը դիտարկել միայն որպես պարզ անհնազանդություն։ Որոշ մեկնաբանությունների համաձայն՝ նրանց գործողությունն ընկալվում է իբրև մեծագույն քայլ, Աստծուն առավել մոտ լինելու ձգտում։ Նադաբը և Աբիուդն իրենց այս քայլով դիմեցին լրջագույն զոհողության, այն է՝ մարդկային զոհաբերության, որը նորաստեղծ Վկայության խորանի պատմության մեջ մնաց իբրև բացառիկ ու դժվարըմբռնելի մի իրողություն։
Համաձայն սուրբգրային պատումի՝ Նադաբն ու Աբիուդը, բուրվառներ վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, խունկ գցեցին և ապա Տիրոջ առջև օտար կրակ մատուցեցին, որը, սակայն, Աստված նրանց չէր պատվիրել։ Այս գործողության հետևանքը լինում է վերջիններիս մահը. երկնքից իջած կրակը կլանում է նրանց և սպանում։ Հաջորդիվ Մովսեսը պատվիրում է դուրս տանել նրանց մարմինները բանակատեղիից։
Բուրվառները, որոնք օգտագործեցին Նադաբն ու Աբիուդը, ամենայն հավանականությամբ, մետաղական ամաններ էին՝ երկար բռնակներով, որոնք կարող էին կիրառվել նաև այրվող ածուխները հավաքելու համար։ Նրանք չվերցրին քահանայության համար կատարված անդրանիկ զոհաբերություններից մնացած կրակից, փոխարենը նոր կրակ վառեցին և լցրին այրվող ածուխներն իրենց բուրվառների մեջ՝ այս կերպ թույլ տալով մեծագույն սխալ։ Այդ պատճառով է ասվում. «Տիրոջ առջև անվավեր (եբրայերեն տեքստում «անվավեր» բառին փոխարինում է «օտար» բառը) կրակ մատուցեցին» (Ղևտ. 10։1)։ Նադաբն ու Աբիուդն այս դեպքում գործեցին ինքնուրույն և չխորհրդակցեցին իրենց հորեղբոր՝ Մովսեսի հետ։ Վերջիններս կրակ վառելու իրենց սեփական նախաձեռնությանը կարծես ավելի մեծ նշանակություն տվեցին և նույնիսկ եթե մտադիր էլ չէին ստորադասել Աստծո պարգևը (կրակը) և ներկայացնել այն երկրորդական իրենց արածի համեմատ, այդուհանդերձ ժողովուրդը, որն ակնածանքով էր վերաբերվում նրանց, դա հենց այդպես էլ կարող էր ընկալել։
Կատարվածից հետո Մովսեսը դիմում է Ահարոնին՝ ասելով. «Այս ասաց Տերը. «Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ Իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ»» (Ղևտ. 10։3)։ Ընթերցողի համար, անշուշտ, զարմանալի են թե՛ Տիրոջ գովասանքի խոսքը՝ «Ինձ մերձեցողներ», և թե՛ Մովսեսի ու Ահարոնի պահվածքները։ Մովսեսի համար կարծես ամեն ինչ կարգին է, չկա արտառոց որևէ բան, քանի որ նա նախապես զգուշացրել էր քահանաներին անել միայն այն, ինչ իր միջոցով կպատվիրի Տերը։ Ավելին՝ նա նույնիսկ չի քննարկում կատարվածը և չի դատապարտում իր եղբորորդիների արարքը։ Հայտնի միդրաշներից մեկում կարդում ենք Մովսեսի և Ահարոնի հետևյալ երկխոսությունը. «Ահարո՛ն, իմ եղբայր, ես գիտեի, որ Տունը սրբագործվելու է մերձավորների միջոցով (Աստծուն մոտ գտնվողների), և կարծում էի, որ դա կլինի կա՛մ իմ միջոցով, կա՛մ քո միջոցով։ Այժմ տեսնում եմ, որ նրանք (քո որդիները) գերազանցում են և՛ ինձ, և՛ քեզ»։ Մովսեսն այս կերպ մխիթարում է Ահարոնին՝ միաժամանակ փորձելով պարզաբանել եղելությունը. «Եվ Ահարոնի սիրտը կսկծաց» (Ղևտ. 10։3)։ Ահարոնը չգիտի, թե ինչ պատասխանի Մովսեսին, այդ իսկ պատճառով լռությամբ ընդունում է Տիրոջ դատավճիռը։ Նա իր լռությամբ հակադրվում է այն աղաղակներին, որոնք սովորաբար հնչում են նմանօրինակ ողբերգությունների ժամանակ։ Այս կերպ նա ցույց է տալիս իր վճռականությունը՝ պահպանելու այն սկզբունքը, թե զոհաբերություն կատարող քահանան չպետք է տրվի սեփական զգացումներին։
Որոշ ուսումնասիրողներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նադաբի և Աբիուդի մահվան պատմությունից անմիջապես հետո Սուրբ Գիրքը խոսում է այն մասին, որ քահանաներին արգելվում է ծառայություն մատուցել Վկայության խորանում, եթե նրանք օգտագործել են գինի կամ ոգելից այլ խմիչքներ։ Դրանից եզրակացվում է, որ Նադաբի և Աբիուդի մեղքը հենց այդ էր, այն է՝ նրանք Վկայության խորան էին մտել հարբած վիճակում։ Սակայն ինքնին դժվար է ենթադրել, որ այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Նադաբն ու Աբիուդը, կարող էին հարբած վիճակում լինել Վկայության խորանում ծառայության հենց առաջին օրը։ Ավելին՝ հավանական է, որ բնագիրն այստեղ այլ նպատակ ունի. ցույց տալ, որ Ահարոնի որդիներն ավելի շատ առաջնորդվում էին զգացմունքներով, քան բանականությամբ։
Հրեա ռաբբիներից մեկի պնդմամբ՝ Ահարոնի որդիների մահվան պատճառն այն է, որ նրանք չցանկացան դիմել ո՛չ Մովսեսին, ո՛չ էլ իրենց հորը՝ կարծելով, թե կարող են ավելի լավ առաջնորդել ժողովրդին։ Ըստ երևույթին՝ նրանց քայլը սխալ չէր, քանի որ Ղևտ. 1։7 ում Աստված պատվիրում է Մովսեսին. «Քահանաները՝ Ահարոնի որդիները, զոհասեղանի վրա կրակ թող դնեն և կրակի վրա փայտ դիզեն»։ Եվ նրանք հետևեցին այս պատվիրանին, սակայն արեցին դա՝ որոշում կայացնելով Մովսեսի ներկայությամբ՝ կարծես իրենց ուսուցչի փոխարեն։ Այդ պատճառով է ասվում՝ «անվավեր կրակ մատուցեցին, որը Տերը չէր պատվիրել նրանց» (Ղևտ. 10։1), այլ պատվիրել էր Մովսեսին։ Հրեա իմաստունների մեկնաբանությամբ՝ խոցվեցին միայն Նադաբի և Աբիուդի հոգիները, իսկ նրանց մարմինները մնացին անվնաս։ Կրակը դուրս եկավ Սրբարանից, ինչպես երկու բարակ թել, մտավ նրանց քթանցքներով և ներսից խոցեց նրանց։
Հաջորդիվ Մովսեսը կանչում է Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսադայիին ու Եղիսափանին, և կարգադրում տանել իրենց եղբայրներին բանակատեղիից դուրս։ Եթե Ահարոնն ու նրա որդիները՝ Եղիազարն ու Իթամարը, դիպչեին դիակներին, կդառնային անմաքուր և չէին կարողանա ծառայություն մատուցել Վկայության խորանում։ Այդ իսկ պատճառով էլ Մովսեսը դիմում է Միսադայիին և Եղիսափանին։ Եթե հոգևոր վերնախավը, հատկապես այն պահին, երբ կոչված է ներկայացնելու ազգն Աստծո առաջ կատարյալ միասնության վիճակում, մահվան արժանի մեղք է գործում, ապա նրանց մեղքը դառնում է ամբողջ ազգի մեղքը, իսկ նրանց մահը՝ ազգային աղետ։
Այս պատմության գրեթե բոլոր մեկնաբանությունները բացասական կերպով են անդրադառնում Նադաբի ու Աբիուդի արարքին և խստորեն դատապարտում վերջիններիս։ Այս արվում է, սակայն, որևէ մեկին նմանատիպ քայլից զերծ պահելու նպատակով։ Այն, ինչ արեցին Նադաբն ու Աբիուդը, թույլատրելի էր միայն իրենց և նախատեսված էր միայն ու միայն իրենց համար, իսկ մնացյալ բոլոր պարագաներում այդ անելը խստագույնս արգելված է։ Ասվածի ապացույցը Թվեր 16 րդ գլուխն է, որտեղ ներկայացվում է Մովսեսի և Ահարոնի դեմ Կորխի, Դաթանի ու Աբիրոնի ապստամբությունը։ 250 մարդիկ, որոնք հարել էին այս երեքին, իրենց բուրվառներով պիտի խունկ մատուցեին Տիրոջը՝ Վկայության խորանի դռանը կանգնած, սակայն «Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում» (Թվեր 16։35)։ Այս մարդիկ ցանկանում էին նմանվել Նադաբին ու Աբիուդին, բայց չէին գիտակցում, որ երկու եղբայրների արարքն ընդօրինակելի չէ։ Որքան էլ որ անտրամաբանական հնչի, Նադաբի և Աբիուդի քայլը ենթակա չէ կրկնության, սակայն նման միտք և գիտակցում ունենալը, այն է՝ սեփական անձը զոհել Տիրոջ փառքի համար, գովելի է Աստծո աչքին։ Այդ է պատճառը, որ մեծագույն այս մարդկանց մահը պիտի սգար ողջ Իսրայելը. «Տիրոջ կողմից այրվածների համար թող ողբան ձեր եղբայրները և Իսրայելի ողջ տունը» (Ղևտ. 10։6)։
Նադաբի և Աբիուդի պատմությունը դժվար է եզրափակել միայն «մեղք—պատիժ» պատճառահետևանքային շրջանակում։ Նրանց արարքը մի կողմից զանցանք է, մյուս կողմից՝ Աստծուն առավել մերձենալու «մահացու» քայլ։ Հինկտակարանյան տրամաբանությամբ այս երկակիությունը պատահական չէ։ Որքան մեծ է մարդու կոչումը, այնքան ավելի խիստ են նրա նկատմամբ դրված պահանջները։ Այն, ինչ կարող է աննշան թվալ սովորական մարդու պարագայում, Աստծուն մոտ կանգնածների համար դառնում է ճակատագրական սխալ։ Աստված հաշիվ է պահանջում արդարներից նույնիսկ ամենափոքր սխալների համար, անգամ այնպիսիների, որոնք մազից էլ բարակ են։ Երբ Աստված ցույց է տալիս, թե որքան խիստ է վերաբերվում արդարների նկատմամբ, ժողովուրդն ավելի է զգուշանում և հարգանքով վերաբերվում քահանաներին, որոնք Տիրոջը ծառայություն մատուցելիս պետք է լիովին նվիրվեն Նրան, իրենց մտքերը մշտապես մաքուր պահեն, իսկ գործողությունները՝ կատարված առավելագույն ճշտությամբ։ Այս իմաստով՝ Նադաբն ու Աբիուդը չեն կարող ընկալվել միայն իբրև պարզ մեղավորներ։ Նրանց պատմությունը վկայում է այն մասին, թե ինչ գին կարող է արժենալ Աստծուն մոտենալու մեծագույն ցանկությունը։
Հետևաբար՝ նրանց վերաբերյալ հնչող հարցը՝ հերթական մեղավորնե՞ր, թե՞ մեծագույն մարդիկ, չի սահմանափակվում պարզ բացատրությամբ։ Նրանք եղան այնպիսի մարդիկ, որոնց մեծությունը բացահայտվեց հենց իրենց անկմամբ։
Գագիկ սրկ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արմենակ ԱՌԱՔԵԼՅԱՆ