Հին Կտակարանը և հրեական փիլիսոփայությունը

Հին Կտակարանը (հայտնի՝ Եբրայական Աստվածաշունչ կամ Թանախ) կենտրոնական դեր է խաղացել հրեական փիլիսոփայական մտքի ձևավորման հարցում: Այն ծառայել է ոչ միայն որպես կրոնական բնագիր, այլև էթիկական, բարոյական և փիլիսոփայական մտորումների աղբյուր:

Հրեական մտածողության վրա մեծ է եղել մասնավորապես մեկ Աստծո գաղափարի ազդեցությունը, այն պարագայում, երբ հին աշխարհի և՛ մշակույթը, և՛ փիլիսոփայությունը մեծ մասամբ ընկղմված էին հեթանոսական, դիցաբանական համակարգերի մեջ: Սակայն նկատելի է նաև, որ հրեա մտածողները, հավատարիմ լինելով Հին Կտակարանին, ինչ որ չափով կրել են նաև հեթանոսական փիլիսոփայական մտքի ազդեցությունը։ Դիցուք՝ Փիլոն Ալեքսանդրացին աստվածաշնչյան պատմությունները մեկնաբանում էր խորհրդանշականորեն և դրանք կապում հունական փիլիսոփայական հասկացությունների հետ, ինչպիսիք են լոգոսը կամ աստվածային բանականությունը: Ավելի ուշ Մովսես Մայմոնիդեսը փորձեց համաձայնեցնել Արիստոտելի փիլիսոփայությունը Թորայի ուսմունքների հետ:
Չնայած արտաքին ազդեցություններին՝ հրեական փիլիսոփայությունը միշտ վերադառնում էր Հին Կտակարանի կենտրոնական ուսմունքներին՝ հավատը մեկ Աստծո նկատմամբ, բարոյական պատասխանատվությունը, արդարությունը և իմաստության ձգտումը:

Միաստվածություն: Հին Կտակարանի ամենակարևոր գաղափարներից մեկը միաստվածությունն է։ Այս համոզմունքը հստակ արտահայտված է Երկրորդ Օրենք 6:4 ում. «Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը»: Այս համարը դարձավ հրեական աստվածաբանության և փիլիսոփայության հիմքերից մեկը: Ընդ որում՝ հրեա մտածողներն Աստծուն ընկալում էին ոչ թե որպես բնության մասի, այլ տիեզերքի ստեղծողի ու կառավարչի: Բացի այդ՝ Ծննդոց գրքում արարչագործության պատմությունն աշխարհը ներկայացնում է ստեղծված կարգուկանոնով. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1:1)։ Այս համարը ձևավորեց հրեական փիլիսոփայական համոզմունքը, որ տիեզերքը ռացիոնալ և իմաստալից է, այլ ոչ թե քաոսային կամ պատահական: Հետագայում այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Փիլոն Ալեքսանդրացին և Մայմոնիդեսը, պնդում էին, որ արարչագործությունն արտացոլում է աստվածային իմաստությունն ու բանականությունը:
Հին Կտակարանը նաև սովորեցնում է, որ մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով. «Մարդ ստեղծենք՝ ըստ մեր պատկերի և նմանության.... Եվ Աստված, ըստ Իր պատկերի, ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծո պատկերի՝ ստեղծեց նրան» (Ծննդ. 1։26, 27)։

Այս գաղափարը մեծ ազդեցություն ունեցավ հրեական բարոյագիտության վրա, քանի որ հաստատում էր յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու արժեքը։ Փիլիսոփաները այս համարը մեկնաբանեցին որպես ապացույց այն բանի, որ մարդիկ ունեն բանականություն, բարոյական պատասխանատվություն և հոգևոր արժեք։
Բարոյական օրենք և արդարադատություն։ Թորան Աստծուն ներկայացնում է ոչ միայն որպես Արարչի, այլև Օրենսդրի, որ սահմանում է մարդկային կյանքի բարոյական սկզբունքները։ Տասը պատվիրանները դարձան հրեական բարոյական փիլիսոփայության և հասարակական կյանքի հիմքը։

Օրինակ՝ Ելք գրքի 20 րդ գլուխը պարունակում է այնպիսի պատվիրաններ, ինչպիսիք են՝ մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր քո մերձավորի դեմ։

Այս պատվիրանները սովորեցնում էին, որ բարոյականությունը հիմնված է աստվածային արդարադատության վրա և վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Հրեա փիլիսոփաներն օրենքը դիտարկում էին որպես կանոնների ամբողջություն և այն համարում անհատների և հասարակության միջև արդարության ու ներդաշնակության ուղի։

Հին Կտակարանի մարգարեները նույնպես շեշտում էին արդարադատությունն ու կարեկցանքը։ Ամոս մարգարեն դատապարտում է սոցիալական անհավասարությունը՝ հայտարարելով. «Թող հորդի արդարադատությունը ջրի պես, և արդարությունը՝ անհուն հեղեղի պես» (Ամոս 5։24)։

Նմանապես՝ Միքիա մարգարեն բարոյական պատասխանատվությունն ամփոփեց հետևյալ խոսքերով. «Ի՞նչ է Տերը պահանջում քեզանից. արդարություն գործել, սիրել ողորմությունը և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծո հետևից գնալու» (Միքիա 6։8)։

Այս ուսմունքներն ուժեղ ազդեցություն թողեցին հրեական էթիկական փիլիսոփայության վրա՝ ընդգծելով, որ ճշմարիտ կրոնը պետք է կապված լինի ոչ միայն ծեսերի, այլև արդարության, ողորմության և բարոյական վարքի հետ։

Իմաստությունը և կյանքի իմաստը: Հին Կտակարանի իմաստասիրական գրքերը նույնպես խոր ազդեցություն ունեցան փիլիսոփայական մտորումների վրա։ Առակաց գիրքն իմաստությունը կապում է բարոյականության և Աստծո հանդեպ երկյուղի հետ. «Տիրոջ վախը իմաստության սկիզբն է» (Առակ. 9։10)։

Հրեա մտածողներն իմաստությունը մեկնաբանում էին որպես աստվածային պարգև և մարդկային ձգտում։ Այս առումով Ժողովողի գիրքն առաջ է քաշում ավելի փիլիսոփայական և գոյաբանական թեմաներ։ Այն հարցականի տակ է դնում կյանքի իմաստը և աշխարհիկ հաջողության ժամանակավոր բնույթը. «Ունայնություն ունայնությունների, ամեն ինչ ունայն է» (Ժող. 1։2)։

Այս հայտարարությունն արտացոլում է խոր մտորումներ մահկանացության և մարդկային սահմանափակումների վերաբերյալ։ Ժողովողը սովորեցնում է, որ միայն նյութական նվաճումները չեն կարող ապահովել երկարատև իմաստ՝ խրախուսելով խոնարհությունը և հոգևոր գիտակցությունը։ Իսկ տառապանքի խնդիրն ամենահզոր կերպով ուսումնասիրվում է Հոբի գրքում։ Հոբը, Աստծուց վկայված լինելով իբրև արդար, շատ է տառապում՝ չնայած Աստծո հանդեպ իր հավատարմությանը. «Տերը տվեց, և Տերը վերցրեց. թող գովաբանվի Տիրոջ անունը» (Հոբ 1:21)։

Հրեա փիլիսոփաները հաճախ խորհրդածում էին Հոբի մասին, երբ քննարկում էին աստվածային արդարադատության և մարդկային տառապանքի միջև եղած կապը: Գիրքը դարձավ կարևոր հիմք նաև թեոդիցիական քննարկումների համար։

Մահ և հանդերձյալ կյանք։ Հին Կտակարանը մեծ ազդեցություն է ունեցել նաև մահվան, հոգու և հանդերձյալ կյանքի մասին հրեական փիլիսոփայական պատկերացումների վրա: Ի տարբերություն որոշ հին կրոնների, որոնք մանրամասն նկարագրում էին հանդերձյալ կյանքը, Աստվածաշունչը մահվան մասին խոսում է ավելի բարդ և երբեմն խորհրդանշական լեզվով: Հրեա փիլիսոփաները հետագայում մեկնաբանել են աստվածաշնչյան այս պատկերացումները և մշակել ավելի խոր ուսմունքներ հոգու անմահության, աստվածային դատաստանի և հավերժական կյանքի մասին:

Հին Կտակարանի ամենավաղ գրքերում մահը հաճախ ներկայացվում է որպես մարդկային գոյության բնական մաս: «Ծննդոց» ում Ադամի և Եվայի՝ Աստծուն չհնազանդվելուց հետո մահը դառնում է մարդկային կյանքի տրամաբանական վախճանը. «Քանի որ հող ես, հողը էլ դառնաս» (Ծննդ. 3:19)։ Այս համարը շեշտում է մարդու մահկանացու լինելը և երկրային կյանքի ժամանակավոր բնույթը: Սրանով հանդերձ՝ Հին Կտակարանը ներմուծում է նաև այն գաղափարը, որ կյանքն ու մահը կապված են բարոյական պատասխանատվության հետ: Երկրորդ Օրենքում Աստված ժողովրդին ասում է. «Ես ձեր առջև դրել եմ կյանքը և մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրիր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Բ Օր. 30։19)։

Վստահաբար, հատվածի խոր ընթերցման դեպքում օրհնությունը և կյանքը դադարում են ունենալ միայն երկրային նշանակություն։
Հին Կտակարանի շատ հատվածներում մահացածները նկարագրվում են որպես շեոլ՝ լռության և խավարի ստվերոտ վայր գնացողներ: Օրինակ՝ Ժողովողը նշում է. «Մեռյալները ոչինչ չգիտեն» (Ժող. 9։5)։

Մահվան մասին վաղաստվածաշնչյան ըմբռնումը դեռևս չէր պարունակում երկնքի կամ դժոխքի լիովին մշակված ուսմունք: Այնուամենայնիվ, հրեա փիլիսոփաները հետագայում փորձեցին բացատրել, թե արդյո՞ք շեոլը խորհրդանշում է Աստծուց հոգևոր բաժանումը, թե՞ պարզապես գերեզմանը: Այս առումով կարևոր է Սաղմոսաց գրքի հետևյալ հատվածը. «Որովհետև դու չես թողնի իմ անձը մեռյալների աշխարհում» (Սաղմ. 16։10)։

Այս հատվածը կարևոր հիմք դարձավ փիլիսոփաների և աստվածաբանների համար, որոնք հավատում էին հոգու անմահությանը:

Հարություն և հավերժական կյանք։ Հինկտակարանյան հաջորդ գրքերում նույնպես գտնում ենք մարգարեական դրվագներ հարության և հետմահու կյանքի մասին. «Երկրի հողում ննջեցյալներից շատերը կարթնանան. ոմանք՝ հավիտենական կյանքի համար, ոմանք՝ ամոթի և հավիտենական նախատինքի համար» (Դան. 12։2)։
Այս հատվածը ժամանակի հրեական մտածողություն ներմուծեց այն համոզմունքը, որ մահը մարդկային գոյության վերջնակետը չէ: Այն ենթադրում է աստվածային դատաստան և հավիտենական կյանքի հնարավորություն։

Հին Կտակարանի և հունական փիլիսոփայության ազդեցությամբ՝ հրեա հայտնի փիլիսոփաներից Փիլոն Ալեքսանդրացին հավատում էր, որ հոգին անմահ է, և մահվամբ հոգին ազատվում է մարմնի սահմանափակումներից: Նա խորհրդանշականորեն մեկնաբանում էր աստվածաշնչյան պատմությունները և պնդում, որ արդար հոգին մահից հետո վերադառնում է Աստծո մոտ. «Մարմինը հոգու բանտն է»։ Այս գաղափարն արտացոլվում էր ինչպես պլատոնական փիլիսոփայության, այնպես էլ հրեական մտածողության մեջ։

Ամենաազդեցիկ հրեա փիլիսոփա Մայմոնիդեսը նույնպես հավատում էր, որ անմահությունն է հրաշքներից ամենամեծը։ Սա Աստծո ամենաբարձր ու հավերժական պարգևն է, որը տեղի կունենա Արարչի կամքով՝ Մեսիայի գալուստից հետո։

Մայմոնիդեսը, հարության հավատը ներառելով իր «Հավատի տասներեք սկզբունքներ» հայտնի շարքում, գրում է. «Արդարների պարգևն այն է, որ նրանք կարժանանան և կհասնեն այն երանելի կյանքին (գալիք աշխարհին)»։

Հին Կտակարանը հրեական մտքում ձևավորում է նաև մահվան հանդեպ մարդու յուրահատուկ՝ էթիկական վերաբերմունք։ Մարդն Աստծուց շնորհ է խնդրում, որ իմանա իր կյանքի ժամանակը և իր կյանքի օրերը հաշվելով ապրի. «Ասա՛ ինձ սակավությունն իմ օրերի և ինձ մի՛ վերցրու օրերիս կեսին...» (Սաղմ. 90։12)։ Սա նույնն է, ինչ սրբերն էին խնդրում. «Մահվանս օրը աչքերիս առջն ունենալու շնորհ տուր ինձ, Տե՜ր» (Հովհան Ոսկեբերան)։ Հրեա փիլիսոփաներն այս համարը մեկնաբանել են որպես հիշեցում, որ մարդկային կյանքը սահմանափակ է և հետևաբար՝ պետք է նվիրված լինի իմաստությանը, արդարությանն ու հնազանդությանը Աստծուն։

Եվ վերջապես, իմաստասիրական գրքերից թերևս ամենաակնառու հրահանգը մահվան, մարդու կյանքի ժամանակավոր և հաճույքների ժամանակավրեպ լինելու մասին պարունակում է Ժողովողի գիրքը. «Վախեցիր Աստծուց և պահիր Նրա պատվիրանները, որովհետև սա է մարդն իր ամբողջությամբ» (Ժող. 12։13)։

Եզրակացություն։ Հին Կտակարանն ուժեղ ազդեցություն է ունեցել մահվան և հանդերձյալ կյանքի մասին հրեական փիլիսոփայական գաղափարների վրա։ Չնայած վաղաստվածաշնչյան բնագրերում մահը հաճախ նկարագրվում է շեոլում՝ որպես ստվերային գոյություն, ավելի ուշ գրվածքները հույս են ներշնչում հարության, աստվածային արդարության և հավերժական կյանքի նկատմամբ։ Հրեա փիլիսոփաները, ինչպիսիք են Փիլոն Ալեքսանդրացին, Սաադիա Գաոնը և Մովսես Մայմոնիդեսը, այս ուսմունքները մեկնաբանել են տարբեր ձևերով՝ համատեղելով աստվածաշնչյան հավատը փիլիսոփայական դատողության հետ։

Նարեկ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Սևանի Վազգենյան դպրանոցի Գ լսարանի սան