Սուվորովը՝ գեներալիսիմուսը և սրբակենցաղ այրը

«Սիրում եմ իմ մերձավորին, իմ ողջ կյանքում չեմ դժբախտացրել և ոչ մի հոգու, ոչ մի մահապատժի դատավճռի տակ ստորագրությունս չեմ դրել, ոչ մի միջատ իմ ձեռքով չի սատկել: Փոքր էլ եմ եղել, մեծ էլ, երջանկության տեղատվության և մակընթացության ժամանակ ապավինել եմ Աստծուն և անսասան մնացել, ինչպես ներկայումս»

(Ալեքսանդր Սուվորով):

Առայսօր ողջ աշխարհում չի նվազում ռուս զորահրամանատար, գեներալիսիմուս Ա. Սուվորովի (1730—1800) համբավը: Նրա քաջագործությունները և 60 ից ավելի հաղթանակները, ռազմական հանճարը և մարտավարությունը, նորամուծությունները ռազմարվեստում, հիացմունք առթելով, ուսումնասիրվում են աշխարհի ամենատարբեր ռազմական ակադեմիաներում և ուսումնարաններում: Բայց քչերը գիտեն նրա՝ մայրական կողմից հայկական ծագման մասին. մայրը՝ վաղամեռիկ Ավդոտիա Ֆեդոսեևնա Մանուկովան, ուղղափառություն ընդունած հայկական ազնվական ընտանիքից էր սերում: Ժամանակակիցներից ոմանք Սուվորովի աշխույժ ու ժիր բնավորությունը հենց հայկական ծագմանն էին վերագրում. «Ալեքսանդր Վասիլևիչի զինվորական կատակներում հստակ երևում է կովկասյան կատակախոսությունը»,— նկատում է Ն. Վիլմոնտը: Կարևոր փաստ է նաև անվանի զորահրամանատարի՝ Հովհանես Լազարյանի և արքեպիսկոպոս Հովսեփ Արղության Երկայնաբազուկի հետ գործուն մասնակցությունը՝ Հայաստանն ազատագրելու և հայկական պետականություն ստեղծելու ծրագրին, ինչպես նաև կյանքի չկոչված՝ Եկատերինա թագուհու կողմից Հայաստանն ազատագրելու գործում Սուվորովին զորահրամանատար նշանակելու իրողությունը: Բայց, ցավոք, հայ իրականության մեջ անհայտ են մնացել ռուս զորահրամանատարի հոգևոր նկարագիրը, ջերմեռանդ հավատքը, բարեպաշտությունն ու անձնուրաց սերն առ Աստված ու հայրենիք:

Ռուս ազնվական, գեներալ Վասիլի Սուվորովի ընտանիքում ծնված Ալեքսանդրը կարճահասակ, վտիտ, հիվանդոտ և ոչ բարեկազմ երեխա էր: Բայց արդեն փոքրուց ի հայտ էր գալիս նրա հզոր ոգին. մագլցում էր բարձրաբերձ ծառեր, թեթև հագնված՝ նժույգի վրա սլանում դաշտերում ու արտերում՝ անկախ եղանակից՝ անձրևոտ լիներ թե քամոտ, ցուրտ թե շոգ, լողանում սառցե ջրում, ուստի հաճախ էր հիվանդանում, բայց չէր էլ դադարեցնում իրեն կոփել և երազում էր միմիայն ռազմական ծառայության մասին՝ այդպես շարքային զինվորականից հասնելով մինչև զինվորական բարձրագույն կոչման:

Մանկուց դաստիարակվել է քրիստոնեական ոգով, միշտ մասնակցել աստվածապաշտական արարողություններին, պահել բոլոր պահքերը, հանապազ աղոթել և այս բարեպաշտական ոգով ու հավատարմությամբ առ Ռուս Եկեղեցի ապրել մինչև կյանքի վերջին շունչը, ինչը և նրա հանճարեղության աղբյուրն էր, նրա հաջողությունների բուն պատճառը: Այնպես որ ակամայից հիշում ես մեր հին ասացվածքներից մեկը՝ «Ինչ նախշը քարի վրա, այնպես էլ դաստիարակությունը մանուկ հասակում»: Քաջատեղյակ Ավետարանին և պատվիրաններին՝ նա հանապազ հիշում էր Քրիստոսի խոսքերը՝ «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15.5), և իր ամենայն հաղթանակ և հաջողություն վերագրում Աստծուն: Ուստի հաղթանակից հետո աճապարում էր եկեղեցի՝ գոհաբանական աղոթքներ վերառաքելու երկինք, ապա և բոլոր սպաների հետ մասնակցում զոհվածների հոգեհանգստյան արարողությանը: Նույնիսկ պարգևները հերոսներին եկեղեցում էր հանձնում:

Սուվորովի մշտական հորդորները զինվորներին չէին սահմանափակվում միայն աղոթքների սերտման ու եկեղեցի հաճախելու պահանջով. նա բարոյական սկզբունքներ էլ էր դաստիարակում՝ միշտ սովորեցնելով, որ հաղթանակը Աստծուց է շնորհվում, և այն կերտողը անմահ հոգին է, որ աստվածապաշտությունը հեռու է պահում մեղքից, որ առանց առաքինության չկան ո՛չ փառք, ո՛չ պատիվ. «Ամեն ինչ սկսե՛ք Աստծո օրհնությամբ.... Աղոթի՛ր Աստծուն, զի Նրանից է հաղթանակը»: Զորահրամանատարը ուսուցանում էր թշնամի լինել նախանձին, ատելությանն ու վրեժխնդրությանը, խորշել ստից, ներել մերձավորի և չներել սեփական սխալները, չվհատվել ու չհուսահատվել, գթասիրտ լինել պարտված թշնամու նկատմամբ և անտեղի ոչ ոքի չսպանել, քանի որ «հաղթողին մեծահոգություն է վայել»: Զորահրամանատարը զինվորներին, որոնց իր մարտական եղբայրներն էր համարում, միշտ հիշեցնում էր, որ «անաստվածությունը կլանում է պետություններ ու թագավորներ, հավատ, իրավունք ու բարի բարքեր», և որ «անհավատ զորք ուսուցանելը նույնն է, ինչ ժանգոտ երկաթ սրելը»: Նա զինվորների հետ միասին Պողոս Պետրոս փայտաշեն եկեղեցու կառուցմանը մասնակցեց՝ իր իսկ ձեռամբ խաչյալ Փրկչով խաչ կերտելով:

Սուվորովի հերոսությունները, ականատեսների վկայությամբ, հեռու չէին հրաշագործություններից: Այսպես՝ մի անգամ Տրիբեյի մոտ մարտի ամենաօրհասական պահին, երբ այլևս ոչ մի մարտավարություն չէր օգնում, նա բոլորի աչքի առաջ նժույգից իջավ և մի քանի րոպե երկրպագությամբ աղոթեց, ապա այնպիսի կարգադրություններ տվեց, որոնց շնորհիվ մարտը հաղթանակով պսակվեց:

Իր սպաներին ու զինվորներին նա դաստիարակում էր Աստծո կամքին հնազանդվելու և Աստծուն ի սրտե ապավինելու ոգով, ուսուցանում ծառայել ոչ թե վախով, այլ խղճմտանքով: Նրանց հորդորում էր հեռու մնալ մասոնությունից, կեղծ ուսմունքներից, հեղափոխական գաղափարներից: Միշտ քննության էր ենթարկում զինվորներին՝ խճճող հարցեր տալով և արագ պատասխաններ ակնկալելով, ինչի շնորհիվ զարգանում էր զինվորների արագ մտածողությունը՝ այնքան անհրաժեշտ մարտի ժամանակ, ինչպես և առտնին կյանքում կողմնորոշվելու համար: Սուվորովյան թևավոր ասույթ դարձած խոսքը՝ «Դժվար է վարժանքը, հեշտ՝ մարտը» (նախնական տարբերակն է՝ «Հեշտ է վարժանքը, դժվար՝ արշավանքը, դժվար է վարժանքը, հեշտ՝ արշավանքը») թարգմանվել է բազում լեզուներով և կիրառվում է ոչ միայն ռազմական բնագավառում:

Սուվորովը թեև հարգալից վերաբերմունք ուներ կաթոլիկության նկատմամբ, բայց ճշմարիտ էր համարում միայն Ուղղափառ Եկեղեցին: Չեխ բողոքական քարոզիչ և գաղափարախոս Յան Հուսին խարույկի վրա այրելու առթիվ ասում էր. «Գոհություն Աստծուն, որ ոչ մի բողոքական տենդախտ չսողոսկեց մեր Հայրենիք. մեր կրոնը մեզանում միշտ էլ մաքրամաքուր է եղել»:

«Զենքից ոչ պակաս թշնամուն հարկ է պարտության մատնել մարդասիրությամբ,— ուսուցանում էր Սուվորովը։— ....Ահա իմ մարտավարությունը՝ քաջություն, արիություն, խորաթափանցություն, կանխատեսություն, կարգուկանոն, չափավորություն, կանոնադրություն, աչքաչափ, արագություն, բուռն գրոհ, մարդասիրություն, խաղաղություն, մոռացություն....»: Մեծահոգի վերաբերմունք ուներ գերիների նկատմամբ. այլևս պատերազմի չմասնակցելու խոստում ստանալով՝ երբեմն ազատ էր արձակում նրանց՝ իր իսկ ձեռամբ ստորագրված պահպանագրերով:

Սուվորովի արժեհամակարգում հավատից հետո երկրորդ տեղում հայրենասիրությունն էր: Նրա անկեղծ, հիացմունքով առլեցուն հավատը Ռուսիայի նկատմամբ կայծի նման բոցավառում էր զինվորների սրտերը: Ռազմիկներն անձնվիրաբար հետևում էին իրենց հրաշագործ հրամանատարին՝ նույն ոգով համակվելով: Սուվորովը նույնքան ջերմեռանդ հավատ էր ընծայում նաև ռուս զինվորի՝ «հրաշք հսկայի» հանդեպ, նրա ուժի, հավատքի, տոկունության, քաջության, հավատարմության, առ հաղթանակը կամքի, հնարամտության, ամեն պարագայում դիմակայելու և հաղթելու ունակության հանդեպ։

Զինվորներն ակնածում էին իրենց զորավարից, առասպելներ հյուսում նրա մասին և անսահմանորեն վստահում նրան, հավատում էին, որ նա ի զորու է աղոթքի ուժով հաղթանակ ձեռք բերելու, որ Աստծուց շնորհ ունի. զգում է թշնամու ծուղակները, տեսնում ապագան, անվնաս մնում գնդակներից, և որ նրան երկնային ուժերն են օգնում: Այսպես՝ լեհական պատերազմի ժամանակ հրամայեց երկու հեծյալ գնդերի տեղակայվել թավ անտառում, ուր, ի զարմանս հրամանատարների, մինչև իսկ հետևակն ազատ տեղաշարժվելու ունակ չէր: Եվ արագ՝ սուվորովյան կերպ ավարտվեց ճակատամարտը. հակառակորդի մի քանի հազար զինվորներն անտառ նետվեցին, ուր և անարյուն գերվեցին: Իսկ սպաներից մեկը բացականչեց. «Հիրավի, անըմբռնելի է Սուվորովը»:

Սուվորովը՝ իրապես այդ անըմբռնելի այրը, ևս մեկ անգամ «զարմացրեց» ռուս թուրքական պատերազմի ժամանակ՝ 1787 թ. աշնանը Քինսբուրնսյան թերակղզում տեղի ունացած ճակատամարտում: Թուրքերը մտադրվել էին գրավել ամրոցը՝ ռազմանավերով մոտենալով ափին: Դա հոկտեմբերի 1 ին էր՝ Սուրբ Աստվածածնի տոնին: Սուվորովը եկեղեցում աղոթում էր, երբ նրան զեկուցեցին թշնամու դեսանտի անսպասելի ափհանման մասին, բայց նա հրամայեց կրակ չբացել և չխանգարել թուրքերին: Զորավարն սպասեց արարողության ավարտին, ապա խնդրեց հաղթանակի համար աղոթքներ վերառաքել: Միայն այն բանից հետո, երբ արարողությունն ավարտվեց, և երբ հակառակորդն արդեն 100 մետր հեռավորության վրա էր գտնվում, հրամայեց բոլոր հրանոթներից համազարկային կրակ բացել: Այդ հրաշագործ հաղթանակից հետո Սուվորովի մասին ռուսաց բանակում տարածվեց այն համբավը, որ նա երբեք մինչև հրեշտակների՝ երկնքում մատուցած Պատարագի ավարտը կռվի չի բռնվում:

Հաջորդ հրաշքը կատարվեց 1789 թ.՝ Ռիմնիկի մոտ տեղի ունեցած մարտի ընթացքում: Ըստ ավանդության՝ մարտի ամենաօրհասական պահին, երբ, թվում էր, ուժերն արդեն սպառված էին, Սուվորովին մի լուսե ձիավոր հայտնվեց, ինչ որ բան ասաց և քար նետեց հակառակորդի ճամբարի ուղղությամբ: Այդ բանից հետո Սուվորովը, հակառակ ռազմարվեստի բոլոր կանոններին, գրոհելու հրաման տվեց ռուսական զորքին բազմապատիկ գերազանցող թուրքական ուժերի վրա. հաղթանակը տարվեց գրեթե սուվորովյան սկզբունքի համաձայն՝ «զարմացնել ու հաղթել»: Այդ հաղթանակի համար Սուվորովը ռիմնիկյան կոմսի տիտղոսին արժանացավ:

Պակաս ուշագրավ չէ 1790 թ. անառիկ համարվող Իսմայիլի ամրոցի գրավումը: Փորձելով լիովին խուսափել արյունահեղությունից՝ Սուվորովը նախ իր հռչակավոր վերջնագիրը ներկայացրեց՝ «24 ժամ խորհրդածելու ժամանակ՝ հանձնվելու համար, ապա ազատություն, առաջին կրակոցները՝ արդեն անազատություն, իսկ գրոհը՝ մահ»: Ամբարտավան էր ամրոցի թուրք պարետի պատասխանը. «Ավելի շուտ Դունայի հոսքը կանգ կառնի, երկինքն էլ կընկնի երկրի վրա, քան ռուսները կգրավեն Իսմայիլը»: Պարետը, ինչպես հայտնի է, զոհվեց գրոհի ժամանակ, իսկ ռուս մարտիկները նրա սուրը Սուվորովին նվիրաբերեցին...

Իսկ երբ գահին նստեց Պավել Առաջինը, Սուվորովի համար ծանր օրեր սկսվեցին, քանի որ որպես արհեստավարժ և բանիմաց սպա՝ համարձակ կերպով հակառակում էր կայսեր՝ պրուսական ռազմարվեստի արհեստական և չմտածված ընդօրինակմանը («դիմափոշին վառոդ չէ, ոչ էլ կեղծամը՝ հրանոթ»), որով էլ ջղագրգռում էր կայսրին: Որպես պատիժ՝ 1797 թ. փետրվարին նրան ուղարկեցին Նովգորոդյան նահանգի իր իսկ Կոչանսկոե կալվածքը, որտեղ էլ ապրեց երկու տարի: Այստեղ նրան անսովոր խաղաղ կյանք էր սպասում, որը նա, այդուհանդերձ, անց էր կացնում իրեն բնորոշ կերպ: Արթնանում էր կանուխ առավոտյան, աճապարում եկեղեցի. իր ձեռամբ էին ղողանջում զանգերը: Ինքն էր հոգում երգչախմբի ծախսերը՝ ձայնակցելով հոգևոր երգասացությանը, գյուղի երեխաներին գրագիտություն էր սովորցնում, թերթեր կարդում, ուշի ուշով հետևում Նապոլեոնի՝ Եվրոպայում ծավալած գործողություններին: Հեռատեսորեն կանխատեսում էր, որ եթե Նապոլեոնը չհեռանա ռազմական ոլորտից, որում առավելագույն չափով էր դրսևորվում նրա բազմակողմանի տաղանդը, հաղթող դուրս կգա, իսկ եթե «նետվի քաղաքական փոթորիկը», կկործանվի:

Սուվորովը մտադրվել էր իր կյանքն ավարտել Աստծուն ծառայելով, այսինքն՝ միաբանելով վանական ուխտին, և կայսրին այդ մասին խնդրագիր է ուղարկում: Սակայն կայսեր հրամանով՝ իտալական ռազմարշավին միացավ, քանզի Ռուսիան միացել էր հակաֆրանսիական դաշինքին: Դաշնակիցների թախանձանքով Պավել Առաջինը հենց Սուվորովին նշանակեց ֆրանսիական Դիրեկտորիայի (1795—1799 թթ. ֆրանսիական կառավարության անվանումը) գրաված Հյուսիսային Իտալիան ազատագրող զորքերի գլխավոր զորահրամանատար: Սուվորովը, իհարկե, իբրև հավատավոր քրիստոնյա, դեմ էր Ֆրանսիական հեղափոխությանը: Նա իր զինվորներին ասում էր. «Ֆրանսիացիները մերժեցին Քրիստոս Փրկչին և ոտնատակ տվեցին օրինավոր կառավարությունը: Սարսափե՛ք նրանց այլասերվածությունից»: Կարճ ժամանակում ռուս զորահրամանատարի գլխավորությամբ մի քանի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով՝ Հյուսիսային Իտալիան ազատագրվեց: Հենց այդ օրերին ևս մեկ անգամ ի հայտ եկավ Սուվորովի արտասովոր կանխազգացության շնորհը: Ֆրանսիացիներից կաշառված խոհարարը երեք անգամ ճաշին նրան թունավորված կերակուր մատուցեց, բայց Սուվորովը լուռ նայում էր նրա աչքերին, մինչև որ վերջինս սարսափած հետ էր վերցնում ձեռք չտրված ափսեն: Դիրեկտորիան Սուվորովի գլխի համար չափազանց մեծ գումար էր խոստացել: Իմանալով այդ մասին՝ գլուխը շոշափելով ու կատակով ասում էր. «Մեղա՜, Տե՛ր, թանկ է», ինչից հետո հրամայում է ազատ արձակել ֆրանսիացի մի գերու, որին բարի երթ մաղթելիս ասում է. «Փոխանցի՛ր քո Դիրեկտորիային, որ ես կաշխատեմ իմ գլուխը ինքս իմ ձեռքով տանել իրենց»:

Սուվորովը զինվորական երդման էությունը չէր ընկալում որպես պարզապես խոստում՝ պարտքի կատարումը կապանքող. «Մեն մենակ տասը հոգու չես հաղթի. Աստծո օգնությունն է հարկավոր: Դա երդմամբ է պայմանավորված. մարտում դյուցազն կլինես, եթե նույնիսկ տանը ոչխար լինեիր, իսկ առանց դրա՝ տան ոչխար էլ կմնաս»: Զինվորական երդման՝ իբրև Աստծո հետ այդպիսի ուխտի մեկնությունը քաջալերում էր տկարներին ու փոքրոգիներին, որոնք հավատում էին, որ կռվի ժամանակ նրանց և՛ քաջություն կշնորհվի, և՛ զորություն:

1799 թ. սեպտեմբերը նշանավորվեց Սուվորովի՝ Ալպերի հերոսական անցմամբ, երբ նրա զորքը Ռիմսկի Կորսակովի՝ ռուսաց կորպուսի հրամանատարի պարտությունից հետո հրաշքով դուրս եկավ շրջապատումից: Սուվորովի ալպյան ռազմարշավում ռուսական զորքը դրսևորեց մարդկային կարողությունները գերազանցող անհողդողդություն՝ պատմականորեն երբևէ չարձանագրված: Միայն ջերմեռանդ հավատքն առ Բարձրյալի պաշտպանություն օգնեց Սուվորովին և նրա զինվորներին՝ հաղթահարելու մարդկային ուժերը գերազանցող փորձությունները, որոնք բաժին ընկան նրանց այդ ռազմարշավի ընթացքում:

Ըստ իրենց՝ շվեյցարացիների՝ Ալպյան լեռներն անցնելը հրաշք էր: Սուվորովի և նրա զինվորների հայտնվելն ամպերից վեր՝ սառցեպատ և ցրտաշունչ բարձունքներում, մի այնպիսի արտասովոր երևույթ էր, որ մեր օրերում էլ շվեյցարացի հովիվների միջավայրում առասպել է շրջանառվում մի հրաշալի ծերունու մասին, որն անցկացրեց իր բանակը մի այնպիսի տեղով, ուր միայն արծիվներն են սավառնում, և քարայծերը՝ վազվզում:

«Նախախնամությունը,— ասում էր զորահրամանատարը,— մեզ ամպերի մեջ նետեց.... Գիտե՞ս արդյոք երեք քույրերին, որոնք անցկացրին մեզ լեռները: Նրանք են՝ Հավատը, Հույսը, Սերը, և Աստված նրանց հետ է» (Վերա, Նադեժդա, Լյուբով՝ տարածված կանացի անուններ են Ռուսիայում):

Կայսր Պավել Առաջինը նրան գեներալիսիմուսի (լատ.՝ գերագույն զորահրամանատար, բարձրագույն զինվորական կոչում՝ ռազմական մեծ ծառայությունների համար շնորհվող) կոչմանն արժանացրեց: Կայսրը նաև հրամայեց Սուվորովի կենդանության օրով նրա հուշարձանը կանգնեցնել:

1800 թ. գարնանը կանխազգալով իր մոտալուտ մահը՝ Սուվորովը հոգևոր երգ գրեց՝ ձոնված Հիսուս Քրիստոսին: Իսկ մահկանացուն կնքելուց առաջ Քրիստոսի նշխարքին հաղորդվելով՝ Սուվորովն արտասանում է իր վերջին խոսքերը. «Տևական ժամանակ էի ես փառքի հետևից ընկել. այդ ամենը երազանք է: Հոգու հանգստությունը Բարձրյալի գահի մոտ է»:

1800 թ. մայիսի 12 ին ռուս ականավոր զորահրամանատարին պատվով թաղեցին Սանկտ Պետերբուրգի Սբ. Ալեքսանդր Նևսկու մենաստանի Բլագովեշչենսկի եկեղեցում՝ շիրմաքարի վրա արձանագրելով նրա զինվորական կոչումների ամբողջական ցանկը: Սակայն 50 տարի անց այն փոխարինեցին համառոտ գրությամբ՝ «Աստ հանգչում է Սուվորովը՝ ննջեցյալի կտակի համաձայն»: Այսպիսին էր սրբակենցաղ, համեստ ու խոնարհ հավատավոր այրի փառահեղ կյանքը, այսպիսին է բոլոր բարեպաշտ մարդկանց երկրային կյանքը՝ Աստծո խոստմամբ, օրհնություններով ու շնորհներով, օգնություններով լեցուն և հետմահու՝ Երկնային արքայությունը ժառանգելու աներեր հույսով:

Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ