Իսահակ եպս. Պողոսյան. «Հայոց ինքնության արեգակը»
(վիպակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասին)
Մեսրոպը՝ վարդապետ
«Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛»
(Շարակնոց)։
Սահակ հայրապետի հետ ունեցած հոգեշահ զրույցից օրեր անց Մեսրոպը վերադարձավ հայրենի գյուղ և ծնողներին պատմեց եղելությունը։ Իմանալով որդու որոշման մասին՝ Աղավնին երկար լռեց։ Նա շատ անգամ էր տեսել, թե ինչպես է որդին որևէ վանք գնալու նպատակով՝ կտրում անցնում հարյուրավոր մղոններ, օրեր շարունակ քաղցած մնում, շատ անգամ էր անթաքույց ուրախությամբ անդրադարձել որդու ապագային, բայց երբևէ չէր պատկերացրել, որ նա կարող է հոգևորական դառնալ։ «Բայց չէ՞ որ շարունակ ասում էր, թե զինվորական է դառնալու»,— ինքն իրեն ասում էր նա։
Վարդանը, որ որդուն մեծացրել էր որպես ապագա զինվորի ու իմաստասերի, լուրը լսելուն պես նստեց տան շեմին, լուռ հայեց շուրջը, ապա՝ որդուն, հետայնու՝ Տարոնի հպարտ լեռներին ու կարոտագին ասաց.
— Աղավնի՛, մեր որդին լեռների զավակ է։ Մենք նրան ո՛չ մեր կողքին, ո՛չ ապարանքներում չենք կարողանալու պահել։ Նա ծնվել է գիտության ու մեծամեծ գործերի համար։— Ապա դառնալով Մեսրոպին՝ վրա բերեց,— զավա՛կս, դու արդեն հասուն մարդ ես, և ինքդ կարող ես որոշել քո կյանքի ուղին։ Մենք միայն կարող ենք ուրախանալ քո ձեռքբերումներով և աջակցել քեզ, ինչով կարող ենք։ Թող բարի Աստված օրհնի քո բռնած ճանապարհը։
Աղավնին՝ ձեռքը սրտին, մեղմ հավելեց.
— Աստված թող պահպանի քեզ։ Եթե այդ ճանապարհն ես ընտրել, թող մեր լեռները քեզ ամուր վահան լինեն, իսկ նախնյաց հայացքները հարթեն գալիք դժվարություններդ։
Այս խոսքերով ծնողներն իրենց ներսում խաղաղություն գտան և խնջույք արեցին։ Մեսրոպն արժանացավ ընտանիքի անդամների անմնացորդ զորակցությանն ու գուրգուրանքին։
Երբ վանք մտավ, հասկացավ, որ մե՜ծ, շատ մեծ ու անփոխարինելի խաղաղություն է գտել։ Մի բան, որ անընդհատ պակասում է աշխարհական կյանքում։ Բայց նրա մուտքով վանքի խաղաղությունն էլ նոր բովանդակություն ստացավ։ Մանուկ հասակից հոգու խորքում ունեցած անտես, բայց աննահանջ կանչը հիմա լիությամբ ու լրիվությամբ արձագանքում էր նրա ներսում՝ առավել պարզ, հստակ ու ամբողջական։ Եվ մի առավոտ, երբ արևը շուտով ցրելու էր լեռների գագաթներին հյուսված մշուշը, Մեսրոպը մոտեցավ Սահակ հայրապետին։ Նրա հայացքը խոնարհ էր, բայց վճռական։
— Ի՞նչ կա, որդի՛,— մեղմ, բայց հաստատուն ձայնեղանակով դիմեց կաթողիկոսը։
— Հայրապե՛տ, ինձ թվում է՝ ես այլևս պատրաստակամ եմ։ Եթե կամենաք, օրհնեք իմ ճանապարհը։
Հայրապետը, մի պահ թողնելով ձեռքի մագաղաթե գիրը, հայացքը հառեց երիտասարդին։ Մեսրոպի զուլալ աչքերի մեջ նա տեսավ ապագա վարդապետի անօրինակ խաղաղությունը, արևային պայծառությունն ու լեռնային համառությունը։ «Իրապես որ այս երիտասարդին խոստումնաշատ ապագա է սպասում»,— մտածեց նա։
— Իմացիր, որ դու պետք է ոչ միայն գիտուն լինես, այլ նաև հոգով զորավոր, որպեսզի կարող լինես ճանաչել ճշմարտությունը։ Եթե սիրտդ Աստծուն է փնտրում, ոչ մի մարդ չի կարող կանգնեցնել քեզ։ Բայց ուզում եմ, որ նաև գիտենաս՝ հաճախ կարող է թվալ, թե ընտրությունը մերն է, բայց Աստված է, որ ընտրում է թե՛ մեզ և թե՛ մեր ճանապարհը՝ Իր գործերի համար։ Դյուրին ճամփա չէ Աստծուն գործակից լինելը։ Սակայն եթե հաջողես, եթե միայն հավատարիմ գտնվես, կզարդարվես աստվածապարգև խաղաղությամբ և կհաղթես ամենուր ու ամենքին։
Մեսրոպը խոնարհ գլուխ տվեց հայրապետին և հետևյալ օրվանից սկսեց էլ ավելի խորամուխ լինել կրոնական ուսուցումների, իմաստասիրական ընթերցումների, աղոթքի և խոկման ծովածավալ իրողությունների մեջ։
Ձեռնադրությունից հետո մեկնեց Գողթն գավառ՝ այնտեղ, ուր լեռների խոհուն լռությունն ու գետերի քաղցր շառաչը ծրարած պահում էին վաղնջական ժամանակների շունչը, որտեղ գունաթափված առավոտները հենվում էին քարե ողորկ կիրճերին ու հեքիաթ ասում, իսկ արևածագը բացվում էր, ինչպես հնադարյան մատյան՝ ոսկեփոր տառերով։ Ճանապարհը երկար էր ու քարքարոտ, բայց նրա ոտքերը զարմանալիորեն չէին հոգնում։
Իշխան Շաբիթը՝ խոհեմ և իմաստուն մի մարդ, նրան ընդունեց մեծամեծ պատիվներով, իսկ զրույցի վերջում հավելեց.
— Այստեղ՝ մեր հնավանդ հողի վրա, երբեմնի մթության ստվերները խոր արմատներ են գցել։ Եվ միայն պայծառ գիտելիքն ու սրտաբաց խոսքը կարող են սրբել անգիտության աղջամուղջն ու շիտակություն հաստատել։ Այդ բոլորով հանդերձ՝ Գողթնի քնարական աշխարհը բաց է քո գործի համար։ Դու միայն հաջողիր...
Մեսրոպն այստեղ հիմնեց դպրոցներ ու համայնքներ։ Նրա խոսքը մարդկանց հոգիներում ծլարձակեց, բողբոջեց ու պտուղ առավ՝ անաղմուկ ու անխուսափելի։ Ժողովուրդը սիրեց նրան։ Մաշտոցը ոչ միայն քարոզում էր, այլև ուսանում, բժշկում, մխիթարում ու բարձրացնում, ինչպես արևի շողն է ցրում խունացած ամպերի տխրությունը։ Իսկ գիշեր ժամանակ նստում էր ճրագի լույսի տակ, առջևը՝ հին ձեռագրերի պատառիկներ։ Եվ օր օրի նրա միտքն ավելի էր հղկվում ու հասունանում։ Այստեղ քարոզելիս էր, որ Մեսրոպ վարդապետը մի անգամ էլ զգաց ու համոզվեց, որ «Կյանքի խոսքը» որպեսզի շունչ առնի ու մնայուն դառնա, ոչ մի դեպքում չի կարող մատուցվել օտար լեզուներով, այլ մայրենի, իսկական ու սեփական։ Այդպես միայն խոսքը գործի կվերածվի, ապրումի ու կենդանության։
Գողթնից հետո նա ուղևորվեց Սյունիք՝ քարքարոտ լեռներով ու անտառապատ ձորերով հարուստ հայոց աշխարհի մեկ այլ տեղանք։ Այստեղ երկինքը կարծես ցած էր իջնում, որպեսզի դիպչի ժայռերին, իսկ ժայռերը՝ լուսաբացին՝ արծաթագույն, կեսօրին՝ արևի ծով, երեկոյան՝ կարմրավուն բոց, բարձրանում էին՝ երկնքի թափանցիկ խաղաղությանը հաղորդակից լինելու համար։ Քամին այստեղ սուր սուլոցներով հուժկու սահում էր ձորերով, և ամեն մի սուլոց կարծես գերանդին սրող վարպետի ձեռքից ելնող զարկ լիներ, մարտի պատրաստվող զինվորի սրի ձայն: Իսկ գիշերները Սյունիքը դառնում է աստղերի սրբավայր։ Սյունեցիները՝ լեռ ու քարից կոփված մարդիկ, Վաղինակ իշխանի առաջնորդությամբ հետզհետե սկսեցին հավաքվել նրա շուրջը։
Հայրապետն ուշադիր բավականությամբ հետևում էր Մեսրոպի ընթացքին, և մի երեկո նա նամակ ստացավ, որ Վաղարշապատում իր կարիքն ունեն։
Վերադառնալով՝ Մաշտոցն իր հետ բերեց նաև Դանիելյան նշանագրերը, որոնց արդեն ծանոթ էր բավական ժամանակ։ Վաղարշապատում նա սկսեց առաջին համարձակ քայլերը՝ թարգմանությունները, ուսուցումներն ու յուրացրած գիտելիքների ավանդումը։ Եվ ապրած ամեն մի օր նրան մոտեցնում էր իր երբեմնի բաղձանքին...
Շարունակելի