Համբարձման տոնի ժողովրդական ավանդույթները
«Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով Իր ձեռքերը՝ օրհնեց նրանց։ Եվ մինչ Նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն»
(Ղուկ. ԻԴ:50—53):
Հայ եկեղեցական տոներից համաժողովրդական տոնախմբություն է դարձել նաև Համբարձումը, որը մինչև այսօր էլ սիրում է ժողովուրդը: Այն հայտնի է մի շարք անուններով՝ Համբարձում, Ջան Գյուլում, Վիճակի օր, Կաթնապուրի օր և այլն։ Դրանցից «Վիճակի օր» անվանումը կապվում է տոնի քրիստոնեական խորհրդի հետ: Համաձայն «Գործք առաքելոց» ի՝ Հիսուսի համբարձումից հետո, վերադառնալով Երուսաղեմ, առաքյալները Հուդայի փոխարեն վիճակի միջոցով ընտրեցին տասներկուերորդին:
Համբարձման տոնը Հայաստանի գավառներում նշվել է յուրօրինակ և տարբեր: Ընդունված էր տոնի օրը մատաղ անել, ուխտի գնալ, երգով պարով զվարճանալ: Ցանկացած բնակավայր ուներ Համբարձման իր ուխտավայրը: Ամենահայտնի ուխտավայրերից են Արա լեռան վրա գտնվող Ծաղկեվանքը, Վարանդայի Սուրբ Չինարիները և այլն:
Ծաղկեվանքի ուխտն սկսվում է Համբարձման տոնի օրը և շարունակվում մինչև Վարդավառ: Մինչև վերջերս մարդիկ ոտքով գալիս էին այս մատուռ և այնտեղ նշում Համբարձումը: Վրաններ էին խփում մատուռի մոտակայքում և գիշերում այնտեղ: Հավատում էին, որ Ծաղկեվանքը մուրազատուր էր: Չբերին երեխա էր տալիս, կույրին՝ տեսողություն, բուժում էր ծաղիկ, կարմրուկ հիվանդությունները: Ծաղիկ կամ կարմրուկ հիվանդություններից իրենց երեխաներին զերծ պահելու համար կանայք չորեքշաբթի օրը ոչ մի գործ չէին անում: Արգելված էր լվացք անելը, կարելը, հաց թխելը և այլն:
Երբ երեխա չունեցող զույգը գալիս էր Ծաղկեվանք, նրա խնդրանքը կատարվում էր: Ծնողները փոքրիկի մազերը յոթ տարի չէին կտրում: Սա համարվում էր ուխտի նշան: Ուխտի գալիս էին աղոթքներով ու Համբարձման տաղիկներ երգելով: Մատուռի մոտակայքում էլ մատաղ էին անում և տալիս առաջին պատահած մարդուն: Այսօր էլ Արագածոտնի թեմի հոգևորականները տոնի նախորդող օրը կատարում են հսկում, իսկ առավոտյան՝ պարտադիր Ս. Պատարագ:
Համբարձման տոնը չէր սկսվում հենց հինգշաբթի օրը: Մինչև տոնը բավականին նախապատրաստություններ էին կատարում: Երիտասարդ աղջիկները չորեքշաբթի օրը՝ վաղ առավոտյան, դեռ արեգակը չծագած, գնում էին դաշտերը կամ սարերը՝ կճուճի մեջ յոթ աղբյուրից ջուր լցնելու, յոթ քար և տերև լցնելու: Աղջիկներն ամբողջ գիշեր թաքցնում էին այդ կճուճը, որը ծածկված էր կարմիր շորով և ծաղիկներով: Եթե տղաներից ինչ որ մեկը գողանար այդ կճուճը, աղջիկներն ստիպված էին լինելու փրկագին վճարել: Հինգշաբթի օրը երիտասարդները շրջում էին տնետուն և իրենց հավաքած ծաղկեփնջերը նվիրում մարդկանց: Դրա դիմաց ժողովուրդը բնամթերք կամ գումար էր տալիս պատանիներին: Խումբը իր հետ պտտեցնում էր նաև վիճակի համար նախատեսված սափորը, որի մեջ ամեն մեկն իր անձնական իրերից էր գցում՝ որպես նշան: Հետո այդ սափորը տանում էին եկեղեցի, որ օրհնվեր։ Տնետուն պտտվելուց հետո աղջիկներն անցնում էին վիճակի ծեսին:
Մի փոքրիկ աղջիկ, հարսի շորեր հագած, հերթով հանում էր իրերը, և խումբն սկսում էր «Ջան Գյուլումի» խաղիկ ասել. այս խաղիկի միջոցով էլ որոշվում էր տվյալ աղջկա բախտը: Հենց այս տեսարանն է նկարագրում Հ. Թումանյանը «Անուշ» պոեում, ուր Անուշի տխուր բախտը գուշակվում է հենց Համբարձման խաղիկի միջոցով: Այս օրինակը փաստում է, որ Համբարձման տոնը հավատքի առումով մեծ նշանակություն է ունեցել հայոց մեջ: Այս տոնը բնորոշվում է իր մոգական, կախարդական հատկանիշներով:
Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր «Լեյլի և Մեջլուն» սիրավեպը: Ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգը՝ Լեյլին ու Մեջլունը, խնդրում են Աստծուն իրենց աստղ դարձնել և Իր մոտ՝ վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ՝ Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում են և դարձյալ վերադառնում իրենց տեղերը: Դրա համար էլ շատերը գիշերը չէին քնում և հետևում էին աստղերի շարժին: Համարում էին, որ այդ գիշեր իրենց պահած երազանքը կկատարվի:
Համբարձման վիճակի արարողությունը հիմնականում կատարում էին եկեղեցիների բակերում: Աղջիկներն առանձին խաչաձև մեծ փունջ էին պատրաստում եկեղեցու համար: Այս փունջն անվանվում էր ծաղկամայր և դրվում կճուճի մեջ:
Բոլոր ծիսակատարությունների ավարտից հետո սկսվում էր մեծ տոնակատարություն: Ամենքը պարտավոր էին այդ օրը կաթնապուր եփել. նույնիսկ այն որպես մատաղ էր դիտարկվում: Մինչև Համբարձում ոչ ոք կաթնապուր չէր եփում: Կաթնապուր եփելուց հետո այն շերեփով շաղ էին տալիս դաշտերի և արտերի ուղղությամբ, որ առատ բերք ու բարիք լիներ: Այդ օրը սեղաններին դրվում էին ընկույզ, մեղր, չորացրած մրգեր, իսկ որոշ վայրերում խմորեղեն էին պատրաստում և զարդարում ծաղիկներով: Ծաղիկներով զարդարում էին նաև տների մուտքերը, ամրացնում գոմի և մարագի վրա, դնում խնոցու վրա, ինչպես նաև ծաղիկներով կերակրում կովերին, որ կաթնառատություն լինի:
Համաժողովրդական այս եզակի տոնը, կարելի է ասել, պահպանվել է անփոփոխ ձևով և հայոց մեջ նշվում է մեծ շուքով և ուրախությամբ: Ամեն գավառ ունեցել է «Ջան Գյուլումին» նվիրված իր երգը: Ահա Շիրակի տարբերակը.
Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Էս գիշեր լուսը տեսա,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Իմ յարը դուսը տեսա:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Քամին տա ծոցիդ մովին:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Աստված կյանք տա ամենքին,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Ուրախ կլնի էս տարին:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն։
Այս նույն երգը Արագածոտնում (և ոչ միայն) երգվում էր այլ տարբերակով, որի մեջ աղջիկները երգում են իրենց եղբոր գովքը, որ սարում է:
Այսպիսով՝ Համբարձման տոնը միաձուլում է քրիստոնեական և ժողովրդական տարրերը, որի շնորհիվ էլ սիրելի է hայ ժողովրդի համար:
Գոհար ՂԱԶԱՐՅԱՆ