Աշխարհի տառապանքը և Քրիստոսի պայծառակերպությունը կամ՝ Քրիստոսի տառապանքը և աշխարհի այլակերպությունը
04.11.2026
Պայծառակերպության տոնը, որ Վարդավառ ենք նաև կոչում, եկեղեցական ամենախորհրդավոր տոներից է՝ հիմնված Քրիստոսի պայծառակերպման պատմական իրադարձության վրա (Մատթ. 17:1—8, Մարկ. 9:2—8, Ղուկ. 9:28—36), որ էական կարևորություն ունի մեր փրկության համար։ Եթե նայենք այսօրվա կյանքին, ամենուրեք կտեսնենք տառապանք, և միշտ մեր մեջ մարդկային մի պարզ հարց է առաջանում՝ Աստված ինչո՞ւ է թողնում այս տառապանքը։ Խնդիրն այն է, որ Աստված այս հարցին պատասխանում է Իր կյանքով ու գործով՝ մասնավորապես Իր սիրով և մեր տառապանքին մասնակցությամբ։ Տառապանքն ու չարիքը ոչ միայն խնդիր են, այլև խորհուրդ. խնդիրը հասանելի է մեր գիտակցությանը, բայց խորհուրդը հասկանալու համար պետք է անցնենք տառապանքի ճանապարհ։ Եվ դա է պատճառը, որ Խաչելությունը խորհուրդ է, և Խաչելությունը Աստծո մասնակցությունն է մարդկային տառապանքին՝ հանուն մարդու փրկության։
Թաբոր լեռան վրա ուրվագծվեց այն գեղեցկությունը, որ պիտի փրկեր աշխարհը, բայց այդ գեղեցկությունը զուտ արտաքին պատկեր չէ. այդ գեղեցկության ներսում մարդկային կյանքի տառապանքն է, որ վերջում պսակվում է լուսապայծառ իրականությամբ։ Թաբոր լեռան վրա իրականում հայտնվեց այն նոր երկիրը, որի մասին խոսում է Հայտնության գիրքը (Հայտ. 21:1—4), և որը սպասում է մեզ ապագայում՝ Քրիստոսի երկրորդ գալստյանը և համընդհանուր հարությունից հետո (Ա Կորնթ. 15:20—22)։ Թաբոր լեռան վրա Քրիստոս պայծառակերպվում է (հունարեն բառը այլակերպվելն է), այսինքն՝ դառնում է ուրիշ, կերպարանափոխվում է, բայց ոչ հունական հեթանոսական փոխակերպության (մետամորֆոզ) իմաստով, այլ լույս են շողարձակում և՛ դեմքը, և՛ հագուստները (Մատթ. 17:2), և լույսը տարածվում է ամբողջ շրջակայքում՝ այդ թվում առաքյալների վրա (Մատթ. 17:6, Ղուկ. 9:34)։
Եկեղեցական հայրերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ սա զուտ նյութական լույսի մասին չէ, այլև աննյութական, աստվածային լույսի, որն աշակերտները կարողանում են տեսնել ու զգալ այն չափով, որքան աստվածային շնորհը թույլ է տալիս։ Այս պատմությունից կարող ենք հասկանալ մի քանի կարևոր իրողություն։
1. Սուրբ Երրորդության հայտնությունը։ Ինչպես մկրտության դրվագում, պայծառակերպության դրվագում ևս տեղի է ունենում Սուրբ Երրորդության հայտնություն. մկրտության դրվագում տեսանելի նշանը բացված երկինքն էր, Հայր Աստծո ձայնը և Սուրբ Հոգին՝ աղավնու կերպարանքով (Մատթ. 3:16—17, Մարկ. 1։10—11, Ղուկ. 3:21—22)։ Պայծառակերպության դրվագում տեսանելի նշանը լուսավոր ամպն է, որը խորհրդանշում է Սուրբ Հոգուն (Ղուկ. 9:34—35], և դարձյալ լսվում է Հայր Աստծո ձայնը՝ ուղղված առաքյալներին. «Սա է Որդին Իմ սիրելի. Սրան լսե՛ք» (Ղուկ. 9:35)։ Այսպիսով՝ դարձյալ Հայր Աստծո ձայնը վկայում է Հիսուսի պայծառակերպված աստվածային Որդիության մասին (Մարկ. 9:7)։
2. Քրիստոսաբանական հայտնություն։ Այստեղ բացահայտվում է, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Աշակերտները մինչև պայծառակերպությունը տեսնում էին Հիսուսին՝ Իր մարդկային ողջ կարողությամբ, բայց լեռան վրա՝ Իր աստվածային փառքով (Հովհ. 1:14)։ Հիսուսը շարունակում է երևալ որպես մարդ, պարզապես Նրա մարդկային մարմինն այնքան թափանցիկ է դառնում, որ աստվածային լույսը, որ Նա ի սկզբանե ուներ, տեսանելի է դառնում աշակերտների համար (Կողոս. 2։9)։
3. Մարդաբանական հայտնություն։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այլակերպվում է Հիսուսի մարդկային մարմինը, և սա վերաբերում է մեզ, որովհետև եկեղեցական հայրերից ոմանք ասում են, որ պայծառակերպությունն աշակերտների համար էր, Հիսուսը մնում է նույնը, ինչպես որ կա՝ երեկ, այսօր և հավիտյան (Եբր. 13:8)։ Թաբոր լեռան վրա ոչ միայն երևում է այն, ինչ որ Աստված է, այլ նաև հավասարապես բացահայտվում է այն, ինչ մենք պիտի դառնանք (Ա Կորնթ. 15:49)։
4. Տիեզերքի արարչագործության փառքը։ Ոչ միայն մարդն է կոչված այլակերպվելու, այլ նաև մեզ շրջապատող աշխարհը, որովհետև ոչ միայն Քրիստոսի մարմինն այլակերպվեց, այլ նաև այն ամենը, ինչ կապված էր Նրա հետ, օրինակ՝ հագուստները (Մարկ. 9։3) և ամբողջ Թաբոր լեռան շրջակայքը (Ղուկ. 9:29)։ Այս ամենը կարելի է վերնագրել այսպես՝ «Քրիստոսի այլակերպությունը և աշխարհի տառապանքը» կամ՝ «Քրիստոսի տառապանքը և աշխարհի այլակերպությունը»։ Հիսուսը չբարձրացավ լեռը՝ աշակերտներին պարզապես ցույց տալու, թե ինչպես են կերպարանափոխվում։ Այլակերպության հրաշքն ինքնանպատակ չէր. այն հայտնություն էր։ Պայծառակերպությունից առաջ Հիսուս արդեն աշակերտներին հայտնում էր Իր մոտալուտ չարչարանքների մասին (Մատթ. 16:21) և արժանանում հանդիմանության. Նա ոչ միայն կշտամբեց Պետրոսին (Մատթ. 16:23), այլև ցույց տվեց, որ այս ճակատագիրն սպասում է բոլոր նրանց, ովքեր Իր հետևորդներն են (Ղուկ. 9:23)։ Ապա Թաբոր լեռան վրա՝ զմայլանքի վիճակում, Պետրոսն ասում է. «Վարդապե՛տ, լավ է, որ այստեղ մնանք. եկե՛ք երեք տաղավար սարքենք՝ մեկը Քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսը՝ Եղիայի» (Մարկ. 9:5)։ Եվ աստվածային ձայնն ասում է. «Սա է Որդին Իմ սիրելի. Սրան լսե՛ք» (Ղուկ. 9:35)։ Թաբոր լեռան վրա արդեն ուրվագծվում է Գողգոթան, ուրվագծվում է խաչի պատկերը: Հետևապես՝ այլակերպությունը տանում է դեպի խաչելություն, խաչելությունը՝ հարություն (Հռոմ. 6:5)։ Սա է մեր հույսը, սա է մեր ճանապարհը։
Թաբորի և Գողգոթայի կապը երևում է նաև նրանով, որ այն աշակերտները, որոնք ներկա էին պայծառակերպությանը և Քրիստոսին տեսնում էին փառավորված, այդ նույն երեք աշակերտները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, ներկա են նաև Գեթսեմանում, երբ Քրիստոսը տագնապի մեջ էր (Մատթ. 26:37)։ Մի տեղում տեսնում են փառավորված Հիսուսի, մյուսում՝ տագնապած Քրիստոսի. երկու դեպքում էլ կերպարանափոխություն է, այլակերպություն։
Աշակերտները տեսնում են Մովսեսին և Եղիային՝ Հին Կտակարանի երկու նշանավոր կերպարներին, որոնցից մեկը խորհրդանշում է օրենքը, մյուսը՝ մարգարեությունները (Մատթ. 17:3)։ Ղուկաս Ավետարանիչը ներկայացնում է այս զրույցի բովանդակությունը՝ ասելով, որ խոսում էին Երուսաղեմում կատարվելիք խաչելության մասին (Ղուկ. 9:31)։ Այսինքն՝ խոսում էին այն մասին, ինչ արդեն գրված էր Օրենքում և Մարգարեներում (Ղուկ. 24.27)։ Սա էլ կարող էր Պետրոսի դիմադրության պատճառը լինել։ Եվ պատահական չէ, որ պայծառակերպությունը նաև մտածողությունը փոխելն է. «Իրեն լսե՛ք» (Մարկ. 9:7)։ Այսինքն՝ թողե՛ք մարդկային պատկերացումները Փրկչի մասին և լսե՛ք Նրան։ Ուրեմն՝ այլակերպությունը ոչ միայն կյանքի, այլ նաև մտածողության այլակերպություն է:
Այսպիսով՝ մեզ՝ քրիստոնյաներիս համար, Այլակերպության կամ Վարդավառի տոնը մի կողմից հիշատակումն է պատմական իրադարձության (Մատթ. 17:1—8), մյուս կողմից՝ ապագա մեր կյանքի հույսի (Հռոմ. 8:18)։ Այն մի կողմից խորհրդանշում է մկրտության խորհուրդը (Հռոմ. 6:3—4), մյուս կողմից՝ խաչելության (Ղուկ. 9:23), երրորդ կողմից՝ հարության (Ա Կորնթ. 15:20): Թաբոր — Գողգոթա — Հարության լեռ։ Հիսուսի կյանքում լեռը կարևոր տեղ է ունեցել. լեռը Աստծո հետ մտերմիկ զրույցի միջավայրն էր, և Ղուկաս Ավետարանիչը նշում է, որ պայծառակերպությունը տեղի ունեցավ աղոթքի ժամանակ (Ղուկ. 9:29)։
Այս լույսի ներքո միմյանց ջրելու ավանդությունը նույնպես ստանում է իր խորհուրդը՝ որպես հոգու մաքրագործման և Նոյի ջրհեղեղից փրկության խորհրդանիշ (Ծննդ. 8:11), որը կապվում է Քրիստոսի մկրտության և նոր կյանքի հետ (Ա Պետ. 3:20—21):
Ալբերտ սրկ. ՍԱՀԱԿՅԱՆ
Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ