Բաբելոնի աշտարակը և հարակից հարցեր

Բաբելոնի աշտարակը և հարակից հարցեր 12.11.2026

Բաբելոնի աշտարակի մասին աստվածաշնչյան պատմությունը, որ զետեղված է Ծննդոց գրքի 11 րդ գլխում, ներկայացնում է տարբեր լեզուների և մշակույթների առաջացումն ու զանազանումը։ Ավանդության համաձայն՝ մարդկային միասնական ցեղը, որ խոսում էր մեկ լեզվով, գաղթում է Սենաար երկիր (Ստորին Միջագետք), որտեղ նրանք համաձայնում են կառուցել բարձր, մինչև երկինք հասնող աշտարակով մեծ քաղաք: Յահվեն, նկատելով մարդկության միասնության ուժը և տիտանական ջանքերը, նրանց խոսքը խառնում է այնպես, որ այլևս չեն կարողանում հասկանալ միմյանց, և ցրում է նրանց աշխարհով մեկ՝ անավարտ թողնելով քաղաքի կառուցումը:

Բաբելոնյան աշտարակի պատմական համատեքստը (շումերական, ասորեստանյան, հունա հռոմեական առասպելաբանություն)։ Ժամանակակից գիտնականներից ոմանք Բաբելոնի աշտարակի պատմությունը կապում են հայտնի՝ մասնավորապես հինմիջագետքյան ասքերում եղած պատմական կառույցների և առասպելների հետ: Առավել տարածում գտած նմանատիպ կառույցի օրինակ է համարվում Էտեմենանկին (շումերերեն՝ «երկրի և երկնքի հիմնադրի տաճար», 91 մ)՝ Բաբելոնում Մարդուկ աստծուն նվիրված զիկկուրատը, որը եբրայերեն կոչվում էր Բաբելոն: Բանահյուսական հնագույն այս պատմությունն առկա է նաև հին շումերական լեգենդում՝ «Էնմերկարը և Արատտայի տերը», որը նկարագրում է հարավային Միջագետքի իրադարձություններն ու տեղանքները:

Շումերական Էտեմենանկի զիկկուրատը վերակառուցվել է Ք. ա. 6 րդ դարում նեոբաբելոնյան կառավարիչներ Նաբոպալասարի և Նաբուգոդոնոսոր II ի կողմից, սակայն Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ արդեն խարխլվել էր։ Վերջինս կարողացել է աշտարակի սալիկները տեղափոխել մեկ այլ վայր, սակայն նրա մահը կանգնեցրել է վերակառուցումը, և այն քանդվել է նրա հաջորդ Անտիոքոս Սոտերի օրոք։ Հույն պատմաբան Հերոդոտոսը (Ք. ա. մոտ 484—425 թթ.) իր «Պատմություններ» աշխատության մեջ գրել է այս զիկկուրատի մասին՝ անվանելով այն «Զևս Բելի տաճար»։ Արդի շրջանի գիտնականների կարծիքով՝ Բաբելոնի աշտարակի մասին աստվածաշնչյան պատմությունը, հավանաբար, ազդված է Էտեմենանկի շուրջ առաջացած պատումներից։ Ժամանակակից աստվածաշնչագիտության պրոֆեսոր Սթիվեն Լ. Հարրիսը կարծում է, որ առասպելական այդ պատմության ներմուծումը սուրբգրային բնագիր տեղի է ունեցել բաբելոնյան գերության ժամանակ (Ք. ա. 6 րդ դ.)։

Բաբելոնի աշտարակի կառուցման մասին նմանատիպ պատմություններ կան շումերական Էնմերկարի և Արատտայի տիրակալի մասին առասպելում։ Մարդկության առաջին խոշոր քաղաքակրթական կենտրոններից Ուրուկ քաղաքի (ներկայիս Իրաքի տարածքում) Էնմերկար թագավորը, որը նաև կիսաառասպելական հերոս է, Էրիդուում կառուցում է հսկայական զիկուրատ և բարձր մշակույթ ունեցող, լեռնային երկիր Արատտայից պահանջում է թանկարժեք նյութեղեն տուրք դրա կառուցման համար՝ արտասանելով մի կախարդական խոսք, որով շումերական պանթեոնի գլխավոր աստվածներից Էնկիին խնդրում է վերականգնել բնակեցված շրջանների լեզվական միասնությունը. «Ամբողջ տիեզերքը, լավ պահպանված ժողովուրդը, թող բոլորը միասին դիմեն Էնլիլին (շումերական աստվածների արքային.— Ն. Գ.) մեկ լեզվով»։

Նեոասորեստանյան ժամանակաշրջանում Նինվեում Աշուրբանիպալի (Ք. ա. 668—627) գրադարանից հայտնաբերվել է մասամբ ընթեռնելի մի բնագիր, որից ենթադրելի է, որ լեզվական խառնաշփոթի և աստվածային միջամտության մասին այս պատմությունները դեռևս արդիական էին այս ժամանակահատվածում: Սրա մասին է վկայում նաև նեոասորեստանյան աստվածային պատժի թեմայի առկայությունը թագավորական արձանագրություններում, ուր նկարագրվում են աստվածները, որոնք պատժում են ազգերին իրենց ամբարտավանության համար՝ մասնավորապես ոչնչացման, ցրման կամ խառնաշփոթի միջոցով։ Այս թեման առկա է նաև Բաբելոնի աշտարակի սուրբգրային պատմության մեջ:

Նեոասորեստանյան Սենեքերիմ թագավորի (Ք. ա. 705—681 թթ.) տարեգրություններում նկարագրվում է, թե ինչպես են աստվածները «խառնել» իր թշնամիների ծրագրերը և ցրել նրանց ուժերը, ինչը հանգեցրել է իր հաղթանակին և Ք. ա. 689 թ. Բաբելոնի կործանմանը: Այս իրադարձությունները, հնարավոր է, բաբելոնյան գերության շրջանում ազդեցություն են ունեցել աստվածաշնչյան հեղինակների վրա, որոնք քաղաքի անկումը համարում էին աստվածային արարք՝ ամրապնդելով այն գաղափարը, որ հպարտությունն է հանգեցրել Բաբելոնի անկմանը։

Նույնանման մի առասպել՝ «Գիգանտոմախիա» անունով, կա նաև հունական դիցաբանության մեջ, որը մեծապես ազդված է հռոմեականից, և ըստ որի՝ հսկաներն ու օլիմպիական աստվածները պայքար էին մղում տիեզերքի գերիշխանության համար: Հռոմեացի ականավոր բանաստեղծ Օվիդիոսի (Ք. ա. 43 — Ք. հ. 17) կողմից վկայակոչված այս առասպելական պատմության մեջ հսկաները փորձում են հասնել երկնային աստվածներին՝ լեռները կույտելով, բայց Յուպիտերը նրանց հետ է մղում կայծակներով. «Հսկաները փորձել են գրավել երկնային թագավորությունը՝ լեռները կույտելով մինչև հեռավոր աստղերը: Այնուհետև աստվածների ամենակարող հայրը նետեց իր կայծակը, կոտրեց Օլիմպոսը և Օսայից ներքև նետեց Պելիոն լեռը» («Կերպարանափոխություններ», 1։151—155):

Բաբելոնի աշտարակի պատմության անդրադարձը ռաբբինական և հին հրեական գրականության մեջ։ Ռաբբինական գրականությունը բազմաթիվ տարբեր պատմություններ է առաջարկում Բաբելոնի աշտարակի կառուցման պատճառների և այն կառուցողների մտադրությունների մասին: Միդրաշի համաձայն՝ աշտարակ կառուցողները, որոնք հրեական աղբյուրներում անվանում են «անջատողական սերունդ», ասել են. «Աստված իրավունք չունի Իր համար ընտրել վերին աշխարհը և մեզ թողնել ստորին աշխարհը. հետևաբար, մենք մեզ համար կկառուցենք աշտարակ, որի գագաթին կուռք կլինի՝ սուրը ձեռքին, որպեսզի թվա, թե այն մտադիր է պատերազմել Աստծո հետ» (Gen. R. xxxviii. 7; Tan., ed. Buber, Noah, xxvii.):

Աշտարակի կառուցումը նախատեսված էր ոչ միայն Աստծուն, այլև Աբրահամին մարտահրավեր նետելու համար, որը շինարարներին կոչ էր անում երկյուղածություն դրսևորել: Հատվածում նշվում է, որ շինարարներն Աստծո դեմ սուր խոսքեր էին ասում՝ նշելով, որ յուրաքանչյուր 1656 տարին մեկ երկինքը ցնցվում էր, և ջուր էր թափվում երկրի վրա, ուստի նրանք այն պահում էին սյուներով, որպեսզի այլևս ջրհեղեղ չլիներ (Gen. R. l.c.; Tan. l.c.; հմմտ. Հով. Փլավ., «Հրեակ. հնախ.», i. 4, § 2). Այդ սերնդի մեջ ոմանք նույնիսկ ցանկանում էին պատերազմել Աստծո դեմ երկնքում (Թալմուդ, Սինհեդրին 109ա): Այս նախաձեռնությունից նրանք խրախուսվում էին, քանի որ երկինք նետված նետերը արյունով կաթում էին, և մարդիկ իսկապես հավատում էին, որ կարող են պատերազմել երկնքի բնակիչների դեմ (Սեֆեր հա Յաշար, գլուխ 9:12—36): Հովսեփոսի պատմության և Միդրաշի համաձայն՝ հիմնականում Նեբրովթն էր համոզել իր ժամանակակիցներին կառուցել աշտարակը, մինչդեռ այլ ռաբբինական աղբյուրներ պնդում են հակառակը, որ Նեբրովթը բաժանվել է շինարարներից: Մեկ այլ միդրաշական պատմության համաձայն՝ աշտարակի կառուցողների մեկ երրորդը պատժվել է՝ վերածվելով կիսադիվային արարածների, և աքսորվել երեք զուգահեռ վայրեր, որտեղ այժմ բնակվում են նրանց սերունդները։

Հրեա հռոմեացի պատմաբան Հովսեփոս Փլավիոսն իր «Հրեական հնախոսություններ» աշխատության մեջ (94 թ.) բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը ներկայացնում է ըստ եբրայական Աստվածաշնչի։ Նա գրում է, որ Նեբրովթն է կառուցել աշտարակը։ Նեբրովթը բռնակալ էր, որը փորձում էր ժողովրդին հեռացնել Աստծուց։ Այս պատմության մեջ Աստված շփոթեցրել է ժողովրդին, այլ ոչ թե ոչնչացրել, քանի որ Ջրհեղեղով ոչնչացումը նրանց չէր սովորեցրել աստվածավախ լինել. «Հենց Նեբրովթն էր, որ նրանց հասցրեց այդպիսի վիրավորանք և Աստծո նկատմամբ արհամարհանք։ Նա Քամի՝ Նոյի որդու թոռն էր, համարձակ մարդ և մեծ ուժ ունեցող։ Նա համոզեց նրանց չվերագրել դա Աստծուն, կարծես իր միջոցով էին նրանք երջանիկ, այլ հավատալ, որ իրենց սեփական քաջությունն է այդ երջանկությունն ապահովել։ Նա նաև աստիճանաբար կառավարությունը վերածեց բռնակալության՝ չտեսնելով մարդկանց՝ Աստծո վախից հեռացնելու այլ ճանապարհ, քան նրանց իր իշխանությունից մշտական կախվածության մեջ դնելը…. Այժմ բազմությունը շատ պատրաստ էր հետևելու Նեբրովթի որոշմանը և Աստծուն հնազանդվելը համարում էր վախկոտություն։ Նրանք կառուցեցին աշտարակ՝ չխնայելով ջանք ու եռանդ և ոչ էլ որևէ չափով անփույթ լինելով աշխատանքի նկատմամբ։ Եվ դրա մեջ ներգրավված բազմաթիվ ձեռքերի պատճառով այն շատ բարձրացավ, ավելի շատ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել։ Սակայն դրա հաստությունն այնքան մեծ էր, և այն այնքան ամուր էր կառուցված, որ դրա մեծ բարձրությունը, առաջին հայացքից, թվում էր ավելի փոքր, քան իրականում էր։ Այն կառուցված էր այրված աղյուսից, ամրացված շաղախով, պատրաստված ասֆալտից, որպեսզի ջուր չթողնի։ Երբ Աստված տեսավ, որ նրանք այդքան խելագար կերպով են վարվում, Նա նրանց լիովին չոչնչացրեց, քանի որ նրանք իմաստուն չէին դարձել նախկին մեղավորների ոչնչացմամբ [Ջրհեղեղի ժամանակ], բայց Նա նրանց մեջ իրարանցում առաջացրեց՝ նրանց մեջ տարբեր լեզուներ ստեղծելով և այդ լեզուների բազմության պատճառով միմյանցից օտարացնելով։ Այն վայրը, որտեղ նրանք կառուցեցին աշտարակը, այժմ կոչվում է Բաբելոն՝ այն լեզվի խառնաշփոթի պատճառով, որը նրանք նախկինում հեշտությամբ հասկանում էին, քանի որ եբրայեցիները Բաբելոն բառով նկատի ունեն խառնաշփոթ։ Սիբիլը նույնպես հիշատակում է այս աշտարակը և լեզվի խառնաշփոթը, երբ ասում է. «Երբ բոլոր մարդիկ մեկ լեզվով էին խոսում, նրանցից ոմանք կառուցեցին բարձր աշտարակ, կարծես դրանով երկինք էին բարձրանալու, բայց աստվածները քամու փոթորիկներ ուղարկեցին և տապալեցին աշտարակը և բոլորին տվեցին յուրահատուկ լեզու, և այդ պատճառով քաղաքը կոչվեց Բաբելոն»»։

Ժամանակակից գիտական փնտրտուքներ։ Բաբելոնի աշտարակի պատմության թեման՝ Աստծո և մարդկանց միջև մրցակցությունը, տեսնում ենք նաև Ծննդոց գրքի Ադամի և Եվայի պատմության մեջ։ Առաջին դարում հայտնի հրեական մեկնաբանությունը, որ կարդում ենք Հովսեփոս Փլավիոսի գրվածքներում, աշտարակի կառուցումը ներկայացնում է որպես Աստծո դեմ անհնազանդության գործողություն, որը պատվիրել էր ամբարտավան բռնակալ Նեբրովթը: Ժամանակակից գիտական գրականության մեջ այս դասական մեկնությանը մարտահրավերներ են նետվել՝ շեշտը դնելով պատմությունում նշված մշակութային և լեզվական միատարրության հստակ դրդապատճառի վրա. բնագրի այս բացատրությունը Աստծո գործողությունները դիտարկում է ոչ որպես հպարտության համար պատիժ, այլ որպես մշակութային տարբերությունների պատճառաբանություն՝ Բաբելոնը ներկայացնելով իբրև քաղաքակրթության օրրան:

Ծննդոց 11:8 ը հայտնում է, որ աշտարակի կառուցումն անավարտ էր, երբ այն կառուցողները ցրվեցին աշխարհով մեկ. «Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց»: Սակայն 5 րդ համարում Տերն այցելում է աշտարակի կառուցման վայր՝ «տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը» (եբրայերենում բայը դրված է կատարյալ ժամանակով): Ուստի ենթադրելի է, որ աշտարակի կառուցումը եթե ոչ ամբողջովին, ապա մասնակիորեն ավարտին էր հասցված:

Բաբելոնի աշտարակի բարձրության չափի մասին։ Ծննդոց գիրքը չի նշում աշտարակի բարձրությունը. «մինչև երկինք հասնող գագաթ» (Ծննդ. 11:4) արտահայտությունը տպավորիչ բարձրության համար կիրառվող չափազանցություն է, այլ ոչ թե ամբարտավանությունը մատնանշող ձևակերպում։  Պարականոններից Հոբելյանների գրքի 10:21 ում աշտարակի բարձրությունը նշվում է 5,433 կանգուն և 2 արմավենու չափ, որը մոտ երեք անգամ գերազանցում է Բուրջ Խալիֆայի բարձրությունը։ Ի դեպ, Հոբելյանների գիրքը պարունակում է Աշտարակի մասին ամենամանրամասն պատմություններից մեկը։ Ահա ամբողջական նկարագրությունը. «Եվ նրանք սկսեցին կառուցել, և չորրորդ շաբաթում նրանք կրակով աղյուս պատրաստեցին, և աղյուսները ծառայեցին որպես քար, իսկ կավը, որով դրանք ամրացրին, ասֆալտ էր, որը դուրս էր գալիս ծովից և Սինաար երկրի ջրի աղբյուրներից։ Եվ նրանք կառուցեցին այն։ Քառասուներեք տարի նրանք կառուցեցին այն։ Դրա լայնությունը 203 աղյուս էր, իսկ [աղյուսի] բարձրությունը՝ մեկի երրորդը։ Դրա բարձրությունը կազմում էր 5433 կանգուն և 2 արմավենու ճյուղ, և [մեկ պատի երկարությունը] տասներեք ստադիոն էր [և մյուս երեսուն ստադիոնը]» ( Հոբելյաններ 10։20—21):

Բարուքի երրորդ ապոկալիպսիսում նշվում է, որ «կռվի աշտարակը» հասել է 463 կանգուն (211,8 մ, 695 ոտնաչափ) բարձրության, որն ավելի բարձր է, քան մարդկության պատմության մեջ ցանկացած կառույց՝ մինչև 1889 թ. Էյֆելյան աշտարակի կառուցումը (բարձրությունը 324 մ, 1,060 ոտնաչափ)։ 6 րդ դարի Տուր քաղաքի եպիսկոպոս և ֆրանկների պատմիչ Գրիգոր Տուրացին, իր նշանավոր պատմությունը գրելով մոտ 594 թ., մեջբերում է ավելի վաղ շրջանի պատմիչ Օրոսիոսին (մոտ 417 թ.), որն ասել է, թե աշտարակը «տեղադրված էր քառանկյունի ձևով շատ հարթ հարթության վրա։ Դրա պատը, որ կառուցված է եղել թրծված աղյուսից և ցեմենտապատված խեժով», ուներ 50 կանգուն լայնություն, 200 կանգուն երկարություն (23x91,5 մ, 75x300 ոտնաչափ) և 470 ստադ (82,72 կմ, 51,40 մղոն) շրջագիծ։ Ստադը հին հունական երկարության միավոր էր, որը հիմնված էր այդ ժամանակվա տիպիկ մարզադաշտի շրջագծի վրա, որ կազմում էր մոտ 176 մետր (577 ոտնաչափ)։ Նկարագրությունը շարունակվում է. «Յուրաքանչյուր կողմում տեղադրված էր քսանհինգ դարպաս, որոնք ընդհանուր առմամբ կազմում են հարյուր։ Այս դարպասների դռները, որոնք զարմանալի չափերի են, ձուլված են բրոնզից»։ Նույն պատմաբանը ներկայացնում է այս քաղաքի մասին շատ այլ պատմություններ և ամփոփում. «Չնայած նրա շենքի փառքը այդպիսին էր, այն, այնուամենայնիվ, նվաճվեց և ավերվեց»։

Բաբելոնի աշտարակի բարձրության մասին միջնադարյան պատմություններում ու լեգենդներում առկա են վերոնշյալ թվաբանական հաշվարկներին անհամապատասխանող տվյալներ, որոնց հավաստիության ու փաստարկվածության իսպառ բացակայությամբ պայմանավորված՝ բավարարվենք այսքանով։

«Բաբելոն» բառի ծագման շուրջ։ «Բաբելոնի աշտարակ» արտահայտությունը չկա ո՛չ Ծննդոց գրքում, ո՛չ էլ աստվածաշնչյան այլ գրքում. գործածված են «քաղաք և աշտարակ» կամ պարզապես «քաղաք» եզրույթները։ Բաբելոն անվան եբրայերեն ծագումն անորոշ է։ Քաղաքի բնիկ աքքադական անվանումը Բաբ իլիմ էր, որը նշանակում է «Աստծո դարպաս»։ Սակայն սովորաբար ենթադրվում է, որ այդ ձևը և մեկնաբանությունը ծագում են աքքադական ժողովրդական ստուգաբանությունից, որը կիրառվել է անվան ավելի վաղ ձևի՝ Բաբիլլայի համար և անհայտ իմաստ ունի (հավանաբար, սեմական ծագում չունի)։

Ծննդոց 11 ում նշված պատմության համաձայն՝ քաղաքը Բաբելոն անունն ստացել է եբրայերեն բալալ բայից, որը նշանակում է խառնաշփոթ կամ շփոթեցնել՝ այն բանից հետո, երբ Յահվեն աղավաղել է մարդկության ընդհանուր լեզուն։ Այս երկու անունների միջև առկա է բառախաղ՝ Բաբելոն և խառնաշփոթ եբրայերեն եզրույթների նմանատիպ արտասանության պատճառով։

Բաբելոնի աշտարակի պատմության իմաստաբանությունը։ Բաբելոնի աշտարակի պատմությունը դասվում է էթիոլոգիական (տեսություն պատճառների և պատճառականության մասին) առասպելների շարքում, որը նախատեսված է բացատրելու որևէ սովորույթի, ծեսի, աշխարհագրական առանձնահատկության, անվան կամ այլ երևույթի ծագումը, այստեղ՝ լեզուների բազմության ծագումը: Բաբելոնի աշտարակի կառուցումից առաջացած լեզուների խառնաշփոթը (լատիներեն՝ confusio linguarum) բացատրում է մարդկային լեզուների առանձնացումը. Աստված մտահոգված էր, որ մարդիկ հայհոյել էին՝ կառուցելով աշտարակը՝ երկրորդ ջրհեղեղից խուսափելու համար, և այդ պատճառով Աստված ստեղծեց բազմաթիվ լեզուներ, ինչը մարդկությանը զրկեց միմյանց հասկանալու հնարավորությունից:

Այս իրադարձությունից առաջ ասվում է, որ մարդկությունը խոսում էր մեկ լեզվով՝ չնայած նախորդող՝ Ծննդոց 10։5 ում նշվում է, որ Հաբեթի, Գոմերի և Հավանի սերունդները ցրվել են «ամեն մեկն իր լեզվով»։ Օգոստինոս Երանելին, բացատրելով այս ակնհայտ հակասությունը, պնդում է, որ պատմությունը «առանց այն հիշատակելու, վերադառնում է պատմելու, թե ինչպես է պատահել, որ բոլոր մարդկանց համար ընդհանուր լեզուն բաժանվել է բազմաթիվ լեզուների»: Ժամանակակից գիտական հետազոտողները պնդում են, որ երկու գլուխները գրվել են տարբեր աղբյուրներից ազդված. առաջինը՝ քահանայական, իսկ երկրորդը՝ յավիստական։

Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ