Շնորհ՝ առանց փրկության. Աստծո կամքը և մարդու երկմտանքը

Հին Կտակարանում հեթանոսները որոշակի դերակատարություն ունեն փրկագործության պատմության մեջ։ Հետաքրքիր է Բաղաամի կերպարը, բայց հիշենք, որ հեթանոսներ էին նաև Ռագուելը (Հոթոր)՝ Մովսեսի աները (Ելք. Բ 18, ԺԸ 1), Հռութը և Թամարը։

Բաղաամը հեթանոս գուշակ էր, ապրում էր Հյուսիսային Սիրիայում՝ Ասորիքում, ուներ որոշակի կարգավիճակ։ Նա թագավորներին և իշխաններին հայտնում էր Աստծո կամքը և պարզաբանում այդ կամքից բխող հետևանքները, ինչպես նաև կարող էր Տիրոջ կողմից անեծքներ և օրհնություններ բաշխել։ Նման մարգարեների վերաբերյալ տեղեկություններ հայտնի դարձան նաև պեղումների արդյունքում։ Օրինակ՝ թագավորները 130 ցուլ են զոհաբերել ոմն մարգարեի, և այդ մասին մոտ 25000 սալիկ կա։ Ինչպես պատմում է Թվոց գիրքը, Եգիպտոսից դուրս եկած և Պաղեստին մտած մովաբացիների թագավորը մարդ է ուղարկում՝ Բաղաամին համոզելու, որ նա այդ ազգի վրա անեծք կարդա։ Սակայն Տերը, հայտնվելով Բաղաամին, ասում է, որ նրանք Տիրոջ ժողովուրդն են (հմմտ. Թվեր ԻԲ 12)։

Բաղաամն իր գործն անում էր դրամով, և նա տարակուսում է, որ ճշմարիտ Աստված կարող է հայտնվել, և առանց պարգևատրության և առանց պատժի՝ ինքը կարող է գուշակություն անել։ Տերը խիստ բարկանում է, քանի որ Բաղաամը երեք անգամ լսում է Տիրոջ ձայնը և ոչ մի անգամ ուշադրություն չի դարձնում, որովհետև մտածում է, որ հերթական դևերից կամ կուռքերից մեկն է, որ իրեն խորհուրդ է տալիս, և ինքը փորձում է մեկ ուրիշ կուռքի կամքը (իրականության մեջ այսպես էր. մի աստծո մոտ գնում էին՝ գուշակության, եթե դա բավական չէր, փորձում էին այնքան, մինչև որոշակի արդյունքի էին հասնում)։

Այսպիսով՝ Տերը զայրանում է, որ Բաղաամը չի ընկալում իրեն՝ իբրև ճշմարիտ Աստուծու. լսում է Իր ձայնը, բայց չի հասկանում։

Բաղաամի էշի պատկերը, որ շատերին թվում է հեքիաթ, իրականում սուրբգրային հեգնանք է, հոգևոր ծաղրապատկեր, որովհետև անգամ Բաղաամի էշը տեսնում է հրեշտակին, իսկ Բաղաամը՝ ոչ։ Այսինքն՝ Բաղաամն իջել էր անասնական մակարդակից էլ ցածր։ Այս դրվագով հասկանում ենք, որ մարդն իր կամակորության պատճառով կարող է իջնել ցածրագույն մակարդակի՝ չհասկանալով կամ չընդունելով աստվածային ձայնը։ Բաղաամն այստեղ խորհրդանշական կերպար է։ Սուրբ

Գրքում ընդամենը երկու դրվագ կա, երբ խոսում է կենդանին. առաջինը՝ Ծննդոց գրքում, երբ օձն է խոսում (Ծննդ. Գ 1—5), և երկրորդը՝ Բաղաամի էշը (Թվեր ԻԲ 21—35)։
Այս պատմության մեջ տեսնում ենք չորս մարգարեություն, ընդ որում՝ վերջին մարգարեությունը մեսիական է։ Բաղաամն ասում է երեք մարգարեական բան, որոնք պիտի տեղի ունենան. «Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։ Նա պիտի ժառանգի Եդովմը, որ պատկանում է իր թշնամի Եսավին։ Եվ դա Իսրայելն անելու է զորությամբ» (Թվեր ԻԴ 17—18)։ Այս հատվածն այլ կերպ շարադրված է մի շարք մարգարեական գրքերում, ուր խոսվում է ծագող աստղի մասին, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին. «Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա, և նրա թագավորությունը կբարգավաճի» (Թվեր ԻԴ 7)։ Եզեկիելի և Երեմիայի մարգարեության մեջ Գոգը և Մագոգը կասպյան այն թագավորություններն էին, որ հրեաների համար աներևակայելի հեռավորության վրա էին և համարվում էին առասպելական թագավորություններ (տե՛ս Եզեկ. ԼԸ, ԼԹ)։ Դրանք սովորաբար համեմատվում են Հյուսիսի սկյութական ցեղերի հետ, որոնք այն ժամանակ արդեն ասպատակել էին Ուրարտուն՝ հասնելով մինչև Պաղեստին։ Այստեղ խոսքն այն մասին է, որ նույնիսկ գալիք թագավորությունն այս երկու հզոր թագավորություններից ավելի զորավոր պիտի լինի՝ տարածվելով ամբողջ աշխարհի վրա։

Այսպես է սկսվում այն գործողությունների շղթան, որ ծագեց Իսրայելի դեմ Մովաբի և Մադիանի դաշինքից։ Ցանկանալով խոցել, բայց վախենալով հարվածել՝ մովաբացիները հասկանում էին, որ իզուր է նրանց դեմ դուրս գալը, քանի դեռ նրանք ակնհայտորեն վայելում էին հզոր Աստծո օրհնությունն ու պաշտպանությունը։ Սակայն նրանք կարծում էին, թե գուցե հնարավոր լինի թուլացնել կամ չեզոքացնել այդ առավելությունը՝ նրանց վրա դնելով որևէ զորավոր մոգի «ծանր» անեծքը։

Այդպես թուլացած, ինչպես մյուս մարդիկ, նրանք կարող էին ենթարկվել հարձակման՝ լիակատար հաջողության հույսով։

Այս մտադրությունը նրանց համար առավել գրավիչ էր նաև այն պատճառով, որ հաջողության դեպքում նրանք կկարողանային վերականգնել այն տարածքները, որոնք երբևէ իրենցն էին, սակայն իսրայելացիները տիրել են դրանց՝ ամորհացիներից նվաճման իրավունքով։ Իրոք, եթե իսրայելացիները ոչնչացվեին կամ հետ մղվեին անապատ, Ղովտի որդիները կարող էին ոչ միայն վերատիրանալ կորցրածին, այլև ընդլայնել իրենց նախկին տարածքները։ Եվ աբրահամյան ծագում ունեցող մի շարք դաշնակից ցեղերի հետ միասին նրանք կարող էին դառնալ Հորդանանից արևելք գտնվող ողջ երկրի միակ տերը։

Այս մտադրություններով նրանք պատգամավորներ ուղարկեցին նշանավոր գուշակ Բաղաամի մոտ՝ խնդրելով նրան գալ և անիծել Իսրայելին։ Պատմության այս հատվածում առաջ են քաշվում խորհրդածության արժանի մի շարք ուսուցանող թեմաներ։

1. Մարդկային հոգեբանություն

Դժվարության մեջ ընկած մարդը հակված է օգնություն փնտրելու իրենից վեր ուժերից։ Երբ երկրային միջոցներն սպառվում են, նա դիմում է գերբնականին։ Սակայն այստեղ որոշիչն այն է, թե դեպի ո՛ր աղբյուրն է նա դառնում։ Մովաբացիները դիմեցին ոչ թե ճշմարիտ Աստծուն, այլ մի մարդու, որի մասին կարծում էին, թե կարող է իր կամքով կառավարել գերբնական ուժերը։ Այդ ընտրությունը բացահայտում է ոչ միայն նրանց վախը, այլև նրանց հոգևոր մոլորությունը։

2. Կեղծ և ճշմարիտ գերբնականի տարբերությունը

Մարդը հաճախ չի տարբերում Աստծուց եկող զորությունը մարդկային կամ սատանայական ազդեցություններից։ Այն, ինչ մարդիկ վերագրում են կախարդանքին կամ մոգությանը, իրականում կա՛մ ինքնախաբեություն է, կա՛մ Աստծո թույլտվությամբ գործող ուժ, բայց երբեք՝ մարդու անկախ իշխանություն։ Ճշմարիտ գերբնականը միշտ ենթակա է Աստծո կամքին և ծառայում է Նրա նպատակներին, մինչդեռ կեղծը հիմնված է վախի, անտեղյակության և սնահավատության վրա։

3. Ճշմարիտ ճանապարհը

Այս պատմությունը սովորեցնում է, որ դժվարության պահին մարդը պետք է զգուշանա սխալ աղբյուրների դիմելուց։ Աղոթքն Աստծուն միակ վստահելի ուղին է՝ գերբնական օգնություն ստանալու համար։ Մնացած բոլոր փորձերը՝ շրջանցելու Նրա կամքը կամ զորություն «գնելու» զոհաբերություններով ու կախարդական գործողություններով, դատապարտված են ձախողման։

4. Մարդը՝ գերբնական զորությունների գիտակցությամբ և դրանց գործադրման մեջ աստվածային իշխանության զգացումով

Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ այն բաների մասին, ինչ Տերը կհայտնի ինձ» (Թվեր ԻԲ 8)։ Բաղաամի գիտակցությունը մեծ զորությունների մասին հստակ երևում է պատմությունից։ Բաղաամն օժտված էր մեկ ճշմարիտ Աստծո մասին՝ սովորականից բարձր գիտությամբ, ուներ մտքի և հանճարի բարձր շնորհներ, ճշմարտության ներքին ըմբռնում և կարողանում էր թափանցել երևույթների խորքը։ Մի խոսքով՝ նա և՛ բանաստեղծ էր, և՛ մարգարե։
Բաղաամի գիտակցությունը, որ իր զորությունները ենթակա են Աստծուն, նույնպես հստակ է։ Պատմության ընթացքում նա բազմիցս խոստովանում է, որ իր բոլոր մեծ կարողություններն իրենը չեն, այլ Աստծուց ստացված են և կարող են գործադրվել միայն Նրա թույլտվությամբ։ Սա ակնհայտ է նաև այս հատվածում (հմմտ. Թվեր ԻԲ 8, 13)։ Նա կարծես գիտակցում էր Իսրայելի կապը ճշմարիտ Աստծու հետ և կասկածում էր, թե իրեն կթույլատրվի նրանց անիծել։

Այստեղ տեսնում ենք՝

1. Բաղաամի մեղքն Աստծու առաջ։ Իմանալով այն, ինչ գիտեր, նա պետք է անմիջապես և վճռականորեն մերժեր Բաղակի խնդրանքը։ Սակայն ասաց. «Այս գիշեր մնացեք այստեղ….»։ Նա տենչում էր «գուշակության վարձը», «սիրում էր անիրավության վարձատրությունը»։ Անօրեն շահի համար նա պատրաստ էր իր մեծ շնորհները ծառայեցնել չար նպատակների և հույս ուներ ստանալու թույլտվություն՝ գնալու Բաղակի պատգամավորների հետ։

2. Մարդը՝ գերբնական այցելություն ստանալիս։ «Աստված եկավ Բաղաամի մոտ և նրան ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են» (հմմտ. Թվեր ԻԲ 9—12)։ Սա արտասովոր այցելություն էր։ Սակայն այստեղ կա ընդհանրական նշանակություն ունեցող երեք կետ։

Հավանաբար երազի կամ տեսիլքի միջոցով էր, որ Աստված այդ գիշեր եկավ Բաղաամի մոտ և հայտնեց Իր կամքը։ Բազմաթիվ կերպերով Աստված կարող է ներթափանցել մարդու միտքը և ազդել նրա գիտակցության վրա։ Մարդու կամքի համաձայնությամբ կամ առանց դրա՝ նրա կամքին հակառակ, Աստված կարող է ներթափանցել նրա միտք և խոսել նրա հետ։

3. Աստծո հետաքրքրությունը մարդու կյանքի հանդեպ։ Սա երևում է Բաղաամին ուղղված Նրա հարցում. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են» (Թվեր ԻԲ 9), և արգելքում՝ «Մի՛ գնա նրանց հետ և մի՛ անիծիր ժողովրդին, նա օրհնյալ է» (Թվեր ԻԲ 12)։ Տերը մտահոգված էր Բաղաամի բարօրությամբ, ցանկանում էր, որ նա չընկնի իրեն ներկայացված գայթակղությունների մեջ։ Այսպես էլ այսօր Աստված բազմաթիվ ձևերով հայտնում է Իր հոգածությունը մարդու փրկության համար և Իր խոր հետաքրքրությունը յուրաքանչյուր մարդկային կյանքի հանդեպ։

4. Աստծո իշխանությունը մարդու կյանքի վրա։ «Աստված ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ...»։ Հրամայելն Աստծունն է, իսկ հնազանդվելը՝ մարդունը։ Մարդու բարօրությունն Աստծո իշխանության գործնական ընդունումը և Նրա կամքին ենթարկվելն է։

5. Մարդը՝ անհավատարիմ աստվածային հայտնությանը։ «Առավոտյան վեր կենալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին...» (Թվեր ԻԲ 13)։ Աստծո պատգամի ամենակարևոր մասը՝ այն, որը կարող էր վերջնականապես փակել այս գործը, նա թաքցրեց Բաղակի պատգամավորներից։ Նա խոսեց այնպես, կարծես հնարավոր է անիծել նրանց, և կարծես ինքը հակված էր ընդունելու Բաղակի խնդրանքը։ Նրա ագահությունն առավել ևս դրսևորվում է այստեղ. նա չէր ցանկանում ընդմիշտ կորցնել «գուշակության վարձը», որ բերել էին պատգամավորները։

Բաղաամի կերպարն այնքան էլ եզակի չէ, որքան թվում է։ Եթե ժամանակի, երկրի և դիրքի արտաքին հանգամանքները մի կողմ դնենք, կարող ենք փողոց դուրս գալ և գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդու մեջ Բաղաամի գտնել։ Նա պատկանում էր դեռևս մեծաթիվ այն դասին, որ տեսականորեն ճանաչում է Աստծուն և իրականում վախենում Նրանից, բայց որի սերն ու երկյուղը Աստծո հանդեպ իր միտքը ղեկավարող սկզբունքները չեն։ Նրանք համոզված են, բայց դարձի չեն եկել։ Նրանք կարող են գնահատել և ցանկանալ Աստծո ընտրյալների արտոնությունները, ցանկանում են «մեռնել արդարների մահով», բայց չեն ցանկանում ապրել նրանց կյանքով։ Նրանք ուզում են ծառայել Աստծուն, բայց նաև ծառայում են մամոնային, և այս երկու հակամարտ ուժերի պայքարի մեջ նրանց կյանքը դառնում է դառը, իսկ մահը՝ վտանգավոր։

6. Մարդիկ՝ որպես անհավատարիմ պատգամաբերներ։ «Մովաբացի իշխանները վեր կենալով՝ եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չկամեցավ գալ մեզ հետ» (Թվեր ԻԲ 14)։ Բաղաամը իշխաններին ասաց Աստծուց ստացածից պակաս, իսկ նրանք Բաղակին փոխանցեցին ավելի քիչ, քան լսել էին Բաղաամից։ Այդպես, երբ պատասխանը հասավ Մովաբի թագավորին, այն արդեն Աստծու խոսքը չէր, այլ մարդու խոսքը՝ պարզապես Բաղաամը չկամեցավ գալ՝ առանց նույնիսկ ակնարկելու, որ Աստված էր արգելել նրան։

5. Սուրբգրային դասեր

Աստվածային հայտնությունները երբեք սահմանափակված չեն եղել որևէ մեկ ժողովրդի, երկրի կամ դարի մեջ։ Նույնիսկ տարբեր ազգի հեթանոս մարդիկ լսել են աստվածային ձայներ և վկայել աստվածային տեսիլքներ։

Մեծ շնորհները միշտ չէ, որ ուղեկցվում են մեծ բարոյականությամբ։ Մտքի լուսավորությունը պարտադիր չէ, որ ուղեկցվի սրտի դարձով։ Լայն է տարբերությունը հոգևոր շնորհների և հոգևոր բնավորության միջև։

Մեծ շնորհները ենթադրում են մեծ պատասխանատվություն և լուրջ վտանգ. պատասխանատվություն՝ դրանք Օրհնատուի կամքի համաձայն գործադրելիս, և վտանգ՝ դրանք սխալ օգտագործելիս։

Ագահության գայթակղությունը չափազանց նուրբ և զորեղ է, այն հարձակվում է նույնիսկ ամենաշնորհալի բնավորությունների վրա։ «Զգուշացե՛ք և պահեցե՛ք ձեզ…»։ Նրանց ընթացքը՝ Իսրայելի բանակներն անեծքի տակ դնելու միջոցով իրենց իսկ զենքերի հաջողությունն ապահովելու, մեզ համար տարօրինակ է թվում։ Սակայն Արևելքում դա այդպես չէ։ Նույնիսկ այսօր արևելյան հեթանոս ժողովուրդներն իրենց պատերազմներում միշտ ունենում են կախարդներ, որպեսզի նրանք անիծեն թշնամիներին և մրմնջան կախարդական խոսքեր ոսոխի կործանման համար։ Երբեմն նրանք գաղտնի կերպով թշնամական զորքերի մեջ են փոխանցում զորավոր հմայք՝ նրանց կործանումն ապահովելու համար։

Բոլոր ժողովուրդների մեջ հին ժամանակներից տարածված է այն կարծիքը, թե մարդկանց անեծքներն ու օրհնությունները, կախարդական խոսքերն ու նվիրումները, որոնք համարվում էին բարձրագույն հոգով ներշնչված՝ լինի բարու թե չարի կողմից, ունեն ազդեցություն ոչ միայն անհատների, այլև ամբողջ ազգերի, տարածաշրջանների և նույնիսկ անասունների ու դաշտերի բերքի վրա։ Հաճախ նրանք ուժեղ կախարդանքներով փորձում էին կանչել թշնամիների քաղաքների պահապան աստվածներին՝ կարծելով, թե դրանով կզրկեն նրանց գլխավոր պաշտպանությունից։ Այդ պատճառով բազմաթիվ քաղաքների իսկական անունները պահվում էին որպես պետական գաղտնիք, որ թշնամին չկարողանա դրանք օգտագործել իր աղոթքներում կամ կանչերում։

Այս գիտելիքը իրականությո՞ւն էր, թե՞ պարզապես երևակայություն։ Եթե պատմությունն ընդունենք իր պարզ իմաստով (իսկ Սուրբ Գրքի պատմական հատվածները պետք է հենց այդպես ընկալվեն), ապա կասկած չի մնում, որ Բաղաամն իսկապես ուներ այդ գիտելիքը։ Նա ոչ միայն որոշ ճշմարտություններ գիտեր, այլև դրանք պահում էր անարդարությամբ, և Աստված, Իր բարձր նպատակներին ենթարկելով, իրապես հաղորդակցվում էր նրա հետ։ Այլ բացատրությունները, որքան էլ խելացի թվան, աղավաղում են ամբողջ պատմությունը և ստիպում անտեսել այն իրական փաստերը, որոնք փորձում են մեղմացնել։ Բաղաամի խոր հետաքրքրությունն Իսրայելի գործերի հանդեպ և նրա ծանոթությունը նրանց պատմությանը, ներկա վիճակին ու ապագա հույսերին ակնհայտ են նրա մարգարեական խոսքում, որը նա վերջապես ստիպված էր արտասանել։ Թե ինչպես նա ձեռք բերեց այդ գիտելիքը, և թե ինչու այն չունեցավ հոգևոր օգտակարություն նրա համար, առաջին հայացքից բարդ հարց է թվում, սակայն իրականում այդքան էլ դժվար չէ։

Հնարավոր է, որ նա որոշ գիտելիքներ ժառանգած լիներ Միջագետքում պահպանված նահապետական կրոնի մնացորդներից, որոնք գոյություն ունեին դեռ Հակոբի օրերից։ Սակայն առավել ամբողջական բացատրությունն այն է, որ այդ գիտելիքի հիմնական մասը նա ստացել էր հենց Իսրայելից։ Դա միանգամայն բնական է. Իսրայելի քառասնամյա անապատային շրջագայությունը չէր կարող չառաջացնել լայն խոսակցություններ։ Բաղաամը՝ որպես իր մասնագիտությանը լիովին նվիրված մարդ, անշուշտ, ուշադրությամբ հետևում էր Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի մասին պատմություններին՝ նրանց ծագման և հրաշագործ փրկության վերաբերյալ։ Նա լսած կլիներ Կարմիր ծովի բաժանման և պղնձե օձի հրաշքի մասին։

Եվ ինչպես Սիմոն մոգի դեպքում, Բաղաամի առջև բացվում էր փառքի և շահի նոր ճանապարհ, ինչը գրավիչ էր նրա մեղավոր հակումների համար։ Այդ ժամանակ նա, հավանաբար, սկսեց ընդունել Յահվեին՝ որպես իր Աստծու, և իրեն կոչել Նրա մարգարե։ Սակայն չի կարելի բացառել նաև, որ այս ամենում առկա էր որոշակի բարձր զգացում՝ իր հոգևոր դատարկության գիտակցությունը, որը նրան մղում էր փնտրելու Աստծուն։ Բացի այդ՝ պետք է ընդունել, որ Տերն Իր նպատակների իրականացման համար երբեմն իսկապես հատուկ հայտնություններ էր տալիս նրան։

Սա խաբուսիկ և վտանգավոր վիճակ է նույնիսկ հավատավոր մարդկանց համար։ Երբ սատանան չի կարողանում մարդուն պահել կոպիտ մեղքերի մեջ, փոխում է իր կերպարը. թույլ է տալիս ատել հարբեցողությունը, անառակությունն ու անկարգությունը, սակայն ներմուծում է մեկ այլ ծայրահեղություն՝ աշխարհիկ հոգսեր, անհանգիստ մտահոգություններ և ագահ ցանկություններ՝ ունենալու, պահելու և կորցնելու մշտական վախով։ Սա նուրբ և դժվարնկատելի մեղք է և հենց այդ պատճառով էլ դժվար է բուժվում, քանի որ մարդիկ հաճախ չեն էլ գիտակցում այն։

Բաղաամի կերպարն այստեղ զգուշացնող օրինակ է։ Նա մարդ էր, որ ճանաչում էր Աստծուն, լսում էր Նրա ձայնը և նույնիսկ ուներ մարգարեական շնորհ։ Սակայն նրա սիրտը բաժանված էր։ Նա գիտեր ճշմարտությունը, բայց չէր ապրում դրանով։ Նա լսում էր Աստծուն, բայց միաժամանակ առաջնորդվում էր իր շահով՝ ցույց տալով ագահության վտանգը։ Նա չէր կարող հրաժարվել այն հնարավոր շահից, որ ներկայացվում էր իրեն։ Եվ հենց այստեղ սկսվեց նրա անկումը։ Երբ հոգին պիտի ընտրի Աստծուն կամ շահը, միշտ հաղթում է այն, ինչին մարդն ավելի շատ է հակված։

Այս պատմությունը մեզ հորդորում է զգուշանալ երկու մեծ վտանգից. առաջինը՝ հոգևոր գիտելիք ունենալ՝ առանց հոգևոր հնազանդության, և երկրորդը՝ թույլ տալ, որ աշխարհիկ ցանկությունները ղեկավարեն մեր սիրտը։ Աստված չի փնտրում միայն մարդկանց, որոնք Իրեն ճանաչում են խոսքով, այլև նրանց, որոնք Իրեն հնազանդվում են սրտով։ Բավարար չէ լսել Աստծու ձայնը, պետք է նաև հետևել այդ ձայնին։ Այսօր էլ նույն պայքարը շարունակվում է յուրաքանչյուր մարդու ներսում։ Կա Աստծու ձայնը, որ կանչում է դեպի ճշմարտություն, և կա աշխարհի ձայնը, որը խոստանում է շահ, հարմարություն և հեշտություն։ Իսկ մարդու հոգևոր վիճակը որոշվում է նրանով, թե ո՛ր ձայնին է նա հնազանդվում։ Ուստի՝ Բաղաամի պատմությունը մեզ համար մնում է կենդանի նախազգուշացում. մեծ շնորհները, առանց մաքուր սրտի, կարող են դառնալ վտանգ, և Աստծուն ճանաչելը դեռ չի նշանակում Աստծուն պատկանել։

Ալբերտ սրկ. ՍԱՀԱԿՅԱՆ
Արմեն ՍԱՀԱԿՅԱՆ