Պարոնտերության համակարգի ծագումն ու զարգացումը

«Պարոնտեր» բառը պատմական աղբյուրներում հայտնվում է միայն 15‑րդ դարից, մինչդեռ այն երևույթը, որ այդ բառն արտահայտում է, կարելի է հստակ տեսնել դեռ 10‑րդ դարի Հայաստանում։ Այս փաստն ինքնին բացահայտում է միջնադարյան հայ իշխանական կյանքի մի էական ճշմարտություն. պարոնտերությունը նոր ստեղծված համակարգ չէր, այլ ձևավորված ու գործած դարեր առաջ, որը 15‑րդ դարում պարզապես ստացավ անուն։

Ըստ էության՝ պարոնտերությունն աշխարհիկ ու հոգևոր իշխանության միավորումն էր մեկ իշխանական տոհմի ձեռքում. նույն ընտանիքի անդամներից մեկը բռնում էր կառավարչի գավազանը, մյուսը՝ եպիսկոպոսականը, և երկուսը միասին ապահովում էին, որ հողը, վանքը, ժողովուրդը չհեռանան իրենց իշխանական լիազորություններից։ Հայ պատմագիտությունն արդեն անդրադարձել է այս ինստիտուտի առանձին կողմերին, սակայն «պարոնտեր» եզրույթի ծագման և դրա ավելի վաղ արմատների կապի հարցը մնացել է բաց։

«Պարոնտեր» բառն աղբյուրներում առաջին անգամ հայտնվում է 1424 թվականին Սանահինի վանքում գրված Ավետարանի հիշատակարանում, որտեղ կարդում ենք. «Զնորաբողբոջ զեղբորօրորդի նորին զՈւեկն՝ զվայելող սուրբ աւետարանիս... զսրբասէր քահանայսն զպարոն‑տէր Հովհաննես»։ Արդեն այս ամենավաղ հիշատակությունը բացահայտում է, որ 15‑րդ դարում պարոնտերությունը ֆեոդալական հստակ կարգավիճակ էր՝ սեփական եզրութաբանությամբ ու ճանաչված իրադրությամբ։ Հոգևոր դասի ներկայացուցիչները մինչ պարոնտեր կոչվելը՝ 14‑րդ դարում, հիշվում են աշխարհիկ պարոն կոչումով կամ առանձին գրված «պարոն» և «տեր» բառերով՝ որպես միակազմ տիտղոս: Գրիգոր‑Խութլուշա գրչի հիշատակարանում կարդում ենք. «Աղաչեմ և զբազմերախտ հոգեշահ պարոն՝ զմեծ վարդապետն Յօհաննէս, որդի քաջի Իւանէի՝ Որոտան իշխեցողի, որոյ տէր ողորմեսցի, ամէն»: Էմանուել գրիչը հայցում է իր պատվիրատու բարեգթությունը. «Իմ պարոն տէր Յովանէս՝ մաքրամիտ և սրբասնեալ քահանա, խոշորութեանն անմեղադիր լեր, զի ձմեռն էր, և տունս՝ ցուրտ»:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ եղել են բազմաթիվ պարոնտերեր, որոնք պարզապես չեն որակվել նշյալ եզրույթով: Հայ եկեղեցական շատ գործիչներ՝ Գրիգոր Բ Վկայասերը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Արտազի թեմի առաջնորդ Զաքարիա Ծործորեցին, ունեցել են նույն կարգավիճակը, ինչ 15‑րդ դարի պարոնտերերը՝ առանց պարոնտեր կոչվելու:

Սակայն ժառանգական հոգևոր‑աշխարհիկ իշխանության արմատները շատ ավելի հին են։ Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն Նահանգին Սիսական»‑ում պատմում է, թե ինչպես 936 թ. Սյունյաց իշխանական ծագումով Գևորգ անունով մի մարդ՝ ամուսնացած, ժառանգ ունեցող, հագնելով «այծեայց», Կատարո վանքի մոտ կառուցում է եկեղեցի, հիմնում եղբայրանոց և սեփականացնում «զվայրն ամենայն շրջակայ ի ժառանգութիւն եկեղեցւոյն»։ Ավելի կարևոր տիրույթները ձեռքում պահելու համար Գվևորգն իր որդի Ստեփանոսին ևս կրոնավոր է դարձնում։

Վանքերն ու կալվածատիրությունը

Պարոնտերության համակարգի զարգացման մեջ մեծ դերակատարություն ունեցան հայ ֆեոդալների կողմից վանքերի կառուցումը և նրանց մեծաքանակ կալվածքներ նվիրելու հանգամանքը: Անշուշտ, վանքերի կառուցման և հովանավորության դեպքերն ունեին նաև փառասիրական և կրոնական ենթատեքստ, քանի որ միջնադարում բարեգործ էր համարվում այն ֆեոդալը, որն իր հոգու փրկության համար վանք էր կառուցում: Սակայն վանքերի կառուցման տնտեսաքաղաքական դրդապատճառներն ավելի ցայտուն և տրամաբանական են, քան կրոնական մղումով վանք կառուցելու ցանկությունը: Վանական համալիրների կառուցումը և հովանավորումը այն քայլերից էին, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին նույն տարածքի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կենտրոնացմանը կառավարող տոհմի ձեռքում: Նախ՝ աշխարհիկ իշխանները վանքը վերցնում էին իրենց հովանու տակ, ինչը ենթադրում էր տվյալ հաստատությունների օգտին կատարել նվիրատվություններ, ապահովել դրանց բարեկեցությունը: Վանքը դառնում էր ազդեցիկ իշխանի սեփականությունը և ենթակա էր առքուվաճառքի: Վանքը փոխանցվում էր որպես ժառանգություն ֆեոդալների սերունդներին:

Օտար նվաճողների տիրապետության օրոք իշխանավորների նվիրատվությունները վանքերին ու եկեղեցիներին կատարվել են ոչ այնքան կրոնական զգացմունքներից դրդված, որքան Եկեղեցու, հոգևորականության համեմատաբար անձեռնմխելի և արտոնյալ կարգավիճակը հաշվի առնելով և դրանից տնտեսական օգուտ քաղելու նպատակով: Այս տեսակետից հետաքրքիր է մեջբերել «Կալվածագրեր» ժողովածուի մեջ զետեղված № 81 առևտրական գործարքի վավերագիրը, որը հարկադրական վաճառքի ցայտուն օրինակ է: Նկատի առնելով վանքին շնորհված պաշտպանունակությունը՝ երևանցի կալվածատեր Մութավելի Ալլահաշուքուրն իր այգու «մեկ տախտակը» նվիրում է Գեղարդավանքին, որովհետև «Երևանու ոմն երևելի իշխան, Հաճի Նովրուզլու ասացեալ ի ձեռն գրոյ և յոլով դրամատւութեան կամէր զայգին իմ գնել և առ ի խաբել զմիտս նորա, անուն եդի այգւոյն իբր մատուցեալ Աթոռոյն գրով միով»:

Այսպիսով՝ օտարի տիրապետության շրջանում կատարված բազմաթիվ նվիրատվությունների հիմնական դրդապատճառներն առաջին հերթին երկրի, առանձին ֆեոդալին պատկանող գավառի քաղաքականապես անկայուն և աննպաստ պայմաններն էին: Քաղաքական հեղհեղուկ իրադրությունը ֆեոդալներին ստիպում էր դառնալ եկեղեցական՝ սեփական կալվածքները հսկելու համար:

Մոնղոլական, ապա թուրքմենական երկարամյա տիրապետությունը կործանարար եղավ հայ իշխանական տների համար։ 14—15‑րդ դարերում իրենց քաղաքական ազդեցությունը կորցրին երբեմնի հզոր Զաքարյան, Օրբելյան, Վաչուտյան, Պռոշյան, Դոփյան և այլ իշխանական տներ։ Հայ աշխարհիկ ֆեոդալների կալվածքների մի մասը բռնագրավեցին նվաճողները, իսկ մնացած մասը նրանք ստիպված նվիրեցին կամ վաճառեցին Եկեղեցուն:

Ի հակակշիռ քայքայվող աշխարհիկ կալվածատիրության՝ 14—15‑րդ դարերում որոշակի զարգացում ապրեց եկեղեցական կալվածատիրությունը։ Այս հանգամանքը բացատրվում է օտար տիրապետության ժամանակ Եկեղեցու ունեցած ապահարկության իրավունքով։ Փաստերը վկայում են, որ 15‑րդ դարի թուրքմեն գահակալներն իրենց վարած քաղաքականությամբ մեծապես նպաստում էին վանքապատկան հողատիրության ընդարձակմանը: Հայտնի է, որ ակ‑կոյունլուներից Ջահանշահը և Երևանի կառավարիչ Յաղուբ Բեկը նպաստեցին 1441 թ. Հայոց կաթողիկոսական Աթոռի՝ Սսից Էջմիածին տեղափոխմանը։

Թուրքմեն կառավարիչները թեմերի առաջնորդներին ու վանահայրերին տված իրենց հրովարտակներով ոչ միայն հաստատել են վանքերի հողատիրական իրավունքները, այլև վանքապատկան հողերն ազատել են հարկերից: Հայտնի են Ջահանշահի 1449 թ. հրովարտակը՝ տրված Տաթևի և Վաղադինի վանքերին, Ջահանշահի կին Բեկում Խաթունի հրամանագիրը՝ տրված Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, Հասան Ալու՝ 1468 թ. հրովարտակը՝ Տաթևի և Վաղադինի վանքերին, Յաղուբ բեկի՝ 1478 թ. հրովարտակը՝ Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին։ Բերված փաստերը վկայում են, որ 14—15‑րդ դարերում վանքապատկան հողատիրությունը զերծ էր օտարումից ու հափշտակումից և ազատ՝ պետական հարկերից: Այս երևույթը հատուկ էր ֆեոդալական հասարակարգին մանավանդ Արևելքում։ Հոգևորականությունը՝ որպես իշխող դասակարգ, վաղ միջնադարից գտնվել է արտոնյալ վիճակում։ Մահմեդական տիրակալները շարիաթի սկզբունքները տարածում էին վանական հողային տիրույթների վրա և նրանց օժտում «մուաֆի» իրավունքով։

Աշխարհիկ ֆեոդալների նվիրատվությունները հիմնականում տրվում էին այն վանքերին, որոնք գտնվում էին նվիրատուի ֆեոդալական տիրույթների սահմաններում, իսկ վանահայրը ֆեոդալի մերձավոր ազգականն էր կամ էլ նրա ենթական։ Հաճախ ֆեոդալական տան որևէ ազդեցիկ անդամ իր ձեռքն էր վերցնում իշխանական տան աշխարհիկ և հոգևոր իշխանությունը։ Եվ արդեն սկսած 15‑րդ դարից՝ լայն տարածում գտավ պարոն‑տեր կոչումը, որը հիմնականում կրում էին այն եկեղեցականները, որոնց ձեռքում էր կենտրոնացած տվյալ տարածքի թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր իշխանությունը:

Հասան‑Ջալալյանները և Գանձասարը

Հասան‑Ջալալյան իշխանական տան ներկայացուցիչները ժամանակի ընթացքում սկսեցին զբաղեցնել նաև գավառի հոգևոր իշխանությունը։ Արցախում տասնյակ գյուղերի, արտերի, այգիների և անբավ այլ հարստությունների տեր էր Գանձասարի վանքը, որի կալվածքների ընդարձակումն ավելի մեծ թափով շարունակվեց 15‑րդ դարում։ Ջալալյան իշխանները, օտարումից փրկելու նպատակով, իրենց կալվածքները նվիրում էին վանքին, որի կաթողիկոսներն ու վանահայրերն իրենց մերձավոր ազգականներն էին. Օրինակ՝ 1407 թ. Ջալալյան Ուլուբեկ իշխանը Գանձասարի վանքին հողամաս նվիրելու առթիվ արձանագրել է. «Ես Ուլուբէկս որդի Մէճլիսին. տուի զիմ հայրենի հողն Ղուղտանոսի կտորն, որն ի Վարդան Բերանց է, իւր սարհատովն ի սբ. ուխտս Գանձասարայ»:

Հասան‑Ջալալյան իշխանական տունն իր մենաշնորհն էր դարձրել գավառի հոգևոր իշխանությունը։ Պարոն Ջալալի որդիներից Հովհաննեսն Աղվանից կաթողիկոսն էր, իսկ տեր Վարդանը՝ Գանձասարի վանքի առաջնորդը. նույն տոհմի երկու անդամ միաժամանակ ունեցել են հոգևոր և աշխարհիկ ազդեցություն։ Այս փորձը շարունակվեց սերնդեսերունդ. 15‑րդ դարի վերջին Հատիր Մելիքի որդի Սարգիսը ևս Աղվանքի կաթողիկոսն էր։

Դոփյանները և Դադիվանքը

Դոփյանների իշխանության տակ գտնվող Դադի և Խաթրա վանքերն ունեին ընդարձակ հողատիրույթներ։ Այդ հոգևոր կենտրոնները 15‑րդ դարում շարունակում են ընդլայնել իրենց կալվածքները: Դրան մեծապես նպաստում էր այն հալածանքը, որ սկսվել էր ֆեոդալական այս տան նկատմամբ: 15‑րդ դ. 20—30‑ական թթ. իշխող Տուրսուն, Սեյդի, Պռոշ, Գրիգոր, Հասան և մյուս իշխանազունները տեր Ավագ եպիսկոպոսին և Մանվել աբեղային են հանձնել Դադի, Խաթրա և Գետամեջ վանքերի ու նրանց կալվածքների կառավարման գործը, «զերկու իշխանութիւնն որ է եպիսկոպոսութիւնն և պարոնութիւնն էլ հենց ի նոսա յանձնեցաք»: Դոփյանների տիրույթներում պարոնտերության համակարգի դրսևորումներ կային դեռ 12‑րդ դարից: 1182 թ. Դադիվանքոմ թողած իր արձանագրություններում Վախթանգի որդի Հասանը հայտնում է, որ ինքը կառավարել է 40 տարի, ունեցել է վեց որդի, իր բերդերն ու գավառները տվել է նրանց և իր կնոջ՝ Մամայի հետ եկել է Դադիվանք՝ իր եղբայր Գրիգորի մոտ, և դարձել կրոնավոր։ Հասանի ու Դոփի զավակներից երկուսը եկեղեցականներ էին. Գրիգոր եպիսկոպոսը Հաղպատի վանահայրն էր, Հովհաննես եպիսկոպոսը՝ Սանահինի, ապա նաև՝ Հաղպատի:

Պահլավունիները և Շիրակը

Պահլավունիները նույնպես իրենց տոհմական տիրույթներում աշխարհիկ և հոգևոր առաջնորդներ էին: Հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո նրանք շարունակեցին իրենց գործունեությունը Շիրակում և հարակից տարածքներում՝ մասնավորապես քաղաքամայր Անիում: 13‑րդ դարից նրանք վասալական կախման մեջ էին Զաքարյաններից և նրանց հովանու ներքո ծավալում էին ազգաշահ գործունեություն: 1225 թ. Անիի արքեպիսկոպոս է հիշվում Գրիգոր Պահլավունին, որի եղբայր Ղարիբը զինվորական էր: Նրանք 1225 թ. նորոգում են Մարմաշենի վանքը, կալվածքներ ընծայաբերում Անիի աթոռին: Նրանք գլխավորում են նաև Շիրակի հոգևոր իշխանությունը: Գրիգոր Պահլավունուց հետո Անիի արքեպիսկոպոսի պաշտոնը վարում է նրա որդի Սարգիսը: Վերջինս Բագնայրի վանքի՝ 1262 թվակիր արձանագրության մեջ հիշվում է որպես «Անի մայրաքաղաքի վերադիտող» (տեսուչ, հայրապետ), նաև «տեառն տեղոյս»: Սարգսի եղբորորդի Հովհաննեսը հիշվում է որպես Շիրակ գավառի «հայրապետ», «իշխեցող տեղոյս»: 14—17‑րդ դարերում Պահլավունիները նախկինի պես տիրում էին նաև Հավուց Թառ՝ Ամենափրկիչ վանքին և նրա հողատիրույթներին: Սիմեոն Երևանցի կաթողիկոսը վկայում է, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (Բջնեցու) սերունդները հաջորդաբար իշխել են այդ վանքում գրեթե մինչև իր ժամանակները: Նրանք վանքը դարձրել են «զհայրենի մուլք» և «որդիք և թոռունք և յետագայ ազգատոհմք սորին, մի զկնի միոյ յաջորդեցին զառաջնորդութիւնն սորին ոչ միայն ի յիշխանութիւնն Հայոց, այլև ի ժամանակս թագաւորացն պարսից մինչև գրէթէ ի ժամանակս մեր»:

15‑րդ դարի առաջին կեսին Հայաստանի եկեղեցական կյանքում ազդեցիկ դեր էր խաղում արքեպիսկոպոս Զաքարիա Հավուցթառեցի Պահլավունին: 15‑րդ դարի վերջերին և 16‑րդ դարի սկզբին Հավուց Թառի վանահայր է հիշվում Զաքարիա վարդապետը, որը ևս Պահլավունի էր: 1487 թ. նա վերստին տիրացավ Գառնիի շրջանում իր տոհմի ժառանգական կալվածքներին՝ այդ կողմերին իշխող Ամիրքյամալ բեկից հինգ հազար դինարով գնելով Մանկուս, Ավանիկ, Կուտիս, Հայոց Թառ, Կուտուց վանք, Ավանասար, Թառնիս, Սուրբ Սարգիս գյուղերն ու Կոխդ գյուղի կեսը: Նշված ինը գյուղերի կալվածագրում Զաքարիան հանդես չի գալիս իբրև Հավուց Թառի վանահայր: Չի արձանագրվում, որ այդ գյուղերը վակֆ են արվում (նվիրաբերվում են) վանքին, քանի որ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին, Զաքարիայի տոհմի անդամներն «ի բնէ անտի ազատազունք էին և անուանիք, շատազգ և հարուստք, յորոց թէպէտ ոմանք վանականք լինէին, ոմանք աշխարհականք, սակայն մի էին տամբք և ընչիւք, և իւրեանց էր համարեալ գեօղն և վանքն առանց խտրութեան»: Զաքարիան կարողանում է շահ Թահմասպից մոտ 1524 թ. արտոնագիր ստանալ, որով նշված գյուղերը պետք է մուլք վճարեին Զաքարիային: Նշված փաստերի հիման վրա կարող ենք ենթադրել, որ թեև դրանք «վակֆային» սեփականություններ էին, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես Զաքարիա վարդապետի սեփական մուլքեր:

Արծրունիները և Վասպուրականը

Արծրունիների տոհմից ծագող վանահայրերը 14—15‑րդ դարերում մեծ տնտեսություններ ունեին Վասպուրականի վանքերում՝ նստավայրեր ունենալով Աղթամար և Լիմ կղզիները։ Նրանք 14—15‑րդ դարերում իրենց ձեռքում էին կենտրոնացրել այս շրջանի թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր իշխանությունը և շարունակում էին ընդարձակել իրենց ֆեոդալական տիրույթները: Մեզ է հասել Լիմի Ս. Գևորգ վանքին պատկան հողերի՝ 1305 թ. կալվածագիրը, ըստ որի՝ Զաքարիա կաթողիկոսին հաջողվում է զանազան գյուղերից ձեռք բերել ընդարձակ կալվածքներ և դրանք վակֆ անել վանքին: Այսպես՝ նա վանքին է տվել Ամյուկին ենթակա Ջանիկի դաշտից երկու հողակտոր, Նորաշեն գյուղում՝ հինգ հողակտոր և մեկ ջրաղաց։

Ամբողջացնելով բերված փաստարկները՝ կարող ենք ասել, որ պարոնտերության համակարգը՝ որպես երևույթ, ծագել է ոչ թե 15‑րդ դարում, այլ առնվազն 10‑րդ դարից՝ Բագրատունյաց թագավորության շրջանում, երբ հզոր իշխանական տները ժառանգաբար վերահսկում էին վանքերն ու եպիսկոպոսական աթոռները: Պարոն‑տեր կոչումը լայն տարածում է գտել միայն 14‑րդ դարի վերջից և 15‑րդ դարում, սակայն այն նոր համակարգի անվանում չէր, այլ արդեն գոյություն ունեցող գործելաոճի եզրաբանական ամրագրում։ Վանքապատկան հողատիրության կտրուկ ընդլայնումը 14—15‑րդ դարերում ոչ թե պատահական էր, այլ գիտակցված ռազմավարություն՝ ֆեոդալական ընտանիքների գոյատևման և նրանց իշխանության վերարտադրման համար։ Օտար տիրապետության պայմաններում (մոնղոլական, թուրքմենական) նվիրատվությունները, հարկային արտոնությունները և Եկեղեցու պաշտպանունակությունը դարձան հայ իշխանական տների (Հասան‑Ջալալյաններ, Օրբելյաններ, Դոփյաններ, Պահլավունիներ, Արծրունիներ) վերջին ամրոցը։

Այսպիսով՝ պարոնտերությունը ոչ թե ուշմիջնադարյան նորույթ էր, այլ միջնադարյան հայկական ֆեոդալիզմի և Եկեղեցու փոխհարաբերությունների շարունակական զարգացման հետևանք, որն իր ամենադասական ձևն ստացավ 15‑րդ դարում՝ դառնալով հին նախարարական տների վերջին ամրոցը:

Սպարտակ սրկ. ՍԱՀԱԿՅԱՆ

Քրիստինա ՀԱԿՈԲՅԱՆ