Իսահակ եպս. Պողոսյան. «Հայոց ինքնության արեգակը» (վիպակ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասին)

Մայրենիի ծնունդը
«Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած»
(Շարակնոց)։

Ժամանակ անց, գնահատելով Մեսրոպ վարդապետի խոհուն իմաստությունն ու գիտելիքների նկատմամբ անհուն ծարավը, հայրապետը իր մոտ կանչեց նրան.

— Վարդապե՛տ, ինձ թվում է՝ ժամանակն է արդեն, որ գնաս փոքր-ինչ ավելի հեռու՝ Միջագետք, այնտեղ, մեր հարազատ ու նվիրական նպատակին ընդառաջ, օգտաշահ հանդիպումներ ունենաս մեծանուն մարդկանց հետ, հաղորդակցվես աշխարհում հոսող իմաստության գետերին… Մենք անհրաժեշտը կտնօրինենք։

— Ինչպես որ Տերը կամենա, հայրապե՛տ,— իրեն հատուկ ողջամտությամբ վրա բերեց Մեսրոպ վարդապետը։

— Բայց նկատի ունեցիր, որ պետք է գործել սաստիկ վերապահ՝ չսասանելու արտաքին խաղաղությունն ու հեռու մնալու ներքին անմիաբանության առաջբերումից։
Մեսրոպ վարդապետը լուռ համաձայնության նշան արեց։ Նա էլ, հայրապետն էլ քաջ գիտակցում էին, թե որքան համարձակ ու հավակնոտ նպատակ են իրենց առջև դրել։ Մեսրոպ վարդապետն արդեն բավական ճանապարհ էր անցել, իսկ Սահակ հայրապետը տևական ժամանակ նամակագրության մեջ էր Վռամշապուհ արքայի հետ։
Բանն այն էր, որ դեռևս Արկադ կայսեր հիվանդանալու ժամանակ, երբ Բյուզանդիայում անկարգություններ էին սկսվել, հայոց նախարարների պնդմամբ՝ Խոսրով թագավորին փոխարինած Վռամշապուհ արքան գնացել էր Միջագետք՝ նպաստելու պարսկա-հռոմեական վեճերի կարգավորմանն ու կարգ ու կանոնի հաստատմանը։ Այնտեղ էլ արքան տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին։ Նախքան այդ՝ հմուտ քարտուղար ունենալու նպատակով փնտրել էր Մեսրոպին, բայց չէր գտել, քանի որ Մեսրոպն արդեն հեռացել էր արքունիքից։ Այդ ընթացքում Հաբել անունով մի քահանա էր ներկայացել նրան՝ ասելով, որ Դանիել եպիսկոպոսի օգնությամբ կարող է ստեղծել հայերեն տառեր։ Բայց Վռամշապուհն առանձնապես հույս չէր կապել նրա ասածների հետ։ Սակայն տեղեկանալով, որ Սահակ հայրապետը նույնպես զբաղված է հայերեն գրերի հարցով, Վահրիճ անունով մի մարդու էր ուղարկել Հաբելի մոտ, և նրանք միասին ուսումնասիրել էին Դանիելյան գրերը։ Դրանից հետո Հայրապետն ու Մեսրոպը ևս լծվել էին նշանագրերն ուսումնասիրելու աշխատանքին, բայց հասկացել, որ, դժբախտաբար, այդ տառերը չեն կարող լիարժեքորեն արտահայտել հայերենի հնչյունները։

Այսպես՝ ամիսներ անց հայոց հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատում, Սահակ հայրապետի նախաձեռնությամբ, մի մեծ ընդհանուր ժողով հրավիրվեց, որին ներկա էին Վռամշապուհ արքան, մի շարք երևելի իշխաններ, ինչպես նաև եկեղեցու վարդապետաց և եպիսկոպոսաց դասի զգալի մասը։ Ժողովը տևեց օրեր շարունակ, և ոմանք հանդես եկան մի շարք մտահոգություններով։ Եկեղեցու, այսպես կոչված, պահպանողական դասը, նրանք, որ քաջահմուտ էին ասորերենի մեջ և զգալի թիվ էին կազմում, սկզբնապես բավական անհողդողդ էին՝ համարելով, որ ասորերենը՝ որպես վաղքրիստոնեական լեզու, ունի բարձրագույն սրբություն։ Եվ քանի որ եկեղեցական ու առհասարակ կրթական ողջ համակարգը հիմնված էր ասորերեն և հունարեն բնագրերի ու շարադրանքի վրա, մտավախություն կար, որ հայերենը կարող է նվազեցնել աստվածային լեզվի հեղինակությունը: Հոգևորականների համեմատաբար ավելի ուսյալ շրջանակը՝ Հայոց արևմտյան շրջաններից, կամ, այլ խոսքով, մշակութային պահպանողականները, հակված էին խնդիրը թողնելու ապագա սերունդներին՝ կարծելով՝ հունարենն ու ասորերենը լիովին բավարար են հետագա առաջընթացի համար։ Մանավանդ որ հայտնի էլ չէր, թե ինչ արդյունք և ինչպիսի վերջաբան պիտի ունենար նոր գրերի ստեղծումը: Ուրիշ մտահոգություններ էլ կային. թե նոր գիրը կարող է թուլացնել կապը քրիստոնյա աշխարհի հետ և նորանոր խնդիրներ ծագեցնել։ Իսկ աշխարհիկ ու հոգևոր որոշ պաշտոնյաներ, գիտակցելով հանդերձ, որ հայոց գիրը նաև պետական ինքնության հզոր խորհրդանիշ է լինելու, այդուամենայնիվ, զգուշանում էին հարցի քաղաքական հետևանքներից, քանի որ Հայքն այդ շրջանում բավական թույլ էր ու երկատված։ Այդուհանդերձ, ինչպես հայտնի դարձավ հետագայում, բոլորն էլ կողմ եղան, որ Աստծու հետ խոսեն հարազատ ու մայրենի լեզվով և հարցը չթողնեն հետագային։

Շարունակելի