Պողոս առաքյալի կերպարանափոխությունը. Դամասկոսի ճանապարհից մինչև Հռոմի բանտեր

Պողոս առաքյալի կերպարանափոխությունը. Դամասկոսի ճանապարհից մինչև Հռոմի բանտեր 12.11.2026

Քրիստոնեական Եկեղեցու պատմության և աստվածաբանական մտքի ձևավորման ակունքներում չկա ավելի ազդեցիկ, հակասական և միևնույն ժամանակ հանճարեղ կերպար, քան Սավուղը, որը հետագայում վերանվանվեց և մնաց քրիստոնեության մեջ որպես Պողոս առաքյալ։ Նրա կյանքի ուղին դասական իմաստով պատմական բարեշրջության (էվոլյուցիա) կամ պարզ հայեցողական փոփոխության արդյունք չէ. այն արմատական, հեղաշրջող և գոյաբանական կերպարանափոխություն է, որը ոչ միայն մեկ անհատի ճակատագիր փոխեց, այլև կանխորոշեց համաշխարհային պատմության ընթացքը։

Սավուղը՝ որպես օրենքի նախանձախնդիր փարիսեցի, քրիստոնեական համայնքի մեջ տեսնում էր հուդայական միակրոնության (մոնոթեիզմ) ամենավտանգավոր՝ հերետիկոսական ճյուղավորումը, որն անհրաժեշտ էր արմատախիլ անել։ Սակայն Դամասկոսի ճանապարհին տեղի ունեցավ միստիկ պատահարը, որի արդյունքում հալածիչ Սողոսը վերածվեց քրիստոնեության ամենամեծ ջատագովի և «հեթանոսաց առաքյալի»։

Սույն հոդվածի նպատակն է պատմաքննական և աստվածաբանական մեթոդների համադրությամբ դիտարկել Սավուղ Պողոս կերպարանափոխության ընթացքը, նրա առաքելական ճանապարհորդությունների աշխարհաքաղաքական համատեքստը և վերլուծել, թե ինչպես նրա թղթերը (նամակները) հիմնավորեցին քրիստոնեական համակարգված աստվածաբանության առանցքային դրույթները։

1. Տարսոնացի Սավուղը. պատմամշակութային և կրոնական ինքնությունը

Պողոսի ֆենոմենը հասկանալու համար առաջնահերթ պետք է դիտարկել նրա եռաշերտ ինքնությունը, որի ազդեցությամբ նա միջամուխ եղավ նոր կրոնի տիեզերականացմանը։ Նա ծնվել էր Կիլիկիայի Տարսոն քաղաքում, որն այդ շրջանի հելլենիստական մշակույթի, փիլիսոփայության (հատկապես ստոիկյան դպրոցի) և առևտրի խոշոր կենտրոններից էր։

• Հուդայական արմատները։ Սավուղը Բենիամինի ցեղից էր, «եբրայեցի՝ եբրայեցիներից, ըստ օրենքի՝ փարիսեցի» (Փիլիպ. 3:5)։ Նա կրթություն էր ստացել Երուսաղեմում՝ ժամանակի ամենահեղինակավոր օրենսգետ Գամաղիելի մոտ, տիրապետում էր հրեական աստվածաբանության սուրբգրային նրբություններին, թալմուդյան մեկնաբանական արվեստին (էկզեգետիկա) և օրենքի տառի կատարյալ պահպանմանը։

• Հելլենիստական կրթությունը։ Ի տարբերություն Պաղեստինի տեղացի հրեաների՝ Պողոսը սահուն խոսում և գրում էր հունարեն (կոյնե), ծանոթ էր հունական հռետորությանը, տրամաբանությանը և փոխաբերություններին։ Սա թույլ տվեց նրան հետագայում խոսել հեթանոսական աշխարհի հետ իրենց իսկ լեզվով։

• Հռոմեական քաղաքացիությունը։ Հռոմի քաղաքացիության՝ ի ծնե ունեցած իրավունքը (Գործք 22:28) Պողոսին տալիս էր իրավական անձեռնմխելիություն, ազատ տեղաշարժի հնարավորություն կայսրության ողջ տարածքում և իրավունք՝ բողոքարկելու դատական վճիռները հենց կայսեր առջև։
Այսպիսով՝ Սավուղը կապող օղակ էր երեք մեծ աշխարհների՝ հրեական կրոնի, հունական մտքի և հռոմեական պետականության միջև։ Սակայն մինչև դարձի գալը այս ողջ ներուժն ուղղված էր Եկեղեցու ոչնչացմանը։ Դրա վառ ապացույցը Ստեփանոս Նախավկայի քարկոծությանը նրա մասնակցությունն էր (Գործք 7:58)։

2. Դամասկոսի ճանապարհը. քրիստոսակենտրոն հեղաշրջում

Քրիստոնեության պատմության մեջ դժվար է գտնել ավելի շատ քննարկված դրվագ, քան Սավուղի դարձը Դամասկոսի ճանապարհին (մոտ 34—36 թթ.)։ «Գործք առաքելոց» ում այս իրադարձությունը նկարագրվում է երեք անգամ (գլուխներ 9, 22, 26), ինչը վկայում է դրա առանցքային նշանակության մասին։
Պատմությունից հայտնի է, որ Սավուղը գնում էր Դամասկոս՝ տեղի սինագոգներից Հիսուսի հետևորդներին ձերբակալելու և Երուսաղեմ բերելու։ Ճանապարհին հանկարծակի հայտնված երկնային լույսը և հնչած ձայնը՝ «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ» (Գործք 9:4), ամբողջությամբ փոխեցին նրա գիտակցությունը։

Սույն իրադարձության աստվածաբանական կողմերն են՝

Ա. Հարուցյալ Քրիստոսի եկեղեցաբանական նույնացումը։ Հիսուսը չի հարցնում՝ «Ինչո՞ւ ես հալածում իմ հետևորդներին», այլ ասում է՝ «Ինչո՞ւ ես հալածում Ինձ»։ Այս ձևակերպումն ընկած է Պողոսի աստվածաբանական այն մեծ թեզի հիմքում, ըստ որի՝ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, իսկ Քրիստոսը՝ դրա Գլուխը։
Բ. Կուրություն և վերածնունդ։ Երեք օր տևած կուրությունը խորհրդանշում էր Սավուղի հին, փարիսեցիական աշխարհայացքի մահը և Քրիստոսի՝ գերեզմանում գտնվելու եռօրյա խորհուրդը։ Անանիայի ձեռնադրությամբ և աչքերից «թեփուկների» ընկնելով՝ ծնվում է նոր մարդը՝ Պողոսը։
Այս փորձառությունը Պողոսի համար սովորական դավանափոխություն չէր. դա հայտնութենական (ապոկալիպտիկ) հանդիպում էր, որը նրան տվեց ուղղակի առաքելական լիազորություն։ Նա իրեն համարում էր Տիրոջը տեսած հավասարազոր առաքյալ՝ չնայած չէր եղել Հիսուսի 12 երկրային աշակերտների թվում (Ա Կորնթ. 9:1)։

3. «Հեթանոսների առաքյալը». առաքելական ճանապարհորդությունները և քրիստոնեական կրոնի տիեզերականացումը
Դարձից հետո Պողոսն անմիջապես չսկսեց իր մեծ քարոզչությունը։ Նա անցկացրեց մոտ երեք տարի Արաբիայի անապատում (Գաղ. 1:17)՝ վերաիմաստավորելով Հին Կտակարանի մարգարեությունները Քրիստոսի հայտնության լույսի ներքո, այնուհետև Անտիոքում համագործակցեց Բառնաբասի հետ։
Պողոսի գործունեության պատմական գագաթնակետը նրա առաքելական երեք մեծ ճանապարհորդությունն էր, որոնք ընդգրկեցին Կիպրոսը, Փոքր Ասիան, Մակեդոնիան և Հունաստանը։ Ահա ամփոփ պատկերը։

Առաջին առաքելական ճանապարհորդության (46-48 թթ.) մեկնարկը տրվեց Ասորիքի Անտիոք քաղաքից, որտեղից Սուրբ Հոգու ներշնչմամբ Պողոսն ու Բառնաբասը, կարճ ժամանակով նաև Հովհաննես Մարկոսի ուղեկցությամբ, ճանապարհ ընկան դեպի Սելևկիայի նավահանգիստ, ապա նավարկեցին Կիպրոս կղզի: Կղզու Պաֆոս քաղաքում Պողոսի կատարած հրաշքի՝ Եղիմաս կախարդի կուրացման շնորհիվ հռոմեացի փոխհյուպատոս Սերգիոս Պողոսը դարձի եկավ, ինչից հետո առաքյալներն անցան Փոքր Ասիայի ներքին շրջաններ՝ Պերգե, Պիսիդյան Անտիոք, Իկոնիոն, Լյուստրա և Դերբե: Լյուստրայում ի ծնե կաղ մարդու բժշկությունից հետո տեղի հեթանոս ամբոխը փորձեց Պողոսին ու Բառնաբասին պաշտել որպես երկնքից իջած աստվածների, սակայն շուտով հրեաների դրդմամբ նույն այդ ժողովուրդը քարկոծեց Պողոսին և մեռած կարծելով՝ նետեց քաղաքից դուրս: Չնայած այս դաժան հալածանքներին՝ առաքյալը կենդանի մնաց, վերադարձավ քաղաք, ամրապնդեց տեղի նորաստեղծ հեթանոսական համայնքները և հաջողությամբ ավարտեց առաջին շրջագայությունը:

Երկրորդ առաքելական ճանապարհորդությունը (49—52 թթ.) սկսվեց Երուսաղեմի պատմական ժողովից հետո, երբ Պողոսը, այս անգամ արդեն Շիղայի, Տիմոթեոսի և Ղուկասի ուղեկցությամբ, Անտիոքից ցամաքային ուղիով անցավ Սիրիան ու Կիլիկիան և հասավ մինչև Տրովադա նավահանգիստ: Այստեղ Պողոսը տեսիլքով ստացավ Մակեդոնացու հրավերը, ինչն ազդարարեց Ավետարանի մուտքը Եվրոպա, որտեղ առաջին հանգրվանը Փիլիպպե քաղաքն էր, և որտեղ մկրտվեց Լիդիա անունով ծիրանավաճառ կինը: Փիլիպպեում բանտարկվելուց և գիշերային հրաշալի երկրաշարժով ազատվելուց հետո առաքյալն անցավ Թեսաղոնիկե, Բերիա, ապա հասավ Աթենք, որտեղ Արեոպագոսի հանրահռչակ ճառով հելլենիստական փիլիսոփաներին քարոզեց հարության խորհուրդը: Այս ուղևորության գագաթնակետը եղավ Կորնթոս քաղաքը, որտեղ Պողոսն անցկացրեց մեկուկես տարի, զբաղվեց վրանագործությամբ, հիմնեց հոգևոր խոշոր համայնք և գրեց իր առաջին նամակները՝ թեսաղոնիկեցիներին ուղղված թղթերը:

Երրորդ առաքելական ճանապարհորդությունը (53-57 թթ.) դարձավ նախկինում հիմնադրված եկեղեցիների ամրապնդման և կազմակերպչական մեծ աշխատանքների շրջան, որի գլխավոր հանգրվանը եղավ Փոքր Ասիայի խոշորագույն կենտրոններից մեկը՝ Եփեսոսը: Այս քաղաքում Պողոսը մնաց շուրջ երեք տարի։ Վերադարձի ճանապարհին՝ Տրովադայում, նա հարություն տվեց պատուհանից ընկած պատանի Եվտիքոսին, իսկ Միլետոս նավահանգստում հուզիչ հրաժեշտ տվեց Եփեսոսի եկեղեցու երեցներին՝ կանխազգալով իր շղթայումն ու ձերբակալությունը Երուսաղեմում: Այս երրորդ և վերջին ազատ ճանապարհորդության ընթացքում գրվեցին նրա աստվածաբանական մեծագույն գլուխգործոցները՝ գաղատացիներին, կորնթացիներին և հռոմեացիներին ուղղված նամակները, որոնք դարձան քրիստոնեական դավանաբանության անսասան հիմքերը:

Պողոսը կիրառում էր աշխարհաքաղաքական և սոցիալական հստակ ռազմավարություն.

1. Քաղաքային կենտրոնների թիրախավորում: Նա չէր քարոզում գյուղական վայրերում, այլ ընտրում էր կայսրության մեծագույն մետրոպոլիաները՝ Եփեսոս, Կորնթոս, Թեսաղոնիկե, Աթենք։ Այս քաղաքներից քրիստոնեությունն ինքնաբերաբար տարածվում էր դեպի ծայրամասեր։

2. Սինագոգներից դեպի Ագորա: Ամեն քաղաքում Պողոսը նախ գնում էր հրեական սինագոգ («նախ՝ հրեային, ապա՝ հեթանոսին»)։ Երբ տեղի հրեաները մերժում էին նրան, նա դուրս էր գալիս հանրային հրապարակներ (ագորաներ) և դիմում հեթանոսներին։

3. Արեոպագոսի ճառը (Գործք 17): Աթենքում Պողոսի ելույթը հելլենիստական աշխարհի հետ երկխոսության կատարյալ նախօրինակ է։ Նա չի մեջբերում Մովսեսի օրենքը, այլ հղում է անում նրանց «անհայտ Աստծուն» և հույն պոետներին՝ քրիստոնեական ճշմարտությունը հասանելի դարձնելով փիլիսոփայական միջավայրին։
Պողոսի գործունեության ամենակարևոր պատմա իրավական հաղթանակը 49 թ. գումարված Երուսաղեմի ժողովն էր (Գործք 15)։ Հուդայաքրիստոնյաները պահանջում էին, որ հեթանոսները քրիստոնյա դառնալու համար նախ թլպատվեն և պահեն Մովսեսի օրենքը։ Պողոսը և Բառնաբասը կոշտ դիմադրություն ցույց տվեցին։ Ժողովը՝ Պետրոսի և Հակոբոս Տյառնեղբոր աջակցությամբ, ընդունեց Պողոսի թեզը՝ փրկությունը հավատքից է, այլ ոչ թե օրենքի գործերով։ Սրանով քրիստոնեությունը դուրս եկավ հրեական ազգային սահմանափակումից և դարձավ համաշխարհային կրոն։

Անդրադառնալով Պողոս առաքյալի անունով մեզ հասած թղթերին՝ նշենք, որ դրանք համարվում են քրիստոնեական աստվածաբանության հիմքը։ Նոր Կտակարանի 27 գրքերից 14 ը ավանդաբար վերագրվում են Պողոս առաքյալին։ Այս նամակները գրվել են ավելի վաղ, քան չորս Ավետարանները, ինչը նշանակում է, որ պողոսյան թղթերը քրիստոնեական համակարգված մտքի առաջին գրավոր հուշարձաններն են։ Պողոսը ձևավորեց քրիստոնեական դոգմատիկայի հիմնասյուները՝ զարգացնելով աստվածաբանական մի քանի առանցքային ուղղություններ.

Ա. Քրիստոսաբանություն

Պողոսի համար Քրիստոսը պարզապես մարգարե կամ Մեսիա չէ. Նա Աստծո Որդին է, Նախահավիտենական Բանը։ Փիլիպպեցիներին ուղղված թղթում (2:6—11) պահպանվել է վաղքրիստոնեական ամենախոր հիմներից մեկը։ Պողոսը սովորեցնում է, որ Քրիստոսը, Աստծո կերպարանքն ունենալով, ունայնացրեց Իրեն՝ ծառայի կերպարանք առնելով և խաչի մահվանը հնազանդվելով։ Սա դարձավ Քաղկեդոնի և հետագա տիեզերական ժողովների երկաբնակության և միաբնակության վեճերի ելակետային բնագիրը։

Բ. Փրկագործություն և արդարացման տեսություն

Սա պողոսյան աստվածաբանության սիրտն է, որն իր առավելագույն արտահայտությունը գտավ հռոմեացիներին և գաղատացիներին ուղղված թղթերում։ Պողոսը փաստում է, որ ո՛չ հրեան, ո՛չ հեթանոսը չեն կարող արդարանալ սեփական ուժերով կամ օրենքի տառը պահելով, քանի որ «ամենքը մեղանչեցին» (Հռոմ. 3:23)։ Արդարացումը Աստծո ձրի շնորհն է, որն ընդունվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով։ Այս գաղափարը 16 րդ դարում դարձավ Մարտին Լյութերի և Ռեֆորմացիայի հիմնաքարը, բայց նաև առանցքային է ուղղափառ և կաթոլիկ աստվածաբանության մեջ՝ շնորհի և մարդու կամքի համագործակցության (սիներգիայի) համատեքստում։

Գ. Եկեղեցաբանություն

Պողոսն առաջինն է, որ տալիս է Եկեղեցու միստիկական և սոցիոլոգիական բնութագիրը (Ա Կորնթ. 12)։ Եկեղեցին մեկ մարմին է՝ բաղկացած բազում անդամներից, որտեղ յուրաքանչյուրն ունի իր շնորհը (մարգարեություն, լեզվախոսություն, հովվություն)։ Սրանով նա հաստատում է քրիստոնեական հավասարության հեղափոխական սկզբունքը. «Խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի» (Գաղատ. 3:28)։

4. Հռոմի բանտերը. առաքյալի վերջին հանգրվանը և կտակը

Պողոսի կյանքի վերջին շրջանը դրամատիկ է։ Երուսաղեմում ձերբակալվելուց հետո նա, օգտվելով հռոմեացի լինելու իր իրավունքից, պահանջում է կայսերական դատաստան։ Սա պատմականորեն հանգեցնում է նրա երկարատև ու վտանգավոր ճանապարհորդությանը դեպի Հռոմ (մոտ 60 թ.)։

Հռոմում Պողոսը երկու անգամ բանտարկվում է։ Առաջին բանտարկության ժամանակ (տնային կալանքի տակ) նա գրում է իր հռչակավոր «Բանտի թղթերը» («Եփեսացիներին», «Փիլիպպեցիներին», «Կողոսացիներին», «Փիլիմոնին»)։ Ներոն կայսեր հալածանքների շրջանում (64—67 թթ.) տեղի է ունենում երկրորդ՝ ավելի խիստ բանտարկությունը Մամերտինյան մռայլ բանտում, որտեղից էլ նա գրում է իր վերջին նամակը՝ «Բ Տիմոթեոսին»։

Բանտային շղթաները ոչ թե կոտրեցին Պողոսին, այլ ավելի բյուրեղացրին նրա աստվածաբանությունը։ Մարմնական անազատության մեջ նա գրում է քրիստոնեական ուրախության մասին (Փիլիպ. 4:4՝ «Ուրա՛խ եղեք Տիրոջով ամեն ժամ»)։ Կյանքի մայրամուտին, զգալով մոտալուտ նահատակությունը, նա թողնում է իր հոգևոր կտակը. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմ. 4:7)։ Որպես Հռոմի քաղաքացի՝ Պողոսը չխաչվեց (ինչպես Պետրոսը), այլ սրով գլխատվեց Հռոմի պարիսպներից դուրս (Օստիան ճանապարհին)՝ մոտավորապես 67 թվականին։

Տարսոնացի Սավուղի կերպարանափոխությունը Պողոս առաքյալի պատմական պատահականություն չէր, այլ Եկեղեցու կյանքում տեղի ունեցած սրբազան հեղաշրջում։ Ունենալով կրոնական փայլուն կրթություն, հելլենիստական ճկուն միտք և հռոմեական քաղաքացիության իրավական լծակներ՝ նա կարողացավ քրիստոնեությունը դուրս բերել հուդայական նեղ ազգային միջավայրից և այն դարձնել տիեզերական պատգամ։

Պողոս առաքյալի թղթերում ձևավորված աստվածաբանական համակարգը՝ Քրիստոսի Ավետարանի, հավատքով արդարացման և Եկեղեցու՝ որպես Քրիստոսի Մարմնի մասին, հիմք դարձավ հետագա դարերի տիեզերական ժողովների համար։ Դամասկոսի ճանապարհի կուրացնող լույսից մինչև Հռոմի բանտերի շղթաները Պողոսի անցած ուղին ապացուցեց, որ գաղափարի և հավատքի ուժը կարող է փլուզել կայսրությունների պատերն ու սահմանները՝ ստեղծելով մի նոր հոգևոր քաղաքակրթություն։

Նարեկ սրկ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԳԱՍՊԱՐՅԱՆ