«Ես եմ հովիւն քաջ»․ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալը

«Ես եմ հովիւն քաջ»․ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալը 17.11.2026

Անշուշտ, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քսանյոթամյա ծառայությունը կարելի է չափել կառուցված ու վերականգնված եկեղեցիներով, ձեռնադրված հոգևորականներով, բացված կրթօջախներով, սոցիալական ծրագրերով։ Ըստ էության՝ հասարակությունն այսօր հենց այդպես էլ գնահատում է Հայրապետին։ Սակայն պատմությունը նաև նրանո՛վ է հիշում հայրապետներին, թե ինչպես են վերջիններս դիմագրավել իրենց ժամանակի փորձությունները։ Շուրջ երկու տասնամյակ նրան Շինարար Կաթողիկոս էին կոչում՝ վերականգնված ու նորակառույց եկեղեցիների, նոր կրթօջախների ու վերածնված վանքերի համար։ Վերջին ութ տարիներին, երբ Եկեղեցու դեմ սանձազերծվեց բացահայտ հակաեկեղեցական արշավ, Ամենայն Հայոց Հայրապետը ստացավ մեկ այլ անուն ևս՝ Քաջ հովիվ։

Հալածանքներն ուղղվեցին Հայրապետի անձի, ընտանիքի անդամների, Եկեղեցու համար պայքար մղող հոգևորականների դեմ, հաջորդեցին կալանավորումները, սակայն Վեհափառը ոչ մի վայրկյան թույլ չտվեց, որ խաթարվի աշխարհասփյուռ թեմերի հոգևոր կյանքը, կիսատ չմնացին ընթացիկ ծրագրերը։ Երբ փակում էին նրա տարիներով կերտած կառույցները, նա ավելի մեծ եռանդով էր գործում։ Երբ փորձում էին նսեմացնել որևէ գործ, ավելի պատվով էր այն կատարվում։ Եվ հենց այս տարիներին իր ողջ խորությամբ բացվեց Ավետարանի խոսքը. քաջ հովիվն իր անձը դնում է ոչխարների համար։

Ժառանգությունը

Ի՞նչ էր ժառանգել Գարեգին Բ-ն իր նախորդներից, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային եկեղեցական ժողովն ընտրում էր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին, իսկ նոյեմբերի 4-ին Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքներն ու եպիսկոպոսաց դասը ձեռնադրում և օծում էին նորընտիր Հայրապետին։
Դժվարին ժամանակներ էին Հայաստանի համար․ դեռ չէին վերականգնվել երկրաշարժից ավերված գյուղերն ու քաղաքները, չէին սպիացել պատերազմի վերքերը, իսկ սոցիալական ծանր պայմանները հյուծել էին հասարակությանը։ Խորհրդային աստվածամերժության տասնամյակներն էլ իրենց ավերն էին գործել մարդկանց հոգիներում։

Հոգևորականների նոր սերունդը

Այսօր ասպարեզում գործող գրեթե բոլոր հոգևորականները կրթվել և ուխտ են ընդունել հենց Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության շրջանում, սա է պատճառը, որ հոգևորականների մի մասը նրան Հայրիկ է կոչում։ Գահակալության հենց առաջին տարիներից ուսյալ հոգևորականներ ունենալն առաջնային է համարել Գարեգին Բ Կաթողիկոսը։ Թերևս սա է պատճառը, որ այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի որևէ մանկավարժական ժողով չի գումարվում առանց Վեհափառի։ Եվ այդ հետևողական աշխատանքի շնորհիվ էր, որ պետությունը կրթօջախը ճանաչեց աստվածաբանական համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակով։
Տարիների ընթացքում ճեմարանը վերականգնեց հայագիտական կրթություն տվող լավագույն հաստատության իր համբավը, իսկ ուսյալ հոգևորականների սերունդները շարունակում են արթուն պահել հոգևոր կյանքն ու ինքնության ոգին աշխարհի տարբեր անկյուններում և Հայաստանի հեռավոր գյուղերում։ Քսանյոթ տարիների ընթացքում 492 քահանա է ձեռնադրվել, եպիսկոպոսական աստիճան է ստացել 47 եկեղեցական։
Դեռևս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության տարիներին Գարեգին արքեպիսկոպոսի ջանքերով Սևանում՝ Խրիմյան Հայրիկի հիմնած ընծայարանի փոքրիկ շենքում, ընդամենը տասը սանով սկսում է գործել Վազգենյան դպրանոցը։ Կառուցվում են նոր մասնաշենքը և մատուռը։ Այսօր դպրանոցը Սևանավանքի պատմական միաբանության ժամանակակից շարունակողն է։
Նույն առաքելությամբ 2011 թվականին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով և Թրբանճյան ընտանիքի բարերարությամբ Հառիճավանքում վերաբացվում է հոգևոր ընծայարանը։ Այն իր գործունեությունը սկսում է ընդամենը ութ սանով։ 2013 թվականին ընծայարանը ստանում է միջնակարգ կրթական ծրագրեր իրականացնելու պետական արտոնագիր։ Այսօր Թրբանճյան ընծայարանում, պետական հանրակրթական ծրագրերին զուգահեռ, դասավանդվում են հոգևոր առարկաներ, և Հառիճավանքի դարավոր սրբավայրում կրկին կրթվում են ապագա հոգևոր սպասավորները։

Շինարար Կաթողիկոսը

132-րդ գահակալի գործունեության հաջորդ կարևոր ոլորտը եկեղեցաշինությունն է։ Գարեգին Երկրորդն իր առաքելությունն է համարում վերականգնել խոնարհված եկեղեցիները, նորոգել ու բարեզարդել հնամենի սրբավայրերը, կառուցել նոր աղոթատներ։ Հայրապետի նվիրական երազանքն է, որ յուրաքանչյուր բնակավայր ու թաղամաս ունենա աղոթքի իր տունը, և վերականգնվի համայնքային բնականոն կյանքը։
Գահակալության քսանյոթ տարիների ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքի հայկական գաղթօջախներում օծվում են տասնյակ վերականգնված ու նորակառույց եկեղեցիներ։ Նորոգվում են հնամենի վանքերը, համալիրներում կառուցվում են կացարաններ, որտեղ բնակություն են հաստատում ուխտապահ միաբաններ։ Այս ամենը համակարգում է Հայրապետի տնօրինությամբ ստեղծված Վանօրեից գրասենյակը Մայր Աթոռում։
Միայն Սուրբ Էջմիածնում կատարված փոփոխությունները բավական են՝ տեսնելու Վեհափառ Հայրապետի իրականացրած շինարարության ահռելի ծավալը։ Կառուցվել են Սուրբ Վարդան և Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը, Սուրբ Տրդատ կամարակապ մուտքը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բացօթյա խորանը։ Կացարանային նոր մասնաշենքը միաբանների համար կեցության ու ծառայության հրաշալի պայմաններ է ստեղծել։ Նորակառույց դիվանատանը տեղավորվել են տարբեր գրասենյակներ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել համակարգել Մայր Աթոռի գործունեությունը բոլոր ոլորտներում։

Մայր տաճարի երկրորդ կյանքը

Պատմական նշանակություն ունի Միածնաէջ Մայր տաճարի լիակատար վերականգնումը։ Աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը միաժամանակ մի քանի ոլորտներում լուծումներ էր պահանջում՝ կառույցի ամրակայում, որմնանկարների պահպանում, ջրահեռացում և այլն։
2011 թվականին սկսվում են տաճարի հետազոտման և նախագծման աշխատանքները, 2013 թվականին նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իսկ 2017 թվականի ամռանը մեկնարկում է վերականգնման և նորոգման բուն ընթացքը։ Ամեն փուլ նոր խնդիրներ էր առաջադրում մասնագիտական խմբերին, և միայն Վեհափառի ամենօրյա հսկողության ու անզիջում կամքի շնորհիվ գրեթե տասը տարի տևած աշխատանքներից հետո տաճարը երկրորդ կյանք է ստանում։ Բարեզարդ Մայր Տաճարը Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվում և շքեղ հանդիսավորությամբ դռներն է բացում 2024 թվականի սեպտեմբերի 28-ին։

Օրհնության օրերը

Գարեգին Բ-ի կարևոր նախաձեռնություններից է օրհնության օրերի հռչակումը. Տյառնընդառաջը դառնում է նորապսակների, Սուրբ Սարգիս զորավարի տոնը՝ երիտասարդների, իսկ Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օր։ Այդ օրերին եկեղեցիներ հազարավոր մարդիկ են այցելում, ստանում հոգևոր դասի օրհնությունը, օրվա խորհրդին համահունչ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Եկեղեցական տոներին սուրբ մասունքները դուրս են բերվում սրբազան պահոցներից՝ հավատացյալներին օրհնություն ու զորություն բաշխելու։

Կրթություն և երիտասարդություն

2002 թվականին Եկեղեցու և պետության միջև ստորագրված համաձայնագրով միջին և ավագ դպրոցներում սկսվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը։ Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ կրթության նախարարության համատեղ ջանքերով կազմվում են ուսումնական և մեթոդական ձեռնարկներ։ Մայր Աթոռն է ստանձնում նաև նոր առարկայի ուսուցիչների վերապատրաստման գործը։ Կազմակերպվում են գիտաժողովներ և սեմինարներ, որոնց հրավիրվում են նաև Սփյուռքի թեմերում գործող կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները։
Մայրաքաղաքում և հանրապետության տարբեր քաղաքներում բացվում են հայորդաց տներ։ Այսօր ութ նորոգված ու բարեկարգ հաստատություններում գեղագիտական կրթություն և հոգևոր գիտելիք է ստանում մոտ 5 հազար երեխա։
Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ ստեղծվում է Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում (ՀԵՀԵՄ), որի աշխատանքները համակարգելու համար գործում է գրասենյակ։ Երկու տարին մեկ անգամ աշխարհասփյուռ թեմերի երիտասարդական միությունների ներկայացուցիչները հավաքվում են հայրենիքում՝ մեկ հարկի տակ, մասնակցում աշխատաժողովների և հայրենաճանաչողական ծրագրերի։

Գիրք և լրատվություն

Վեհափառի գահակալության այս քսանյոթ տարիներին Մայր Աթոռը դարձել է Հայաստանի գրահրատարակչական կարևոր կենտրոններից մեկը։ Նորոգված և ամբողջովին վերազինված տպարանում հրատարակվող աստվածաբանական, հոգևոր և գեղարվեստական գրականության ծավալը մի քանի անգամ բազմապատկվել է։
Դեռևս Արարատյան Հայրապետական թեմում Գարեգին արքեպիսկոպոսի առաջնորդական փոխանորդության տարիներին հիմնված «Շողակաթ» ստուդիան Վեհափառի կաթողիկոսության առաջին իսկ տարիներին վերածվում է հեռուստաընկերության, որը 2002 թվականից հեռարձակվում է որպես հոգևոր-մշակութային ալիք։

Եկեղեցին և պետությունը

Մայր Աթոռի և Հայաստանի կառավարության միջև 2002 թվականին ստորագրված մտադրությունների հուշագրով Եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Հայ հոգևորականները՝ իբրև հոգևոր խորհրդատուներ, սկսում են ծառայել զինված ուժերում և ազատազրկման վայրերում։ Հուշագրին հաջորդում է մի շարք այլ փաստաթղթերի ստորագրում, որոնցով Եկեղեցին հնարավորություն է ստանում գործունեություն ծավալելու նաև սոցիալական ու կրթական տարբեր ոլորտներում։ Հոգևորականները սկսում են այցելել կալանավայրեր, հիվանդանոցներ, մանկատներ, ծերանոցներ և հոգևոր խնամք իրականացնել։

Արցախ

Վեհափառ Հայրապետին, ցավոք, վիճակված էր գահակալության շրջանում տեսնել պատերազմ և հայրենիքի մի հատվածի կորուստ։ Ծանր օրերին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ ոչ միայն զորավիգ եղավ առաջնագծում կանգնած զինվորներին և նրանց ընտանիքներին, այլև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցով կազմակերպեց մարդասիրական օգնություն՝ սատարելով տեղահանված արցախցիներին, զոհվածների ընտանիքներին և կարիքավոր բոլոր հայորդիներին։
Հետպատերազմյան շրջանում Վեհափառի նախաձեռնությամբ և հոգածությամբ պատերազմում վիրավորում ստացած զինվորներն ուղարկվեցին Հնդկաստան՝ պրոթեզավորման, ինչը նրանց հնարավորություն տվեց վերադառնալ բնականոն կյանքի և վերագտնել ապագայի հանդեպ հավատը։ Զուգահեռաբար Հայրապետը միջազգային ատյաններում, միջեկեղեցական հանդիպումներում և պետությունների ղեկավարների հետ շփումներում հետևողականորեն բարձրաձայնում է արցախահայության իրավունքների, անվտանգության և Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման հարցերը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։

Ավելին, քան կարելի է պատմել

Այս զուսպ ակնարկը Գարեգին Երկրորդի գահակալության տարեգրության ընդամենը մի քանի էջն է ներկայացնում։ Քսանյոթ տարիների ընթացքում Մայր Աթոռի հովանու ներքո իրականացվել են և այսօր էլ շարունակվում են բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և բարեգործական, կրթական և մշակութային, միջեկեղեցական և միջազգային, Սփյուռքի թեմերի կյանքի կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Դրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին անդրադարձի, և անհնար է բոլորն ամփոփել մեկ հոդվածի սահմաններում։
Սակայն նույնիսկ այս համառոտ ակնարկը բավական է՝ տեսնելու գործունեության մի ընդհանուր գիծ. ինչ էլ որ կառուցվի՝ եկեղեցի, կրթօջախ, թե գրադարան, Հայրապետի համար այն միշտ ծառայում է միևնույն նպատակին՝ հոգևոր կյանքի զորացմանը և ազգի միասնությանը։

Լուսինե Բալյան