Երանելի տեր Ատոմ Անձևացյաց եպիսկոպոսի ներբողը՝ նվիրված Հովհաննես Կարապետին [Մկրտչին]
17.11.2026
Ատոմ Անձևացին Թ–Ժ դարերի հեղինակ է: Նրա ներբողն աշխարհաբար ներկայացվում է առաջին անգամ՝ Հակոբ Քյոսեյանի փոխադրությամբ։
Մեծ Կարապետի հիշատակը տոնելով՝ գովենք կուսության սխրանքը՝ հիշատակելով [նրա] սրբությունն ու թվելով բոլոր այն առաքինությունները, որոնցով և իր բովանդակ բարեմասնությամբ նա ինքն աստվածացավ: Եվ այս հույժ զարմանալի է. սրա մասին է խոսքը, քանզի մեր էությունների Արարիչը սկզբնավորելով կերպավորեց սրան [իբրև] օրինակ և փրկություն մեզ: Սա էացավ սուրբ ծնողներից՝ Սուրբ Հոգու թելադրությամբ: Կյանքի ծառ էր, որ բարձրանում էր արդարության պտղով, սակայն ըստ բնության և քաղաքի՝ համբավատենչ Պաղեստին գավառից էր՝ լեռնային և դաշտային, պղնձածին և բյուրաբեր, կաթը և մեղրը՝ [նրան] կերակուր: Եվ այս եղավ ի լրումն հայրերի և հայրապետների բաղձանաց՝ քահանայական մեծ իշխանությամբ, տերունական բնակավայրով՝ նույն [քահանայական] սեռին [պատկանելով] նույնական ունակությամբ զարգանալով: Բայց նաև գերագույն հրաշակերպությամբ մինչև Արդարության ծագելը (Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծագելը – Հ. Ք.) ճշմարտվեց երկակի նշանակությամբ՝ մարգարե և քահանա, առաքյալ և ձայն ավետարանական: Սակայն սրանց մեջ խորամուխ [լինելու համար հարկ է] նայել առաջիկա բաներին և այնժամ այն կուսական հոգին ինձ մոտիկ կլինի: Եվ արդ՝ բոլոր աստվածասեր հոգիներին կոչ եմ անում հոգևոր սխրանքի: Այսօր ուրախություն ջամբող հարսանեկան ճաշի մտա՝ վայելելու համար սեղանին դրված սրբի բազմերանգ գործերը: Ոչ միայն ստորադրյալներս և բովանդակ մարդկությունը, որոնք քրիստոնյա են, այլև հրանյութ զորությունները (հրեշտակները.– Հ. Ք.), այս մեծ օրը փառաբանելով անհասանելին երից սրբասացությամբ և անուշահոտ պաշտամունքով, նույն օրը տոնախմբում են ամենամյա շրջադարձությամբ:
Սրա հետ և սա՝ իբրև նոր Սիոն, վսեմորեն վայելելով մայրական գգվանքը, խնդում և կայթում է՝ իր սխրագործության լուսեղեն պարածածկումով հանդիսանալով պարծանաց թագ ու պսակի անդրանիկը: Սրանով սքանչանալով՝ նահատակության դիմեցին առաքյալներն ու մարգարեները, վարդապետներն ու կուսանաց դասը. առաքյալները [հանձին նրա ունենալով] շնորհատուին և առաքյալին, մարգարեները՝ մարգարեին և առաքյալին, վարդապետները՝ ուսուցչին և զգաստացնողին, կույսերը՝ իրենց նմանին և զգաստության մորը, քանզի բոլորի [մեջ] հաստատեց լիալիր սրբություն՝ [նրանց դարձնելով] իմաստուններ և կատարյալներ:
Աղաչում եմ ձեզ, ո՜վ մարդիկ, և արժանիքներին ի տրիտուր բարբառում ճշմարտության պարկեշտ շուրթերով: Սրա համար է բացատրում Իմաստության խոսքը. «Ոսկի խնձոր և սարդիոն ամենապայծառ» (հմմտ. Առակ. ԻԵ 11-12), որ ունկնդրող լսելիքն է: Սրանով են երկրայիններս երկնայիններից տարբերվում, սրա մասին է նաև մարգարեի խոսքը. «Ձայն բարբառոյ» (Ես. Խ 3). որտե՞ղ արդյոք: Անապատում: Քանզի սրանով բոլոր անապատացյալ հոգիները կընդունեն սուրբ սիրտ և արգանդում նորոգված ուղիղ հոգի ու պտուղ՝ պատշաճավոր և արդյունարար: Հայր Աստծու Քնարն է բարոյական, Քնարը՝ քրիստոսական, [Սուրբ] Հոգու շնորհի քնարը բարոյական՝ սուրբ արվեստագետի յոթնաշարժ ներգործման (Սուրբ Հոգու յոթ շնորհների.– Հ. Ք.), որով ժողովում և շաղկապում, մեկտեղում է տարաբնակ հեռավորներին [Սուրբ] Հոգու լոգարանում և քրիստոսյան Սելովամում: Այս ոչ թե Որփեոսի դիվաբախ կատաղությամբ բռնված մոլեռանդներից, այլ սրբոց բյուրավոր բանակից է հնչում: (Ըստ հին հունական դիցաբանության՝ Որփեոսը հռչակված էր իբրև երգիչ ու երաժիշտ, որի արձակած հնչյուններն ունեին մոգական ուժ, որին հնազանդվում էին ոչ միայն մարդիկ, այլև աստվածները և նույնիսկ բնության տարրերը – Հ. Ք.):
Տապանակ բանական, տապանակ լրության Հնի և Նորի (Կտակարանների.– Հ. Ք.)՝ ոչ տասնաբանյա գրությամբ, այլ [լինելով] համակ օրենսդիր և ներունակ հոգի, համաձայն աստվածային գետաբուղխ սահմանումի՝ արարված ի բարեբաստություն քրիստոնյաների: Սա Քրիստոսից քրիստոնյաների եկեղեցուն շնորհվեց՝ հաստատելով իբրև լրումն նորոգության: Նա՝ Փեսա (Քրիստոս), և սա՝ Խաչեղբայր. ո՜վ զարմանք, անմնացորդ, և իրապես ընթացավ ըստ մարմնական կրքերի, բայց [առանց] մեղքի: Մինչդեռ Իսրայելը հեղեղում էր բազմակուտակ մեղքեր, ինչպես նույն կապարե չարությունը կրող, մեղքերի թթու ողկույզին ձգտող նախնիք (հմմտ. Երեմ. ԼԱ 29): [Սրա] սուրբ և անհպելի անձը անապատում, համաձայն Դավթի օրինակի, Աստծու հետ էր խոսում հանդարտաբար: Եվ նա, զերծ այս կենցաղի ապականությունից, երգում էր ըղձական հոգով. «Քեզ համար եմ կանխորոշված իմ մոր որովայնից» (Սաղմ. ԻԱ 11), որ ոչ միայն արտաբերվել, այլև խոսքն այդ ականջներն իսկ չեն կարող ընկալել:
Արդ, ի՞նչ է բնությանն անհրաժեշտ մարմնի կերակուրը: Ավետարանում ասված է՝ մեղր վայրի: Եվ ինչպե՞ս կարողացավ, զգաստաբար տոկալով, մարմինը սրանով բավարարվել. Այն, ինչը սուրբն իր կյանքում սովորական դարձրեց: Ավելին՝ ըստ օրինաց կերակուրի՝ ոչ միայն հացով, այլև Աստծու խոսքով ապրեց՝ [լինելով] օրենքից վեր:
«Ձայն բարբառոյ յանապատի» երկրորդեց Ավետարանիչը (Մատթ. Գ 3, Ղուկ. Գ 4, Հովհ. Ա 23): «Ձայն բարբառոյ». հայտնապես ի մի բերված այս խոսքն առավել ահավոր է և մեծաձայն, քան մեկմեկու բախվող ամպերի ճայթյունը: Եվ մինչև աշխարհի ծայրն է արձակում ճառագայթները՝ ընդօրինակելով մեծ լուսատուին, որով վանում է չարի հրամշուշ տրամադրությունը: Սրա մասին կերգվի քերթողաբար: Եվ [ըստ] Սողոմոնի՝ [նա էր] շատերի մեջ ընտրված, որ նման էր շուշանաց հովտում առատալիր արտի բուրավետ որդիներին (տե՛ս Երգ Բ 1, 16): Ահա իր կամքով աղոտացյալ [լույսը] Հոր հրավերի կոչն է անում անապատից: Եվ հրամանը երկնքից ընդունեց մինչև ալեծավալ Հորդանանի կողմը՝ ծաղկելով գույնով և նրբանալով շքեղաճոխ հասակով: Այնտեղ երկուսին Երեքի (Սուրբ Երրորդության) մեջ էր տեսնում, որին չարժանացան հրակերպ [էակներն] իսկ (հրեշտակները.– Հ. Ք.): Նրանց մեջ էր նաև Հայրը [որին տեսնում էր] հոգու աչքի սուրբ և մաքուր հայացքով, ինչպես երբևէ [տակավին որովայնում] Որդուն էր երկրպագում որովայնից որովայն, նույնպես և Հայր Աստծուն էր [երկրպագում] երկրի արգանդից: Եվ եթե ի պատիվ Աստծու խմբված հրեշտակներն իսկ թևածելով ծածկում են իրենց դեմքը, և [բաժանված են] տարածությամբ, ապա որչա՜փ առավել մաքուր էր անեղի [Քրիստոսի] ամենասուրբ գագաթին հպված և լիալրված ձեռքն այն: Եվ նա ինքն էր քահանա մշտնջենավոր ոչ միայն Սրբություն Սրբությանց մեջ, այլև հենց Երկնքում՝ Հայր Աստծու դիմաց: Այսպիսին է սրբի պատիվը, այսպիսին է սրա կերպարը: Այսպիսի գերապանծ փառքով մեծարվեց՝ վառվելով նեղության հրով, և փառաբանվեց համաձայն Պողոսի. երբեմն՝ աղոտացած [լույս] և երբեմն՝ վարդապետ, որին հարց էին ուղղում զինվորները, երբեմն՝ անարժան կոշիկի կապերն արձակելու, և երբեմն՝ ձեռնադրող, որով ճգնակյացները բազմացան, երբեմն՝ կուսակրոն և տռփանքը սաստող և մյուս կողմից՝ շատերին որդեգրող ջրով և հոգով, անդրանիկը տաճարում, անդրանիկը Նոր Սիոնում՝ սուրբերի մեջ: Եվ, ի հավելումն փառքի, Տիրոջից այս վկայությունը ստացավ, [թե] կանանցից ծնվածների մեջ չկա սրանից մեծը (տե՛ս Ղուկ. Է 28): Եվ մեզ համար հավիտենական ուրախություն է սրբիս մեծարանքով հիշելը:
Եկե՛ք, քրիստոսասե՛ր մարդիկ, արթնացնենք մեր մտքերը սրա հայտնությամբ, որքան մեր կարողությունն է հանդիսակից լինել սրա ճշմարտությանը: Քանզի եթե կենցաղասեր [հեթանոս] իմաստասերները ժամանակի հոլովույթի մեջ, վերաթռիչ ունայնաբանությամբ գովելով, ըմբշմարտիկների մրցությունն էին քերթվածաբար վիպերգում, ապա որչա՜փ այս մեծությանն ու հռչակման [արժանիին անկ է] հարատևորեն լեզվի վրա ունենալ, այլև ամենայն զգաստությամբ ամեն օր խոսել նույն բանը: Եվ ո՞վ է արդյոք արժանի համեմատվելու սրա գործունեությանը, որ, նմանվելով իր Տիրոջը, սկսեց գործել և ուսուցանել: Եվ եթե բոլոր կողմերից նայես սրա ճգնությանը, նրան հիշելու [համար] խիստ նվազ կլինի մտքի հանճարը: Երկար ուղիով Երկինք է ճեմում և արշավում թևածելով, որով կորզվում է աշխարհի հնոցանման և հրաշեկ քուրայից՝ մաքուր և պարզ պահելով իր ոսկին՝ անեղծորեն դրոշմվելով կայսերական դահեկանին՝ տարամերժելով ազգակիցներին և անվանելով «իժերի ծնունդներ», ասում է․ «Ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից» (Մատթ. Գ 7, Ղուկ. Գ 7) աստվածասաստ պատուհասի: Հանրահայտ է, որ դու, ո՜վ Վարդապետ և Տեր, հավաստելով ճշմարտեցիր ահավոր իմաստով՝ ցողունակեր և պտղազատույց հոսիչով: Այրող հուրն ուշացնելով [հասցնել] հին Հակոբի և նոր Իսրայելի ծույլերի և ապերասանների ապաշխարության համար հոգեպատում սրբի սրված խոսքն է դնում կենաց ծառարմատին: Եվ ի՞նչ է արդարության հատուցումը. Նա սկզբնավորողը եղավ գահի աջակողմյան լուսազեղ խմբի, որ գլխավորում էր հենց ինքը, և ըմբշամարտի պահին, օծված կատարյալ հրահանգներով, սրբության յուղով, հարատև պահքի գոտեպինդ զորությամբ [դարձավ] նահատակաց պետը: Այլև, ըստ Պողոսի, ծովի և ցամաքի չափ [ճաշակեց] ազգակիցների և սուտ եղբայրների (հմմտ. Բ Կորնթ. ԺԱ 13, 26), աղոթքի և տքնության, քաղցի և ծարավի և այլևայլ չարչարանքների, և ատելիի [սատանայի] դեմ մղած ամենօրյա պայքարի [տված] նեղությունը: Այս և առավել քան այս կրեց՝ ի լրումն Քրիստոսի նեղությունների: Բայց անձով սա համեմատելի է հրեշտակական Եղիային այն, [որ] զարմանալի զորությամբ սաստում էր կիրքը, և հրեղեն կառքով հափշտակվում՝ ոչ մի բանում սրան չզիջելով, այլ գերազանցելով, որովհետև նա ըստ օրինակի էր, իսկ սա՝ ըստ օրինակի և ճշմարտության: («Օրինակը» Հին Կտակարանն է, իսկ «ճշմարտությունը»՝ Նորը, որոնցից յուրաքանչյուրն ունի արժեքային իր համակարգը: Սրանով ցույց է տրվում, թե Հովհաննես Մկրտիչը պատկանում է թե՛ Հնին՝ որպես մարգարե, և թե՛ Նորին՝ որպես առաքյալ.– Հ. Ք.): Չկա մեկը, որ բոլոր կողմերով ամբողջապես հասնի բացարձակ առաքինության: Նկատի չունենք բարու և չարի միջև առկա հակառակությունը. մեկն այսպիսին է, մյուսը՝ մեկ այլ կերպ, որ, մասերի բաժանելով, ջամբեց, ոմանց՝ մի մասը, մյուսներին՝ մասերի մասերը: Իսկ այս սրբին ու մեծին ինչպե՞ս որակենք. սրա բովանդակ կյանքն իր բոլոր մանրամասներով մաքրություն էր: Էակներից ո՞վ կարող է այսքան բեռ կրել: Միայն նա գիտե երկնքում բնակվող մեծ Քահանայապետին (Քրիստոսին.– Հ. Ք.): Նրանից հետո այս մեծ բարեկամը նրա օրինակը եղավ՝ ցածր, քան ցածրերը, և բարձր, քան բարձրերը, որ եկավ Քրիստոսի նման բնակվելու գազանների և պաշտվելու հրեշտակների մեջ [տե՛ս Մարկ. Ա 13]՝ լինելով կենդանի ողջակեզ: Հաղորդ լինելով սրա ոգեղեն փորձին՝ քահանայական կարգը մարդկանց տրվում էր ոչ անարգաբար: [Սա] եղավ դետ և դիտանոց՝ իբրև խրատ զգուշության և օրինակ ոչ միայն Իսրայելի, այլև բովանդակ տիեզերքի համար: Կատաղած և մոլուցքով բռնված թագավորը, պատժական խոսքով սթափվելով, նրանից ընդունում է ավետարանող քաղցրագույն խոսքեր: Սրա մասին է մարգարեի միտքը. «Տե՛ր,— ասում է,— ինձ դատաստանի համար կարգեցիր և ինձ ստեղծեցիր նրա պարը հանդիմանելու համար» (Ամբակ. Ա 12): Իսկ երբ չարությունն ու անօրենության հուրը որջանալով նյութվեց լկտի ձեռքում, և հեշտական ցանկասիրությունը թելադրեց մոլեկան բարկություն, ի՞նչ արեց. ձերբակալեց և բանտ նետեց [Մկրտչին] իր եղբայր Փիլիպոսի կնոջ պատճառով, քանզի դիվապաշտ զեխությամբ հափշտակված՝ չհանդուրժեց սրբից սաստկագույնս հանդիմանվել՝ կարծելով, որ կարող է տկարացնել անշիջանելի լույսը, որ ոչ միայն չտկարացավ, այլև ավելի բարձր ձայն արձակեց, քան առաջ: Եվ ահավասիկ լինելիք բաները. սրբի ձեռքով սանձահարվում է կնոջ կերպարանքով զուգված բանսարկուի բռնությունը: Ինչպես եվայական օձ՝ ցնցվելով կաքավում էր, կայթում՝ հագուրդ տալով անօրեն Հերովդեսի տենչանքներին, և գինարբուքի անօրեն մասնակիցների տռփանքին: Եվ ի՞նչ էր ուզում կինն այն պիղծ և գարշելի՝ դաժան մորից խրատվելով․ ասում է. «Տո՛ւր ինձ Հովհաննեսի գլուխը» (Մատթ․ ԺԴ 8-11, Մարկ. Զ 24-29): Եվ արդ, լսելով և ընկալելով այս խոսքերը, ինձ է մոտենում այն աստվածասեր հոգին: Ես, երկյուղով և ահով հանդերձ, արտասուքս զուգելով ներդաշնորեն, սակայն զարմացած, տգիտորեն անտեղյակ եմ այս խորհրդին: Ընթանում է Աստծու և աստվածայինների մոտ և տեսնում [նրանց], քանզի այնպես է հոգևոր նախախնամությունը, որով Տեր Հիսուս հիանում էր իր սուրբով: Այլև էր նա աստված աստվածների մեջ (հմմտ. Սաղմ. ՁԱ 6), որի մասին Աստծու խոսքն ասում է, որ սա ինքը գլուխն էր արդարության, գլխավորում էր մնացյալ բաղձալիներին (սուրբերին), նախադասված քրիստոսական գլուխ էր՝ Սուրբ Երրորդության բույրի [ազդումով դարձած] բազմաբույր: Որքա՜ն մեծ է այս ուրախությունը կատարյալ արդարների հոգիներում, որքա՜ն է ուրախանում սրբոց դասն այս դասապետով, ի՜նչ գերազանց է բարեփառությունը, ի՜նչ գերազանց է թիկնոցը քահանայական, որով պարածածկվում են քահանայական Պետությունները («Պետությունը», համաձայն Ս. Դիոնիսիոս Արիսպագացու սահմանակարգման, նվիրապետական աստիճաններից մեկն է.– Հ. Ք.)։ Սա մեզ [համար] նախասկիզբ է, որ անսասանելի հետևողականությամբ ընթանում է արքայության շավղով, սա ինքն է հրահանգանոց և կրթարան, սա մեզ համար զինավառ մարտական վահան է, արյուն՝ անբիծ, արյուն՝ անարատ, արյուն՝ աբելյան (նկատի ունի առաջին նահատակին՝ Աբելին.– Հ. Ք.), որ առավել խոսուն է, քան այն (ակնարկում է Աստծու խոսքը. «․․․․Քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ» (Ծննդ. Դ 10).– Հ. Ք.): Արյուն, որի բաղադրությունը, փոխանցվելով մարդկանց մեջ, [նրանց դարձնում է] լուսեղեն սրբությամբ անմեղ գառներ, սրբությամբ բողբոջյալ արյուն՝ խառնված Քրիստոսի անապական արյանը, որ վախճան չունեցավ, այլ սկիզբը եղավ՝ ըստ [Սուրբ] Գրոց, թե՝ արդարը, հասնելով իր վախճանին, կհանգստանա և եթե կատարյալ է սակավ ժամանակի մեջ, ապա հետո Տիրոջ ցանկալի անձը կլինի՝ հարատևորեն լինելով Աստծու ձեռքում: Սա աշխարհի առջև փակ դրախտի դռները խորտակեց խավարային վայրերում հեծող և ավետիս հռչակող հանճարաշունչ դասերի համար՝ ունենալով առաքելական շնորհ նաև մահվան վրա. «Ձայն բարբառոյ» երկնաբնակների մեջ: Եվ ահա արդ, աղաղակում է առավել, քան միասնաբար արձակված ձայնը, քան շեփորի ու երգեհոնի մեջ հմտացածների և արվեստով հորինողների [նվագը]: Ձայնն այս բաղդատելի է Սինայի [ձայնին] (տե՛ս Գիրք Ելից ԺԹ 16), ինչպես մեկը, հանդիպելով գազանի, կքարկոծի և կխոսի նրա հետ ճշմարտության պարսաքարով: Սա հավասար է գաբրիելյան փողին, և նույնիսկ նրանից առավել: Սրան երանի են տալիս հրեշտակաց գնդերը, երկնավոր զորությունները և հրեշտակաց խմբերը, բոլոր հրե էությունները, առաքելոց դասը, որ կանխապես վայելեց առաքյալների պատիվը, մարգարեների հույլը, որ կատարյալների հետ եղավ կատարյալ, նահատակների խումբը՝ իբրև գլուխ ողջախոհության, քահանաները՝ իբրև ամենակալ Տիրոջ մունետիկներ և հրեշտակներ:
Արդ, որ երկնքում ես, քահանադ և պետդ մեծ՝ մտնելով առագաստված լույսի մեջ, ո՜վ տերդ, կարապե՛տդ մեր, կարապե՛տդ Հիսուսի և բովանդակ Սուրբ Երրորդության, խնդրում են քեզ ուխտավոր Եկեղեցու զավակները, որպեսզի անշեղ պահես՝ հովվելով մարգարեական պայծառատեսությամբ՝ անխաթար ապրեցնել Նոր Սիոնի այս փարախում (Եկեղեցում)՝ «սնելով դալարախիտ վայրերում և հանգստավետ ջրի եզերքին» (Սաղմ. ԻԲ 2)՝ գանձելով մեր հոգիները հավիտենականներիդ մեջ, որ այժմ գաղտնորեն ներկա են իբրև հայելի և օրինակ, այնժամ կհայտնվեն քո կամքի առաջնորդությամբ (հմմտ. Ա Կորնթ. ԺԳ 12): Եվ [երբ գա] օրն ահեղ և ահավոր, լիալրվի խոսքդ ճշմարտության, և անմահդ նստի իր Փառքի Աթոռին, բերանքսիվայր պաղատում եմ, որ ամենայն ժամ օգնես մեզ քո բարեխոսությամբ, որ Քրիստոսով անուշահոտ պատարագ է առ Հայր Աստված և Հոգին Սուրբ, որպեսզի [մենք]՝ ժողովուրդը քո, վայելելով աջակցությունդ, լինենք Սուրբ Երրորդությանդ փառաբանիչները: Թեև [փառաբանությունն այս] թերի է քո արժանիքի համեմատ, սակայն փութեռանդ մղումը մեր՝ ոչ պակաս: Արդ, քո սուրբ բերանով Սուրբ Երրորդությանդ փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն: