Եթե Այնշտայնը «Նարեկ» կարդար

Եթե Այնշտայնը «Նարեկ» կարդար 17.11.2026

 1929 թվականին, Նյու Յորքի ռաբբի Հերբերտ Գոլդշտեյնի հեռագրային հարցմանն ի պատասխան, Ալբերտ Այնշտայնը ձևակերպեց XX դարի աշխարհայացքային ամենանշանակալի հայտարարություններից մեկը։ Նա նշեց, որ հավատում է Սպինոզայի Աստծուն, որը դրսևորվում է գոյության օրինաչափ ներդաշնակության մեջ, այլ ոչ թե այն Աստծուն, որը զբաղված է մարդկանց ճակատագրերով ու արարքներով։ Այս միտքը դուրս էր դոգմատիկ աստվածաբանության ծիրից. Այնշտայնը, թերևս, Սպինոզայի պանթեիզմի մեջ էր տեսնում տիեզերական կարգի և անբացատրելիի գոյաբանական բանալին։

Ակամա հարց է ծագում. եթե Այնշտայնը ծանոթ լիներ X դարի հայ աստվածաբան և մտածող սուրբ Գրիգոր Նարեկացու ժառանգությանը, արդյո՞ք չէր ասի. «Ես հավատում եմ Նարեկացու Աստծուն»։ Չէ՞ որ Նարեկացու տեսիլքում ևս Աստված համատարած ներկայություն է, բայց միևնույն ժամանակ անմիջականորեն մասնակից է յուրաքանչյուր մարդու կյանքին։

Աստծու էությունը քննելիս Նարեկացին գործածում է գոյաբանական հիմնարար հասկացություններ, որոնք լատինական ավանդույթում համապատասխանում են substantia (գոյացություն) եզրույթին՝ նույն այն հասկացությանը, որով Աստծուն բնութագրում էր Սպինոզան։ Այս առումով հատկանշական է «Մատյանի» Բան ԽԱ-ի հետևյալ հատվածը.

 

Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,

Գոյության բոլոր տարերքների մեջ,

Աշխարհի բոլոր եզրածագերում,

Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ,

Օրհնյա՜լ ի բարձունս:

 

Իսկ միգուցե Սպինոզան ինքը ծանո՞թ էր Նարեկացու մտքին։ Չէ՞ որ նրա ծննդավայր Ամստերդամում գործում էր Ոսկան Երևանցու հայկական տպարանը, իսկ որոշ ավանդությունների համաձայն՝ նրանք նույնիսկ մտերիմ են եղել։ Հաստատապես պնդելն անհնար է, սակայն Աստծու համատարած ներկայության հարցում նրանց պատկերացումներն ակնհայտորեն աղերսվում են։ Նարեկացու աստվածաբանության մեջ Աստված միաժամանակ ներակա է (իմմանենտ) և էապես անդրանցական (տրանսցենդենտ)։ Բան ԼԴ-ում Աստված բնութագրվում է որպես «անմատչելի հեռավոր» և «անընդմիջելի մերձավոր»։ Սուրբն ասում է. «Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ...»։

Հարկ է, սակայն, նկատել նաև էական տարբերությունը. եթե Սպինոզայի փիլիսոփայությունը պանթեիզմ է (համաստվածություն, որտեղ Աստված և աշխարհը նույնական են), ապա Նարեկացու աստվածընկալումն ավելի շուտ պանենթեիզմ է (ամենաստվածություն). ամեն ինչ Աստծու մեջ է, բայց Աստված վեր է ամեն ինչից և չի սահմանափակվում աշխարհով։ Սպինոզայի պանթեիստական Աստվածը զուրկ է անձնավորված, հաղորդակցական բնույթից և անհաղորդ է մարդկային ճակատագրին։ Մինչդեռ Նարեկացու տիեզերքում Աստված անձնավորված «Դու» է, իսկ «Մատյան ողբերգության» աղոթագրքի ամբողջ հյուսվածքը կառուցված է որպես կենդանի, գոյաբանական երկխոսություն («Ի խորոց սրտից խօսք ընդ Աստծոյ»)։ Նարեկացու մտքի թռիչքի շնորհիվ տիեզերական, անսահման Աստված միաժամանակ անհատի աղոթքն ունկնդրող Անձ է։

Այս ընկալմամբ Նարեկացին հարում է քրիստոնեական նեոպլատոնականության և ապոֆատիկ (բացասական) աստվածաբանության ավանդույթին։ Նույն ակունքներից են սնվում IX դարի մտածող Հովհաննես Սկոտ Էրիուգենան և XV դարի փիլիսոփա Նիկողայոս Կուզացին։ Հակադրությունների համընկնման (coincidentia oppositorum) իր հայեցակարգում Կուզացին Աստծու էությունը պատկերում էր որպես անսահման մի գունդ, որի կենտրոնն ամենուր է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ։ Սակայն եթե եվրոպացի միջնադարյան և վերածննդյան մտածողները հիմնականում ընթանում էին բանական-փիլիսոփայական ճանապարհով, ապա Նարեկացին այդ ճշմարտություններին հասնում է խորհրդապաշտական աղոթքի փորձառությամբ։ Դա վեհ ու գեղեցիկ մի փիլիսոփայություն է, որը հանճարի շուրթերից հնչում է որպես աղերսանք և պաղատանք։

Հետագա տարիների իր գրառումներում Այնշտայնը խոսում է «տիեզերական կրոնական զգացողության»՝ որպես կրոնականության բարձրագույն դրսևորման մասին։ Նարեկացու «Մատյանում» այդ տիեզերական զգացողությունը չոր վերացարկում չէ. այն ներդաշնակորեն ձուլվում է անձնական, ապրված աղոթքին։ Տիեզերաընդգրկուն Աստված ամենուր է, ուստի նախևառաջ՝ մարդկային տառապանքի ու հույսի այն խորքերում, որտեղից բխում է անհատի աղաղակը՝ «ի խորոց սրտից»։ Եվ գուցե հենց այդտեղ էլ հանդիպում են գիտնականի փնտրած տիեզերական ներդաշնակությունն ու աղոթող մարդու կենդանի Աստված։

 

Գասի Գասպարյան

կրոնի ուսուցիչ, աստվածաբան