Նոյեմբերի 9-ի պատգամը և հաղթանակներից դաս չքաղելու հետևանքները
17.11.2026
Մենք չկարողացանք դասեր քաղել մեր հաղթանակներից։ Անխնա վատնեցինք ի վերուստ մեզ շնորհված տերունական պարգևը, և այն հետ վերցվեց մեզանից։ Այսօր պարտավոր ենք առնվազն մեր պարտությունից խրատվելու, քանզի այն ազգը, որը չի գիտակցում իրեն պատուհասած վշտերի ու փորձությունների խորքային պատճառները, դատապարտված է ապագայում կրկին առերեսվելու դրանց հետ։
Պարտություններից ու աղետներից դասեր քաղելը սոսկ հետաքրքրասիրության հարց չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Մի՞թե բժիշկը հիվանդին հետազոտում է պարապ հետաքրքրությունից դրդված, ոչ թե ախտի բուն պատճառը հայտնաբերելու, այն արմատապես բուժելու և հետագա բարդությունները կանխելու համար։ Չէ՞ որ եթե պարզվում է՝ լյարդի ախտահարման պատճառը գինեմոլությունն է, մարդը պարտավոր է հեռու մնալ ալկոհոլից։ Եթե թոքերի հիվանդության պատճառը ծխախոտն է, ապա ապաքինման միակ ճանապարհը ծխելուց անհապաղ հրաժարվելն է։ Նույն օրինաչափությամբ՝ այն ժողովուրդը, որը չի քննում և չի իմաստավորում իրեն բաժին հասած արհավիրքների պատճառները, նաև գալիքում չի կարող զերծ մնալ դրանցից։
Դժվար է պատկերացնել որևէ հայի, ով կցանկանար տեսնել նոյեմբերի 9-ի ողբերգության կրկնությունը։ Ուստի եկեք այս իրողություններին նայենք հոգևոր տեսանկյունից և Սուրբ Գրքի լույսի ներքո, որպեսզի ճշմարիտ հետևություններ անենք, արժանանանք նոր հաղթանակների, ազգային վերելք ապրենք և ժառանգենք հավիտենական կյանքը։
Որպես խորհրդածության սկիզբ՝ հիշենք Նիկոլայ Սերբացու՝ Դախաուի համակենտրոնացման ճամբարից սերբ ժողովրդին հղած նամակի առաջին տողերը․
«Մենք վիրավորել ենք Տիրոջը և պատժվել։ Մենք պղծվել ենք բազմաթիվ անօրինություններով ու հիմա լվացվում ենք արյունով ու արցունքներով։ Մենք ոտնակոխ ենք արել այն ամենը, ինչ սրբազան էր մեր հայրերի համար, և հիմա մենք ինքներս ենք ոտնակոխ արված»։ Այս խոսքերն ասես մեր այսօրվա իրականության հայելին լինեն։
Սուրբ Գրքում մեր Երկնավոր Հայրը բազմիցս զգուշացնում է Իր ժողովրդին, որ փորձություններն ու պատուհասները պատահականություն չեն, այլ ունեն խոր հոգևոր և բարոյական պատճառներ։ Երբ ժողովուրդը չի գիտակցում այդ պատճառները, չի ապաշխարում և չի սրբագրում իր ընթացքը, պատմությունը կրկնվում է նույն կամ առավել սաստիկ ցավով։
Ահա թե ինչ է վկայում Աստծու խոսքը պատերազմներից ու պատուհասներից դասեր չքաղելու հետևանքների մասին․ «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք իմ այս բոլոր հրամանները, այլ արհամարհեք դրանք, իմ կարգադրություններից ձանձրանալով՝ չկատարեք իմ պատվիրաններն ու լուծարեք իմ հաստատած ուխտը, ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։ Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։ Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ» (Ղևտ․ ԻԶ 14-18)։
Այսպես՝ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ սեփական մոլորությունների և Աստծու հանդեպ անհնազանդության պատճառները չգիտակցելը հանգեցնում է պատիժների կրկնությանն ու առավել խստացմանը։ Իսկ Եսայու մարգարեության Թ-Ժ գլուխներում ականատես ենք լինում մի ահավոր օրինաչափության. քանի դեռ ժողովուրդը զղջումով դարձի չի գալիս առ Աստված, հարվածներն ու պատուհասները ոչ թե դադարում, այլ շարունակաբար բազմապատկվում են։
Հիշողության կորուստը՝ ազգային վշտերի սկզբնապատճառ
Մենք մոռացության մատնեցինք, թե ինչպես էին նախկինում մեր գլխին կուտակվել ճգնաժամերն ու արհավիրքները։ Այս առումով Բ Օրինաց գրքում (Ը 11, 19-20) Աստծու խոսքը սթափեցնող հիշեցում է հղում․ «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն... Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից... այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք»։
Սա չափազանց խիստ զգուշացում է։ Սակայն փոխանակ այդ օրհասական պահերին հոգեպես ճգնելու և ապաշխարելու (չէ՞ որ հենց այդ արմատից է ծագում «ճգնաժամ»՝ ճգնելու ժամ բառը), մենք, ցավոք, տրվեցինք հպարտությանը և շարունակեցինք մեր անաստված ու անօրեն ընթացքը։
Նույն խորհուրդն է ամփոփված նաև ՃԵ սաղմոսում․ «Մեր հայրերը Եգիպտոսի մեջ չհասկացան քո սքանչելիքները և չհիշեցին քո անհուն ողորմությունը։ Քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս... Մոռացան իրենց կենարար Աստծուն, որ մեծ գործեր կատարեց Եգիպտոսում, Իր սքանչելիքները՝ Քամի երկրում, և Իր ահը՝ Կարմիր ծովի վրա»։
Այս խոսքերն ասես ուղղակիորեն մեր մասին լինեն․ «Մեր հայրերն ու մենք չըմբռնեցինք, թե ինչպիսի՛ հրաշքով Տերը մեզ որպես ժառանգություն պարգևեց Արցախը, և չարժևորեցինք, թե ինչպիսի՛ անսահման ողորմությամբ մեզ շնորհեց Հայաստանի անկախ պետականությունը։ Մենք բարկացրինք Աստծուն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում և մոռացանք մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, և Նրա այն բոլոր սքանչելի գործերը, որ կատարեց մեր ազգի համար»։
Հարվածի պատճառը ճանաչելու անհրաժեշտությունը
Երբ մարդուն կամ ազգին հարվածներ են հասնում, անհրաժեշտ է խորապես քննել սեփական ընթացքը և ճանաչել այդ հարվածի բուն պատճառը՝ հարցնելով՝ ինչո՞ւ Աստված թույլ տվեց այս փորձությունը։
Աստծու խոսքը Միքիայի մարգարեության մեջ հնչում է քաղաքի վրա և կոչ անում․ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը» (Միք․ Զ 9)։ Իսկ Ովսեեի մարգարեության մեջ տեսնում ենք, որ եթե ժողովուրդը չի գիտակցում և չի վերլուծում սեփական վարքի հետևանքները, ապա պատուհասները դառնում են անխուսափելի ու կրկնվող․ «Նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եղան իմ երեսի առաջ» (Ովսեե Է 2)։
Ինչպես ապաքինվել ու դարմանել ազգային վերքերը
Այսօր պարտավոր ենք գիտակցել, որ մեր բոլոր տառապանքների ու ողբերգությունների արմատը սկսվում է այն պահից, երբ մարդը լռեցնում է սեփական խղճի ձայնը, դավաճանում է իր իսկ դավանած հավատքին և հեռանում Քրիստոսի Ավետարանի պատվիրաններով ապրելու կոչումից։
Մեզանից յուրաքանչյուրի սրտում խղճի մաքրությամբ ապրելը, ամեն մի թեկուզ փոքր բարոյական հաղթանակը, երբ մարդը, ունենալով անօրինություն կամ չարիք գործելու հնարավորություն, վճռականորեն ասում է. «Ո՛չ, ես դա չեմ անի», մեծագույն բարիք է և երկնային օրհնություն է բերում մեր ողջ ազգին։ Եվ ճիշտ հակառակը՝ մեզանից յուրաքանչյուրի ներքին բարոյական պարտությունը՝ սուտը, խաբեությունը, կաշառակերությունը կամ ցանկացած անազնվություն, արյունահոսող վերք է դառնում ողջ հասարակության և համայն հայության մարմնի վրա։
Եկեք մեր անձնական մեղքերով այլևս չխոցենք ինքներս մեզ և նոր վերքեր չհասցնենք մեր բազմաչարչար հայոց ազգին։ Աստծու խոսքը հստակ սովորեցնում է, որ ցանկացած ժողովրդի պատուհասած աղետ անհնար է հաղթահարել կամ կանխել ապագայում, քանի դեռ արմատապես չի բացահայտվել և չի վերացվել դրա բարոյական ու հոգևոր պատճառը։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրի անձնական պարտքն է՝ քննել սեփական սիրտը և արմատախիլ անել մեղքը հենց մեր ներսում։
Հիշենք Սոդոմի և Գոմորի ճակատագիրը։ Եթե այնտեղ գտնվեր գեթ տասը արդար մարդ, քաղաքը չէր կործանվի։ Աբրահամն իր բարեխոսությունն սկսեց հիսուն արդարից և իջավ մինչև տասը, որից հետո Տերն ավարտեց խոսակցությունն Աբրահամի հետ և հեռացավ (Ծննդ․ ԺԸ 33)։ Սա վկայում է, որ գոյություն ունի հոգևոր մի սահմանագիծ. երբ ազգը հատում է այդ սահմանը, սկսվում է մեծ պատուհասը։
Եկեք մեզանից յուրաքանչյուրը ձգտի դառնալ այդ արդարներից մեկը։ Ապրենք արդարությամբ, սիրով ու կարեկցանքով՝ թույլ չտալով, որ մեր սրտում բույն դնեն կեղծիքն ու նենգությունը։ Երբ գայթակղության ու կրքի առջև կանգնած քրիստոնյան վճռականորեն մերժում է մեղքը, նա իրական հոգևոր հաղթանակ է կերտում։ Հենց այդպիսի լուռ, բայց հաստատուն հաղթանակներն են, որ ամոքում ու դարմանում են մեր ազգի վերքերը և մոտեցնում մեզ փրկությանը։
Եվ չմտածենք, թե քիչ ենք, կամ թե մի քանի հոգու ջանքով ոչինչ չի կարող փոխվել։ «Դո՛ւք եք երկրի աղը»,— ասում է Տերը (Մատթ․ Ե 13)։ Ամբողջ կերակրին համ տալու համար մի ամբողջ աման աղ հարկավոր չէ․ ընդամենը մի քանի պտղունցն էլ բավական է։
Եկեք սկսենք մեզանից, հենց այսօր։ Հենց մենք լինենք առաջին պտղունց աղը՝ համ տալու կյանքին հայոց հողի վրա։
Արմեն կիսասարկավագ Հարեյան