Ուխտի տապանակի գերեվարումն ու Տիրոջ զորությունը
17.11.2026
Սկիզբը՝ թիվ 20
Ա Թագավորաց գրքի 4–6-րդ գլուխներում պատմվում է փղշտացիների դեմ պատերազմի ընթացքում Ուխտի տապանակի գերեվարման և վերադարձի մասին։ Աստվածաշնչագիտական ուսումնասիրություններում նշվում է, որ այս պատումում տապանակը որոշ առումներով կատարում է Հին Մերձավոր Արևելքի կրոնական պատկերացումներում աստվածության արձանին վերագրվող խորհրդանշական գործառույթը՝ արտահայտելով աստվածային ներկայությունը։ Սակայն տապանակն Աստված Ինքը չէր, այլ Նրա ներկայության սրբազան նշանը։
Պատերազմի ընթացքում իսրայելացի երեցները հրամայեցին տապանակը բերել բանակատեղի՝ հույս ունենալով, որ դրա ներկայությունը կապահովի հաղթանակը։ Փղշտացիները նույնպես գիտակցում էին դրա կրոնական նշանակությունը և բացականչեցին. «Վա՜յ մեզ։ Մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից» (Ա Թագ. 4։8)։ Այստեղ «ձեռք» բառը փոխաբերական իմաստով արտահայտում է զորություն և իշխանություն։ Տապանակի՝ որպես Տիրոջ զորության նշանի ընկալումը հանդիպում է նաև աստվածաշնչյան այլ հատվածներում (Հես. 4։24)։
Սակայն իսրայելացիների ակնկալիքները չարդարացան․ նրանց բանակը պարտվեց, իսկ տապանակը գերեվարվեց (Ա Թագ. 4։10–11, 17)։ Այս իրադարձությունը հակադրվում է աստվածաշնչյան այն պատկերացումներին, որոնց համաձայն՝ Տիրոջ ներկայության հայտնությունը թշնամիների փախուստի պատճառ է դառնում (Թվ. 10։35, Սաղմ. 68։1–2)։ Իսրայելացիները, ըստ էության, տապանակի ներկայությունը դիտարկել էին որպես հաղթանակի երաշխիք՝ կարծես Աստծու զորությունը հնարավոր լիներ սահմանափակել սրբազան առարկայով։
Այս դրվագը համեմատելի է ուգարիթյան առասպելում Բաալ-Հադադի աստվածային զորության նկարագրության հետ, որտեղ նրա հզոր ձայնից թշնամիները փախչում են։ Երկու պատումներում էլ առկա է աստվածային զորության և թշնամիների նահանջի մոտիվը, սակայն Ա Թագավորաց գրքում սկզբում տեղի է ունենում հակառակը․ փախչում են իսրայելացիները, իսկ տապանակն անցնում է փղշտացիների ձեռքը։
Տապանակը տեղափոխվում է Ազոտոս և տեղադրվում Դագոնի տաճարում՝ նրա արձանի մոտ։ Հաջորդ առավոտյան Դագոնը երեսնիվայր ընկած էր գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, իսկ մյուս օրը գլուխն ու երկու ձեռքերն էին կտրված և ընկած շեմի վրա (Ա Թագ. 5։3–4)։ Այս տեսարանը խորհրդանշում է Դագոնի անզորությունը և Տիրոջ գերիշխանությունը։ Հատկանշական է «ձեռք» բառի կրկնվող կիրառությունը․ Դագոնի ձեռքերը կտրված են, մինչդեռ պատումում բազմիցս նշվում է, որ Տիրոջ ձեռքը ծանրացել է փղշտացիների վրա։
Ազոտոսի, ապա Գեթի և Ակկարոնի բնակիչները ենթարկվում են պատուհասների և պահանջում, որ տապանակը հեռացվի իրենց քաղաքներից (Ա Թագ. 5։6–12)։ Նրանք գիտակցում են, որ տապանակի ներկայությունն իրենց համար դարձել է վտանգի աղբյուր։ Այսպիսով՝ պատումը ցույց է տալիս, որ Տիրոջ զորությունը չի սահմանափակվում Իսրայելի տարածքով, և Նրա ներկայությունը չի կարող ծառայեցվել մարդկային նպատակներին։ Տապանակի գերեվարումը չի նշանակում Աստծու պարտություն․ ընդհակառակը, փղշտացիների քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտում են Տիրոջ գերիշխանությունը նույնիսկ թշնամու երկրում։ Ի վերջո, փղշտացիները հարկադրված են լինում վերադարձնել տապանակը Իսրայել (Ա Թագ. 6)։
Տապանակի տեղափոխումը Երուսաղեմ
Դավթի՝ Երուսաղեմ տեղափոխած Ուխտի տապանակը նկարագրվում է որպես այն տապանակը, որի վրա հանգչում է «Զորությունների Տիրոջ անունը՝ քերովբեների միջև» (Բ Թագ. 6։2)։ Այս բնորոշումը կապված է Տիրոջ՝ որպես աստվածային և հաղթական Ռազմիկի պատկերացման հետ։ Տապանակի հանդիսավոր տեղափոխումը հաջորդում է Բահաղ-Փերասիմում փղշտացիների նկատմամբ տարած հաղթանակին (Բ Թագ. 5։20)։
Փղշտացիների դեմ մարտից առաջ Դավիթը Տիրոջից պատգամ էր ստացել, թեև բնագրում չի նշվում, որ այն ստացվել է տապանակի առջև (հմմտ. Դատ. 20։8, 27)։ Հաղթանակից հետո Դավիթը կատարվածը նկարագրում է հետևյալ խոսքերով. «Տերը իմ թշնամիներին կոտորեց իմ առաջ, ինչպես ջրերն են ճեղքվում» (Բ Թագ. 5։20)։ Այս պատկերավոր արտահայտությունը կարող է զուգահեռվել Հին Մերձավոր Արևելքի դիցաբանական ավանդույթներում տարածված՝ աստվածային Ռազմիկի կողմից քաոսային ջրերի հաղթահարման մոտիվին։
Հաջորդ հաղթանակից հետո Դավիթը տապանակը Բահաղե-Հուդայից՝ Կարիաթարիմից, տեղափոխեց Երուսաղեմ։ Այն ուղեկցվում էր հանդիսավոր երթով, երաժշտությամբ և ծիսական պարերով (Բ Թագ. 6։5, 12–15)։ Այս իրադարձությունը կարելի է մեկնաբանել որպես Տիրոջ՝ աստվածային Ռազմիկի հաղթական մուտք Սիոն։
Տապանակի տեղափոխությունը կարևոր նշանակություն ունեցավ Երուսաղեմի՝ որպես կրոնական կենտրոնի ձևավորման և Դավթի իշխանության աստվածաբանական հիմնավորման համար։ Այս ավանդույթները հետագայում արտահայտվեցին Սիոնի ընտրյալության, Դավթի թագավորական տան նկատմամբ Տիրոջ ուխտի և քաղաքի պաշտպանության մասին պատկերացումներում։ Դրանց կարևոր արտահայտություններից է Սաղմոս 132-ը, որը կապում է տապանակի հանգրվանը Սիոնի ընտրության և Դավթի տան նկատմամբ Տիրոջ խոստման հետ։ Սակայն հիմքեր չկան պնդելու, թե սաղմոսի ձևակերպումները հաստատապես օգտագործվել են հենց տապանակի տեղափոխության ժամանակ։
Տապանակը Բ Օրինաց գրքում
Բ Օրինացում Ուխտի տապանակի նշանակությունը ներկայացվում է ավելի զուսպ, քան աստվածաշնչյան որոշ վաղ ավանդույթներում։ Այստեղ տապանակը չի նկարագրվում որպես Տիրոջ գահ կամ պատերազմի ժամանակ Նրա զորության դրսևորման խորհրդանիշ։ Այն հիմնականում հանդես է գալիս որպես Ուխտի տախտակների պահոց։
Երբ Աստված պատվիրում է պատրաստել տախտակների երկրորդ հավաքածուն, միաժամանակ հրահանգում է պատրաստել նաև փայտե տապանակը (Բ Օր. 10։1–3)։ Տախտակները տեղադրվում են դրա մեջ (Բ Օր. 10։5)։ Հատկանշական է, որ եբրայերեն արոն (եբր․՝ אָרוֹן) բառը նշանակում է «արկղ» կամ «տապանակ», և Բ Օրինացում դրա գործառույթը հիմնականում սահմանափակվում է պահոցի նշանակությամբ։ Ի տարբերություն Ելից գրքի նկարագրության՝ այստեղ չեն հիշատակվում ո՛չ քերովբեները, ո՛չ տապանակի ոսկեզօծումը, ո՛չ էլ դրա՝ որպես գահի խորհրդանշական ընկալումը։
Նույն փաստաթղթային նշանակությունն ունի նաև Օրենքի գիրքը․ Մովսեսը ղևտացիներին պատվիրում է այն դնել Ուխտի տապանակի կողքին՝ որպես վկայություն Իսրայելի դեմ (Բ Օր. 31։24–26)։ Այսպիսով՝ տապանակի հիմնական գործառույթը կապված է Ուխտի վկայությունների պահպանման հետ։
Հետևաբար, Բ Օրինացում տապանակի նկարագրությունը կարելի է բնութագրել որպես գործառութային և զուսպ․ շեշտը դրված է ոչ թե առարկայի խորհրդավոր զորության կամ ծիսական առանձնահատկությունների, այլ դրա մեջ պահպանվող Ուխտի տախտակների և դրանցով արտահայտվող աստվածային պատվիրանների վրա։ Սա, սակայն, ինքնին չի նշանակում, թե գիրքը ժխտում է տապանակի սրբազան նշանակությունը․ այն պարզապես կենտրոնանում է դրա՝ որպես Ուխտի վկայության պահոցի դերի վրա։
Տապանակը Քահանայական ավանդության մեջ
Ուխտի տապանակի առավել մանրամասն նկարագրությունը պահպանվել է Քահանայական ավանդության մեջ (P)։ Ելք 25։10–22-ում ներկայացվում է դրա՝ Մովսեսին աստվածային հայտնությամբ տրված նախագիծը, իսկ Ելք 37։1–9-ում՝ Բեսելիելի կողմից պատրաստումը։ Տապանակը պետք է պատրաստվեր ակացիայի փայտից, ամբողջությամբ պատվեր ոսկով՝ ներսից և դրսից, ունենար չորս ոսկե օղակ և ոսկեպատ փոխադրաձողեր։ Դրա մեջ պետք է տեղադրվեին «վկայության տախտակները» (եբր․՝ עֵדוּת), որոնք պարունակում էին աստվածային պատվիրանները։
Տապանակի վերին մասը ծածկվում էր մաքուր ոսկուց պատրաստված կապպորեթով (եբր․՝ כַּפֹּרֶת ՝ քավության կափարիչ)։ Դրա երկու ծայրերին տեղադրվում էին ոսկյա երկու քերովբեներ, որոնց դեմքերն իրար էին ուղղած, իսկ տարածված թևերը ծածկում էին կափարիչը (Ելք 25։17–20)։ Քավության կափարիչը կարևոր դեր ուներ նաև Քավության օրվա ծիսակարգում, երբ քահանայապետը դրա վրա և դրա առջև կատարում էր քավության արարողությունը (Ղևտ. 16։2, 14–15)։
Քերովբեների նշանակության մեկնաբանությունը գիտական քննարկման առարկա է։ Ի տարբերություն Գ Թագավորաց 6։23–28-ում և 8։6–7-ում նկարագրված՝ տաճարում տեղադրված հսկայական քերովբեների՝ Քահանայական ավանդության մեջ դրանք տապանակի կափարիչի մաս են կազմում։ Այս նկարագրության մեջ տապանակը հստակորեն ներկայացվում է որպես վկայության տախտակների պահոց, և դրա վրա Աստծու գահի առկայությունը ուղղակիորեն չի հաստատվում։ Աստված Մովսեսին հայտնում է, որ հանդիպելու է նրա հետ քավության կափարիչի վերևից՝ երկու քերովբեների միջից (Ելք 25։22)։ Հետևաբար, տապանակն այստեղ ոչ այնքան Աստծու գահն է, որքան աստվածային հայտնության և ժողովրդի հետ հաղորդակցության վայրը։
Քահանայական ավանդության առանձնահատկություններից է նաև տապանակի՝ աստվածային անվան հետ կապակցման բացակայությունը։ Ի տարբերություն այլ աստվածաշնչյան ավանդույթների՝ այստեղ այն հիմնականում կոչվում է «վկայության տապանակ»։ Սա կապված է էդութ եզրույթի կիրառության հետ, որը վերաբերում է ոչ թե բուն Ուխտին, այլ դրա վկայությունը հանդիսացող տախտակներին (Ելք 25։16, 21, 26։33–34, 30։6)։ Հետևաբար, տապանակի նշանակությունը կենտրոնանում է ոչ թե աստվածային ներկայությունը որևէ առարկայով սահմանափակելու, այլ Ուխտի վկայությունը պահպանելու վրա։
Այս տարբերակումը կարևոր աստվածաբանական հետևություն ունի․ տապանակը կարող էր կորսվել կամ ոչնչացվել, սակայն դա չէր նշանակի Աստծու ուխտի վերացում։ Քահանայական ավանդության մեջ ուխտը ներկայացվում է որպես հավիտենական (Ծննդ. 9։8–17, 17։1–27), իսկ դրա վավերականությունը կախված չէ որևէ նյութական առարկայի գոյությունից։ Այսպիսով՝ տապանակը Ուխտի վկայության պահոցն է, մինչդեռ բուն ուխտը մնում է Աստծու և ժողովրդի միջև հաստատված անխախտ հարաբերություն։
Տապանակը Մնացորդաց գրքերում
Մնացորդաց գրքերում Ուխտի տապանակի մասին հիշատակումները հիմնականում հիմնվում են Դավթի և Սողոմոնի օրոք դրա տեղափոխության վերաբերյալ ավելի վաղ աստվածաշնչյան ավանդույթների վրա։ Սակայն այս գրքերում առկա են նաև առանձնահատկություններ, որոնք ընդգծում են տապանակի պաշտամունքային նշանակությունն ու դրա սպասավորության կարգը։
Հատուկ շեշտվում է, որ տապանակը տեղափոխելու և դրա սպասավորությունն իրականացնելու իրավասությունը պատկանում էր քահանաներին ու ղևտացիներին (Ա Մնաց. 15։2, 12, 16։4)։ Հիշատակվում են նաև տապանակի դռնապաններն ու երաժշտական սպասավորները (Ա Մնաց. 16։37–42)։ Այսպիսով՝ տապանակի պաշտամունքը ներկայացվում է որպես կանոնակարգված ծիսական ծառայություն։
Մնացորդաց գրքի հեղինակը տապանակի՝ պաշտամունքային կենտրոնական նշանակության վերականգնումը կապում է Դավթի գործունեության հետ։ Նա նշում է, որ Սավուղի օրոք տապանակի նկատմամբ պատշաճ ուշադրություն չէր ցուցաբերվում, մինչդեռ Դավիթը ձեռնարկեց այն վերադարձնելու և համապատասխան պաշտամունքային կարգ հաստատելու գործը (Ա Մնաց. 13։3–4)։ Այս մոտեցումը համահունչ է Սաղմոս 132-ում արտահայտված ավանդությանը, ըստ որի՝ Դավիթը ձգտում էր Տիրոջ համար բնակության արժանի վայր պատրաստել (Սաղմ. 132։1–5)։ Այդ սաղմոսից հատված է մեջբերվում նաև Սողոմոնի աղոթքում (Բ Մնաց. 6։41–42)։
Սողոմոնի օրոք տապանակի տեղափոխությունը տաճար Մնացորդաց գրքում ներկայացվում է ավելի մանրամասն, քան Գ Թագավորաց գրքում (Բ Մնաց. 5։2–14)։ Այս նկարագրության մեջ ևս ընդգծվում են ղևտացիների մասնակցությունը, ծիսական երաժշտությունն ու տաճարի օծումը՝ տապանակի պաշտամունքային կարևորությունը հաստատելով Երուսաղեմի տաճարի կենտրոնական դերում։
Տապանակի հիշատակումները Նոր Կտակարանում
Հունարեն կիբոտոս (հուն․՝ κιβωτός) բառը, որը եբրայերեն արոն բառի համարժեքն է, Նոր Կտակարանում հանդիպում է վեց անգամ։ Այդ հիշատակումներից միայն երկուսն են վերաբերում Ուխտի տապանակին (Եբր. 9։3–5, Հայտն. 11։19), իսկ մյուսները՝ Նոյի տապանին։
Եբրայեցիներին ուղղված թղթի 9-րդ գլխում տապանակը նկարագրվում է Հին Ուխտի պաշտամունքային համակարգի համատեքստում։ Այն գտնվում էր խորանի ներքին՝ երկրորդ վարագույրի հետևում և պատված էր ոսկով։ Դրա մեջ էին մանանայով լի ոսկե սափորը, Ահարոնի ծաղկած գավազանը և Ուխտի տախտակները, իսկ վերևում՝ քավության կափարիչը՝ քերովբեներով (Եբր. 9։3–5)։ Այս նկարագրությունը որոշ մանրամասներով տարբերվում է Հին Կտակարանի պատմություններից․ մասնավորապես Քահանայական ավանդության մեջ մանանայով սափորը և Ահարոնի գավազանը ներկայացվում են որպես Վկայության առջև դրված առարկաներ (Ելք 16։33–34, Թվ. 17։10)։
Հատկանշական է, որ Եբրայեցիներին ուղղված թղթում քավության կափարիչի համար գործածվում է հունարեն հիլաստերիոն (հուն․՝ ἱλαστήριον) բառը։ Նույն եզրույթը հանդիպում է նաև Հռոմեացիներին 3։25 տողում, սակայն այնտեղ դրա իմաստը միանշանակ չէ․ այն կարող է մատնանշել քավության միջոցը կամ քավության կափարիչի խորհրդանշական նշանակությունը։
Հայտնություն 11։19-ում հիշատակվում է «Աստծու Ուխտի տապանակը», որը հայտնվում է երկնային տաճարում։ Տեսիլքին ուղեկցող կայծակները, ձայները, որոտը, երկրաշարժն ու կարկուտը ներկայացնում են աստվածային հայտնության և զորության դրսևորումը։ Այսպիսով՝ տապանակը կրկին կապվում է Աստծու ներկայության և ուխտի հետ՝ այս անգամ երկնային, վախճանաբանական տեսիլքի շրջանակում։
Նոր Կտակարանի այս երկու հիշատակումները ցույց են տալիս, որ Ուխտի տապանակը շարունակում էր պահպանել իր խորհրդանշական նշանակությունը՝ որպես Հին Ուխտի պաշտամունքի և աստվածային ներկայության հետ կապված սրբազան առարկա։
Ալբերտ սրկ. Սահակյան
Արմեն Սահակյան