Ուխտավորի օրագիրը․ ինչպես սկսվեց ճանապարհը դեպի վանքեր
18.11.2026
Հայաստանը թերևս միակ երկիրն է, որի ցանկացած կետում կանգնելիս և ցանկացած ուղղությամբ նայելիս հայացքդ մի սրբավայրի դեմ կառնի, և հայերն էլ այն ժողովուրդն են, որ հայրենյաց բոլոր շրջագայություններում պարտադիր ներառում են որևէ վանք ու եկեղեցի, մատուռ ու հրաշագործ համարվող վայր․ որ կողմ էլ ուղևորվես, միևնույն է, ճանապարհիդ առնվազն չորս-հինգ սրբավայր կհանդիպի։ Մենք էլ մեր բազմաթիվ հայրենակիցների նման, որոնք կամա թե ակամա ուխտավոր են դառնում հայաստանյան բոլոր ճամփորդությունների ընթացքում, մի օր բռնեցինք վանքի ճամփան։ Սկզբում դա ճանապարհ է դեպի քարե շինությունը, որտեղ խորհրդավոր լռություն կա, մոգական մի բան, որ նման չէ այլ տեսարժան վայրերում քո զգացածին ու ապրածին․ ուզում ես մնալ այստեղ, բայց չգիտես՝ ինչու։ Ուզում ես բացատրություն գտնել, բայց չես կարողանում։ Ուզում ես նկարագրել ապրումներդ, և էլի ապարդյուն։
Այս տարօրինակ ու նմանը չունեցող ապրումներով «բեռնված»՝ վերադառնում ենք տուն։ Նույն կյանքն է, նույն առօրյա հոգսերն ու ամենօրյա վազքը։ Բայց այդ ամենի միջակայքում, երբ «թերթում» եմ համացանցը, հատուկ ուշադրությամբ փնտրում եմ նոր ուխտատեղիներ։ Համացանցի խորամանկությունն էլ այս անգամ ի բարին է ծառայում․ որքան շատ եմ վանքեր դիտում, այնքան ավելի շատ է հրամցնում։ Էկրանից այս կողմ ապրում եմ այն նույն հույզերը, որ ունեցել եմ նախորդ շաբաթ այն քարե շինության տարածքում, որ վանք է կոչվում։
Առջևում կրկին շաբաթ օր է, և նորից ծրագրում ենք փախուստ առօրյա հոգսերից, աղմուկից, վազքից։ Նստում ենք ավտոմեքենան, ու հնչում է հարցը․
— Ո՞ւր գնանք։
Հեռախոսիս դիտարկչի հիշողության մեջ առաջին պահպանած սրբավայրը Արուճի տաճարն է։
— Արի՛ գնանք Արուճ, — առաջարկում եմ ամուսնուս։
— Դա ի՞նչ է։
— Եկեղեցի է,— վստահ ասում եմ ես՝ չիմանալով, որ Արուճը գյուղ է Արագածոտնի մարզում, որտեղ Սբ․ Գրիգոր եկեղեցին է։
Ճամփա ենք ընկնում։ Կոտայքի մարզից Արուճ հասնելը երեսուն րոպե էլ չի տևում։ Եկեղեցին գտնելը դժվար չէ․ պատկառելի չափերի կառույցը հենց գյուղամիջյան ճանապարհի եզրին է։ Մոտենում եմ տաճարին, ու նորից նույն ապրումները, նույն անբացատրելի հուզումը։ Դուռը հրում, ներս եմ մտնում․ անսպասելիորեն հայտնվում եմ հսկայական սրահում, որ նման չէ իմ տեսած ոչ մի եկեղեցու։ Երկրորդ ամենատպավորիչ պատկերը տաճարի կենտրոնում հատակի կլոր մամռապատ հատվածն է։ Դանդաղ առաջանում եմ դեպի հատակի կանաչը՝ հասկանալու համար, թե ինչու է հենց այդ հատվածում հատակը կանաչել։ Արդեն մամռակալած քարերի վրա կանգնած՝ հանկարծ լսում եմ թռչունների աղմուկ, թևաբախումի ձայներ․ նայում եմ վեր, ու իմ գլխավերևում տաճարի խոնարհված գմբեթից երևացող կապույտ-կապույտ երկինքն է, իսկ գմբեթի բաց հատվածի եզրերին՝ տասնյակ ծիծեռնակներ, որ թռչում, աղմկում են կապույտ երկնքի ու կանաչ հատակի արանքում։ Կախարդված կանգնել եմ՝ աչքս երկնքին, ճախրող ու աղմկող ծիծեռնակներին․ ահռելի տաճարը ներսից արձագանքում, եռապատկում է աղմուկը։ Թվում է՝ խոնարհված գմբեթի բացվածքով մի աներևույթ կապ է ձևավորվում իմ ու տիեզերքի միջև։
Չգիտեմ՝ որքան եմ այդպես կանգնել, բայց հենց այդ պահին ես հասկացա, որ այլևս հավերժ ուխտավոր եմ, և այստեղից սկսվում է մի ճանապարհ, որ նման չէ մինչ այս անցածս և ոչ մի ճանապարհի։ Մի տեղ, որը նման չէ այն վայրերին, դեպի ուր մինչ օրս ուզել եմ հասնել իմ մտքերում։
Տաթևիկ Ասատրյան