Կորսված սրբության հետքերով. Ուխտի տապանակի իրական պատմությունը

Կորսված սրբության հետքերով. Ուխտի տապանակի իրական պատմությունը 18.11.2026

Ուխտի տապանակը խորհրդանշում է Աստծու ներկայությունը հին իսրայելական կրոնում կամ հուդայականության մեջ։ Եբրայերեն երկու բառ կա, որ թարգմանվում են «տապան»․ մեկը գործածվում է «հին Իսրայելի ամենասուրբ պաշտամունքային առարկա» իմաստով, որ հավանաբար սկզբում ինչ-որ տեսակի արկղ էր, իսկ մյուսը մատնանշում է Նոյի կառուցած նավը։ Սուրբ տապանից բացի՝ այն վերաբերում է նաև տաճարում գտնվող նվիրատվության արկղին (Դ Թագ․ 12։10, Բ Մնաց․ 24։8, 10, 11), ինչպես նաև Հովսեփի սարկոֆագին (Ծննդ․ 50։25-26)։ Աստվածաշնչում տապանի մասին հիշատակումները տարբեր ձևակերպումներով տեսնում ենք 195 անգամ։

Աստծու տապան: Տապանը սովորաբար կապված է աստվածային որևէ անվան հետ՝ «Աստծու տապան», «Իսրայելի տապան», «ամբողջ երկրի Տիրոջ տապան»։ Այս անվանումների մեծ մասը՝ Երկրորդումն Օրինաց, մնացածը Մնացորդաց գրքերում է։ Ա Թագ․ 4-6-րդ գլուխներից իմանում ենք, որ տապանը կապված էր աստվածային անվան հետ՝ «Զորքերի Տեր Աստված, որ նստած է քերովբեների վրա» (Ա Թագ․ 4։4)։ Սա առհասարակ տապանակի ամենահին և ամբողջական ծիսական անվանումն է։ Որոշ գիտնականներ վիճել են «Աստծու տապանակ» անվանման առաջնահերթության վերաբերյալ (von Rad, PHOE, 115-116)՝ ենթադրելով, որ միայն Սելովում է տապանակի անունը փոխվել, դարձել «Աստծու տապանակ»։ Սակայն սա դժվար է ապացուցել։ Դժվար է հաստատել նաև այն պնդումը, թե երկու անունները ներկայացնում են տապանի պատմության երկու տարբեր շերտեր։ Իրապես, աստվածային երկու անունների համադրումը (օրինակ՝ Բ Օր. 10։8, 31։9, Հեսու 3։3, Գ Թագ․ 2։26) և երբեմն անունների թարգմանությունը (LXX Ա․ Թագ․ 4։3) ենթադրել են տալիս, որ «Աստծու տապան» և «Յահվեի տապան» անվանումները հավանաբար պետք է դիտարկել որպես փոխարինելի անուններ։ Տարբերությունները սովորաբար ոճական են, այլ ոչ թե գաղափարական։ Բացառություն է «Իսրայելի Աստծու տապանակ» անվանումը, որի բոլոր 7 կիրառություններն արվում են տապանակի՝ փղշտացիների տարածքում լինելու առիթով (Ա Թագ․ 5։7, 6։3)։ Նույն գրական համատեքստում տապանակն ամենից հաճախ անվանվում է «Յահվեի տապանակ» (Ա Թագ․ 5։3, 6։1, 7։1)։ Եթե որևէ նշանակություն պետք է տրվի տապանակի վայրը մատնանշող անվանումներին, ապա դա, անկասկած, այն է, որ տապանակը ներկայացնում է Իսրայելի Աստծու զորությունը՝ Յահվեի «ձեռքը»։

Ուխտի տապանակ։ Այս անվանումը հիշատակված է 40 անգամ, որից 30-ը՝ աստվածային անվան տարբեր ձևերի հետ՝ «Յահվեի ուխտի տապանակ», «Աստծու ուխտի տապանակ», «ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակ» և այլն։ Բոլոր դեպքերում «ուխտ» եզրույթը կարծես սահմանում է տապանակը։ Սակայն այս հասկացությունը ոչ այնքան այն վայրերին է բնորոշ, որտեղ անունը կա, որքան նրանց, որտեղ այն չկա։

Վկայության տապանակը։ «Վկայության տապանակ» անվանումը մեկ հնարավոր բացառությամբ («Հրամա՛ն տուր վկայության ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից» (Հեսու 4։16), որը սովորաբար ընդունվում է որպես քահանայական մեկնաբանություն), հանդիպում է միայն Տետրատևխոսի քահանայական խմբագրությունում։ Եբրայերեն «եդուտ» բառը, որ սովորաբար թարգմանվում է «վկայություն», իրականում «ուխտ»-ի հոմանիշն է։ Մենք սա գիտենք եգիպտերենի, աքքադերենի և հին արամեերենի համարժեք բառերից։ Եբրայական պոեզիայում «եդուտ»-ը զուգահեռաբար գործածված է «բըրիթ» բառի հետ, որը եբրայական բնագրում «ուխտ» բառի սովորական՝ ուղղակի իմաստն է (Սաղմ․ 24։10, 132։12)։ Որոշակի համատեքստերում քահանա հեղինակն օգտագործում է «եդուտ», մինչդեռ մեկ այլ հեղինակ կօգտագործեր «բըրիթ» բառը։ Այսպիսով՝ մինչ Երկրորդ Օրենքը Սինայում տրված հուշատախտակներն անվանում է «բերիթի հուշատախտակներ» (Բ Օր. 9։9), «Ելից» գրքում դրանք անվանվում են «վկայության տախտակներ» (Ելք 31։18)։

Հղումներ տապանակին։ Հնգամատյանից և պատմական գրքերից դուրս տապանակն անվանապես հիշատակվում է մեկ անգամ՝ Սաղմոսներում (Սաղմ․ 131։8), և ևս մեկ անգամ՝ մարգարեական գրքում (Երեմ․ 3։16)։ Սակայն պետք է նշել, որ բանաստեղծական բնագրերում և պաշտամունքային համատեքստերում տապանակը, որն արտահայտում էր աստվածության իրական ներկայությունը, չէր կարող ընկալվել աստվածային անունով կամ որևէ աստվածաբանական եզրույթով։ Ինչպես, օրինակ, Միջագետքի աստվածային պատկերները մշտապես չէին կոչվում արձաններ, դրանք պարբերաբար անվանվում էին «աստվածներ»։ Այսպիսով՝ Աստծու խորանում բնակվելու մասին հղումը (Բ Թագ․ 7։6) հստակորեն պետք է նույնացվի վրանում տապանակի գտնվելու հետ (Բ Թագ․ 7։2)։ Նույն կերպ՝ «Աստծու առաջ» արտահայտությունը հաճախ կարող է հոմանիշ լինել «տապանի առաջ» արտահայտությանը (տե՛ս Բ Թագ․ 6։4-5, Հեսու 6։8, Դատ․ 20։26-28)։ Դրա հետ կապված՝ Աստծու ներկայության (եբր․՝ փանիմ) մասին հիշատակումը կարող է նաև ակնարկ լինել տապանին (տե՛ս Թվեր 10։33-35)։
Հավանական է, որ Սաղմոս 47։6-ը վերաբերում է տապանակի ընթացքին, չնայած տապանակը անունով չի հիշատակվում (հմմտ․ Բ Թագ․ 6։15)։ Սաղմոս 68-ի առաջին տողը նման է Թվեր 10։35-ում եղած հին «Տապանակի երգի» սկզբնամասին և, հնարավոր է, վաղ միապետության ժամանակ տապանակի ընթացքի հետ կապված զոհաբերության տեքստի մի մասն է։ Սաղմոս 77։61-ում ակնարկ կա փղշտացիների՝ տապանակի գրավման մասին (Ա Թագ․ 4։10-11), բայց տապանակն անունով չի հիշատակվում։ Փոխարենը այն կոչվում է պարզապես «նրա զորությունը» և «նրա փառքը»։ Այս համարը կրկնում է Սաղմոս 131։8-ում «քո զորության տապանակ» անվանումը։ Հետևաբար՝ որոշ գիտնականներ պնդում են, որ «Փնտրե՛ք Տիրոջը և Նրա զորությունը» (Սաղմ. 105։4) կոչը պարունակում է տապանակի վերաբերյալ ակնարկ։ Իրապես, Սաղմոսի հենց այս հատվածը հիշատակում է ժամանակագրողը (Ա Մնաց․ 16։11)՝ որպես տապանակի երթի հետ կապված զոհաբերության մաս, չնայած երթը տաճարի՝ Սողոմոնի բացելու ժամանակ էր։ Նույն պաշտամունքի ժամանակագրողը մեջբերում է Սաղմոս 96-ից, որտեղ գրված է, որ Տիրոջ «Զորությունն ու փառքը» տաճարում են։ Պետք է նշել, որ Ա Թագավորաց 4։21-22-ում «փառքը» (kabod) տապանակն է, որտեղ տապանակի գրավումը ողբում են որպես փառքի հեռացումն Իսրայելից։ Ընդունված է կարծել, որ Սաղմոս 24-ը պարունակում է «մուտքի պատարագ», որն օգտագործվում է տապանակի երթի ժամանակ։
Նշենք նաև, որ Ուխտի տապանակը համեմատվել է եգիպտական կամ բաբելոնացիների Թամուզի արկղի, Պետրայի աստիճանավոր սրբավայրի, որը հայտնի էր նաև խեթացիների շրջանում, և Մեգիդոյի կերամիկական տաճարների հետ։

Վրանային սրբավայր։ Իր պատմության վաղ շրջանում տապանակը սերտորեն կապված էր աստվածային ներկայության հետ և համարվում էր Աստծու շարունակությունը։ Ենթադրվում էր, որ Աստված ներկա է լինում այն ժամանակ, երբ տապանն է ներկա լինում։ Տապանակն առաջնորդում էր մարդկանց թափառումների ժամանակ՝ «որոնելով նրանց համար հանգստի տեղ» (Թվեր 10։33)։ Երբ տապանը շարժվում էր, Աստծուն ուղղակիորեն դիմում էին․ «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցանուցիր լինեն Քո թշնամիները և փախչեն Քեզ ատողները Քո առաջից» (Թվեր 10։35)։
Տապանակն այն վայրն էր, որտեղ Իսրայելի ցեղերի առաջնորդները փնտրում էին կանխատեսումներ սրբազան պատերազմի համար (Դատ․ 20։26-28, Բ Թագ․ 5։19,23)։
Ըստ Դիոնիսիոս Սիկիլացու՝ կարթագենացիները նաև ունեցել են «սուրբ վրան», որը նրանք իրենց հետ տանում էին մարտի։ Այս վրանային սրբավայրի մոտ կար զոհասեղան։ Աստվածաշնչում տապանակը վրանի հետ կապելու ավանդույթ կա։ Անդրադառնալով փղշտացիների՝ տապանակի գրավմանը (Ա Թագ․ 4։1-7)՝ բնագրերից մեկը խոսում է այն մասին, որ Աստված լքել է «Սելովմի խորանը՝ այն վրանը, որտեղ նա բնակվում էր» (Սաղմ․ 78։60-61)՝ չնայած Սելովմի սրբավայրը կոչվում է «hakal»՝ «տաճար, պալատ» (Ա Թագ․ 1։9)։
Մի աղբյուրի համաձայն՝ Դավիթն էր, որ կառուցեց վրան, որի մեջ պահվում էր տապանակը (Բ Թագ․ 6։17, Ա Մնաց․ 15։1)։ Նաթանի մարգարեությունը հստակորեն ասում է, որ Աստված չի մնացել տաճարում, այլ շրջել է վրանի և խորանի մեջ (Բ Թագ․7։6)։
Հետաքրքրական է, որ Հովսեփոս Փլավիոսը նկարագրում է քերովբեների թևերը, որոնք ծածկում էին տապանակը, «ինչպես վրանի կամ գմբեթի տակ»: Հովսեփոսը նաև հաղորդում է, որ տապանակն ու վրանը միասին են բերվել տաճար: Հրեական ավանդություններից ենթադրելի է, որ վրանն ու տապանակը տաճարից հանվել են Երուսաղեմի կործանման ժամանակ: Տապանակը պարունակող վրանային սրբավայրի ավանդույթը հայտնի է Եբրայեցիներ 9։3-ում, որտեղ ասվում է, որ տապանը «երկրորդ վարագույրի հետևում»՝ վրանում է։
Սողոմոնի տաճարում Ուխտի տապանակը տեղադրված էր ամենաներքին սրբավայրում (դաբիր)՝ քերովբեների բացված թևերի տակ (Գ․ Թագ․ 8։6-7)։ Մեկ այլ հատվածում ասվում է, որ քերովբեներից յուրաքանչյուրը 10 կանգուն բարձրություն ուներ, իսկ նրանց թևերի բացվածքը՝ 10 կանգունի լայնություն (Գ Թագ․ 6։23-28)։ Երկու քերովբեները միասին կարծես ինչ-որ գահ անտեսանելի են կազմել Աստծու համար։ Տապանակը հստակ կոչվում է «Տիրոջ ոտքի պատվանդան» Ա Մնացորդաց 28։2-ում՝ Դավթի խոսքերով։ Սաղմոս 98-ում ասվում է, որ Տերը բազմել է քերովբեների վրա՝ որպես հզոր թագավոր, և մարդիկ կանչվում են երկրպագելու «Նրա ոտքերի պատվանդանի մոտ» (98։5)։ Տապանակի երթին վերաբերող սաղմոսում նմանատիպ հորդոր է հնչում (131։7)։

Պատմություն։ Նախամիապետական շրջան։ Տապանակի ծագման ճշգրիտ ժամանակն անհայտ է։ Աստվածաշնչյան ավանդույթները մատնանշում են վաղ նախամիապետական ծագում, և ոչինչ չի բացառում դա։ Տապանակը կապված է Մովսեսի հետ ոչ միայն ուշ աղբյուրներում, այլև ամենավաղ բնագրերում։ Տապանակի երգը (Թվեր 10։35-36) տեղադրված է Մովսեսի առաջնորդությամբ անապատում թափառելու համատեքստում։ Իսրայելացիների պարտությանը նույն այս շրջանում վերագրվում է աստվածային աջակցության բացակայությանը․ «Ո՛չ Աստծու ուխտի տապանակը, ո՛չ էլ Մովսեսը չհեռացան ճամբարից» (Թվեր 14։44)։ Տապանակն սկզբից պաշտամունքային և քաղաքական խորհրդանիշ էր․ դրա ներկայությունը նշանակում էր Աստծու ներկայությունը։ Հեսուի գրքի համաձայն՝ տապանակը ժողովրդին առաջնորդում էր նվաճման ծեսի (Հեսու 3։1-5։1, 6։1-25)։ Տեքստը գրված չէ որպես նվաճման պատմություն։ Երբ տապանակը մտավ Հորդանան, ջրերի հոսքը կանգ առավ և կուտակվեց (հմմտ․ Սաղմ. 114)։ Ծեսի քաղաքական նշանակությունը երբեք կասկածի տեղիք չի տվել․ որպեսզի Իսրայելն իմանա, որ Աստված Հեսուի հետ է (Հեսու 3։7), և որպեսզի բոլոր ազգերն իմանան, որ Աստված Իսրայելի հետ է (Հեսու 4։10, 5։1)։
Երբ տապանակն անցավ Հորդանանը, Գաղգաղայում սրբավայր հիմնվեց (Հեսու 4։19)։ Գաղգաղայի սրբավայրի հիմնումից որոշ ժամանակ անց տապանակը տեղափոխվեց։ Դատավորաց 2։1-ում «Աստծու հրեշտակի»՝ Գաղգաղայից Բոքիմ բարձրանալու մասին հիշատակումը, ընդհանուր առմամբ, ընկալվում է որպես տապանակի տեղափոխման ակնարկ։ Բոքիմի տեղը հայտնի չէ, բայց այն հավանաբար Բեթելի մոտակայքում է, քանի որ Բոքիմ գնալու համար օգտագործված բայը սովորաբար ենթադրում է Բեթել և Բոքիմ։ Ամեն դեպքում տապանակը հայտնվեց Բեթելում, որտեղ ցեղային միության առաջնորդները գուշակություն խնդրեցին՝ Բենիամինի ցեղի դեմ սուրբ պատերազմի նախապատրաստվելու համար (Դատ․ 20։18)։ Ե՛վ Գաղգաղան, և՛ Բեթելը Եփրեմի տարածքում էին, ինչպես նաև Սելովը, որոնք որոշ ժամանակ ծառայել են որպես նրա կենտրոնական սրբավայր։ Սրբավայրերի այս տեղաշարժը հիշատակվում է Նաթանի մարգարեության մեջ. «Ես շրջել եմ և՛ վրանի, և՛ խորանի մեջ» (Բ Թագ․ 7։6)։ Քահանայական մեկնաբանության համաձայն՝ Սելովում էր, որ հիմնադրվեց «հանդիպման վրանը» (Հեսու 18։1)։
Սելովում տապանակը պահվում էր սրբարանում, որտեղ նշվում էր տարեկան տոն (Դատ․ 21։19)։ Սամուելի ժամանակներում տապանակը Հեղիի և նրա ընտանիքի խնամակալության ներքո էր, որոնք իրենց արմատները կապում էին Մովսեսի հետ։ Հենց Սելովում էր, որ տապանակն առաջին անգամ կոչվեց «Զորքերի Տեր Աստված, որը նստած է քերովբեների վրա»։ Տապանակը շարունակվեց օգտագործվել որպես ռազմական պալադիում։ Ըստ Ա Թագավորաց 4-6-ի՝ տապանակը Սելովի մոտ տարվեց՝ մարտնչելու փղշտացիների դեմ։ Դա պարտությունից խուսափելու հուսահատ քայլ էր։ Սակայն փղշտացիները գրավեցին տապանակը, և երբ այդ լուրը հաղորդվեց Հեղիին, նա տապալվեց գետնին, պարանոցը կոտրվեց, և մահացավ։ Տապանակի կորուստը սգացին որպես Աստծու փառքի կորուստ։ Ըստ պատմողի՝ տապանակը փղշտացիների տիրապետության ներքո մնաց յոթ ամիս։ Վերջապես այն վերադարձվեց, քանի որ մեծ խնդիրներ էր պատճառում փղշտացիներին։ Տապանակը 20 տարի մնաց Կարիաթարիմում` Եղիազարի որդի Աբինադաբի խնամակալության ներքո (Ա Թագ. 6։21-7։2)։ Մոռացության մատնվեց Սավուղի օրոք։ Մնացորդաց գիրքն ասում է, որ այն անտեսվել է (Ա Մնաց. 13։3), իսկ Սաղմոս 132։6-ը ենթադրում է, որ կորել է։ Սավուղի ճշմարտությունը կարող է հաստատվել Ա Թագավորաց 14։18-ով, բայց այդ բնագրում «տապան» բառը սովորաբար սխալմամբ ընդունվում է «եփուդ»-ի փոխարեն (ինչպես ենթադրում են որոշ հունարեն ձեռագրեր)։

Տապանակի անհետացումը։ Ճշգրիտ հայտնի չէ, թե երբ և ինչպես է տապանակը կորել։ Աստվածաշունչը լռում է այս հարցի վերաբերյալ։ Ըստ ոմանց՝ այն ոչնչացվել կամ տեղափոխվել է միապետական ժամանակաշրջանում՝ Ք. ա. 10-րդ դարում, եգիպտացի Սիսակի ասպատակության հետևանքով (Գ Թագ․ 14։25-28), կամ երբ Իսրայելի Հովաս թագավորը կողոպտել է տաճարը Հուդայի պարտությունից հետո (Դ Թագ. 14։8-14), կամ տաճարի՝ Մանասեի սինկրետիստական վերանորոգման ժամանակ (Դ Թագ. 21։4-6)։ Խնդիրն ավելի է բարդանում այն փաստով, որ տապանակը չի եղել տաճարի ավարի մեջ, որը Նաբուգոդոնոսորը տարել է Բաբելոն, երբ Երուսաղեմը թալանվել էր (Դ Թագ․ 25։13-17, Երեմ․ 52։17-23)։ Սա, իհարկե, չի բացառում տապանակի գրավման այլ ամսաթիվ (օրինակ՝ Ք․ ա․ 597 թ.) կամ դրա այլ ճակատագիր (օրինակ՝ ոչնչացում)։ Մի քանի ավանդություններ տապանակը վերագրում են Ք․ ա․ 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին։ Ըստ ժամանակագրի՝ իր մյուս բարեփոխումների հետ մեկտեղ Հովսիան հրամայել է, որ «սուրբ տապանակը» տեղադրեն տաճարում, քանի որ ասվում է․ «Դուք կարիք չունեք ձեր ուսերի վրա» (Բ Մնաց․ 35։3)։ Այս բնագիրը դժվար և խնդրահարույց է։ Ժամանակագիրը կարծում էր, որ տապանակը դեռևս գոյություն է ունեցել Հովսիայի ժամանակ։ Հնարավոր է, որ Հովսիան այն վերականգնած լինի, երբ հանվել էր Սրբարանից (հավանաբար Մանասեի ժամանակ) և պահվել է ժամանակավոր ապաստարաններում։ Ամեն դեպքում Երեմիան խոսեց «Ուխտի տապանակի» նկատմամբ չափազանց վստահության դեմ։
Տապանակի ներկայությունը տաճարում մարդկանց կեղծ անվտանգության զգացում էր տալիս իրենց մեջ Աստծու մշտական ներկայության վերաբերյալ։ Երեմիան հայտարարել է, որ մարդիկ այլևս չեն հիշի տապանակը, չեն այցելի կամ չեն վերակառուցի այն։ Որոշ հրեական ավանդությունների համաձայն՝ բաբելոնացիները հանել են ոսկե, արծաթե և բրոնզե անոթները, բայց Երեմիան հանել է տապանակն ու սուրբ տախտակները և դրանք թաքցրել բաբելոնացիներից։ Մի տարբերակ էլ կա․ Երեմիան թաքցրել է վրանը, տապանակը և խնկի զոհասեղանը լեռան վրա՝ մի քարանձավում, որտեղից Մովսեսը տեսել է Ավետյաց երկիրը (Բ Մակ․ 2։4-8)։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Հովսիան տապանակը թաքցրել է ժայռի տակ՝ իր տեղում։ Ըստ մի լեգենդի՝ Երուսաղեմի կործանման ժամանակ մի հրեշտակ իջել է երկնքից և սրբազան անոթները հանել տաճարից։ Ավելի հավաստի է տաճարի պղծման և թալանման մասին ողբն Առաջին տաճարի կործանման ժամանակ։ Պարզվում է, որ տապանակը չի վերակառուցվել երկրորդ տաճարի համար։ Երեմիան հայտարարել է, որ այն չպետք է վերակառուցվեր (Երեմ․ 3։16)։ Եզեկիելի նոր տաճարի տեսիլքում (Եզեկ․ 40-48) տապանակի մասին ոչ մի հիշատակում չկա։ Այն տեղում, որտեղ պետք է կանգնած լիներ տապանակը, փոխարենը կար 3 մատնաչափ հիմքի քար։ Ըստ Հովսեփոսի՝ երբ Պոմպեոսը Ք․ ա․ 64 թ․ ներխուժեց տաճար, հռոմեացիները տեսան սրբազան առարկաները, որոնք Հովսեփոսը թվարկում է՝ առանց տապանակը հիշատակելու։

Ալբերտ սրկ․ Սահակյան
Արմեն Սահակյան