Նապոլեոնը Քրիստոսի և Ավետարանի մասին
18.11.2026
Ի՜նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ մարդ իր անձի փոխարեն ի՞նչ փրկանք պիտի տա։
Մատթ. ԺԶ 26
Իսկապես, հակասական և բարդ են Նապոլեոն Բոնապարտի նկարագիրն ու գործերը, որոնք մարդկության պատմության վրա խոր հետք են թողել: Տարաբնույթ են նաև պատմաբանների և առանձին հեղինակների՝ նրան տված գնահատականները՝ ազգային հերոսից, բարեփոխիչից ու օրենսդրից մինչև անագորույն բռնակալ ու չար հանճար, զավթողական պատերազմների հետևանքով միլիոնավոր մարդկանց և Եվրոպայի ժողովուրդներին ցավ ու դժբախտություն պատճառած հակահերոս:
Նապոլեոնը սերում էր աղքատ ազնվական փաստաբանի ընտանիքից, ուստի և խանդավառությամբ է ընդունում Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որ տապալում է բացարձակ միապետական կարգերը և երկիրը հանրապետություն հռչակում: Իսկ ներքին միապետական ընդվզումների և հարևան միապետների ինտերվենցիայի ժամանակ իր ռազմական հանճարը ներդնում է հեղափոխության նվաճումները պաշտպանելուն ի խնդիր՝ քսանչորս տարեկանում հրետանավոր սպայից բրիգադային գեներալի կոչման արժանանալով, ապա և իտալական արշավանքի ժամանակ ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար նշանակվելով: Օգտվելով երկրում տիրող խառնաշփոթ վիճակից՝ բուրժուական որոշ շրջանակների և իրեն հավատարիմ սպաների ու զինվորների աջակցությամբ Նապոլեոնը 1799 թ. նոյեմբերի 9-10-ին ռազմական հեղաշրջմամբ զավթում է իշխանությունը՝ փաստորեն դավաճանելով հանրապետության հռչակած դեմոկրատական սկզբունքներին։ Նա ցմահ հռչակվում է կոնսուլ՝ անսահման իշխանությամբ, իսկ 1804 թվականին՝ կայսր: Իր համառ կամքով, դաժանությամբ ու անսանձ փառասիրությամբ Նապոլեոնը փորձում է ողջ Եվրոպան նվաճել, բայց ի վերջո պարտվում է, գահընկեց արվում և մահկանացուն կնքում աքսորավայրում՝ անգլիական Սբ․ Հեղինե կղզում՝ ցավերի մեջ գալարվելով:
Բազմատաղանդ Նապոլեոնի անմիջական մասնակցությամբ կազմվել են բուրժուական հասարակության իրավական կանոնները հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրական օրենսգրքերը, որոնք՝ որպես հիմնարար օրենսդրական փաստաթուղթ, միայն որոշ փոփոխություններով ու լրացումներով, ցայսօր գործածվում են Ֆրանսիայում և բազմաթիվ երկրներում իրավաբանական կրթության ուսումնական ծրագրերի մաս են կազմում՝ որպես իրավաբանական ձևակերպումների ու մտածողության չափանիշ, անձի և հասարակության շահերը հավասարակշռող սկզբունքներ: Ինքը՝ Նապոլեոնը, այս օրենսգրքի մասին ասել է. «Քառասուն հաղթած ճակատամարտերը չեն, որ ինձ իրական փառք բերեցին. Վաթեռլոյի [ճակատամարտում կրած պարտությունը] մոռացության կմատնի այդ հաղթանակների հիշողությունը: Այն, ինչ անջնջելի կմնա և հավերժ կապրի, իմ «Քաղաքացիական օրենսգիրքն» է»:
Նապոլեոնն արտասովոր մտավոր կարողությունների տեր էր, օրինակ՝ միաժամանակ կարող էր և՛ ընթերցել կարևոր փաստաթղթեր, և՛ քարտուղարին ինչ-ինչ տեքստեր թելադրել, անգամ միաժամանակ յոթ տարբեր նամակներ թելադրել: Ինքնակրթության շնորհիվ խոր գիտելիքներ ուներ փիլիսոփայության, պատմության և մանավանդ պետական կառավարման բնագավառներում և ձգտում էր կյանքի կոչել Լուսավորության դարաշրջանի իդեալները։ Պակաս նշանակալից չեն նաև նրա ռազմավարական նորամուծությունները:
Նապոլեոնն օրական միջին հաշվով քնում էր 3-4 ժամ՝ մնացյալ ժամանակ անխոնջ աշխատելով: Օժտված էր առաջնորդի խարիզմատիկ հատկություններով. իր ռազմական հանճարի և համարձակության շնորհիվ մեծապես վայելում էր զինվորների և սպաների հարգանքը: Առհասարակ նա բարձր էր գնահատում առաջնորդի դերը կյանքի բոլոր ոլորտներում. «Առյուծի գլխավորած ոչխարների զորքը կհաղթի ոչխարի գլխավորած առյուծների զորքին»:
Սակայն առանձնահատուկ հետաքրքիր և ուսանելի է Նապոլեոնի կրոնական հայացքների շրջափոխությունը: Երիտասարդ տարիքում նա հարում էր դեիզմին (այս ուսմունքի հետևորդները հավատում էին Աստծու գոյությանը, բայց չէին ընդունում նախախնամությունն ու երկնային միջամտությունը երկրային գործընթացներին, ինչն աթեիզմից ընդամենը կես քայլ է հեռու) և մեծապես կրում էր իր հայրենակից Վոլտերի և այլոց գաղափարական ազդեցությունը: Ֆրանսիական հեղափոխության տարիներին, ինչպես և ուրիշ շատ սպաներ, Նապոլեոնը բացասական վերաբերմունք է ունեցել Եկեղեցու նկատմամբ՝ այն համարելով հին աշխարհի միապետության անբաժան մաս: Հայտնի է նրա՝ սկեպտիցիզմով լի խոսքերից մեկը՝ խոստովանված գերմանացի գրող Վիլանդին. «Ամենևին չեմ հավատում, որ երբևէ գոյություն է ունեցել Հիսուս Քրիստոս»:
Սակայն իշխանության գալով՝ Նապոլեոնը շատ արագ հասկանում է կրոնի դերն ու նշանակությունը՝ որպես կառավարման հզոր լծակ։ Նա փորձում էր կրոնը (ինչպես և ամեն ինչ, մինչև իսկ կանանց ու սիրուհիներին) օգտագործել իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: «Ոչ մի հասարակություն,— ասում էր Նապոլեոնը,— չի կարող գոյություն ունենալ առանց կրոնի. առանց կրոնի՝ լավ բարոյականություն չկա, հետևաբար՝ միմիայն կրոնն է, որ կարող է պետությանը ամուր ու տևական հիմք տալ: Առանց կրոնի հասարակությունը նման է առանց կողմնացույցի նավի»:
Ընդսմին՝ Նապոլեոնը փորձում էր իրեն ենթարկել Եկեղեցին: Այդ է վկայում 1801 թ. նրա և Հռոմի պապ Պիոս VII-ի միջև կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ կաթոլիկությունը ճանաչվում էր որպես ֆրանսիացիների մեծամասնության կրոն, բայց ոչ պետական կրոն, այսինքն՝ պահպանվում էր դավանանքի ազատությունը: Պետությունն ինքն է նշանակում բարձրաստիճան հոգևորականներին, ֆինանսավորում Եկեղեցին, իսկ կղերականությունը պետությանը հավատարմության երդում է տալիս: Երբ Հռոմի պապը դատապարտեց ֆրանսիական զորքերի կողմից Նեապոլիտանական թագավորության գրավումը, Նապոլեոնը հրաժարվեց ապահարզանագիր տալ նրան թագուհի հռչակված Ժոզեֆինայից բաժանվելու վերաբերյալ։ Պապը հանդիմանեց Նապոլեոնին եկեղեցական գործերին միջամտելու համար, և կայսրը հանդգնեց բանտարկել Աստծու օծյալ սպասավորին:
Բայց և, իրավամբ, ո՜վ կմտածեր, որ երբեմնի դեիստ և փառասեր բռնակալը երբևէ զղջման խոր ու անկեղծ ապրումներ կունենա և Փրկչի ու Նրա Ավետարանի մասին այսքան խորիմաստ ու սրտառուչ խոսքեր կասի. «Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության: Ինչքա՜ն անքննելի են Նրա դատաստանները, և անզննելի՝ Նրա ճանապարհները» (Հռոմ. 11.33):
Նապոլեոնը, փաստորեն, հիշեց Աստծուն այն ժամանակ, երբ գահընկեց էր եղել և իր կյանքի վերջին օրերն էր անցկացնում անգլիական Սբ. Հեղինե կղզու աքսորավայրում: Նա այնտեղ էլ գրի առավ իր հուշերն ու մտքերը: Իսկ թե ինչ խորությամբ էին համակել գահընկեց կայսերն այդ մտքերը, վկայում է նրա զրույցը իր հետևից Սբ. Հեղինեի աքսորավայր գնացած գեներալ Մոնտոլոնի հետ:
— Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին,— հարցնում է Նապոլեոնը:
Մոնտոլոնը պատասխանում է.
— Տե՛ր իմ, պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ մտածել, երբեք չեմ խորհրդածել այդ հարցի շուրջ:
— Ավելի վատ՝ Ձեզ համար,— ասում է երբեմնի գահակալն ու սկսում շարադրել իրեն վաղուց անհանգստացնող մտքերը:
«Իմ փառքի օրերին ես այնքան մեծ հարգանք էի վայելում մարդկանց մեջ, որ նրանցից շատերն ուրախությամբ ինձ համար կմահանային: Բայց, այդուհանդերձ, իմ ներկայությունն անհրաժեշտ էր զինվորներին, որպեսզի ոգեշնչվեին մահվան գնալու համար: Իսկ այժմ, երբ Սբ. Հեղինե կղզում եմ, ո՞վ ինձ համար կկռվի, ո՞վ ինձ հավատարիմ կմնա: Այսպիսին է մեծ մարդկանց ճակատագիրը: Ի՜նչ խոր վիհ է ընկած իմ անկման ու Աստծու Որդու հավիտենական իշխանության միջև: Ես տակավին չեմ մահացել, սակայն իմ գործն արդեն իսկ տապալված է, այնինչ Քրիստոս մահացավ 19 դար առաջ, իսկ Նրա գործը գոյություն ունի, ինչպես այն օրերին, երբ Նա քայլում էր այս երկրի վրա: Նրա մտքով իսկ չէր անցնում մահից վախենալ. Նա մահվանն անխռով սրտով էր սպասում: Մեն-միայնակ՝ Նա մահից հետո էլ կենդանի և զորեղ մնաց: Աշխարհի գրեթե բոլոր ծագերում քարոզվում է Նրա խոսքը. Հիսուսին սիրում են և առ Նա աղոթում... Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Կառլ Մեծը և ես՝ մենք բոլորս, հզոր պետություններ հիմնադրեցինք, սակայն ինչի՞ վրա էր խարսխված մեր իշխանությունը: Ուժի: Հիսուս Քրիստոս սիրո վրա հիմնեց Իր արքայությունը, և այսօր էլ հազարավոր մարդիկ ուրախությամբ իրենց կյանքը կտան հանուն Նրա:
Հիսուսը նվաճող է, Որ ճշմարտապես Իր հետ միավորում է ոչ միայն մեն-մի ժողովրդի, այլև ամբողջ մարդկությանը: Ի՜նչ հրաշք է: Մարդու հոգին, իր բոլոր զորություններով հանդերձ, սերտ կապ է զգում Հիսուսի գոյության հետ: Իսկ ինչպե՞ս: Շնորհիվ մի հրաշքի՝ մյուս բոլոր հրաշքներից գերազանց: Քրիստոս սեր է, և Նա կամենում է այդ սերը շնորհել մարդկանց ու նվաճել նրանց սրտերը. դա հենց այն է, ինչ կամենում է Նա:
Եվ մարդիկ Նրան են տալիս իրենց սրտերը: Բոլոր նվաճողներն էլ, իրենց տաղանդով հանդերձ, տապալվեցին, բայց չէ՞ որ նվաճելով աշխարհը՝ նրանք ոչ մի բարեկամ էլ ձեռք չբերեցին: Հաղորդակցությունը, որ Հիսուս Քրիստոսին միավորում է Իրենով փրկվածների հետ, ամենասուրբ ու ամենազորեղ աղերսն է.... Եվ հենց դա է, որ ամենից առաջ ինձ հիացմունք է պատճառում, և որքան շատ եմ այդ մասին խորհրդածում, այնքան առավել եմ հակվում Քրիստոսի աստվածությունն ընդունելու. ես վստահ եմ, որ Քրիստոս միայն մարդ չէր, այլև Աստված էր և է»:
Զարմանալի են նաև երբեմնի բռնակալի խոսքերն Ավետարանի մասին․
«Ավետարանն ունի խորհրդավոր մի ուժ, ինչ-որ զարմանահրաշ զորություն և ջերմություն, որ ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը: Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը Երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեություն է ու զորություն, որ պարտության է մատնում այն ամենը, ինչ ցանկանում է խոչընդոտել նրա տարածմանը: Երբ սեղանի վրա է այս արտոնյալ գիրքը, ես չեմ հոգնում այն կարդալուց և միշտ նույն հաճույքով եմ ընթերցում:
Քրիստոս չի փոխվում, չի հապաղում Իր ծրագրերն իրագործելիս. Նրա ամենասովորական խոսքն անգամ դրոշմված է պարզության և խորության կնիքով, որ գերում է թե՛ տգետին և թե՛ իմաստունին, եթե միայն ուշադրությամբ կարդան այն: Անհնար է որևէ այլ տեղում գտնել նման գեղեցիկ մտքեր, նման բարոյական կանոններ, որոնք երկնային մեծ զորքի նման հետ են մղում բոլոր հարձակումները, մեր հոգում արթնացնում այնպիսի զգացողություն, որն ապրում ես չքնաղ գիշերը՝ անթիվ աստղերով ընդելուզված պարզկա երկինքը զննելիս: Մեր միտքը ոչ միայն կլանվում է այդ գրքի ընթերցանությամբ, այլև նրա միջոցով դառնում տիրական, իսկ հոգին այս գրքով ձերբազատվում է մոլորեցնող ամեն վտանգից:
Մեր հոգիների Տերը մեր հանդեպ տածած Իր սիրո պատճառով է շնորհել մեզ Իր Ավետարանը: Հենց Ինքն էլ մեր Ընկերը, Հայրը և մեր ճշմարիտ Աստվածն է: Իր կրծքի երեխայի նկատմամբ մայրն ավելի հոգատար չէ, քան մեր Տերն ու Թագավորը՝ մեր հանդեպ: Ավետարանի թովչանքով հմայված հոգին այլևս ինքն իրեն չի պատկանում: Աստված իսկույն ևեթ տիրում է նրան: Նա տնօրինում է նրա բոլոր խորհուրդները և ունակությունները, որոնք այլևս Իրենն են:
Քրիստոսի աստվածության ինչպիսի՜ ապացույց: Իր անսահման արքայության մեջ Նա հետապնդում է լոկ մեկ նպատակ՝ մարդկանց բարոյական կատարելագործումը, խղճի մաքրությունը, հոգու սրբությունն ու միությունն այն ամենի հետ, ինչ ճշմարիտ է»:
Մեզ համար, անշուշտ, լրջորեն խորհելու առիթ են պատմության ամենաազդեցիկ և հակասական դեմքերից մեկի այս արտասովոր խոստովանությունները, որոնց նա հանգել է արդեն կյանքի վերջին տարիներին՝ աշխարհից բոլորովին լքված ու մոռացված։
Գրիգոր Դարբինյան